Թե ինչպես համազգային բանակին անդամագրվելու քայլ արեցին նաև ծպտյալ հայերը
Ապրիլի 3-ի երեկոն էր: Մեկ ամբողջ օր պատերազմը շարունակվում էր սահմանին, թշնամին որոշ տեղերում հասել էր հարաբերական հաջողությունների, մենք զոհեր ունեինք:
Գործընկերներիս հետ Արցախի սահմանային բնակավայրերից մեկում էի, երբ ռուս մի քանի լրագրողների հետ վիճաբանություն սկսվեց իրավիճակը հանրությանը ներկայացնելու հարցի շուրջ: Ռուսները փորձում էին հնարավորինս խուճապային, մութ գույներով ցույց տալ ամեն ինչ, Հադրութում նույնիսկ հարցազրույց էին վերցնում մի վախեցած տատիկից ու համոզում կրկնել իրենց ասածը, իբր մենք նահանջում ենք, քաղաքի բնակչությունը փախչում է:
Այսպիսի դեպքերում մի կողմ ես թողնում լրագրողական չեզոքության կամ անկողմնակալության դասերը և արթնացնում հայ լինելու սկզբունքները: Օտարազգի լրագրողները փորձում էին արդարանալ, թե իրենք հանձնարարություն են կատարում և ընդհանրապես նպատակ չունեն վնասել մեր շահերին, իրենց լրատվամիջոցի գույնն է այդպես պահանջում՝ դեղին մամուլ: Հետո օտար լրագրողները նաև փորձեցին համոզել, թե իրոք մենք վատ վիճակում ենք, ունենք մեծ թվով կորուստներ, տարածքներ են գրավել ադրբեջանցիները, իսկ հայկական բանակը որևէ հաջողություն չի արձանագրել, չկան համալրումներ, ռեսուրսները շատ արագ կսպառվեն:
Ռուս գործընկերները հավանաբար չէին կարող գիտակցել, թե ինչ ներուժ ունի հայ ժողովուրդը, թե ինչպես կարող է ճգնաժամային պայմաններում համախմբվել, մոռանալ ներքին պառակտումները և մեկ մարդու պես սահման գնալ, կանգնել զինվորի կողքին: Զինվորը, սակայն, սահմանին ամենևին թուլացած չէր:
Արցախի կենտրոնական հատվածում որպես հրետանավոր ծառայող Վահե անունով մի սերժանտ աննկարագրելի սիրով էր վերաբերվում իր «Հաուբից»-ին, ասում էր. «էսօր գազանս քանի անգամ նշանակետին կպավ...»։
Հարավում դաժան էին մարտերը, բայց շարքային Մհերի բառերը չեմ կարող մոռանալ.«ծառայում ենք էլի, սրանցից վախենալ չկա, մի օր շատ կկրակեն, էլի կստանան պատասխանը, կամ հետ կգնան, կամ կմնան, կփտեն էս դիմացի դաշտում...»:
Առաջնագիծն ամեն օր կամավորներով էր համալրվում, գալիս էին ամենատարբեր վայրերից, հեռավոր Սփյուռքից: Բոլորի աչքերի մեջ կռվելու կրակ կար:
Ապրիլի 4-ի երեկոյան զանգ ստացա Թուրքիայից: Ավելի կոնկրետ՝ Արևմտյան Հայաստանի մեր հայրենակից, Ֆիքրեթ անունով մի երիտասարդ տղա էր զանգում: Ողջույնի ու առաջին մեկ-երկու բառ փոխանակելուց հետո հարցրեց. «Մենք այստեղ 10 հոգի ենք: Իրանով ավելի մոտ կլինի՞, թե՞ Վրաստանով...»:
Հայկական բանակի շարքերը համալրելու ցանկություն ու կամք ունեին նույնիսկ Արևմտյան Հայաստանի երբեմնի ծպտյալ սասունցի ու մշեցի հայերը, և դա էր համազգային բանակ դառնալու փաստը:
Նաիրի Հոխիկյան
Լուսանկարը՝ Անահիտ Հայարպետյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել