HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Քեթիի համայնքապետի ակտիվությունը վարակիչ չի դառնում ավագանու համար

«Ավագանին, ցավոք, ակտիվ չէ,- ասում է Շիրակի մարզի Քեթի գյուղի համայնքապետ Թորգոմ Սահակյանը,- ես չգիտեմ, թե դա ինչից է, գուցե նրանից, որ ես եմ շատ ակտիվ, բազմաթիվ հարցեր իմ նախաձեռնությամբ են քննարկվում»:

2005 թ.-ից համայնքը ղեկավարող Թորգոմ Սահակյանը բավական թարմ մի օրինակ է բերում: Գյումրի-Քեթի եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունը թանկացրել է տոմսի արժեքը` այն 120-ից դարձնելով 150 դրամ:

Իրականում ընկերությունը մրցույթը շահել է 150 դրամով, սակայն, հաշվի առնելով գյուղից բավական մեծ թվով ուսանողների` Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու հանգամանքը, համայնքապետի խնդրանքով երկար ժամանակ գիծը սպասարկել է 100 դրամով:

«Իրենք էլ մեղավոր չեն, իրենց էլ ձեռք չի տալիս: Հիմա էդ թանկացումը դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում, բայց այդ հարցի քննարկման առաջարկն անում են ոչ թե ավագանու անդամները, այլ` ես: Այնինչ այդ մասին ես հենց իրենցից պիտի իմանայի: Ես եմ ասում, թե հավաքվեք, էս խնդիրը պիտի քննարկենք: Սա էլ ձեր էն հարցի պատասխանը` բնակիչները ավագանիներին դիմու՞մ են, թե՞ ոչ,- դժգոհում է համայնքի ղեկավարն ու հավելում,- քեթեցիները պարզապես իրենց խնդիրներով անմիջապես ինձ են դիմում: Ես շատ կուզենայի, որ մեր ավագանու անդամներն ավելի ակտիվ ու նախաձեռնող լինեին, բայց ինչ արած»:

Երեւան-Գյումրի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը Քեթի գյուղը բաժանում է երկու մասի: Մարզկենտրոն Գյումրիից 10 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը որպես բնակատեղի հին պատմություն ունի: Այդ են վկայում մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակի կիկլոպյան ամրոցի, դամբարանադաշտերի եւ բնակատեղիների, 5-19-րդ դարերի եւ 12-20-րդ դարերի եկեղեցիների եւ մատուռների հետքերը: Ժամանակակից գյուղը հիմնադրվել է 1829 թ.:

Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ, մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Սեզոնին 100-150 մարդ ժամանակավոր լքում է հայրենի գյուղը` ընտանիքների կեցությունն ապահովելու խնդրով մտահոգված: Համայնքում գործում է միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց, գրադարան, իսկ ահա մանկապարտեզը դադարեցրել է գործունեությունը:

«Անցած տարվանից ժամանակավորապես դադարեցրել ենք: Երեխաների թիվը չէր բավարարում,- ասում է համայնքապետը,- նպատակահարմար չէր 3-4 հոգանոց աշխատակազմ պահել 8-10 երեխայի համար: Խորհրդային տարիներին կառուցված, հին տիպային շենք է մանկապարտեզը, եւ, քանի որ հետագայում ամեն դեպքում վերաբացելու ենք, շինությունը նորոգելու խնդիր ունենք նաեւ»:

Համայնքի առաջնահերթ ծրագրերից մեկը գազիֆիկացումն է: 2009 թ. Քեթիի համար այն պիտի արդեն լուծված լիներ: 1998 թ. մայր գազատարը հասցվել էր գյուղ, սակայն հետագա աշխատանքներն ինչ-ինչ պատճառներով դադարեցվել էին: 10 տարի անց հարցը կրկին կարեւորվել է:

Իրականացնելով այս ծրագիրը` համայնքի շուրջ 280 առանձնատուն կապահովվի կապույտ վառելիքով: Կբարելավվեն բնակչության սոցիալ-տնտեսական, կենցաղային պայմանները: Կառավարության  2010 թ. հաստատած Շիրակի մարզի զարգացման ծրագրում այն արդեն ընդգրկվել է: 2012 թ. հույս ունեն այն իրականացնել IFAD-ի ծրագրով եւ համայնքի 10% ներդրումով:

«Մենք գազիֆիկացման համար բյուջե էինք նախատեսել, բայց տեսանք, որ գործընթացը ձգձգվում է, որոշեցինք քառամյա ռազմավարական ծրագրում ընդգրկված մեկ այլ ծրագիր իրականացնել: 2009 թ. աշնանը 7,2 մլն դրամով հակակարկտային կայան տեղադրեցինք: Այս տարի 100%-ով մեր բնակչությունն այդ ծրագրի արդյունավետությունը տեսել է»,- հավաստիացնում է Թորգոմ Սահակյանը:

Աշխատակազմի քարտուղար Արշալույս Գրիգորյանի խոսքերով` իրենք արդեն այս տարի կարողացել են հացահատիկից լավ բերք ստանալ, բանջարաբոստանային կուլտուրաները եւս չեն տուժել կարկտահարությունից:

«Մեր վարելահողերը ցածր, 5-րդ կարգի են, առանց այդ էլ նորմալ բերքատվություն չեն ապահովում: Էս պահին մենք կարողացանք ցանքերը պաշտպանելու հնարավորություն տալ քեթեցիներին, բայց որպեսզի գյուղացին կարողանա լիարժեք հողագործությամբ զբաղվել, անհրաժետ է լուծել ոռոգման խնդիրը»,- ասում է Ա. Գրիգորյանը:

Քեթիում շատ տարածքներ, որոնք համարվում են ջրովի, զրկված են ոռոգման հնարավորությունից: Ոռոգման ցանցի կառուցման եւ բարելավման ծրագիրը պիտի իրականացվեր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով, որ ենթադրում էր համայնքի ներդրում 18%-ի չափով: Իրականացման տարին կրկին 2009 թվականն էր, սակայն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում կատարված կրճատումները քեթեցիներին զրկեցին ոռոգման ցանց ունենալու հնարավորությունից:

«Հիմա Համաշխարհային բանկը նոր ծրագրեր է իրականացնում ոռոգման համակարգերի հետ կապված, էստեղ 15% ներդրում է պահանջվում: Եթե նորոգվի ամբողջ ջրանցքը` Կապսից մինչեւ Քեթի, դա շատ թանկ կարժենա` 30-40 մլն դրամ, ջուրը պիտի համայնք հասնի 2,5 կմ-ից: Այդքան մեծ տարածք անմխիթար վիճակում է, սակայն բարեկարգվելու դեպքում մենք վարելահողերը ոռոգելու, հետագայում էլ լավ բերքատվությունից խոսելու հնարավորություն կունենանք»,- տեղեկացնում է համայնքապետը:

Աշխատակազմի քարտուղարը ներկայացնում է համայնքում կատարված, սակայն զարգացման ծրագրում տեղ չգտած աշխատանքները` ներհամայնքային ճանապարհների նորոգում, ջրանցքի մաքրում, ջրատար խողովակների տեղադրում փողոցների տակ, ծառատունկ, հեղեղատարների կառուցում, դաշտային ճանապարհների հարթեցում եւ այլն: Մինչեւ տարեվերջ կավարտեն համայնքի գիշերային լուսավորության հարցը` 26 կետ տեղադրել են, եւս այդքան նախատեսել են: Աշխատանքներն իրականացնում են սեփական եկամուտների հաշվին:

Սեփական եկամուտները տարեկան 3,5 մլն դրամ են կազմում, հատկացվող դոտացիան` 12 մլն 950 հազար դրամ: «Մենք հիմնականում եկամուտներից մասնահանում ենք անում, կուտակում-կուտակում ենք ու աշխատում ենք մի գործ անել համայնքում: Ինքներդ էլ եք հասկանում, որ քիչ բյուջեով մեծ գործեր հնարավոր չէ իրականացնել: Դրա համար էլ մեծ ֆինանսավորում պահանջող բոլորը ծրագրերը 2009-ից տեղափոխվել են 2012 թվական,- բացատրում է Թորգոմ Սահակյանը,- մենք էլ ենք ստիպված հարմարվել: Ճիշտ է, գրում ենք, ծրագրեր ենք կազմում, բարձրաձայնում ենք, բայց ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված»:

Համայնքի գերեզմանատան 4 հա տարածքը պիտի պարսպապատեն 7,9 մլն դրամի սահմաններում, բայց դեռ չգիտեն` կկարողանա՞ն դա անել սեփական միջոցներով, թե՞, այնուամենայնիվ, աջակցող որեւէ կազմակերպության կդիմեն: Ցանկանում են համայնքային կենտրոն ունենալ, որի համար դիմել են Սոցներդրումների հիմնադրամին, այնտեղից խոստումներ հնչել են, սակայն աշխատանքները կսկսվեն 2012 թ. գարնանը:

Համայնքում մյուս հրատապ խնդիրը անօթեւանների բնակարանի հարցն է: Քեթին եւս տուժել է 1988 թ. երկրաշարժից: Համայնքապետը տեղեկացնում է, որ 2012 թ. պետական ծրագրով գյուղում կկառուցվեն անհատական բնակելի տներ, միայն թե 22-ի փոխարեն 14 հատ:

«Մեր գնահատումներով` 22 անօթեւան ընտանիքներ կան, բայց հաստատվել են 14 ընտանիքի փաստաթղթերը: Ըստ մարզպետարանի քաղաքաշինության բաժնի տված եզրակացության` վթարային բնակարաններում ապրող 8 ընտանիքները դեռ կարող են սպասել, նրանց հարցն այդքան էլ հրատապ չէ, բայց այդ մարդիկ 3-րդ, 4-րդ կարգի վթարայնություն ունեցող տներում են ապրում եւ, իմ կարծիքով, խնդիրը լուրջ է»,- ասում է համայնքի ղեկավարը:

Համայնքի կանգառներում չկան սպասարաններ: Համայնքապետն ասում է, որ նախատեսել են չորս հատ տեղադրել, միայն թե դժվար պատվիրեն, կաշխատեն ավելի փոքր ներդրումով իրենք կառուցեն` օգտագործելով գյուղացիների ներուժը: «Կարիտաս» բարեսիրական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ հաջորդ տարի կնորոգվի ոռոգման ներքին ցանցը:

Գյուղում կատարված աշխատանքներից համայնքապետը չի մոռանում շեշտել «Շեն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ 17 մլն դրամի շրջանակներում դպրոցական մարզադահլիճի նորոգումն ու մարզական գույքով ապահովումը, որին 870 հազար դրամի չափով իր մասնակցությունն է ունեցել նաեւ համայնքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter