HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրճ իրացնող ընկերությունները տուգանվեցին 25 մլն դրամի չափով

Փաթեթավորված սուրճի տուփերում` գարի, կաղին և այլ հավելումներ. ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել և բացահայտումներ է կատարել սուրճի շուկայում 

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը սուրճի շուկայում կատարված լայնածավալ ուսումնասիրությունների ընթացքում խոշոր առևտրի կետերից կատարել է սուրճի հսկիչ գնում: Գնված արտադրանքը հանձնվել է  լաբորատոր փորձաքննության, որպեսզի ուսումնասիրվի սուրճի բաղադրությունը, քանի որ առանց բացառության բոլոր տուփերի վրա մակնշված է, որ այն պարունակում է միայն բարձրորակ` հարյուր տոկոսանոց սուրճ` առանց հավելանյութերի: Սակայն, լաբորատոր փորձաքննության արդյունքները բոլորովին այլ բան են բացահայտել:

Այսպես, «Ֆեռո» (Ֆեռո ), «Վալետտա» (Պրեմիեր), «Բյուրակն» (Պիրամիդ Էլիտ) «Վանս գրուպ» (Սթար),  «Ասկոլիո» (Մարսել): Նշված ընկերությունները խաբում և մոլորեցնում են սպառողներին` իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող, ինչպես նաև առողջության համար կասկածելի արտադրանք:

Այս ընկերությունների համապատասխան անվանումներով արտադրանքի փորձաքննությամբ բացահայտվել է, որ դրանք պարունակում են կողմնակի խառնուրդներ, որոնք, ըստ փորձագետների, կարող են լինել ցորեն, գարի և կաղին: 

Հանձնաժողովի դիտարկմամբ, վերոնշյալ ընկերությունները բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ ստացել են մրցակցային լուրջ առավելություններ, քանի որ շնորհիվ էժանագին հավելանյութերի, կարողացել են սուրճը իրացնել անհամեմատ ցածր գնով: 

Համաձայն օրենքի՝ տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Տվյալ դեպքում տնտեսվարողների վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար այսօր կայացած ՏՄՊՊՀ նիստում որոշվեց նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կիրառվել 5 մլն դրամ տուգանք:  

Վաճառքում առկա է նաև կոֆեինազրկված և ցածրորակ սուրճ

Բացի այս, բացահայտվել է նաև, որ փորձաքննության ենթարկված մոտ 2 տասնյակ փաթեթավորված սուրճի տուփերում թեև հավելանյութեր չկան, սակայն արտադրանքը ցածրորակ է, իսկ երբեմն էլ` պարզապես ոչ պիտանի օգտագործման համար: Խնդիրն այն է, որ որոշ դեպքերում սուրճի բաղադրության մեջ կոֆեինի պարունակությունը չափազանց քիչ է, այսինքն՝ սպառողին վաճառվում է կոֆեինազրկված և անորակ սուրճ, որի մասին սպառողը տեղյակ չէ: Իսկ կոֆեինի պարունակության չափից կախված է ոչ միայն սուրճի որակը, այլ նաև գինը:

Ի տարբերություն եվրոպական երկրների և Ռուսաստանի Դաշնության, որտեղ այս խնդիրը հստակ կանոնակարգված է և արտադրողը պարտադիր կերպով տուփի վրա նշում է կոֆեինի պարունակության աստիճանը, իսկ որոշակի շեմից ցածր լինելու դեպքում նշում է, որ դա կոֆեինազրկված է, ապա Հայաստանում սպառողը տեղեկացված չէ, թե ինչ սուրճ է գնում:

Այս խնդիրը մեր երկրում դեռևս կանոնակարգված չէ, ինչի հետ կապված Հանձնաժողովը կդիմի ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը, քանի որ այս բացից օգտվելով` շատ տնտեսվարողներ դրսևորում են անբարեխիղճ վարքագիծ` շարունակաբար խաբելով և մոլորեցնելով սպառողներին:  

Հանձնաժողովի կողմից տարբեր շուկաների ուսումնասիրության ժամանակ հաճախակի են հայտնաբերվում անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսվարողներ: Այդ իսկ պատճառով Հանձնաժողովը հորդորում է զերծ մնալ այս գործելաոճից` միաժամանակ զգուշացնելով, որ խախտումը կրկնելու դեպքում կիրառվելու են անհամեմատ բարձր ֆինանսական տուգանքներ: 

Տեղեկացնենք, որ Հանձնաժողովը հսկիչ գնումը կատարել է խոշոր սուպերմարկետներից: Քանի որ սուրճի շուկայում կան բազմաթիվ տնտեսվարողներ, ապա գնվել և փորձաքննության է հանձնվել որոշակի գնային շեմից ցածր` համեմատաբար էժան արժեք ունեցող սուրճը: 

Բացահայտված չարաշահումների ողջ փաթեթը կուղարկի նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ինչպես նաև իրավապահ մարմիններին, քանի որ գործ ունենք տնտեսվարողների կողմից թույլ տրված ակնհայտ կեղծարարության փաստի հետ:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter