HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հղիի մահվան գործի 2,5 տարվա շրջապտույտը

Արմավիրի բժշկական կենտրոնում «սովորական» են դարձել մահվան դեպքերն ու բուժանձնակազմի նկատմամբ հարուցված քրեական գործերը: Դատական շրջապտույտի մեջ է դեռևս 2014թ. հունիսին ծննդկանի մահվան գործը: Իսկ դրանից հետո գրանցվել են նորանոր դեպքեր, ինչին մամուլը պարբերաբար անդրադարձել է:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանը 2014թ. հունիսի 28-ին կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, ժամը 11:50-ին 19-20 շաբաթական հղիությամբ բուժօգնության դիմած Նարինե Շարոյանին բուժօգնություն ցուցաբերելիս իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք պատշաճ չի կատարել: Այն է` Նարինե Շաբոյանին մանկաբարձական բաժանմունք ընդունելու և այնտեղ բոլոր հետազոտությունները կազմակերպելու փոխարեն ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ հնարավոր չի եղել ժամանակին ախտորոշելու հղիության հետ կապված բարդությունները և ըստ այդմ կատարել բուժական միջոցառումներ, որն էլ պատճառ է հանդիսացել հղիի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատմանը, ուշ ախտորոշմանը:

Միայն ժամեր անց՝ 15:50-ին է գինեկոլոգի կողմից ճիշտ ախտորոշվել ընկերքի շերտազատում և մասիվ արյունահոսություն, ինչն էլ հանգեցրել է ծանր բարդությունների առաջացմանը: Չնայած ձեռնարկբված համարժեք բուժական միջոցառումների կատարմանը, հնարավորություն չի ընձեռել փրկելու Ն. Շարոյանի կյանքը` անզգուշությամբ առաջացնելով բուժվող հիվանդի մահ:

Հասմիկ Հակոբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Մինչ գինեկոլոգիական բաժանմունքում հաշվառվելը Նարինե Շարոյանն անցել է մի շարք հետազոտություններ, որոնց համաձայն նրան թույլատրվել է պահպանել հղիությունն ու վերջինս հաշվառվել է «Մեծամորի» ԲԿ-ի գինեկոլոգիական բաժանմունքում: Կինը հաճախել է կոնսուլտացիաների և նրա մոտ հղիության հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել։ 2014թ. հունիսի 27-ին Նարինե Շարոյանը ձմերուկ է ցանկացել և ամուսինը չմերժելով կնոջ խնդրանքը, ձմերուկ է գնել։ Ձմերուկն ուտելուց հետո հղին քնել է: Հաջորդ օրը առավոտյան Նարինե Շարոյանն իրեն վատ է զգացել, բարձր ճնշում, սրտխառնոց ու փսխումներ է ունեցել և զանգահարել է «Մեծամոր» ԲԿ-ի բժիշկ-գինեկոլոգ Հայկուհի Սարգսյանին։

Վերջինս խորհուրդ է տվել խմել «Դոպեգիտ» տեսակի դեղահաբ ու շտապ դիմել բժիշկի։ Դրանից 20 րոպե անց Հասմիկ Սարգսյանը զանգահարել է Նարինե Շարոյանին ու տեղեկացել, որ վերջինս խմել է դեղահաբն ու իրեն լավ է զգում, սակայն ինքը նրան հորդորել է անպայման դիմել բժիշկի։

Նարինեի ամուսինը՝ Գագիկ Մինասյանը ժամը 11։50-ի սահմաններում կնոջը տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք, որտեղ նրան զննել է բժիշկ Հասմիկ Հակոբյանն ու նրա բաժանմունք դիմելու մասին տեղեկացրել ծննդատան վարիչի փոխարինող Արմեն Վարդանյանին։

Հասմիկ Հակոբյանը Նարինե Շրոյանի ամուսնուն հայտնել է, որ հղիության հետ կապված խնդիրներ չկան և տեղեկանալով, որ նախորդ օրը վերջինս կերել է ձմերուկ, հայտնել է, որ առկա է սննդային թունավորում ու Նարինե Շարոյանին ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք։ Ինֆեկցիոն բաժանմունքում հերթապահ բժիշկ Համլետ Առաքելյանը տեղեկանալով, որ Նարինե Շարոյանը հղի է ու նրա մոտ առկա է փսխումներ, արյան բարձր ճնշում, նշանակել է կաթիլային։

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Վարդանյանը հերթապահ բժիշկ Համլետ Առաքելյանից հիվանդի վիճակի մասին տեղեկանալով գնացել է ինֆեկցիոն բաժանմունք և տեսնելով, որ վերջինիս մոտ առկա է արյունահոսություն, նրան տեղափոխել է վիրահատական սենյակ, որից հետո, մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանի մասնակցությամբ կատարել է վիրահատություն: Հեռացվել է հիվանդի ընկերքը և պտուղը, քանի որ արյունահոսությունը չի դադարել, կրկին կատարված վիրահատությամբ հեռացվել է արգանդը։

Վիրահատական միջամտությունների արդյունքում, հիվանդի վիճակը չի փոփոխվել և անհրաժեշտություն է առաջացել Երևանից կանչել մասնագետների բրիգադ՝ բժիշկ Արմեն Բլբուլյանի գլխավորությամբ։ Վերջինիս կողմից կատարվել է վիրահատություն և հեռացվել է հիվանդի արգանդի վզիկը, սակայն հաշվի առնելով ծանր կոագուլոպաթիոն /ԴՎՍ/ սինդրոմի զարգացումը հետագա վարման նպատակով հրավիրել է ռեանիմացիոն բրիգադ և Նարինե Շարոյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

«Արմենիա» բժշկական կենտրոնում Նարինե Շարոյանի մոտ դիտվել է ԴՎՍ սինդրոմի սրացում, արյունահոսություն: Բժիշկ Արմեն Բլբուլյանի կողմից կատարվել է վիրահատություն, սակայն հուլիսի 2-ին Նարինե Շարոյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ` սուր սիրտ-անոթային անբավարարության պատճառով։

Հասմիկ Հակոբյանը դատարանում լրացուցիչ ցուցմուն է տվել և հայտնել, որ հղի Նարինե Շարոյանի վիճակը վատացել է վիրահատության ժամանակ, վիրահատող Արմեն Վարդանյանի անկարողության պատճառով: Հղի Նարինե Շարոյանի մոտ արյունահաոսությունը սկսվել է վիրահատության ժամանակ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Իսկ Նարինեի ամուսնու ցուցմունքով՝ երբ Հասմիկ Հակոբյանը հիվանդին ուղղորդել է ինֆեկցիոն բաժանմունք, իրենց են մոտեցել 4-5 բժիշկ և ասել, թե ինչու են հղիին բերել իրենց մոտ, ինչու Հասմիկ Հակոբյանը չի եկել: Գագիկ Մինասյանը նրանց խնդրել է, որ օգնեն կնոջը, սակայն ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկները ոչ մի օգնություն չեն ցուցաբերել: Ինքը Նարինեին թողնելով ինֆեկցիոն բաժանմունքում, գնացել է Հասմիկ Հակոբյանի մոտ և ասել, որ իրեն կանչում են ինֆեկցիոն բաժանմունք, սակայն վերջինս իրեն պատասխանել է՝ «գամ ինչ անեմ»: 

Գագիկը շարունակել է օգնություն խնդրել և այդ օրն ինֆեկցիոն բաժանմունքի հերթապահ բժիշկ Համլետ Առաքելյանի հետ վազքով գնացել են ինֆեկցիոն բաժանմունք: Բժիշկ Համլետ Առաքելյանը տեսնելով, որ կինը հղի է, նշանակել է կաթիլային և կնոջ վիճակը մի քիչ կարգավորվել է: Երբ Գագիկն ու Նարինեն միայնակ են եղել ինֆեկցիոն բաժանմունքում, կինն ասել է, որ ցանկանում է դուրս գալ: Կնոջն օգնելու ժամանակ Գագիկը նկատել է, որ սավանն արյունոտված է և անմիջապես օգնության վազել: Համլետ Առաքելյանի հետ Նարինեին տեղափոխել են հիվանդանոց և տարել վիրահատարան:

Գագիկի ցուցմունքով՝ ինքը Արմեն Վարդանյանին հանդիպել է միջանցքում, գոռգոռացել է, իսկ վերջինս էլ իրեն ասել է, որ թող վիրահատեն, օգնեն: Հետո Նարինեին Երևանից եկած բրիգադով տեղափոխել են «Արմենիա» ԲԿ և կրկին վիրահատել են: Իմացել է, որ «Արմենիա»  ԲԿ-ում բաց անոթը գտել են և բարեհաջող վիրահատել, սակայն հաջորդ օրը կինը մահացել է:

Դատարան է հրավիրվել փորձագետ Գագիկ Հարությունյանը և հայտնել, որ իրենց կողմից տրվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը և ինքն է եղել հանձնաժողովի նախագահը: Իրենք դիակից վերցված օրգանները նորից քննարկել են: Հղիին ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխելը սխալ է եղել, սխալ որոշում է կայացվել: Գ. Հարությունյանը պնդել է իր կողմից տրված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը: 

Դատարան հրավիրված մեկ այլ փորձագետ Ռազմիկ Աբրահամյանի տված բացատրության՝ երբ հղին դիմում է հիվանդանոց, պետք է լսել նրա գանգատները, թե դրանք երբ են սկսվել, սրվել կամ մեղմացել, այնուհետև տվյալ հիվանդանոցի հնարավորության սահմաններում պետք է կատարել լաբորատոր հետազոտություններ: Քանի որ դեպքը մանկաբարձական էր, ուստի հղին պետք է մնար մանկաբարձական բաժանմունքում: Հղիի հետ պետք է կատարվեր լաբարատոր հետազոտություններ, որը սակայն չի կատարվել, եղել է միայն զննոււմ, որն էլ պատճառ է հանդիսացել հղիի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատմանը, եղել են բացթողումներ:

Նրա խոսքերով՝ հղիին ոչ ինֆեկցիոնիստն է զննել, ոչ էլ մանկաբարձը, իսկ դա մտնում էր հերթապահ բժշկի պարտականությունների մեջ: Հղիին ինֆեկցիոն բաժանմունք ուղարկելը սխալ չէր, սակայն հետագա ընթացքն է եղել սխալ: Հերթապահ անձնակազմը պետք է հետևեր ու հսկեր հղիին, որը պետք է կազմակերպեր հերթապահ բժշկուհին: Այս դեպքում մեղավորությունը պատկանում էր հերթապահ բուժանձնակազմին: 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Ադամյանի, 2016թ. հունիսի 8-ին Հասմիկ Հակոբյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղվելու իրավունքից  զրկելու: Սակայն,  Հասմիկ Հակոբյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Գագիկ Մինասյանի կողմից ներկայացված 5 միլիոն դրամի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության և նրան իրավունք է վերապահվել քաղաքացիական դատավարության կարգով դիմելու դատարան: 

Դատավճռի դեմ վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել դատավարության բոլոր կողմերը՝ մեղադրող դատախազը, այն հիմքով, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ինչի հիմքը չկար, տուժողի իրավահաջորդը՝  պատիժը պայմանականորեն չկիրառելու և իր կողմից ներկայացված 5 միլիոն դրամի քաղաքացիական հայցը մերժելու համար, որն իր մեջ ներառում էր կնոջ թաղման, գերեզմանի և սգո մյուս արարողությունների համար կատարված ծախսերը։

Իսկ մեղադրյալի պաշտպանը վերաքննիչ բողոքում նշել է, որ Հասմիկ Հակոբյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և ապօրինի, որովհետև մեղադրյալը որևէ հանցավոր արարք չի կատարել, իսկ նրա կողմից իրականացված գործողությունները հանցակազմ չեն պարունակում։ Բացի այդ՝ հանցանք գործելու մեջ նրա մեղավորության մասին հետևությունները հիմնված են մեղադրանքի կողմի ենթադրությունների վրա, դրանք հաստատված չեն գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը  և քրեական գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով նոր քննության: Վերաքննիչ քրեական դատարանը նշել է, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հստակեցված չէ այն հանգամանքը, թե ի սկզբանե դեպքը եղել է մանկաբարձական, թե ոչ, իսկ այն հետևությունը, որ Հասմիկ Հակոբյանի սխալ ախտորոշման հետևանքով են վրա հասել դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ նշված վնասվածքները, նույնպես բավականաչափ հիմնավորված չեն, ուստի փորձաքննության եզրակացությունը հիմնավորված, բավարար չափով հստակ և լրիվ չէ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ փորձագիտական եզրակացությունների հետևություններում առկա են անհստակություններ և հակասություններ, մասնավորապես` դրանցում նշված չէ Հասմիկ Հակոբյանի կատարած արարքի և վրա հասած հետևանքների միջև պատճառահետևանքային կապը և հստակեցված չէ բժշկական միջամտության հետևանքով առաջացած վնասվածքները ում կողմից կատարված գործողությունների արդյունք են:

Գործն այժմ գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Խալաթյանի վարույթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter