HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կարեն Կարապետյանը չի բացառում, որ իր վարչապետ լինելու փաստն ազդել է գազն էժանացնելու որոշման վրա

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի բացառում, որ իր՝ վարչապետ լինելու փաստն ազդել է Հայաստանում գազի գինը նվազեցնելու վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության որոշման վրա։ Այսօրվա ասուլիսին հարցին՝ «Գազպրոմ»-ը կգնա՞ր գազի գնի իջեցման քայլին, եթե ՀՀ վարչապետը ինքը չլիներ, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Չեմ բացառում»։

«Բոլորն ասում են, որ սա նախընտրական շոու է։ Նախ պնդում եմ՝ նախընտրական շոու չէ։ Եթե չլինեին ընտրություններ, ես՝ որպես վարչապետ, այս քայլին գնալու՞ էի, թե՞ չէ։ Իհարկե, գնալու էի։ Որովհետև ես այս քայլով ուզում եմ, որ տնտեսությունն ակտիվանա։ Դրան գումարած՝ մենք սոցիալապես անապահովներին տրամադրում ենք մեծ զեղչեր, որը բյուջեի հաշվին չի արվում։

Սա շաբաշ չէ: Սրա մեջ կա տրամաբանություն։  «Գազպրոմ»-ի ակնկալիքը ո՞րն է։ Նման պարագայում շուկայի ընդլայնման հնարավորություն ստեղծել, որի դեպքում ինքը կորուստ չունենա»,- հավելեց նա:

Վարչապետը համարում է, որ ընկերական հարաբերություններն ու մարդուն ճանաչելը գործոն են տնտեսական հարաբերություններում։ Եվ, որ դա այդպես է ամբողջ աշխարհում։

Հիշեցնենք, որ այս տարվանից Հայաստանում սպառողների համար գործում են գազի նվազեցված սակագներ։ Նոր գներ են սահմանվել՝ ամսական մինչև 10 հազար խմ և դրանից ավելի մեծ ծավալով գազ սպառողների համար։ Դրան զուգահեռ երեք այլ խմբեր են առանձնացվել, որոնց համար կգործեն ավելի էժան գներ։  

Որպես սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հիմնական նպատակներ և գործոններ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ներկայացրել է չորս կետ՝ Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցում, գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացում և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորում։  

Նշված գործոնները, սակայն, շատերի համար համոզիչ չեն, քանի որ դրանց մեծ մասը դեռև իրականություն չի դարձել: Օրինակ՝ Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցման վերաբերյալ դեռևս որոշում չկա։ Սա թույլ է տալիս մարդկանց ենթադրել, որ գազի սակագնի նվազեցումը նախընտրական շոու է։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստանում սպասվում են խորհրդարական ընտրություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter