HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Լապշինին Բաքու հասցնելը «Սաֆարով-2» օպերացիա էր

ՀՀ ԱԳն-ն, ի դեմս նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանի, արձագանքել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելուն: «Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը», - ասել է Բալայանը՝ հավելելով, թե արտահանձնումից հետո քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների և զբոսաշրջիկների հոսքը Արցախ բազմապատկվելու է։

Ո՞ւմ է ուղղված «բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդի» մասին ԱԳՆ խոսնակի ակնարկը. բլոգերին արտահանձնելու շուրջ գործարքի գնացած Ադրբեջանին և Բելառուսի՞ն, թե՞ Ռուսաստանին կամ Իսրայելին, որոնք, ըստ էության, մատը մատին չտվեցին իրենց քաղաքացին հանդիսացող անձին բելառուսա-ադրբեջանական կեղտոտ խաղից դուրս բերելու նպատակով: Թեև իհարկե, պարզ է, թե ում է այն ուղղված, սակայն իր ոճին հարիր՝ ԱԳՆ-ն անում է անհասցե, անատամ և իր խեղճությունն ու անօգնականությունը մատնող հայտարարություն: Եվ դա մի իրավիճակում, երբ, ըստ էության, Ադրբեջանը թե ընթացակարգային և թե հոգեբանական-քարոզչական հետևանքների առումով փաստացի փորձում է լուծել միանգամից մի քանի կարևոր խնդիր:  

Ադրբեջանը ստանում է Արցախ այցելության համար տոտալ, միջազգային ահաբեկում իրականացնելու նախադեպ: Որևէ կասկած չկա, որ շարունակելու է առանց իր թույլտվության ԼՂՀ այցելող անձանց նկատմամբ հետապնդում իրականացնելու քաղաքականությունը: Անգամ Հայաստանի քաղաքացիները, որոնք երբևէ եղել են Արցախում, հիմա պետք է բավականին լուրջ մտածեն Բելառուս և նմանատիպ երկրներ մեկնելու հետևանքների մասին:

Ահաբեկման այս մեթոդն, իհարկե, կարող է աշխատել միայն Բելառուսի նման երկրների պարագայում, որտեղ և օրենքը, և իրավունքը բռնապետի կամքն է:

Բայց նույնիսկ այդ դեպքում առաջանում է տվյալ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների հարցը: Եվ երկրորդ խնդիրը, որը հետևողականորեն փորձում է Բաքուն լուծել, Հայաստանի միջազգային մեկուսացմանը հասնելն է, հնարավորինս շատ երկրների հետ նրա հարաբերությունները փչացնելը:

Այդ խնդիրը 2012թ. Բաքուն, Սաֆարովի արտահանձնման խայտառակ դեպքով պայմանավորված, մեծ հաջողությամբ լուծեց Հունգարիայի մասով, որի հետ Հայաստանը ստիպված եղավ խզել դիվանագիտական կապերը: Նույն խնդիրը Բաքուն հիմա փորձում է լուծել ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի «դաշնակիցը» հանդիսացող երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պարագայում:

Լուկաշենկոյի մատուցած ծառայությունը Բաքվին հավատ է ներշնչելու, որ կարելի է նաև տոտալիտար կառավարման ձևով իրենից չտարբերվող այդ երկրներին ևս ծառայեցնել «սևցուցակային» իր ահաբեկչական քաղաքականությանը և Հայաստանին կանգնեցնել նրանց հետ իր հարաբերություններն արմատական ձևով վերանայելու հրամայականի առջև:

Այլ կերպ ասած՝ Բաքուն ուղղորդում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ շատ հստակ տեսնելով, թե ինչպիսի կրավորականություն և անգործունակություն է վերջինս ցուցաբերում իր այդ ագրեսիվ քաղաքականությունը զսպելու հարցում: Եթե դա էլ հաջողի, ապա շուտով հնարավոր է՝ Հայաստանը նույնատիպ խնդիրներ ունենա նաև մուսուլմանական մի շարք երկրների հետ հարաբերությունների դաշտում:

Երրորդ՝ Լապշինի արտահանձնման այս օպերացիան Բաքուն ծառայեցնում է ներքին քարոզչական սպառման նպատակով՝ սեփական հասարակության մեջ ամենակարողության պատրանք կամ ավելի ճիշտ համոզմունք ձևավորելով: Ալիևը հնարավորություն է ստանում համոզելու, որ Սաֆարովի արտահանձնմանը հասնելը ոչ թե Հունգարիայի հետ պարզ առևտրի կամ կաշառատվության, այլ իր կողմից վարվող ճկուն, հաստատակամ ու նպատակասլաց քաղաքականության արգասիք էր:

Թե գործընթացի կազմակերպման և թե քարոզչա-հոգեբանական հետևանքների իմաստով Լապշինին Բաքու հասցնելը, ըստ էության «Սաֆարով-2» օպերացիա էր:

Տնտեսական ցնցումների, սոցիալական վիճակի սրման, ԼՂ կարգավորման հարցում դիվանագիտական փակուղում հայտնվելու, ապրիլյան պատերազմ սանձազերծելու և որևէ հաջողոթյուն չարձանագրելու գործոններով պայմանավորված իր հեղինակության անկումը Ալիևը փորձում է փոխհատուցել իր անձի շուրջ՝ ցանկացած երկրում «հարց լուծող» լիդերի կերպար ձևավորելով: Դա թույլ է տալիս ինչ-որ չափով հաղթահարել որպես պետություն չկայացվածության այդ երկրի հասարակության կոմպլեքսները:

Ալիևը երկրի ներսում կազմակերպել է մեկ դերասանով իսկական օճառային օպերա և կարողանում է հաարակության քիմիքին հաճելի տեսարաններով նրան պահել կառավարելիության սահմաններում, ապահովագրել իր միահեծան տոտալիտար իշխանությունը:

Գուցե սա հնարավոր լիներ միայն Ադրբեջանի ներքին խնդիրը համարել, եթե արտաքին հետևանքներ վտանգ չհարուցեր: Մեծանում է վտանգը, որ ադրբեջանական հասարակությունն այդ կույր հավատի ազդեցությամբ անվերապահորեն կաջակցի Ալիևին, եթե նա ինչ-որ պահի որոշի Ղարաբաղյան հարցը պատերազմի միջոցով լուծելու ավանտյուրայի դիմել:

Սեփական հասարակության ուղեղը լվանալու, հակահայկական ռասիզմի թույնը ներարկելու ֆոնին Լապշինի գործը թմրանյութի էֆեկտ ունի և դրանից տրիումֆալ հաղթանակ կերտելը կարող է տրասֆորմացվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Ինչևէ, Լուկաշենկոյի հրամանով Լապշինը Ադրբեջանին հանձնվեց ոչ միայն Ալիևի հետ սիրախաղերի կամ Բաքվում մեդալ ստանալուց խելքը կորցնելու պատճառով. դրանով նա առաջին հերթին փորձում է հարաբերություններ պարզել Մոսկվայի հետ, անկախություն խաղալ, համաձայնություն կորզել գազի սակագնի նվազեցման հարցում: Այս իմաստով Հայաստանը, պաշտոնական մակարդակով Լապշինի գործի վրա ուղղակի ազդելու, դրան միջամտելու լծակ չունի:

Հայաստանը հայտնվել է ԼՂՀ-ն ՀԱՊԿ-ի պատասխանատվության դաշտից դուրս դնելու բելառուսա-ղազախա-ռուսական պարտադրանքին տուրք տալու, Աստանայում Ալիևի նամակի ընթերցման խայտառակությունն անինքնասեր խելոք աշակերտի պես կուլ տալու՝ փաստացի ինքն իր լարած թակարդում: Բայց եթե հարցին այս տեսանկյունից ենք նայում, ապա Ադրբեջանը ևս ֆորմալ առումով Բելառուսի, առավելևս 2011-12-ին Հունգարիայի ներքին գործերին միջամտելու, Մինսկի կամ Բուդապեշտի վրա ազդելու լծակ չպետք է ունենար: Եվ չնայած դրան՝ Բաքուն միշտ գտնում է այդ անուղղակի ազդեցության, իր առջև դրված լոկալ, իրավիճակային նպատակադրումների իրագործմանը, իսկ Հայաստանը չի կարողանում՝ նախընտրելով այդ իրողությունը սվաղել արդարացումներ փնտրելով:

Հայաստանի ԱԳՆ-ն, դիվանագիտությունը, երբևէ իր առջև կոնկրետ միջնաժամկետ կամ կարճաժամկետ նպատակներ, լոկալ խնդիրներ չի դրել, առավելևս չի իրականացրել՝ մշտապես մնալով իր մրցակիցների կամ թշնամիների նախաձեռնությունները հետապնդողի, արձագանքողի դերում: Եվ ինչպե՞ս կարող է նման խնդիրներ լուծել, եթե հենվում է յուրիվարդանյանական, օլեգեսայանական, արմենխաչատրյանական մակարդակի դեսպանների վրա։

Ինչու առհասարակ խնդիրը պետք է հանգեր այսպիսի աբսուրդային իրավիճակի: Երբ Բաքուն անցած երկու տասնամյակի ընթացքում ամեն գնով հասնում էր առանձին երկրներից ու միջազգային կազմակերպություններից իր տարածքային ամբողջականությունը, ԼՂՀ-ն իր անքակտելի վարչական միավորը ճանաչելու մասին հայտարարություններ կորզելուն, ԱԳՆ-ն հանգստացնում էր, թե այդ հարցով զբաղվող միակ կոմպետենտ կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որ Բաքվի նախաձեռնությունները որևէ գործնական հետևանք ունենալ չեն կարող և անհանգստանալ պետք չէ: Ի՞նչ էր սա. մեծախոսությո՞ւն, թե՞ պարզապես քաղաքական ու դիվանագիտական կարճատեսություն: Էդվարդ Նալբանդյանը դիվանագիտական միայն մեկ լեզու գիտի. մշտապես թաքնվել միջազգային հանրության կարծիքի թիկունքում: Ինչո՞ւ է լռում այդ կարծիքը հատկապես այն պահերին, երբ պետք է: Մյուս կողմից, սակայն, ինչո՞ւ պետք է միջազգային հանրությունն առհասարակ որևէ կարծիք արտահայտի, եթե Երևանն ինքն է նախընտրում անհասցե հայտարարություններով բավարարվել:

Բաքվի սկսած՝ Արցախ այցելողների «սև ցուցակի» քաղաքականությանը, որն իր տարածքային ամբողջականության ճանաչման արշավի տրամաբանորեն շարունակությունն է, պաշտոնական Երևանը պատասխանեց միայն ծաղրանքով՝ փոխանակ հնարավորինս մեծ թվով մարդկանց Արցախ տանելով այդ ցուցակն ահաբեկման միջոցի, անհեռանակար, անօգուտ և անլուրջ ժամավաճառության վերածելուն:

Եվ միայն հիմա է ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում, թե Լապշինի գործը բազմապատկելու է Արցախ զբոսաշրջիկների, լրագրողների, մտավորականների հոսքը: Արդյո՞ք հաջողություն կունենար Բաքվի այս ցուցակային ահաբեկման քաղաքականությունը, եթե ի վերջո պաշտոնական Երևանը մեծ-մեծ խոսելու ու հոխորտալու փոխարեն ընթացք տար գոնե ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի բանակի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, խաղաղ քաղաքացիական անձանց և զինծառայողների մարմինները խոշտագնումների ենթարկելու փաստերը միջազգային դատական ատյաններին ներկայացնելու խնդիրը:  

Մինչդեռ անգամ ապրիլյան պատերազմը չօգնեց, որպեսզի ստատուս քվոյի պահպանման այս պատերազմաբեր ուղեգիծը փոխարինվի ԼՂ-ի ներկայիս կարգավիճակի միջազգայնորեն ճանաչմանը հասնելու քաղաքականությամբ, որը նաև կդառնար իր սահմանների անխախտելիության մասին համոզմունք ձևավորելու ադրբեջանական դիվանագիտության համարժեք պատասխանը:

Քանի՞ դեպք կարելի է հիշել, որ միջազգային ու հատկապես եվրոպական կառույցներում հայաստանյան պատվիրակությունները Ադրբեջանի ներքին ժողովրդավարության, այդ երկրում բռնատիրական ռեժիմի հաստատման իրողությունը դարձնի բանաձևերի, հայտարարությունների առարկա՝ Բաքվի խավիարային դիվանագիտությանը հղում կատարելն ինքնարդարացման միջոց դարձնելու փոխարեն:

Սակայն ունենք այն, ինչ ունենք: Հիմա ողջ խնդիրն այն է, թե որքանով էր հայաստանյան դիվանագիտությունը պատրաստ Լապշինի գործի նման, առավել քան կանխատեսելի ելքին: Կա պարզ երկու խնդիր: Նախ՝ ի՞նչ է ձեռնարկվելու Բելառուսի պարագայում, որն արդեն անցել է Հայաստանի հետ նույնիսկ ոչ թե դաշնակցային, այլև չեզոք հարաբերություններ պահպանելու թե քաղաքական, թե դիվանագիտական ու թե բարոյական սահմանները: Հարցն արդեն Լապշինի անձի մեջ չէ: Եթե համարժեք որևէ պատասխան չհետևի, Լուկաշենկոն անցնելու է շատ ավելի լկտի պահվածքի՝ որոշելով, որ գործ ունի սեփական արժանապատվության ու ինքնահարգանքի գիտակցում չունեցող երկրի հետ: Ու դրանում համոզվելու է ոչ միայն Լուկաշենկոն:

Երկրորդ՝ ի՞նչ է արվելու Ադրբեջանի դեպքում: Լապշինին ստանալն իրականում կարելի է դրվագային հաղթանակից Ադրբեջանի համար վերածվել մղձավանջի: Հիմա այդ անձի իրավունքների պաշտպանության, նրա հետապնդման խնդիրը դիտարկվելու է բացառապես Ալիևյան բռնատիրության համատեքստում: Եվ եթե վերջինս այնքան խելոք չգտնվի, որ հնարավորինս արագ ազատվի Լապշինից, այս պատմությունը Ալիևի համար կարող է լրիվ բումերանգի էֆեկտ ունենալ:

Բայց որպեսզի այն իսկապես բումերանգի վերածվի, Հայաստանը պետք է աշխատի: Հարցն այն է՝ նալբանդյանական դիվանագիտությունը ունա՞կ է դրան...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter