Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այդպես էլ չի պարզաբանել, թե ինչն է եղել Նորաշենիկ գետ թափվող աղտոտված պարզվածքի պատճառը: Դա, ըստ Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի, արհամարհանք է մարդկանց հանդեպ:
Հունվարի 25-ին Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը լցվել էր Նորաշենիկ գետ: Երեկ՝ ժամը 14:00-ի դրությամբ, Արմեն Փարսադանյանի փոխանցամբ, վիճակը շարունակել է մնալ նույնը: Դրանից մոտ երկու ժամ անց զանգահարել է բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը՝ Փարսադանյանին հայտնելով, որ այդ պահին գտնվում են վթարի վայրում, աշխատանքներ են տանում, ապա ավելացրել է, որ պոչամբարի պարզվածքը կարգավորվել է:
Հեռախոսազանգից հետո Արմենը նորից մեկնել է դեպքի վայր, որտեղ արձանագրել է, որ աղտոտված պարզվածքը բավական նոսրացել է, այսօրվա տվյալները չունի: Ըստ բնապահպանի՝ խնդիրը գտնվում է նաև ԶՊՄԿ-ի ուշադրության կենտրոնում, սակայն մինչ օրս պարբերաբար կրկնվող արտահոսքերի մասին ընկերությունը պարզաբանումներ չի տվել:
«Այդ վերաբերմունքով նրանք բնակչությանը լարում են իրենց դեմ»,- ասում է Ա. Փարսադանյանը:
Փետրվարի 1-ին «Հետքը» գրավոր հարցում է ուղարկել բնապահպանության նախարարություն՝ հունվարի 25-ի Նորաշենիկ թափված աղտոտված պարզվածքի փորձանմուշների, ընկերության տուգանքների և այլ հարցերի մասին: Պատասխան դեռևս չենք ստացել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել