HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սունդուկյանի թատրոնին և ազգային ֆիլհարմոնիկին 5,7 միլիարդ դրամի գույք կհատկացվի

Կառավարությունն այօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որոշման նախագիծը՝ մշակույթի նախարարությանը ամրացված 4,5 միլիարդ դրամի հաշվեկշռային արժեքով գույքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն», ինչպես նաև 1,2 միլիարդ դրամ գույքը՝ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ներին ամրացնելու վերաբերյալ։

Այս հաստատություններին հատկացվելու են բեմական մեխանիզմներ, լուսաձայնային սարքավորումներ և տեխնիկա։

Ինչպես նշվել է կառավարությանը ներկայացրած հիմնավորման մեջ, այս երկու հաստատություններին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբռեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդինսիսթեմս ՋիէմբիԷյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ», «Արթսթեք» ընկերությունների հետ կնքած վարկային պայմանագրով։

2015-2016 թթ. ընթացքում մշակույթի նախարարության և վերը նշված ընկերությունների հետ կնքած վարկային պայմանագրի համաձայն՝ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է գրեթե 4,5 միլիարդ դրամի գույք, որից 3,6 միլիարդը կազմել է վարկային պայմանագրի գումար, իսկ մնացածը եղել է պետական բյուջեից կատարված համաֆինանսավորում։

Իսկ 2014-2016 թթ. ընթացքում մշակույթի նախարարության և որոշ վարկային ընկերությունների միջև կնքվել է վարկային պայմանագիր, որով «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին» մատակարարվել է 1,2 միլիարդ դրամի գույք, որից 1 միլիարդը` վարկային միջոցներով, մնացածը՝ կրկին պետական բյուջեից կատարված համաֆինանսավորմամբ։

Ընդհանուր առմամբ մշակութային այս երկու հաստատություններին կհատկացվի գրեթե 5,7 միլիարդ դրամի գույք, որից 3,9 միլիարդ դրամը՝ վարկային միջոցների հաշվին։

Սակայն մատակարարված և մոնտաժված ապրանքները դեռևս հաշվառված չեն կազմակերպությունների հաշվեկշիռներում:         

լուսանկարը` wikipedia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter