HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Աբիժնիկների» և օլիգարխիայի «թավշյա հեղափոխությունը». մի՞ֆ, թե՞ իրականություն

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց Հանրապետական կուսակցությունը լքելու մասին: ՀՀԿ-ից դուրս եկավ մարդ, ով հանդիսանում էր առկա քաղաքական և կառավարման համակարգի փաստացի հիմնադիրներից, նրա երաշխավորներից մեկը, ով իր անձով, վարքով, կենցաղով, մտածելակերպով, աշխարհմբռնումներով մարմնավորում էր այդ համակարգն ուղնուծուծով: Մարդ, ով վերջին 10 տարիներին եղել է համապետական բոլոր ընտրությունների միջոցով իշխող վարչակարգի վերարտադրման գլխավոր ճարտարապետներից: Ներքաղաքական և ներիշխանական ինտրիգների մեծ վարպետ, որի շնորհիվ նա հաջողացրել է անցնել կառավարման ամենացածր օղակից մինչև ամենավերինը՝ խորհրդարանի նախագահ և վարչապետ, ով հանդիսանում էր օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչը, պետական իշխանության և օլիգարխիայի սերտաճման մարմնացումը, օլիգարխահեն կառավարման համակարգի «կնքահայրերից» մեկը:

Այս իմաստով՝ ՀՀԿ-ից Աբրահամյանի հեռանալը ոչ միայն զուտ Հովիկ Աբրահաման-Սերժ Սարգսյան հարաբերությունների չափումների մեջ է գտնվում, այլև առանց չափազանցության հաստատում է, որ սկսվել է քաղաքական կոնյուկտուրայի տրանսֆորմացիայի նոր, խորքային, ցավոտ և ցնցումներով ուղեկցվող գործընթաց:

Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը հեռանում

2016թ. փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Սահմանադրական փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ծավալուն ծրագրային ելույթով, որտեղ նշում էր. «Կհիասթափեցնեմ նրանց, ովքեր գոհ են ստատուս քվոյից: Էական փոփոխությունները շարունակվելու են: Դրանք կլինեն աստիճանաբար, մտածված և փուլ առ փուլ, բայց կայուն և հետևողականորեն իրականացված»: Մի քանի ամիս անց՝ սեպտեմբերի 8-ին, վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականը ՀՀԿ խորհրդի նիստում ընդունելիս և այդ պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջարկելիս Սերժ Սարգսյանը հասկանալի դարձրեց, որ իր նախանշած փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն պետական կառավարման համակարգին, այլ նաև Հանրապետական կուսակցությանը: Սակայն անգամ այդ պահին Հովիկ Աբրահամյանն իր ամենամղձավանջային երազում չէր կարող պատկերացնել, որ փոփոխությունները վերաբերելու են իրեն և հանգեցնելու են ՀՀԿ-ում քաղաքական որոշումների կայացման պրոցեսից իր կատարյալ մեկուսացմանը:

Խնդիրն այն է, որ ՀՀԿ խորհրդի այդ նիստում նախագահը շեշտել էր, թե Աբրահամյանը մնում է թիմի անդամ և ակտիվ մասնակցություն է ունենալու  խորհդարանական ընտրություններին:

ՀՀԿ համագումարի արդյունքում կուսակցության ղեկավար կազմ ընդգրկվեցին Կարեն Կարապետյանը, հատուկ որի համար ստեղծվեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պոստը, պաշտպանության նորանշանակ նախարար, Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ և վստահելի կադրերից մեկը համարվող Վիգեն Սարգսյանը և ընդամենը վերջերս նախագահի կողմից որպես երիտասարդ և խոստումնալից կադր բնորոշված Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Համալրումը Սերժ Սարգսյանը որակեց իբրև կուսակցության ղեկավար կազմի թարմացում: Սակայն իրականում նախագահի հիմնական նպատակը կուսակցության էլիտայում և որոշումների կայացման մակարդակում առաջին հերթին օլիգարխիայի և գործող բայց իրեն կատարելապես ձախողած և հասարակական ապատիայի հանգեցրած դեմքերի որոշիչ ազդեցությունը թուլացնելն էր, նրանց գործոնի չեզոքացումը: 

Դա անհրաժեշտ էր համարվում՝ ընտրություններից առաջ նոր իմիջ ձեռք բերելու, հասարակության մոտ իշխանության վերնախավի նկատմամբ ձևավորված հարաճուն ատելությունն ու անվստահությունը թոթափելու և նոր բովանդակությամբ, առանց ավանդական ընտրակեղծարարական մեխանիզմների գործադրման իշխանության հաղթանակն ապահովելու նպատակով: Որ թիրախում կառավարման համակարգից օլիգարխիայի մասնակի հեռացումն էր, պարզորոշ ցույց տվեց նաև դրան նախորդող և հաջորդող շրջանում արձանագրված երկու հիմնական գործընթաց: Առաջինը վարչապետ Կարապետյանի գլխավորությամբ նոր կառավարության ձևավորումն էր, որից դուրս մնացին մինչ այդ, ըստ էության, գործադիր իշխանությունն ուզուրպացրած խոշոր օլիգարխները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: 

Երկրորդ՝ դրան զուգահեռ սկսվեց քաղաքական դաշտում եղանակ ստեղծող, սակայն իրենց էքսցենտրիկ վարքով աչքի ընկնող օլիգարխների զտումը և «կոնսերվացումը»: Դրա զոհերը դարձան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Աջափնյակից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, Էրեբունու ընտրատարածքից ընտրված Մհեր Սեդրակյանը: Համապատասխան շուկաներում գերիշխող դիրքից զրկելու գործընթացներ սկսվեցին ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, խոշոր օլիգարխ Միհրան Պողոսյանի, իսկ բառացիորեն օրեր առաջ՝ նաև «SAS» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանի դեմ: Փորձ էր արվում ստեղծել կառավարման այնպիսի նոր համակարգ, որտեղ մեծ ռեսուրսների տիրապետող օլիգարխիան, կիսակրիմինալ զանգվածը քաղաքականության սուբյեկտից վերածվում են սպասարկուի: 

Այս իրավիճակում վերջինս ուներ երեք ընտրություն. համակերպվել իրենց թելադրվողի խաղի նոր կանոններին, հակադրվել դրան ներքին կոնսոլիդացման միջոցով և փորձել իրականացնել ներկուսակցական թավշյա հեղաշրջում, երրորդ՝ դուրս գալ նոր սկզբունքների վրա վերակառուցվող իշխանական բուրգից և փորձել դիմադրողական ճակատ ձևավորել քաղաքական դաշտի այլ բևեռներում: Համակերպումը վտանգավոր է նրանով, որ նոր էլիտայի ձևավորման պարագայում կարող է հանգեցնել սեփականության և ազդեցության գոտիների նոր վերաբաշխման, ինչի հետևանքը կարող է լինել տարիների ընթացքում պետական լծակները շահագործելու, անձնական նպատակներին ծառայեցնելու, պետական միջոցները փոշիացնելու, կոռուպցիոն մյուս սխեմաներով կուտակած, ձեռք բերած, տիրապետած կապիտալը, շահույթի հիմնական աղբյուրները կորցնելու վտանգով: 

Իսկ ներքին կոնսոլիդացման համար մի կողմից չկար բավարար ներուժ, մյուս կողմից ՀՀԿ-ում ձևավորվել էին այնպիսի իրարամերժ բեռեռներ, որոնց ներքին խուլ մրցապայքարն անհնարին էին դարձնում օլիգարխիայի կողմից ամբողջական կառավարման տիրապետումը: Բացի դրանից՝ չկար երաշխիք, որ չէին դառնալու վարչական մեքենայի կոմպրոմատների զոհը և չէին կանգնելու ամեն ինչ և միանգամից կորցնելու, քրեական հետապնդումների ենթարկվելու իրական վտանգի առջև: 

Երրորդ տարբերակը վերոնշյալ գործոնների պատճառով ևս գուցե համարվեր անիրագործելի, եթե չլինեն երկու նուրբ, բայց չափազանց կարևոր գործոն: Առաջինը խորհդարանական մեկնարկած ընտրություններն են, որոնք  լրջորեն կաշկանդում են առանց այն էլ արտաքին հսկայական ճնշման և խոշորացույցի տակ գտնվող պետական և քաղաքական իշխանությանը: Կենտրոնախույս նախաձեռնությունները հիմա ընկալվում են ոչ այքան որպես ներիշխանական ճգնաժամի դրսևորում, որքան ընտրապայքարի մեջ մտնելու հավակնությունների արտահայտություն: 

Եվ այդ շրջանակների կողմից իշխանության հանդեպ ձեռնարկվելիք ցանկացած քայլ արտաքին աշխարհի կողմից միանշանակ դիտվելու և գնահատվելու է որպես բռնություններ, ճնշումներ պոտենցիալ այլախոհների նկատմամբ և ահաբեկման միջոցով ընտրությունների ելքը կանխորոշելու ձգտում:

Արտաքին լեգիտիմության պայմաններում նոր իշխանական համակարգի ձևավորման խնդիր դրած Սերժ Սարգսյանի պլանների համար նման գնահատականների արժանանալը կարող է «մահացու» լինել: 

Երկրորդ՝ իշխանությունների կողմից «քաղաքականապես չեզոքացվող» օլիգարխիան գուցե անգամ այս դեպքում չհամարձակվեր դուրս հոսել, եթե չտեսներ այլընտրանքային քիչ թե շատ մրցունակ բևեռի ստեղծման և դրա տանիքի տակ քաղաքական ապաստան գտնելու նախադրյալներ: Այդ նախադրյալները ստեղծում կամ ստեղծելու պատրանք է ապահովում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունը և լայն քաղաքական կոալիցիա ձևավորելու նախաձեռնությունը: Հովիկ Աբրահամյանի այս իսկապես համարձակ քայլը դրա ակնհայտ դրսևորումն է: Այն վկայում է, որ նա վերջնականապես կորցրել է Սերժ Սարգսյանի ժառանգորդը դառնալու հույսերը և համոզվել, որ քաղաքական նոր կոնյուկտուրայի ձևավորման պրոցեսը նախագահը ոչ թե իր, այլ Կարեն Կարապետյան-Վիգեն Սարգսյանի յուրօրինակ տանդեմի վրա է կառուցում: Ըստ էության՝ Աբրահամյանը համոզվել է, որ վարչապետի պաշտոնն իրեն վերապահելը նախագահի կողմից ոչ թե իրեն «իրավահաջորդ» ճանաչելու ակտ էր, այլ քաղաքականապես «փչացնելու» և ասպարեզից հեռացնելու հիմքեր ստեղծելու: Ահա թե իչու է նա ՀՀԿ-ից հեռանալու մասին հայտարարության մեջ ակնարկում, որ գնում է խոցված արժանապատվությամբ և մոռանում է համատեղ աշխատանքի համար ի թիվս այլոց, շնորհակալություն հայտնել նաև նախագահին:  

Հարց է առաջանում՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը չէր հաշվարկել, որ գործընթացները հենց այսպիսի հունով կարող են զարգանալ և հասարակության մոտ այնպիսի տպավորություն կարող է ստեղծել, թե նա կորցնում է վերահսկողությունը իշխանական և քաղաքական գործընթացների նկատմամբ: Սակայն պպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանն ինքն է դրդում այդ շրջանակներին հեռանալ նոր դեմք ու թերևս նաև բովանդակություն ստացող ՀՀԿ-ից և որ սա ոչ թե ինքնին ՀՀԿ-ի, անձամբ իր հաշվարկների իրագործումն է, որի շախմատային տախտակի վրա մյուսներն ընդամենը նրա ձեռքի «զինվորիկներն են»: 

Ի՞նչ է տեղի ունենում իրականում 

Որպեսզի հասկանանք, թե ինչ ռազմավարությամբ է գործում նախագահը, հարկ է ուշադրություն դարձնել քաղաքական ուժերի այն վերադասավորումներին, որոնք տեղի են ունենում հիմա՝ ի դեմս նոր դաշինքների ձևավորմանը:

Փաստացի ընտրությունների մեկնարկին ընդառաջ ստեղծվում է քաղաքական ուժերի այնպիսի հարաբերակցություն, որտեղ թե ձևի և թե բովանդակության իմաստով կառավարման համակարգի իրական փոփոխություններ բերելու ներուժ ուենցող շրջանակները վերածվում են փոքրամասնության: Դրանցից են «Ելք» դաշինքը և լիբերալ-արևմտամետ դաշտում կոնսոլիդացման փորձեր կատարող «Ազատ դեմոկտրատներ»-Հրանտ Բագրատյան-«Ժառանգություն» առայժմ մարգինալ հանրույթը: 

Դրա փոխարեն արհեստականորեն ուռճացվում է առաջարկը մի կողմից Գագիկ Ծառուկյանի և նրա շուրջ ստեղծվող դաշինքի, մյուս կողմից Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան եռյակի: Այս դաշտում տոն են տալիս առավելաբար ամենատարբեր պատճառներով Սերժ Սարգսյանից «խռովածները»՝ ի դեմս Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախագահի նախկին խորհրդական Վիկտոր Դալլաքյանի, ընդամենը օրեր առաջ Սերժ Սարգսյանի հետ բաժակ բարձրացնող Գագիկ Ծառուկյանի, առայժմ Վերհսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի, նրանց միացող Հովիկ Աբրահամյանի, ով, ի դեպ, իր այդ քայլով կարող է ՀՀԿ-ից լուրջ արտահոսքի նախադեպ ստեղծել: Բոլոր այն անհատները, որոնց ամբիցիաները, փաստորեն իշխանության ներոււմ չեն բավարարվում, որոնք իշխանական կարկանդակից օգտվելու արտոնությունից զրկվելու անգամ չնչին հավանականություն են տեսնում, կամ դուրս են գալիս ՀՀԿ-ից, կամ նման մտադրություն ունենալու տպավորություն թողնելով փորձում պարզել իրենց հետ կապված Սարգսյանի պլանները: Հատկանշականն այն է, որ ոչ օլիգարխներից ու ոչ էլ խռովածներից ոչ մեկը ոչ միայն չի հայտարարում ընդդիմություն դառնալու մասին. այլ գոնե ձևականորեն չի նշում այն ոլորտները, որոշումները, որոնց հետ համաձայն չեն սկզբունքնորեն ու քաղաքական տրամաբանության տեսակետից կարող էին բացատրել իշխանությունից իրենց հեռացումը:

Փաստացի մի կողմից Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձում է կերտել ՀՀԿ-ի բացարձակապես նոր կերպար, բայց մյուս կողմից օլիգարխիան և իշխանությունից «խռովածների» հանրույթն աստիճանաբար կենտրոնանում է իշխանության հետ ոչ մի կերպ թելերը չկտրող ծառուկյանական և օսկանյանա-օհանյանական տանդեմի շուրջ՝ փորձելով ընտրողին ներկայանալ իբրև ՀՀԿ-ին հեռացնելու կամ առնվազն քաղաքական մենաշնորհից զրկելու բավարար ռեսուրսներ ունեցող իրական այլընտրանքային ուժեր: 

Սակայն պետք է նկատի ունենալ երկու նուրբ պահ: Նախ՝ իշխանությունից սկսված արտահոսքի հիման վրա ձևավորվում է ոչ թե մեկ այլընտրանքային կենտրոն, այլ երկու: Սա ևս խիստ բնորոշ է Սերժ Սարգսյանի՝ իր համար մանևրելու, կառավարելի կողմեր ստեղծելու և նրանց միջև իրական կամ ոչ իրական հակասությունների վրա խաղալու ձեռագրին: 

Եվ երկրորդ՝ մասնավորապես Ծառուկյանի պահով իշխանությունը առկախված է  թողնում նրա հանդեպ քրեական և հարկային հետապնդումներ սկսելու հիմքերի առկայության՝ դեռ 2015թ. Սերժ Սարգսյանի կողմից բարձրացված խնդիրը:  

Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ թե՛ իշխանական ու թե՛ հակաիշխանական դաշտում գտնվում է նույն արժեհամակարգն ունեցող, կառավարման նույն մեթոդաբանությանը սովոր, նույն մշակույթը կրող ուժերը: Իշխանական կոնյուկտուրան փաստացի սկսում է ռեալիզացվել թե՛ որպես իշխանություն և թե՛ որպես ընդդիմություն: Փակելով երկու դաշտերն էլ՝ արդյունքի առումով այն ապահովում է իր անբեկանելի հաղթանակը: 

Ավելին. այս պրոցեսը նաև իր մեջ մանիպուլյացիոն էֆեկտ է պարունակում: Եթե զարգացումները շարունակվեն ներկայիս տրամաբանությամբ, ապա կարելի է չկասկածել, որ ընտրարշավի ժամանակ կարենկարապետյանակենտրոն ՀՀԿ-ն սկսելու է ինքն իրեն մատուցել որպես օլիգարխիայից, քաղաքական «աբիժնիկներից», պատեհապաշտներից, աթոռատենչներից ձերբազատվող, իշխանական համակարգն առողջացնող, վերափոխվող ուժ:

Սակայն վերադասավորումները նպաստում են նրան, որ ընտրություններից հետո  ՀՀԿ-ն, եթե չկարողանա խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ձևավորել, ինչի հավանականությունը մեծ է, ապա կախված մանդատների քանակից՝ ազատություն է ունենալու այդ ուժերի կամ նրանցից մեկի հետ ձևավորել դաշինք: Բայց եթե նույնիսկ համարենք, որ իշխանական համակարգի ներկայիս փլուզումը իրական է, ապա միևնույնն է՝ նոր բևեռների հաղթանակի դեպքում որակական առումով շրջադարձային փոփոխությունների սպասելիք լինել չի կարող: Նույն լճացած, իրենց սպառած անուղեգիծ, անգաղափար նույն անհատներն են լինելու, նույն քաղաքական մշկույթը, կառավարման նույն հանրածանոթ եղանակը: Գուցե անհատների մակարդակով իշխնափոխություն կլինի. բայց էլիտայի որակական փոփոխություն՝ ոչ մի դեպքում: 

Ավելին, ձեռքի հետ Հայաստանում լուծվելու է մի կարևոր խնդիր. թե՛ իշխանական և թե՛ ոչ իշխանական դաշտերը գրեթե լիովին կգրավեն ռուսական օրիենտացիա ունեցող ուժերը՝ Մոսկվայի համար վերացնելով Հայաստանում «մայդանային» հեղափոխության իրատեսականության, իր շահերի այս տարածք Արևմուտքի ներխուժման հետ կապված՝ մտավախությունները: Իշխանության դաշտում համառորեն կուժեղացվի Մոսկվայի կատարյալ վստահությանն արժանացած Կարեն Կարապետյանի դիրքերը՝ գուցե իշխանությունը նրան փոխանցելու հեռանկարով: Իսկ ընդդիմադիր դաշտը կստեղծի քաղաքական մրցապայքարի, դիմադրության պատրանք՝ նպաստելով Հայաստանում միանգամայն կառավարելի քաղաքական համակարգի կենսունակությանը:

Մեկնաբանություններ (2)

brutos
Իրականում ժողովրդին ի՞նչ է պետք - հաց եւ խաղեր! Հացը մի քիչ սակավ է, բայց խաղերի պակասից պիտի չդժգոհենք:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ընտրություններից առաջ Բաղրամյան 26-ը (իր վճարովի «զինվորների» միջոցով) կրկին փորձում է վարկաբեկել ընդդիմությանն ու ձևավորվող դաշինքներին: Պատկերացրեք ձեր տունը գող է մտել ու ձեր հարևանները միասին գալիս են ձեզ օգնության: Սրա ի՞նչն է «վատ»: Սա միայն գողի՛ համար է վատ: Երբ որ գողին տնից հանեք,նոր կսկսեք մտածել ձեր հարևանների նախկինում արած-չարածների մասին: ՀԳ. Ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելն անհարգա՛նք է ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակի հանդեպ: Էս աշխարհում էլ ուրիշ օր չկա՞ր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter