HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վիգեն Սարգսյան. «Գնումների գործընթացի արդյունավետ կազմակերման քայլ է միջնորդ կազմակերպությունների բացառումը»

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր կայացած ասուլիսին հայտնեց, որ իր պաշտոնավարման հարյուր օրերի ընթացքում իր ամենակարևոր աշխատանքը պաշտոնական երկու այցելություններն են պաշտպանության բանակ, որտեղ քննարկվել են բանակի հետագա ծրագրերն ու միջոցառումները։

Նախարարը որպես կարևոր միջոցառում առանձնացնում է նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը Երևանում, որը, նրա գնահատմամբ, լավ առիթ է հանդիսացել նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։

Սարգսյանը նաև կարևորեց իր պաշտոնական այցերը Ռուսաստանի Դաշնություն, Հունաստան և Վրաստան, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական հարցեր, նոր համագործակցության հնարավորություններ։

«Օրերս պետք է մեկնարկի իմ պաշտոնական այցը Իրան և կարծում եմ, որ դա չափազանց կարևոր երկխոսություն է։ Մենք ունենք բազմաթիվ համատեղ անվտանգության խնդիրներ այս տարածաշրջանում: Վրաստան այցը գնահատում եմ որպես շատ դրական այց, որի ընթացքում մենք կարողացել ենք վերահաստատել մեր հարաբերությունները, մեր հազարամյա բարեկամությունը և կարողացել ենք արձանագրել, որ ունենք նույն շահը այս տարածաշրջանում՝ դա անվտանգ և կայուն տարածաշրջանն է»,֊-ասաց նա:

Նախարարի հավաստմամբ՝ Վրաստանը կարևոր երկիր է ինչպես ռազմական բեռների տարանցման, այնպես էլ «հանուն խաղաղություն» ծրագրի իրականացման համար։

Անդրադառնալով զինվորական կրթությանը՝ Վ. Սարգսյանն ընդգծում է, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից շատ մեծ ուշադրություն է դարձնում ռազմաուսումնական հաստատությունների գործունեությանը և որպես դրա ապացույց՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը Հայաստանի լավագույն ավագ դպրոց դարձնելու ցանկությունը։ 

Նախարարի կարծիքով՝ ապագա սպաները պետք է ունենան հնարավարություն՝ ստանալու ամենամրցակցային, ամենաորակյալ կրթությունը։

Որպես դրա իրականացման առաջին քայլ նախարար Սարգսյանը դիմել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով քննարկել Դիլիջանում գտնվող ուսումնական կենտրոնը պետական եկամուտների կոմիտեից վերցնելու և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական հաստատությանը հանձնելու հարցը: «Իհարկե, եղավ նաև լայն քննարկում հասարակության մեջ, թե արդյոք հարմար է այդ յոթաստղանի հյուրանոցի փոխանցումը այսպիսի ուսումանական կենտրոնին։ Ես առիթ եմ ունեցել ձեր գործընկերներից հրավիրել այդտեղ և էլի կկազմակերպենք նման այց ձեր համար։ Դու կտեսնեք, որ դա ոչ յոթ, ոչ էլ հինգաստղանի հյուրանոց է։ Դա շատ լավ ուսումնական կենտրոն է՝ կառուցված շատ մտածված ձևով»,-֊նշեց նա։

Նախարարի հավաստմամբ՝ իր պաշտոնավարման վերջին հարյուր օրերին եղել է շատ կարևոր զարգացում՝ կապված զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների  ապահովագրման հիմնադրամի ստեղծման հետ: ՊՆ-ի համար չափազանց կարևոր է այս հիմնադրամի գերթափանցիկ աշխատանքը, որպեսզի  հասարակությունը որևէ կասկած չունենա դրա գործունեության վերաբերյալ։ Սարգսյանը շեշտում է՝ եթե ՊՆ-ն չկարողանա դրա թափանցիկ աշխատաոճն ապահովել, այն կլինի իրենց ամենամեծ բացթողումներից մեկը։ 

Վիգեն Սարգսյանը կարևորում է նաեւ գնումների գործընթացը վերանայելը: Ասում է՝ մի կողմից բանակը պետությունում ամենախոշոր գործատուն է, մյուս կողմից՝ խոշորագույն գնում կազմակերպող կառույցը, այդ պատճառով շատ կարևոր է, որ կատարված գնումները լինեն արդյունավետ, նվազագույն գնով՝ լավագույն որակական հատկանիշներ ունեցողը։ Գնումների գործընթացի արդյունավետ կազմակերման քայլ է համարում միջնորդ կազմակերպությունների բացառումը, որով գնումը կկատարվի կոնկրետ արտադրողից կամ ներկրողից։ 

Նախարարի մեծ ցանկությունն է, որպեսզի շարքային զինծառայողը երկու տարվա ծառայության ժամանակ առավել հաճախ այցելի ընտանիքի անդամներին։ Ասում է՝ դրա իրականացման համար ՊՆ-ն այժմ քննարկում է մի քանի մոդելների ներդրման հարցը։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե այս տարվա ընթացքում սպասվո՞ւմ է  զինծառայողների աշխատավարձերի բարձրացում, նախարարը պատասխանեց, որ այս տարվա բյուջեն արդեն հաստատված է եւ աշխատավարձերի բարձրացում չի սպասվում: Թեև նշեց, որ զինվորականների ստացած աշխատավարձը համարժեք չէ նրանց կատարած աշխատանքին՝ հաշվի առնելով ծառայության պայմանները, բարդությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter