HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանում ընդդիմությունն առկայծեց եւ մարեց...

Ադրբեջանում անցած նախագահական ընտրությունների ընթացքում իր դիտորդական առաքելությունն էր կատարում «Հանուն քաղաքացիական հասարակության» տեղական կազմակերպությունը: Երեկ նրա ղեկավարը` պատմ. գիտ. դոկտոր Էլդար Իսմայիլովը «Կովկասի լրագրողների ցանցում» կազմակերպված օնլայն ասուլիսի ընթացքում համեմատում էր Ադրբեջանում եւ Վրաստանում անցած ընտրությունները, գնահատում իր երկրում տիրող հետընտրական մթնոլորտը: 

«Ռոսբալտ» գործակալություն - Ինչպիսի՞ն է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում այսօր: 

- Հոկտեմբերի 15-16-ի իրադարձություններից հետո գործադիր իշպանությունները, հատկապես նրա տեղական ներկայացուցիչները անսանձ կերպով ցուցադրում էին իրենց հավատարիմ հպատակությունը: Այստեղից էլ մարդու իրավունքների խախտումների փաստերը`աշակերտին դպրոցից հեռացնելը այն բանի համար, որ նրա հայրը «Մուսավաթից» էր, կամ ուսուցիչներին աշխատանքից ազատելը ընդդիմադիր ճամբարին պատկանելու համար եւ այլն: Սակայն աստիճանաբար կրքերը հանդարտվեցին, աշակետը վերականգնվեց դպրոցում, ձերբակալվածների մեծ մասն արդեն ազատված է: Իհարկե իրեն զգացնել տվեց իրավապաշտպանների գործունեությունը, բայց ես կարծում եմ, որ նաեւ իշխանությունները հասկացան, որ իրենց առանձին ներկայացուցիչների արարքները պատիվ չեն բերում: Ես վստահ եմ, որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մի շարք պատճառներով այս իշխանություններն ավելի մեղմ կլինեն նախորդներից: 

«Կասպիան բիզնես ուիկ» - Վրաստանում տեղի ունեցավ «թավշյա հեղափոխություն» եւ թափանցիկության տեսանկյունից վրացական ընտրությունները շատ չէին տարբերվում ադրբեջանականից: Ինչո՞վ եք բացատրում այդ երկու իրադարձությունների միջեւ եղած շոշափելի տարբերությունը: 

- Միանշանակ է, որ ընտրություններն Ադրբեջանում ավելի կազմակերպված էին ընթանում, եւ դա ադրբեջանական իշխանությունների ձեռքբերումն է: Այո, Ադրբեջանում էլ խախտումները քիչ չէին, բայց ամեն դեպքում իշխանության ներկայացուցիչն ավելի շատ ձայներ ստացավ, քան վրացական իշխանությունները ստացան իրենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Պատճառները շատ են: Նախ, ադրբեջանական իշխանությունների դիրքերն ավելի ամուր էին, քան վրացական իշխանություններինը: Դուք հավանաբար գիտեք այն թեւավոր արտահայտության մասին, որ Շեւարդնաձեի իշխանությունը Ռուսթավելու պողոտայից այն կողմ չէր տարածվում: Սա իհարկե չափազանցություն է, բայց մյուս կողմից էլ Ադրբեջանի իշխանությունները տիրապետում են իրավիճակին երկրի ողջ տարածքում: Վրաստանում ընդդիմությունը գիտեր ինչպես պետք է վարվի, այն համախմբված էր, իսկ Ադրբեջանական ընդդիմության գործողություններն այդպիսին չէին, ընդդիմության առաջնորդներն անկարող էին գործել էքստրեմալ վիճակում: Կոնկրետ ծրագիր ետընտրական փուլում կյանքի բոլոր դեպքերի համար այն չուներ: 

«Հետք- օնլայն» - Դուք խոսում եք ներկայումս ադրբեջանական ընդդիմության դեպրեսիվ կացության մասին: Բայց այդ նույն ընդդիմությունը տանուլ էր տալիս ալիեւներին նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ: Ինչո՞վ է տարբերվում այս դեպրեսիան, միայն այն բանով, որ կար հնարավորություն օգտվելու հայր Ալիեւի բացակայությունից եւ ոչինչ չստացվե՞ց: 

- Դուք ղեկավարվում եք մեր ընդդիմության այն պնդումով, թե իշխանությունները ընտրազանգված չունեն: Խոսել միայն ալիեւների ընտանիքի մասին, նշանակում է պարզեցնել հարցը: Այս իշխանությունները համակարգ է, որն ունի ինքնապահմանման մեծ ընդունակություն: Ընտրությունները դա ապացուցեցին: Ընդդիմության հիասթափությունը գալիս է նրանից, որ քվեարկության նախօրեին հայտարարում էր, թե ի վիճակի է հաղթելու ամեն պարագայում եւ ի վիճակի է պայքարելու այդ հաղթանակի համար նաեւ քվեարկությունից անմիջապես հետո: Պայքարը չստացվեց, ընդիմմադիրների ընտրազանգվածը չկազմակերպվեց, եւ այդ ամենը տեղի էր ունենում բոլորի աչքի առաջ: Հոկտեմբերի 15-16-ի իրադարձությունները նույնիսկ բողոք չէին: Դա ընդամենը առկայծում էր, որը հեշտորեն հանգցրեցին իշխանությունները:

Նյութն ամբողջությամբ' www.caucasusjournalists.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter