HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ուղղակի աղոթում եմ աստծուն, որ ինձ այլեւս չբաժանեն իմ բալիկից

Շողիկը շտապում է գրկել Արենին` բացատրելով, որ երեխայի մեջ անընդհատ վախ կա` բաժանման վախը, որ այս 2 շաբաթների ընթացքում դեռ չի լքել փոքրիկ Արենին: Արենին ամուսինը խլել էր 9 ամիս առաջ` պատճառաբանելով, թե կինը հոգեկան խնդիրներ ունի եւ արգելել տեսակցել:

Հուսահատված կինը տեսնելով, որ ամիսներ շարունակ ընտանիք վերադառնալու եւ համատեղ ապրելու իր ցանկությունը մերժվում է ամուսնու ու նրա ծնողների կողմից, դիմել էր դատարան` երեխայի բնակության վայրը վիճարկելու եւ ծնողական իրավունքներն իրականացնելու պահանջով:

Շողիկ Մարգարյանի հայցն ընդդեմ Արտակ Մարգարյանի քննվել էր 2011 թ. հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Հայկուշ Միքայելյանի նախագահությամբ:

Դատարանը հայցը բավարարել էր` երեքամյա Արեն Մարգարյանի հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնելով մորը` Շողիկ Մագարյանին: Երեխան դատարանի վճռով բնակվելու էր մոր հետ: Սակայն նույնիսկ դրանից հետո երեխային չէին վերադարձրել մորը:

Հետագայում մամուլում տեղ գտած հրապարակումներն էին ազդել, թե Արտակի ծնողներն էին, ի վերջո, խղճի խայթ զգացել (անցած 8-9 ամիսներին Արենը ապրել է հորական պապի` Ալբերտ Մարգարյանի տանը), ամեն դեպքում ընդունել էին դրական մի որոշում:

Նոյեմբերի 16-ին Շողիկի ծնողներին հրավիրել էին եւ վկաների` ոստիկանության մանկական բաժնի տեսուչի, քաղաքապետարանի երեխաների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամների ներկայությամբ գրավոր հրաժարվել թոռան խնամակալությունից` հետագա խնամքը հանձնելով մորը: Սակայն նույն օրն իսկ Արտակ Մարգարյանը` Արենի հայրը, վերաքննիչ բողոք էր ուղարկել:

«Երջանկությունս լիարժեք կլիներ, եթե նախկին ամուսինս այդ բանը չաներ,- խոստովանում է Շողիկը,- անցած ամիսների տագնապը, ճիշտ է, էլ չունեմ, բայց մեկ է` վախենում եմ, թե երեխայիս կխլեն ինձանից, որովհետեւ չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնի վերաքննիչ դատարանը: Պարզապես մի հույս ունեմ, որ վճիռ կայացնելիս դատավորը հաշվի կառնի իմ մայրական զգացմունքները, որ իր վճռով մեծ սխալ չի գործի` զրկելով ինձ Արենից: Ուղղակի աղոթում եմ աստծուն, որ ինձ այլեւս չբաժանեն իմ բալիկից»:

24-ամյա Շողիկի համար կյանքի նոր փուլ է սկսվել: Աշխատանքի տեղավորվելու ու Արենի ապագան ապահովելու խնդիր ունի: Ամուսնացել էր, երբ ընդամենը Մանկավարժական ինստիտուտի «Կերպարվեստ եւ դիզայն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի էր: Հետագայում էլ չի աշխատել, քանի որ պիտի երեխային մեծացներ: Հիմա իրավիճակ է փոխվել, ամուսինն այլեւս կողքին չէ, սակայն նա չի ընկճվում:

«Եթե ոչ մի տեղ էլ աշխատանք չգտնեմ, մեր այգու բարիքները կվաճառեմ, կապրենք,- Շողիկի ձայնը հանգիստ ու վստահ է հնչում,- ես դեռ շատ երիտասարդ եմ, ունեմ մասնագիտություն, կարող եմ աշխատել, ծնողներս եւս կողքիս են, ես կարող եմ ոտքի կանգնել, ու թող թյուր պատկերացում չլինի, թե չպիտի կարողանամ զավակիս ապահովել, ինչպես դատարանում պնդում էր ամուսնուս փաստաբանը կամ եզրակացություն տալիս շեշտում քաղաքապետարանի երեխաների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ղեկավար Թերեզա Գրիգորյանը: Առայժմ կապրեմ գյուղում բալիկիս հետ, իսկ հետո մտադիր եմ տեղափոխվել Գյումրի: Այս պահին աշխատանք եմ փնտրում ու համոզված եմ, որ կգտնեմ»:

Շողիկն ասում է, որ նախկինում երբեք չի մտածել, թե որքան դժվար է ապրել մի աշխարհում, որն ավելի շատ տղամարդկանց է պատկանում, քան կանանց: Այդ խնդիրներին բախվեց 9 ամիս առաջ ու դեռ շարունակում է հաղթահարել առաջացած հոգեբանական արգելքները: Իր կարծիքով` կինը թույլ արարած է, սակայն կան հանգամանքներ, որ նրան այս կյանքում ուժեղ են դարձնում: Իր պարագայում Արենն է, որ ապրելու ու պայքարելու ուժ է տալիս:

Մեր զրույցի ընթացքում Արենն աշխատում է անընդհատ մոր կողքին գտնվել: Շողիկը բացատրում է, որ երեխան վատ է քնում գիշերները, անընդհատ ստուգում է` մայրը կողքի՞ն է, թե՞ ոչ, ցերեկներն ընդհանրապես հրաժարվում է քնել, չի համակերպվում այն մտքի հետ, որ մայրը կարող է թեկուզ կարճ ժամանակով բացակայել տնից: Անգամ բակ դուրս չի գալիս խաղալու:

«Ես ուզում եմ Արենին տանել հոգեբանի մոտ: Երեխային մենք որքան էլ որ բացատրում ենք, որ մեզ այլեւս իրարից չեն բաժանի, չի հավատում: Որ ճիշտն ասեմ, ես էլ մի տեսակ վախենում եմ իրա հետ տանից դուրս գալ: Ինձ անընդհատ թվում է, թե հիմա Արենին գրկիցս կխլեն: Երեխան դեռ չի մոռացել այդ պահերը, անընդհատ հիշում է, ու քանի որ իր տարիքի համար շատ պարզ է խոսում, նաեւ պատմում է, թե ինչպես է ամուսինս իրեն իմ դեմ տրամադրել, արգելել իրեն ինձ մայրիկ կոչել եւ այլն: Չեմ ուզում բողոքել, բայց ցավում եմ, որ երեխայիս հոգեկան աշխարհն է այսպես տակնուվրա եղել»,- ասում է Շողիկը:

Մեր ամբողջ զրույցի ընթացքում կինը ոչ մի բացասական բառ այդպես էլ չարտաբերեց նախկին ամուսնու հասցեին: Ասաց, որ երբեք չի պատրաստվում Արենին տրամադրել հոր դեմ: Երեքամյա տղան առայժմ չի հետաքրքրվում հոր բացակայությամբ, քանզի նախկինում էլ շատ հաճախակի չեն տեսնվել, իսկ ինքը կձգտի, որ տղան հետագայում հարգի նրան ու սիրի:

«Ես Արենին սովորեցրել եմ «Տերունական» աղոթքը, որ նա ամեն իրիկուն քնելուց առաջ ասում է ու ամենավերջում էլ խնդրում Աստված պապիկին, որ իրեն չբաժանի իր մայրիկից,- ասում է Շողիկը,- ես ինքս էլ եմ աղոթում, որովհետեւ դեռ մի փորձություն էլ պիտի անցնեմ»:

Գյումրիում գործող «Արեւամանուկ» հիմնադրամի ղեկավար, հոգեբան Արմինե Գմյուր-Կարապետյանի համոզմամբ` ծնողական անգրագիտության հետեւանք է, երբ բաժանվելիս ծնողներից մեկ կամ մյուսը կողմը փորձում է երեխային որպես զենք օգտագործել` վերածելով նրան վրեժխնդրության գործիքի:

«Ցավոք, այդ պահին ոչ մեկը չի մտածում երեխայի փխրուն ներաշխարհի մասին, թե ինչ հետեւանքներ կարող են թողնել իրենց այսպես ասած «պատերազմական գործողությունները» նրա վրա: Վրեժը շատ հաճախ այնքան է կուրացնում, որ այդ մասին մոռացվում է, երեխան մղվում է երկրորդ պլան, թեպետ ամբողջ պայքարը հենց նրա համար է,- նկատում է Արմինե Գմյուր-Կարապետյանը:- Դեռ ամուսնանալուց առաջ պետք է թե կինը, թե տղամարդն իրենց հարց տան` «ինչո՞ւ եմ ես ամուսնանում», ո՞րն է մոտիվացիան: Քիչ է ասել, թե սիրում եմ, ամուսնությունը լրիվ այլ հարթության վրա է: Ու շատ հաճախ չի ստացվում երիտասարդների կապը: Ի՞նչ կարող ես անել` տարբեր մարդիկ են, տարբեր հայացքների տեր, ու դա ի հայտ է գալիս համատեղ ապրելիս: Շողիկի պարագայում նմանատիպ մի խնդիր է, սակայն փորձել նրան զրկել երեխայից, դա համարում եմ անմարդկային: Շողիկը չի պատրաստվում հորը զրկել Արենի հետ տեսակցելու հնարավորությունից: Նա պատրաստ է ցանկացած պայմանի, միայն թե երեխան ապրի իր հետ: Կարծում եմ` Արտակը, ում չեմ տեսել, ավելի սթափ կնայի ստեղծված իրավիճակին: Ես չգիտեմ, թե այս ճակատամարտն ինչով կվերջանա, բայց երեխան վրեժխնդրության գործիք չէ. սա պետք է հիշել մեկընդմիշտ»:

Մեկնաբանություններ (3)

Anush
Es gitem mi ban, vor cnoxner@ partavor en arajin hertin irenc erexai masin mtacel, baic ete hasel en ais vichakin... Sireli Ani ev Mari tuyl tveq nkatel, vor misht chi, vor mair@ chisht e u mtacum e erexaneri masin. Aipes vor ekeq chdatenq mi @ntanekan patmutyun, ur amen inch anhayt e mez hamar. Tox Astvac amur pahi Arenin ev uxekic lini voxch kianqum. Mnacial@ meknabanelu voch mi baroyakan iravunq indz chem verapahum.
Mari
Shat canr e , erb hor egoistutjunic tujum e erexan;LAVE VOR shoxik@ karoxanum e mtacel vor erxan ktesakci hor@:::::Im erexan nmanapi depqic heto 20 tari e hor eres@ chi uzum tesnel, inchqan el ,vor es mtacum ei ,vor hor het shpum@ kogni iren liarjeq jgal,. Im erexan mecacav cav@, viravoranq@ hogum: AJDPES EL CHKAROXACAV NEREL NRAN ir het nman kerp varvelu hamar: tox astvac neri dahich hajrerin, ete karox e.................
ani
es uxaki zarmanum em,ayd ayspes kochvac vay tatikneri u papaikneri vra voronq pordzum en erexanerin bazhanel irenc mayreric.duq dra iravunq@ chuneq voch mi paragayum duq inch kaneiq ete dzer het ayd kerp varvein. Isk erexayi hor@ es mi ban kasem erexan aranc mor vorb e mecanum chem karcum vor duq kcankanayiq , vor dzer erexan kendani cnoxneri oroq iren vorb zgar.Isk shoxikin mi ban karox em asel kyanqum chhusahatveq,payqareq nra hamar nra handep amenashat iravunqner@ miyayn duq uneq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter