HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը հրաձգության անվճար ուսուցում է նախաձեռնում՝ պատճառաբանելով «առկա քաղաքական բարդ իրավիճակը»

Կառավարությունը այսօրվա նիստում հավանության արժանացրեց սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանի կողմից ներկայացված հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգի ընդունման որոշման նախագծին։

Նախարարությունը վեցամսյա ժամկետում պետք է մշակի և կառավարության աշխատակազմ ներկայացնի հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման 2018-2024 թվականների ծրագիրը:

«Առկա քաղաքական բարդ իրավիճակում հայ ժողովրդի ազգային մշակույթի անքակտելի մասը պետք է կազմի հրաձգություն մարզաձևը՝ որպես համար մեկ ռազմավարական մարզաձև, քանի որ յուրաքանչյուր հայ մարդու համար կրակելու հմտություններին տիրապետելը անհրաժեշտություն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքը և սահմանները պաշտպանելուն պատրաստ լինելու համար»,- ասվում է որոշման նախագծում։

Հայեցակարգի նպատակը հանրապետությունում հրաձգություն մարզաձևի զարգացման խթանումն է, քանի որ, ինչպես կառավարությանը ներկայացված հիմնավորման մեջ է նշվում, դա է թելադրում Հայաստանում տիրող ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը: Համաձայն այս նախագծի՝ այս մարզաձևը ռազմավարական նշանակություն ունի երկրի անվտանգության համար, մարզաձևի զարգացման նպատակը բնակչությանը զենքով ինքնապաշտպանություն սովորեցնելն է։

Այս հայեցակարգը նախատեսում է Երևանում և հանրապետության մարզերում 2018-2024 թվականներին, անհրաժեշտության դեպքում նաև շարունակաբար, անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարանների և վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարանների կառուցում, որտեղ ոչ միայն կծանոթանան զենքին, կսովորեն նշանառություն ու կրակել, այլ նաև պարբերաբար վարժանքներ կանցկացնեն, ինչպես նաև նախատեսում է եղած հրաձգարանների վերանորոգում, զինամթերքով ապահովում: Նախագծով նախատեսվում է իրականացնել տարեկան երեքից չորս հրաձգարանի վերանորոգում: 

Իսկ ուսումնական հաստատություններում սովորողների կրակելու ուսումնառության գործընթացը պետք է իրականացվի նոր կառուցվող և վերանորոգվող հրաձգարաններում՝ համագործակցելով պաշտպանության նախարարության որոշակի զորամասերի հետ և համատեղ օգտագործելով զորամասերում առկա ուսումնանյութական բազան։

Սովորողները պետք է տարեկան երկու անգամ հաճախեն հրաձգարան, որտեղ յուրաքանչյուր սովորող կկրակի 10-ական փամփուշտ:

Նախարարության փոխանցմամբ՝ այժմ հանրապետության տարածքում շատ քիչ են գործող հրաձգարանները, քանի որ գործող 12 հրաձգարանների ցուցակից լիարժեք գործում են 3-ը, մյուսները թերի են գործում՝ վերանորոգված չլինելու կամ զենք, զինամթերք չունենալու պատճառով: 

Այդ պատճառով նշվում է, որ անհրաժեշտ է պետական բյուջեից հատկացումներ կատարել և 2018-2024 թվականներին կառուցել նոր հրաձգարաններ և տիրեր Երևանում ու հանրապետության մարզերում, ինչպես նաև վերանորոգել վերանորոգման կարիք ունեցող հրաձգարանները, վերականգնել նախկինում գործող հրաձգարաններն ու տիրերը, դրանք վերազինել զենքով ու զինամթերքով: Հրաձգարաններում ուսուցանումը և մարզումները հրաձգարաններում պետք է իրականացվեն անվճար հիմունքներով:

Իսկ հրաձգարանները պետք է լինեն բացօթյա, պարսպապատված, խստագույն կերպով պետք է պահպանվեն անվտանգության կանոնները, ապահովված լինեն բժշկական անձնակազմով։

Այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ է նաև առանձին իրավական ակտի ընդունում, որով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետությունում հրաձգարանների շահագործման իրավահարաբերությունները:

Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներ կարող են դառնալ պետական և համայնքների բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները և նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրները: Ծրագրի միջոցառումների իրականացման համար պետական աջակցության մասով ֆինանսավորումը կարող է նախատեսվել համապատասխան բյուջետային տարիների համար կրթության, տարածքային կառավարման ու զարգացման և սպորտի  ոլորտների գծով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով և պետական բյուջեներով սահմանվող ծախսերի սահմանաչափերի շրջանակներում` ելնելով ծախսային առաջնահերթություններից:

Լուսանկարը՝ police.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter