HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետ վերցված, թե՞ վերադարձված բողոքներ

Ըստ Արդարադատության նախարարության վիճակագրական տվյալների, Վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերով պալատում 2002թ.-ին մուտք է եղել 1340 բողոք, որից «վերադարձվել է» 207-ը: Վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերով պալատի նախագահ Ա. Մկրտումյանի տեղեկության համաձայն, գրասենյակում 2003թ.-ի առաջին կիսամյակում մուտք է եղել 700 բողոք, որոնցից «հետ են վերցրել» 117-ը: Պարոն Մկրտումյանի տվյալներով Վճռաբեկ պալատը տարեկան բեկանում է բողոքների 30 տոկոսը, իսկ հետ վերցված բողոքները կազմում են 20 տոկոս: 

Բողոքները վերադարձնելու կամ, ինչպես պարոն Մկրտումյանն է ասում, «հետ վերցնելու» եղանակների մասին բացեիբաց խոսելուց խուսափում են թե դատավորները, թե փաստաբանները: Սակայն, դատական համակարգի աշխատակիցները միանշանակ անթույլատրելի են համարում, երբ քաղաքացու բողոքը վերադարձվում է ոչ թե պալատի որոշումով, այլ պալատի գրասենյակի աշխատակցի գրությամբ կամ էլ քաղաքացուն վախի կամ շանտաժի ենթարկելով: 

«Այստեղ լուրջ օրենսդրական բաց կա. երբ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում հայցադիմումը կամ բողոքը վերադարձնելու օրենսդրական կարգ կա եւ դրա բողոքարկման մեխանիզմն է նախատեսված, ապա վճռաբեկ դատարանի գործունեության մասին օրենքում դա չկա: Օրենքում չկա, թե ինչ պետք է անի վճռաբեկ դատարանը, եթե օրենքի խախտմամբ ներկայացված վճռաբեկ բողոք է ստացել. որոշում պետք է կայացնի՞, թե՞ ոչ, ո՞վ պետք է կայացնի, դրա համար այս իրավական վակումի մեջ գործում են ոչ իրավաչափ վիճակներ՝ պարզապես գրասենյակի պետի գրությամբ բողոքները վերադարձվում են»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ օրենքում նախատեսված չի նաեւ, թե որոշումը ով պետք է կայացնի՝ վճռաբեկ դատարանի պալատի նախագահը, թե՞ մեկ ուրիշը: Օրենսդրական անկատարության վերաբերյալ իր տեսակետները շարադրելիս նա նշեց, որ այս պայմաններում անգամ բողոքը գրասենյակի աշխատակցի գրությամբ վերադարձնելը լավագույն ելքը չի, որովհետեւ քաղաքացին դիմել է դատական պաշտպանության եւ պետք է դատական որոշում ունենա իր բողոքը չքննելու մասին: 

Գործող օրենսդրության համաձայն քաղաքացիները վճռաբեկ դատարան կարող են դիմել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի վճիռներից չբավարարվելու դեպքում: ՀՀ Քաղ. դատ. օր-ի 225 հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերվում վճիռը կամ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Այդ ժամկետը բաց թողնելու դեպքում վճռաբեկ բողոք կարող է բերվել, եթե առկա են նոր երեւան եկած հանգամանքներ, եւ այդ դեպքում վճռաբեկ բողոք ներկայացնելու համար քաղաքացիները ստիպված են դիմել հատուկ արտոնագիր ունեցող փաստաբաններին: 

Հայաստանում Վճռաբեկ դատարան դիմելու համար հատուկ արտոնագիր ունեցող 9 փաստաբան կա: Օրենդրությամբ, ինչպես նշեցին փաստաբանները, բոլոր քաղաքացիների համար վճռաբեկ դատարանը հասանելի է: Քաղաքացիների հիմնական բողոքները կապված են վճռաբեկ դատարան դիմելու համար սահմանված 20.000 դրամ պետական տուրքի հետ: «Եթե մեր իրականության մեջ նվազագույն աշխատավարձը 5.000 դրամ է, ապա վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված 20.000 դրամը չափազանց բարձր է: Դա նշանակում է, որ քաղաքացին 4 ամիս չպետք է ապրի: Իրավիճակն ավելի տխուր է դառնում, երբ հայցերը գումարային արտահայտությամբ են լինում», - գտնում է Վճռաբեկ դատարան դիմելու համար հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան Հովհաննես Գալյանը: Նա նշեց, որ գործող օրենսդրությունն անվճարունակ քաղաքացիների համար նախատեսում է պետական տուրքի վճարման տարժամկետում կամ ազատում: Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան Ռուբեն Սահակյանը նույնպես այն կարծիքին է, որ Վճռաբեկ դատարան դիմելու համար նախատեսված 20.000 դրամը խիստ բարձր է, եւ ոչ բոլոր անվճարունակ քաղաքացիներն են տեղյակ, որ այդ տուրքից կարելի է ազատվել: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատի նախագահ Արման Մկրտումյանը համամիտ էր, որ Վճռաբեկ պալատ դիմելու համար սահմանված 20.000 դրամ պետական տուրքը քաղաքացու նվազագույն աշխատավարձի համեմատ իսկապես շատ բարձր է: «Չի կարելի մարդուն զրկել արդարադատությունից, եթե այդ պահին նա գումար չունի»,-ասաց պարոն Ա. Մկրտումյանը եւ վստահեցրեց, որ բոլոր անվճարունակ քաղաքացիներն ազատվում են պետական տուրքից: Քաղաքացիների մի մասը դժգոհ է նաեւ փաստաբաններից: Որոշ փաստաբաններ իրենց գրած բողոք-դիմումները ետ են վերցնում հաճախորդներին շանտաժի ենթարկելով՝ նրանցից իրենց ցանկալի գումարը չստանալու դեպքում: Այլ՝ առավել հետաքրքիր պատճառաբանություններ էլ կան. հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը վճռաբեկ դատարանում իր իսկ գրած բողոքը չներկայացնելը պատճառաբնում է դատավորի հետ իր մտերիմ կապերով եւ նման այլ «համոզիչ» փաստարկներով: 

Փաստաբան Հովհաննես Գալյանը չհերքեց այս փաստը, սակայն էթիկայի կանոններից ելնելով՝ գերադասեց խոսել իր մասին. «Ես երբեք բողոքն իմ կամ որեւէ պաշտոնատար անձի նախաձեռնությամբ հետ չեմ վերցնում: Բողոքը հետ եմ վերցնում միայն իմ հաճախորդի նախաձեռնությամբ»: Պարոն Գալյանն այն կարծիքին չէ, որ փաստաբաններն, ինչպես նաեւ դատարանը սխալական չեն: «Երբեմն դատարանը բավարարում է ոչ այնքան հիմավոր բողոք, երբեմն էլ մերժում է ապացույցների առումով շատ հիմնավոր բողոքը: Երբեք միանշանակ չես կարող ասել, թե ինչպես կվարվի վճռաբեկ դատարանը»,-ասաց պարոն Գալյանը: Փաստաբանի համար անընդունելի է Վճռաբեկ դատարանի հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների ինստիտուտը: Այսօր փաստաբանների վճռաբեկ դատարան դիմելու արտոնագիրն ուժի մեջ է 5 տարվա ընթացքում: «Ես 3 տարի է, ինչ վճռաբեկ բողոք եմ ներկայացնում, եւ այսօրվա իմ աշխատանքը չեմ կարող համեմատել 3 տարի առաջվա աշխատանքի հետ: Այս առումով հատուկ արտոնագրի ինստիտուտը պետք է վերացնել»,- գտնում է Հովհաննես Գալյանը: Փաստաբանն այն կարծիքին է, որ քաղաքացիների շահերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները պետք է ընդլայնել, միաժամանկ Վճռաբեկ դատարանին չընդունել իբրեւ ճշմարտության վերջին օղակ: «Ճշմարտության վերջին օղակը պետք է լինի Սահմանադրական դատարանը»,- իր համոզմունքն արտահայտեց պարոն Գալյանը: 

ՀՀ Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Իշխան Նազարյանի ասելով՝ ընթացիկ տարում իրենք քաղաքացիներից բազմաթիվ բողոք-դիմումներ են ստացել, որոնց մի մասը վերաբերում է առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների եւ որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելիս առաջացած խոչընդոտներին: «Քաղաքացիների գանգատները վերաբերում են այն դեպքերին, երբ վերաքննիչ դատարանն իրենց պատշաճ ձ—ով չի ծանուցում դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին, բնականաբար կայացված վճռի մասին տեղյակ չեն լինում եւ կորցնում են 15 օրվա ընթացքում վճեռաբեկ բողոք բերելու հնարավորությունը»,- ասաց պարոն Նազարյանը: 

Նա տեղեկացրեց, որ Արդարադատության խորհուրդը գանգատ-դիմումներ է ստացել նաեւ գործին մասնակից չդարձած անձանցից, որոնց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել: «Դիմումներում նրանք մասնավորապես նշում են, որ ընդհանրապես տեղյակ չեն եղել ներկայացված հայցադիմումի եւ կայացված վճռի մասին: Այդ ամենի մասին իմացել են միայն դատական ակտի կատարման ժամանակ»,- տեղեկացրեց Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը: 

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը՝ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, անհրաժեշտ է համարում նաեւ Վճռաբեկ դատարան դիմելու հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների ինստիտուտի վերացումը: «Փաստաբանը՝ փաստաբան է: Պետք չէ նրանց առանձնացնել, որովհետեւ բոլորն էլ նույն կրթությունն ունեն: Եթե փաստաբանն ի վիճակի է հիմնավոր վճռաբեկ բողոք ներկայացնել, ապա այն պետք է ընդունվի»,- կարծում է Ռաֆիկ Պետրոսյանը: Հիմք ընդունելով ստացած գանգատ-դիմումներն ու դրանց հիման վրա կատարած ուսումնասիրությունները՝ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Դատարանները, որոնք կոչված են իրականացնելու սուբյեկտների իրավունքների պաշտպանությունն, առաջին հերթին իրենք են խախտում նրանց իրավունքները»: 

«Կարծում եմ հատուկ արտոնագրի գաղափարը սխալ է, որով որոշակի մարդկանց շնորհել են վճռաբեկ դատարան դիմելու իրավունք, բոլորին պետք է տրվեր այդ հնարավորությունը: Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելը կարող էր լինել միայն նոր երեւան եկած հանգամանքի դեպքում: Մարդուն չի կարելի վերապահել դատարան դիմելու իրավունք, բայց միջնորդավորված ձեւով»,- ասում է ՀՀ փաստաբանների միության անդամ Հայկ Ալումյանը: Նրա կարծիքով, պետությունը չի աջակցում քաղաքացուն իր դատական պաշտպանությունն իրականացնելու հարցում նախ այն պատճառով, որ քաղաքացիական գործերով անվճար իրաբանական օգնություն տրամադրելու կարգ չկա մեր երկրում, իսկ քրեական գործերով այդ իրավունքը չկա արտոնագիր ունեցողների համար: «Պետությունը անվճարունակ քաղաքացուն զրկում է այդ հնարավորությունից՝ ցույց տալով նրան միջնորդավորված ճանապարհը՝ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանին: Քաղաքացին կդիմի Եվրոդատարան ու կշահի, քանի որ այսպես թե այնպես զրկված է դատական պաշտպանության հնարավորությունից»,- ավեացրեց փաստաբանը: 

Քաղաքացու դատական պաշպանության սահմանափակում է նաեւ վճռաբեկ բողոք բերելը եռամսյա ժամկետով սահմանափակելը: Ժամկետային այս սահմանափակումը, որ խորհրդարանը վավերացրեց երկու տարի առաջ, ըստ որի՝ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել վճիռը կամ որոշումը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունների սահմանափակում է: ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն իր այս գնահատականն ամրագրել է 2002 թվականի տարեկան զեկույցում՝ նպատակահարմար համարելով օրենսդրական փոփոխությամբ շտկել վիճակը: Մասնավորապես, «շահագրգիռ կողմին հարգելի պատճառների առկայության դեպքում համապատասխան դատական ակտը վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավունք վերապահել նաեւ նշված ժամկետը լրանալուց հետո»: 

 Քաղ. եւ տնտ. գործերի պալատի նախագահ Ա. Մկրտումյանը նույնպես բացասաբար է վերաբերվում դատական պաշտպանության իրավունքը եռամսյա ժամկետով սահմանափակելու փաստին: ՀՀ Քաղ. օրենսգիրքը, նախատեսելով հայցային վաղեմության ինստիտուտը, որի ընդհանուր ժամկետը երեք տարի է (Քաղ. օրենսգրքի 332 հոդված), միաժամանակ սահմանել է, որ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ (Քաղ. օրենսգրքի 335 հոդվածի 1կետ): «Այսինքն, յուրաքանչյուր մարդու իրավունք է վերապահված խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել դատարան, այդ թվում՝ վճռաբեկ դատարան: Նշված նորմերից ոչ մեկում դատական պաշտպանության իրավունքի որեւէ ժամկետային սահմանափակում նախատեսված չէ: Մինչդեռ այս փոփոխությամբ քաղաքացու դատական պաշտպանության իրավունքը սահմանափակվել է եռամսյա ժամկետով»,- ասաց պալատի նախագահը: Պարոն Մկրտումյանը չհերքեց, որ այսօր Վճռաբեկ դատարանի գործունեությանը խոչընդոտող մի շարք հանգամանքներ կան, այդ թվում՝ ճնշումներ: «Ինչպես ասում է ժողովուրդը՝ վերեւից ճնշումներ, կաշառքներ, դրանք բոլորն անցողիկ են: Դատավորը պետք է ազատվի եւ չվախենա իր ներքին եսից: Դրանից հաստատ փախչել չի կարող»,- ասաց պրն. Մկրտումյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter