HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառի կորուստը

«Միջազգային փորձագետների ուսումնասիրություններով, որոնք մեծ մասամբ վիճակագրական բնույթի ուսումնասիրություններ են, 1993-95թթ. Հայաստանում անտառի տարեկան կորուստը կազմել է շուրջ 1 մլն խմ, հետագա տարիներին` 600-700 հազար խմ: Մինչեւ 1992թ.-ը Հայաստանում տարեկան հատվում էր 40 000 խմ անտառանյութ: Իսկ վերջին տաս տարիների ընթացքում անտառից դուրս է բերվել մոտ 8 մլն խմ անտառանյութ, որից ավելի քան 1 մլն-ը թափուկ անտառանյութի տեսքով: Սա անտառագիտական տեսանկյունից բավականին մտահոգիչ, ծանր պատկեր է»,- ասում է «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը: 

Համաձայն նույն կենտրոնի մեզ տրամադրած տվյալների` Հայաստանում 1993թ.-ի դրությամբ անտառների վերաճը 1 հեկտարի համար 1,4-1,7 խմ էր, որը 344 հեկտար անտառազանգվածի համար կազմում է 430-440 հազար խմ: Անտառի լրիվության չափանիշի մեկ ամբողջի պայմաններում մեր ծառուտի համար 1993թ.-ի տվյալներով այդ ցուցանիշը 0,53 էր, հյուսիսային Հայաստանում կային նաեւ բարձր լրիվությամբ անտառներ: Այդ ցուցանիշն այժմ կտրուկ իջել է, անտառի վերաճը` խիստ նվազել: 

Անտառային այն հատվածները, որոնցում ծառուտի լրիվության ցուցանիշը 0,2 եւ ցածր է, դուրս են եկել անտառի հաշվեկշռից, վերածվել անարդյունավետ նոսրուտների: Այս ցուցանիշի դեպքում անտառը կորցնում է իրեն բնորոշ բնապահպանական հատկությունները, անտառվերականգնման ունակությունները:  խաթարվում են անտառի բնական վերականգնման գործընթացները: 

Պարոն Ղուլիջանյանը փաստեց, որ Հայաստանում արդեն մի քանի տասնյակ հազար հա նոսրուտ կա, սակայն ըստ նրա, ոչ ոք ստույգ չի կարող ասել, թե քանի հա տարածք է դուրս եկել անտառի ընդհանուր հաշվեկշռից, քանի դեռ անտառշինական ընդհանուր աշխատանքներ չեն իրականացվել: 

Լոռու մարզում, օրինակ, մինչեւ 1992թ.-ը 97 358 հեկտար անտառային մակերեսից ընդամենը 2635-ն էր նոսրուտ, ընդ որում նրանց մի մասը ոչ թե հատման արդյունք էր, այլ կենսաբանական ծագում ուներ:  Հիմա Լոռվա անտառների 15,000 հա նոսրուտներ են: Վանաձորի շրջակա լեռնալանջերը գրեթե ամբողջությամբ ծառազրկված են, այնտեղ ակտիվորեն սկսվել են սողանքային, հողմահարման պրոցեսները, որոնց հետեւանքը անապատացումն է: Ըստ «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ի տնօրենի` Հայաստանում այժմ գերակշռում են ցածր լրիվության 0,3 ցուցանիշ ունեցող անտառները: «Սրանց բնապահպանական հատկություններն էլ արդեն հասել են կրիտիկական մինիմումի, բավական է մարդու կողմից մի փոքր էլ անխոհեմ միջամտություն, ու անտառային այս հատվածներն էլ կդասվեն նոսրուտների շարքին եւ դուրս կգան անտառային հաշվեկշռից,- ասում է Ա. Ղուլիջանյանը նա:- 6-7 տարի առաջ անտառն այս չափի հատումներին դիմանում էր, որովհետեւ դեռեւս պաշար ուներ, յուրաքանչյուր տարի անտառահատումները նորացվեցին, տարեց-տարի անտառի վիճակն էլ ավելի վատացավ»: 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանական ինստիտուտի փոխտնօրեն Ժիրայր Վարդանյանի կարծիքով` վերջին 10 տարիներին խախտվել է անտառպահպանման ամենակարեւոր սկզբունքը. «Ըստ անտառշինական հիմնական վերլուծությունների, ելնելով սանիտարական հատումների պահանջից, մեր անտառներից տարեկան 60-70 հազար խմ (մեր պաշարը մոտավորապես 30-40 մլն է) փայտանյութ կարող է դուրս գալ: Կտրվող, հատվող փայտանյութի պաշարը չպետք է գերազանցի անտառի աճման ամենամյա առաջացած օրգանական պաշարը: Եթե տարեկան մեկ ծառն առաջացնում է 2 խմ փայտանյութ, այսինքն` վերեւ է բարձրանում, բունը 48 սմ-ից դառնում է 50սմ, իրավունք չունենք 2 խմ-ից ավել կտրել:  Եթե մենք 1000 դրամ ենք օրական ստանում, իրավունք չունենք 1200-ը ծախսել: Բայց վերջին տարիներին բոլորին էլ հայտնի է, թե ինչ է կատարվել: Հատվել են ոչ թե 60-70, այլ 100 հազար խմ-ներ եւ կտրվել են այն ծառերը, որոնք որ հարմար են եղել:  Ոչ թե գառ, այլ հղի, մսատու, արտադրող ոչխար է մորթվել»: 

Մասնագետների կարծիքով` անտառների անհավասարաչափ բաշխվածության պատճառով ճնշումն ավելի շատ ընկնում է հյուսիսային Հայաստանի (Տաուշի, Լոռվա, Գեղարքունիքի մարզեր) անտառների վրա, որ կազմում են մեր ամբողջ անտառզանգվածի 62 տոկոսը (97 358 հա): «Մեր հաշվարկներով,- ասում է պարոն Ղուլիջանյանը,- միայն Լոռվա մարզում« որտեղ ութ քաղաք եւ հարյուր հինգ գյուղական համայնք կա (բնակչությունը` 292 400), վառելափայտի տարեկան պահանջը 350-400 հազար խմ է« որից միայն 50-70 հազար խմ կարող է թափուկ լինել: 

Այս մեծ անտառային համայնքների օգտագործած վառելափայտին եթե ավելացնենք անտառներից օրինական եւ անօրինական ճանապարհներով Երեւան, Արարատյան դաշտավայր, Կենտրոնական Հայաստան արտահանվող վառելափայտը, թիվը մոտենում է շուրջ 0,5 մլն խմ-ի, իսկ սա արդեն հուզող խնդիր է»: 

Մեր զրույցի ժամանակ Բուսաբանական ինստիտուտի փոխտնօրեն Ժիրայր Վարդանյանը նշեց, որ հայաստանյան անտառներում գլխավոր օգտագործման արդյունաբերական հատումներ չեն նախատեսվում, որովհետեւ մեր անտառները չունեն նման որակի հատումների հնարավորություն: 

Պետք է կատարվեն միայն անտառի զարգացման շահերից բխող պարտադրված« սանիտարական հատումներ: Այնուամենայնիվ, վառելափայտից բացի, մեր անտառները նաեւ շինափայտ են տալիս, որ հաճախ արտահանվում է;  Մեր տեղեկությունների համաձայն` շինափայտի համար հատվում են արժեքավոր, որակյալ ծառերը` հաճարի, կաղնու թանկարժեք տեսակները: 

Կարմիր գրքում որպես անհետացող ծառատեսակ գրանցված Ղարաբաղի ընկուզենին: «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ի տնօրենը միաժամանակ նշելով, որ փայտանյութի հատումների անօրինական ծավալները շատ-շատ են, դժվարացավ հաստատ ասել, թե շինափայտի հատումներն էլ են ապօրինի, քանի որ,- «Միայն «Հայանտառ»-ը,- նշեց նա,- ունի շինափայտի տարեկան մոտ 15 հազար խմ պլան, որ քիչ չէ»: 

Սանիտարական հատում, թե բիզնես 

«Անտառը շահագործվում է, անցլայ տարի ռեկորդային ցուցանիշ ստացանք,- ասում է Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, անտառահատումներից 1 մլրդ դրամ մուտք ենք արել պետբյուջե»: 

Իսկ անտառագետները ցավով արձանագրում են, որ անցած տաս տարում Հայաստանում անտառշինարարություն չի իրականացվել, բայց փոխարենը կատարվել են անկանոն եւ ըստ հարմարության հատումներ: Ընդունված չափանիշների համաձայն` տաս տարին մեկ անտառը պետք է գնահատվի, հաշվառվի, գույքագրվի, նշվի նախորդ տարիների փոփոխությունները եւ ելնելով այդ փոփոխություններից, առկա իրավիճակից` պլանավորվի հաջորդ տաս տարիների անելիքը: Սա անտառի հիմնական գործունեությունն ապահովող ռազմավարությունն է: ՙՍովորաբար ԽՍՀՄ-ի տարիներին,- պատմում է Ժիրայր Վարդանյանը,- այս աշխատանքը կատարվում էր համակարգված, ըստ ռեգիոնների, մոնիտորինգը իրականացնում էին անտառային տաքսատորները, գնահատողները, անտառշինարարները: Ամեն ուսումնասիրությունից հետո նրանք հաստափոր հաշվետվություններ էին ներկայացնում անտառների մասին, որոնք դառնում էին մեր անտառտնտեսությունների հետագա գործունեության ուղեցույց»: 

Այդ անտառշինական նախագծերում, տասնամյա պլաններում ֆիքսված էին այն հատվածները« որտեղ պետք է կատարվեին վերականգնողական, սանիտարական հատումներ: 

Ներկայումս այդ համակարգը չի գործում: Նման աշխատանքներ կատարվել են «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ի կողմից Նոյեմբերյանի« Ջիլիզայի սահմանամերձ գոտու անտառներում: Այնտեղ հայտնաբերվել են սանիտարական, վերականգնողական հատումների կարիք ունեցող հատվածները: Պարոն Ղուլիջանյանի հավաստմամբ` նման հատումների անհրաժեշտություն ունեին առանձին տեսակներ, որոնց մեջ չէին մտնում մեր անտառային ֆոնդի թանկարժեք ծառատեսակները` կաղնին, լորենին, տանձենին, թխկին: Վերոնշյալ ծառատեսակների, նաեւ ընկուզենու, հացենու, թեղու անտառվերականգնման նպատակով հատումներն արգելվել են 2001թ. հունվարի 23-ի Կառավարության որոշմամբ: 

Բայց ինչպես մեզ տեղեկացրեցին «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ում ծառերի սանիտարական հատումները ոչ թե արգելվել են, այլ սահմանափակվել են ծավալները: Այն անտառտնտեսություններում, որտեղ անտառշինություն չի իրականացվում, «Հայանտառ»-ն իր մասնագետների միջոցով անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ է կատարում, որոշում անտառի վնասատուներով, հիվանդություններով վարակվածության աստիճանը: Ելնելով այդ վերլուծություններից` «Հայանտառ»-ն է սահմանում սանիտարական հատումների չափորոշիչները եւ հատում հիվանդ« չոր« փչացած ծառերը: 

Անտառի փրկությունը 

Բնապահպանության նախարարի կարծիքով` անտառի միակ փրկությունն անտառում մորատորիում հայտարարելը եւ անտառն առանց որեւէ հատումների ծրագիրն իրականացնելն է: 

Անտառագետները պնդում են, որ պետք է մշակել անտառի հայեցակարգը` անտառի ռազմավարությունը, հստակեցնել խնդիրները, մշակել համակարգված մոտեցում: Նրանցից մի մասին հուսադրում է միջազգային կառույցերի հետաքրքրվածությունը: Մեր այն հարցին, թե ինչ նպատակի է ծառայել 1998-99 թթ. շվեդական ՍԻԴԱ կազմակերպության կողմից ներդրված մեկ մլն ութ հարյուր հազար շվեդական կրոնը, պարոն Ղուլիջանյանը պատասխանեց. «Իրականացվել է «Անտառային պաշարների գնահատում» ծրագիրը, աշխատանքները կատարել են «Անտառ» գիտափորձական կենտրոնի մասնագետները: Դա արագ գնահատման մեթոդով ծրագիր էր: 

Հայաստանի տարբեր մասերում ընտրվեցին կաղնուտների տարբեր կետեր եւ ուսումնական փորձահրապարակների միջոցով կատարվեցին ուսումնասիրություններ: Իհարկե, այս մեթոդը իրատեսական տվյալներ չէր կարող տալ, մանավանդ մեր կողմի կատարողներն այդքան էլ մասնագիտացված չէին, համենայն դեպս` աշխատանքները կատարվեցին: Սա ուղղակի անտառի ուսումնասիրություն էր, արդյունքում պարզեցինք, որ սերմնային վերականգնումը կաղնուտներում գրեթե բացակայում է, անտառպահպանական աշխատանքները թերի են: 

Մեզ անհրաժեշտ են անտառվերականգնման ծրագրեր` անտառի տնկում, անտառի բնական վերաճին նպաստում, օժանդակում, որ իրականացվում է տարբեր մեթոդներով: Կան, իհարկե, բնականորեն վերականգնվող հատվածներ, բայց նրանք քիչ են: Անտառի վերականգնումը պիտի ապահովվի արհեստականորեն»: 

Համաձայն ՀՀ կառավարության «ՀՀ անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների պահպանությունը բարելավելու մասին» 2001թ.-ի հունվարի 23-որոշման` Բնապահպանության նախարարության եւ Գիտությունների ակադեմիայի կողմից հնգամսյա ժամկետում պետք է մշակվեր եւ Կառավարություն ներկայացվեր արժեքավոր ծառատեսակների վիճակի բարելավման եւ վերականգնման միջոցառումների հնգամյա ծրագիր: Պարոն Ղուլիջանյանը հավաստեց, որ ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն« բայց ֆինանսավորման սղության պատճառով դեռեւս հնարավորություն չկա այն իրագործելու: «Աշխատանքներ կատարվել են,-նշեց նա,- բայց մասնակիորեն, գուցե հատագա տարիների ընթացքում լրացվի»: 

Ներկայումս Համաշխարհային բանկի 16 մլն դոլլար ֆինանսավորմամբ իրականացվում է Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագիրը: Այն հիմնականում վերաբերում է Գեղարքունիքի եւ Տաուշի մարզերի անտառների կառավարմանը, այդ հատվածի հատուկ պահպանման գոտիների եւ կենսաբազմազանության, ջրահավաք ավազանների պահպանմանը:

«Ծրագրով նախատեսվում է նվազեցնել չքավորությունը, օգնել մարդկանց աշխատանք ունենալ, ոչ թե ծառ կտրել, այլ տնկել եւ վճարվել դրա դիմաց,- ասում է Բուսաբանական ինստիտուտի փոխտնօրեն« Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրի գիտա-կրթական գծով փորձագետ Ժիրայր Վարդանյանը:- Բայց որքանով ես առնչվել եմ շատ ծրագրերի հետ, մասնակցել եմ որպես փորձագետ, դրանք բոլորն էլ մի հարցից մյուսին են անցնում, ավելորդ ինֆորմացիաներ են հավաքում, բայց խնդիրը չի լուծվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter