HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանում գործող փոքր հէկերի զգալի մասում տեղադրվել են չարտոնագրված, համեմատաբար էժան արքավորումներ»

Հայաստանում գործող փոքր հէկերի տեխնիկական հագեցվածության մակարդակը բավականաչափ ցածր է, ինչը բացասաբար է ազդում ինչպես էլեկտրական էներգիայի արտադրության, այնպես էլ ջրային ռեսուրսների օգտագործման  արդյունավետության վրա։ Այս մասին տեղեկացնում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անցած տարվա վերջին կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգով նախատեսվում է սահմանել տեխնիկական այնպիսի չափանիշներ, որոնք պայմաններ կստեղծեն այդ իրավիճակը շտկելու համար։

 Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով` Հայաստանում գործող փոքր հէկերի զգալի մասում տեղադրվել են չարտոնագրված, համեմատաբար էժան արքավորումներ։ Դրանք հիմնականում ներկրվել են Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Եվրոպական Միության երկրներից։ Այդ սարքավորումների կիրառման համար Հայաստանում չկան ազգային ստանդարտներ և տեխնիկական պահանջներ։

Փոքր հէկերում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները ապահովելու հարցը ներկայումս գտնվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման դաշտում և քննարկվում է անդամ պետությունների հետ: ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովին առաջարկվել է տեխնիկական պահանջներ սահմանել նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող փոքր հէկերում տեղադրվող սարքավորումների նկատմամբ` միջազգային ստանդարտների ընդունմամբ:

Ակնկալվում է, որ տեխնիկական կանոնակարգի ընդունմամբ հնարավոր կլինի միջնաժամկետ հեռանկարում հասնել փոքր հէկերի շահագործման բարելավմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` ապահովել փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացումը։ Դրանով  զգալիորեն կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը, իսկ սպառողներին կմատակարարվի ավելի որակյալ էլեկտրական էներգիա՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությամբ:

Հայեցակարգով նաև անհրաժեշտ է համարվում գործող փոքր հէկերի ջրառի և էկոթողքերի կետերում տեղադրել ջրաչափման առցանց ավտոմատ կառավարման համակարգեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter