HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ բանակցություններում սկսում է խոսել հրետանին, կամ կդիմանա՞, արդյոք, Հայաստանը

Արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունն աճում է: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը կրկին անարգել հաղթահարեց ծանր հրետանի կիրառելու հոգեբանական պատնեշը: Մեծ տրամաչափի նռնականետերի ու ականանետերի կիրառումը դարձել է այնքան առօրեական, որ կարծես խոսքը մանկական պարսատիկների մասին է: Այս ֆոնին հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում ԼՂ կարգավորման բանակցային սեղանի շուրջ, որոնք որոշակիորեն բացատրում են թշնամու ներկայիս ակտիվացման պատճառները:

Հունվարի 24-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում հանդիպեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո հայտարարեց, թե չի կարող լավատեսությամբ ընդունել այդ հանդիպման արդյունքները: Մամեդյարովը Մոսկվա էր մեկնել նախ հասկանալու ԼՂ հարցում Մոսկվայի՝ այսպես կոչված «լավրովյան պլանից» հրաժարվելու պատճառները, որոնք հասկանալի էին դարձել դրանից առաջ Լավրովի ասուլիսի ժամանակ, և ապա՝ հարթելու այդ հարցում երկու երկրների միջև առաջացած կնճիռը:

Մամեդյարովի հայտարարությունը, թե Լավրովի հետ հանդիպումն իրենց լավատեսություն չի ներշնչում, վկայում է, որ Ադրբեջանի արտգործնախարարին չի հաջողվել հարթել խնդիրը: Դա երեկ հաստատեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ ՀՀ ԶՈՒ կողմից ոչնչացված զինծառայողի ծնողների հետ հանդիպման ժամանակ վերջինս ասել է, թե ապրիլյան մարտերը, շփման գծում բախումներն իրենց ներքին գործն են: Ակնհայտ է, որ այս խոսքերի հասցեատերը Լավրովն է. Ալիևը ոչ միայն դրանով արտահայտում է Ռուսաստանի որդեգրած նոր ուղեգծից իրենց դժգոհությունը, այլև խոստովանում, որ լարվածությունն իրենք են միտումնավոր մեծացնում:

Չնայած Մոսկվայի և Բաքվի միջև առաջացած այս թնջուկին՝ Ադրբեջանի արտգործնախարարը օրերս հայտարարեց, որ Լավրովն իրեն առաջարկել է ԼՂ կարգավորման շրջանակում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, որն իրենք ընդունել են:

Փոխարենը կարծես թե Լավրովի այդ առաջարկը մերժելու դիրքավորում է ընտրել հայկական կողմը: Հունվարի 31-ի ասուլիսում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ փետրվարի 17-ից 19-ը Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու առաջարակ իրենց արվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների կողմից, որն ընդունելի է: Ավելի ուշ Մամեդյարովը պարզաբանել էր, որ Մյունխենում ինքը հանդիպում է ունենալու ՄԽ համանախագահողների հետ, ինչից հետևում էր, որ Բաքուն ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Նալբանդյանի հետ հանդիպում չի նախատեսում:

Ուշագրավն այն է, որ դեռ հունվարի 19-ին Լավրովի հետ Մոսկվայում հանդիպել էր նաև Էդվարդ Նալբանդյանը: Սակայն ո՛չ հայկական և ո՛չ էլ ռուսական կողմը դրանից հետո որևէ տեղեկություն չէին տվել ՌԴ արտգործնախարարի կողմից եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկի մասին: Պարզ է՝ կամ նման առաջարկ արվել է, որը մերժվել է Երևանի կողմից, կամ էլ այդ միտքը ծնվել է Մամեդյարով-Լավրով հանդիպման շրջանակում: Համենայնդեպս փետրվարի 10-ին, ի պատասխան եռակողմ հանդիպմանը Բաքվի համաձայնության մասին հայտարարության, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, թե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջարկ արվել է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Այսինքն՝ կամ Մոսկվայի միջնորդությամբ եռակողմ հանդիպման առաջարկ Երևանին չի արվել, կամ, որ ավելի իրատեսական է, Երևանը փաստացի մերժում է այդ առաջարկը կամ առնվազն համարում անցանկալի:

Ստեղծվել է հետաքրքրական իրավիճակ: Մի կողմից արտգործնախարարների մակարդակով հանդիպում են նախաձեռնել թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և թե՛ Ռուսաստանը՝ առանձին: Մյուս կողմից՝ այն դեպքում, երբ Բաքուն փորձում է տապալել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ մյունխենյան համաժողովի շրջանակում նախաձեռնած հանդիպումը, Երևանը փորձում է տապալել Մոսկվայի նմանատիպ նախաձեռնությունը: Ինչո՞վ բացատրել այսպիսի դիրքավորումը:

Սա շատ նման է ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրադրությանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների միջնորդությամբ անցած տարվա մայիսի 16-ին Վիեննայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ գագաթնաժողով հրավիրվեց, որի ընթացքում ձեռք բերվեցին հրադադարի ռեժիմի ուժեղացմանն ուղղված երեք հիմնական հանձնառությունների մասին պայմանավորվածություններ: Նպատակը Ադրբեջանին նոր պատերազմ սանձազերծելու հնարավորությունից զրկելն էր: Դրանից անմիջապես հետո ՄԽ համանախագահող մյուս երկրների բացահայտ դժգոհության պայմաններում Մոսկվան հանդես եկավ նախագահների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, որը կայացավ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում: Այս գագաթնաժողովի արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն, որտեղ, սակայն, խոսվում էր արդեն ոչ թե երեք, այլ փաստացի ընդամենը մեկ հանձնառության՝ շփման գծում դիտարկում անցկացնող ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու մասին: Եվ քանի որ Վիեննայում Բաքուն հրաժարվել էր որևէ փաստաթուղթ ստորագրել, ավելի ուշ հայտարարեց, թե ինքը որևէ հանձնառություն չի ստանձնել, բացի այն, ինչ արտացոլված է սանկտպետերբուրգյան համատեղ հայտարարության մեջ: Այսինքն՝ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանի նախաձեռնությունը ոչ թե ամրապնդվել են Վիեննայի գագաթնաժողովի արդյունքները, այլ փաստացի չեզոքացվել դրանք՝ ադրբեջանական կողմին ազատելով իր համար չափազանց ծանր և պատերազմի հավանականությունը գրեթե զրոյի հավասարեցնող երկու առանցքային պարտավորություններից, այն է՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և շփման գծի երկայնքով միջադեպերն արձանագրող տեխնիկական միջոցների տեղակայումը:

Հիմա կարծես թե փորձ է արվում կրկնել պատմությունը: Ճիշտ է՝ Մյունխենյան հնարավոր հանդիպումը բեկումնային լինել չէր կարող: Սա արտգործնախարարների, այլ ոչ թե նախագահների հանդիպում է: Բացի դրանից, այն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից փաստացի նոր նախապատերազմական իրավիճակի հարուցման ֆոնին: Սակայն պարզ է, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվելու էին Վիեննայի գագաթնաժողովի պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները: Եվ Լավրովի նախաձեռնությունը Բաքվին կրկին հիմք է տալիս խուսափելու այդ հանձնառությունների չկատարման համար պատասխանատվությունից:

Ինքնին փաստը, որ Բաքուն, չնայած Մոսկվայի և Բաքվի միջև ներկայիս որոշակի լարվածությանը, այսքան արագ համաձայնում է Լավրովի առաջարկին, խոսում է երեք կարևոր իրողության մասին: Առաջին՝ անկախ ամեն ինչից՝ Բաքուն վստահում է միայն Ռուսաստանին և բանակցային գործընթացն իր համար ցանկալի հունով զարգացնելու առումով շարունակում է ակնկալիքներ ունենալ բացառապես Մոսկվայից: Երկրորդ՝ Բաքվում առաջնորդվում են այն համոզմունքով, որ Լավրովի հանկարծակի բռնկումը զուտ տակտիկական էր մասշտաբային նոր պատերազմ սկսելու հարցում Բաքվին զսպելու նպատակով: Սա Բաքվին թույլ է տալիս եզրակացնելու, որ այդ հեռանկարից Մոսկվան վախենում է, հետևաբար՝ պատերազմի շանտաժի գիծը պահպանելով կա Մոսկվային «դարձի բերելու» հնարավորություն: Սա ռիսկային է, իհարկե, բայց փակուղում հայտնված Բաքուն իր համար թերևս այլընտրանք չի տեսնում: Երրորդ՝ Լավրովի այս նախաձեռնության ներքո Բաքուն տեսնում է թե՛ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, թե՛ դրանով իսկ իր ստանձնած հանձնառությունները, թե՛ հրադադարի պայմանագիրն արժեզրկելու, դրա քաղաքական նշանակությունը նվազեցնելու հնարավորություն, ինչի համար էլ «խռովելուն» զուգահեռ կառչում է Լավրովի այդ առաջարկից: Սա հնարավորություն է վիժեցնել ԵԱՀԿ ՄԽ-ի նախաձեռնությունները և խնդիրը տեղափոխել նույնիսկ ոչ թե եռակողմ՝ Ադրբեջան-Ռուսաստան-Հայաստան, այլ երկկողմ՝ Բաքու-Մոսկվա ձևաչափ՝ հաշվի առնելով վերջինից Հայաստանի ուժեղ կախվածությունը: Ու որպեսզի այդ ձևաչափը դառնա արդյունավետ, Բաքուն աստիճանաբար մեծացնում է լարվածությունը շփման գծում, գործողության մեջ դնում ծանր հրետանին՝ համոզելու Մոսկվային սլաքները կրկին ուղղել Երևանի դեմ:

Ուշագրավ է, որ ո՛չ Մոսկվան և ո՛չ էլ ԵԱՀԿ ՄԽ-ն այդպես էլ չարձագանքեցին փետրվարի 7-ին Ադրբեջանի կողմից ծանր հրետանի կիրառելու, հերթական դիտարկումն անցկացնելու շրջանակում ԵԱՀԿ դիտորդներին առաջնագիծ չհանելու փաստերին: ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության պարագայում սա կարող է բացատրվել ներկայումս ընթացող փոփոխություններով. փոխվել է ԱՄՆ վարչակարգը և դեռ պարզ չէ՝ ԼՂ հարցում ինչ դիրքորոշում է որդեգրելու Դոնալդ Թրամփի թիմը: Եռանախագահությունում փոխվել է ԱՄՆ համանախագահողը, և նոր դեմքը՝ դեսպան Ռիչարդ Հոգլանդը, կարծես այնքան նախաձեռող չէ, որքան Ջեյմս Ուորլիքն էր:

Սակայն, Մոսկվայի կողմից այս փաստերի հանդեպ ցուցաբերված արտաքուստ անտարբերությունն ուշագրավ է: Գուցե դրանով վերջինս փորձում է Բաքվին հասկացնել, որ իր համար ընդունելի՞ է նրա առաջարկած «շանտաժային» գործարքը: Եթե այդպես է, ապա առաջիկայում Երևանն ավելի շոշափելի կզգա եռակողմ հանդիպման լավրովյան նախաձեռնությանը համաձայնություն տալու ռուսական ազդակները: Հարցն այն է՝ կդիմանա՞ այդ ճնշմանը: Տրամաբանական է, որ եթե փորձեր հակադրվել, ապա սահմանագծին լարվածության մեծացման  ադրբեջանական շանտաժին պետք է չափազանց ուժեղ հակազդեցություն հետևեր: Բայց դրա հետքն անգամ չկա: Մյուս կողմից՝ պետք է հիշել, որ նախորդ տարի սանկտպետերբուրգյան գագաթնաժողովից առաջ, երբ Վիեննայում էականորեն ուժեղացել էին նրա դիրքերը, և առնվազն առանց Բաքվի կողմից այդ պարտավորությունների կատարման նոր բանակցությունների մեջ մտնելու որևէ պատճառ չուներ, Երևանը, այնուամենայնիվ, չդիմացավ... 

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ուշագրավը դա չէ,այլ այն,որ ՀՀ-ԼՂՀ իշխանությունները (պասիվ ու վախվորած) նստած-սպասում են ուրիշնե՛րի կողմից բերված «հրաշք-կախարդական փայտիկների»: Մոսկվան կամ ԵԱՀԿ ՄԽ-ն իսկ ի՞նչու ամեն անգամ պիտի արձագանքի: Միևնույնն է՝ ԼՂՀ-ն վաղուց բանակցությունների սեղանից դուրս է մղված,իսկ ՀՀ-ն կրտսեր-խելոք աշակերտի պես ամեն ինչ կուլ է տալիս: Հայաստան-Արցախում ՆԱԽ ՁԵՐ վրա ապշեք («զսպվածությունը» շփոթել եք վախի ու աթոռ կորցնելու սարսափի հետ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter