HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Ամիրյանն ամփոփում է տարին և ներկայացնում 2017-ի ծրագրերը

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ամփոփելով տարին, այսօր կայացած ասուլիսին հայտնեց, որ միանգամայն նոր նախաձեռնություն են առաջ բերել՝ փոխելով գրահրատարակչության աջակցության և պետական ֆինանսավորման ողջ համակարգը։

«Եթե նախկինում աջակցում էինք ժամանակակից գրողներին, հրատարակիչներին, վճարելով հրատարակվող գրքի արժեքի 50 տոկոսը կամ որևէ տոկոս, այսօր մենք փոխել ենք «խաղի կանոնները» և հրատարակիչներին կամ ժամանակակից գրողներին առաջարկում ենք արդեն հրատարակված գիրքը գնել և ոչ թե վաճառել շուկայում, այլ պարզապես բաժանել գրադարաններին, դպրոցներին, սփյուռքում գործող կառույցներին»,-նշում է նախարարը։

Շարունակելով աջակցության ծրագրի թեման՝ նախարարը հավելում է, որ նախարարությունն ունի այլ տարբերակ. տարեսկզբին արդեն կմեկնարկի հեռուստատեսային հաղորդում, որին կմասնակցեն հինգ հրատարակիչ, 30 մտավորական և 15 գրող՝ յուրաքանչյուրը ներկայացնելով մեկական ստեղծագործություն։

Հանրության ուշադրության կենտրոնում, բաց քվեարկության արդյունքում հրատարակիչները կընտրեն իրենց կողմից հրատարակվող հինգ ստեղծագործություն, իսկ 30 մտավորականներ կընտրեն ևս հինգ ստեղծագործություն, որը կհրատարակի պետությունը՝ գրահրատարակչության աջակցության ծրագրի շրջանակներում։ Սակայն դեռևս հստակ չէ, թե որ հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի այդ հեռուստահաղորդումը, քանի որ դեռևս բանակցություններ են ընթանում։

Նախարարի խոսքով, նախկիում այս նույն գործընթացը կատարում էր հանձնաժողովը, նախարարության սենյակներում, այսօր այն արդեն պետք է ընտրվի բաց ընթացակարգով, հանրության աչքի առջև։ Ըստ նրա՝ դրա առավելությունը լինելու է այն հանգամանքը, որ գիրքը  դեռ չհատարակված, արդեն հայտնվելու է հեռուստադիտողի, ընթերցողի ուշադրության կենտրոնում։

Անդրադառնալով գրահարատարկչություններին և գրադարաններին՝ նախարարը նշեց, որ փորձում են ստեղծել նոր տիպի գրախանութներ և գրադարաններ, և մասնավոր սեկտորի հետ փոխհամագործակցելով կհիմնեն ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն։ Այս գաղափարի համար արդեն կա ներդրումային ծրագիր, որի մասին կհայտարարեն 2017-ի սկզբին։

Մյուս տարի թանգարանների համար ստեղծվելու են աուդիոծրագրեր, վիրտուալ, վիզուալ համակարգեր, որոնք բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի ներբեռնել և դրանով ծանոթանալ ներկայացվող ցուցանմուշներին, տասը լեզվով կարդալ և լսել դրանց մասին։

Նախարար Ամիրյանն ասում է, որ այս բջջային հավելվածը հնարավորություն է տալու հաշվառել թանգարանների այցելությունների քանակը, հասկանալ այցելուների աշխարհագրությունը։ Թանգարանից դուրս գալուց հետո այցելուն դառնում է այդ ցանկի անդամ, և հավելվածի միջոցով նրան պարբերաբար տեղեկացնելու են, թե ինչ նոր ցուցադրություններ կան, ինչ նոր թանգարաններ են պատրաստվում բացվել։

Նախարարը 2017 թվականին ստեղծվելիք ամենահետաքրքիր ծրագիրը համարում է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը։ Դրա  շնորհիվ հնարավոր կլինի բջջային հավելվածի միջոցով աշխարհի ցանկացած ծայրից գնել էլեկտրոնային տոմսեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter