HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին:

Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս երկու օրերին պարոն Դանիելսոնն արդյունավետ և օգտակար հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել: Սերժ Սարգսյանը արձանագրել է, որ նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, տարբեր ոլորտներում ընդլայնվել է համագործակցությունը: Այդ համատեքստում նա կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները՝ հիշատակելով վերջին շրջանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան:

Ընդգծելով, որ ակտիվորեն շարունակվում են Հայաստանի և Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները, զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում գործընթացը կմտնի ավարտական փուլ: Քրիստիան Դանիելսոնը կարևորել է Հայաստանի նախագահի սպասվող այցը Բրյուսել, որը, նրա համոզմամբ, նոր լիցք կհաղորդի փոխգործակցության զարգացմանը:

Հանրապետության նախագահը ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր ձեռքբերումների թվում նշել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների մանդատը հաստատելու որոշման ընդունումը և հավաստիացրել, որ մեր երկիրը այսուհետ ևս պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ այս գործընթացում Միության կողմից ներդրվող ջանքերի ու ռեսուրսների, այդ թվում՝ գալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տրամադրած աջակցության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Գործընկերության առաջնայնությունների շուրջ բանակցային գործընթացը:

Նախագահը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter