HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցի շուրջ. հույսեր և պատրանքներ

Վերջին շրջանում ավելի հաճախադեպ են դարձել խոսակցությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանրապես ճանաչման և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչման վերաբերյալ: Խոսակցությունները գլխավորապես քաղաքական բնույթի են, թեև պետության ճանաչումն առաջին հերթին իրավական երևույթ է: Հիշյալ խոսակցությունները հիմնականում կարելի է բաժանել 2 խմբի:

Առաջին խմբի ներկայացուցիչները համարում են, որ ԼՂՀ ճանաչումը մեզ ոչինչ չի տա: Երկրորդ դիրքորոշման կողմնակիցների համար ԼՂՀ ճանաչումը կարծես վերջնական նպատակը լինի: Ես ձեռնպահ կմնամ այս մոտեցումներին գնահատական տալուց: Փոխարենն առավելապես կկենտրոնանամ հարցի իրավական կողմի վրա և կփորձեմ ցույց տալ, որ հարցն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից:

Որևէ պետության ճանաչում, ինչքան էլ այն խարսխված լինի քաղաքական դրդապատճառների վրա, այնուհանդերձ իրավական երևույթ է: Ըստ այդմ, անհրաժեշտ է քննության առնել այն նախադրյալները և այն իրավական հետևանքները, որոնք առնչվում են պետությունների ճանաչման հետ:

Նոր ժամանակների պատմության մեջ պայմանագրով ամրագրված առաջին ճանաչումը տեղի է ունե­ցել 1648թ.-ին, երբ խաղաղության պայմանագրով վերջ տրվեց իսպանանիդերլանդական ութսունամյա (1568-1648թթ.) պատերազմին, և Իսպանիան ճանաչեց իրենից 67 տարի առաջ անջատված և 1581թ.-ին իր ինքնիշխանությունը հռչակած Միացյալ Նիդերլանդների անկախությունը:

Նորահաստատ պետությունների ճանաչման հարցն ամբողջովին ընկալելու համար անհրաժեշտ է տեսնել, թե միջազգային իրավունքն ինչպիսի չափորոշիչներ է առաջ քաշում այդ երկրների անկախու­թյունը ճանաչելու համար: Ըստ միջազգային իրավունքի՝ դրանք երեքն են՝ որոշակիտարածք, բնակչու­թյուն և տվյալտարածքիարդյունավետկառավարում (fixed territory, a population, effective government):[1] Անհրաժեշտ է ընդգծել, որ միջազգային իրավունքը տարածքի կամ բնակչության որևէ նվազագույն շեմ չի սահմանում: Տարածքի և բնակչության առումով կարևոր է, որ տարածքը լինի որոշակի, իսկ բնակչու­թյունը՝ մշտական: Այսքանը:

Օրինակ, ներկայումս անկախացող հարավային Սուդանի և հյուսիսային Սուդանի միջև կա 2 տարածք՝ Աբյեիի (Abyei՝ 10 460 քկմ, 60 000 շունչ) և Հարավային Քուրդուֆանի (South Kurdufan՝ 158 355 քկմ, 1 100 000 շունչ) շրջանները՝ ընդհանուր առմամբ 1 160 000 բնակչությամբ 168 815 քկմ, որոնց ճակատագիրը որոշվելու է հետագայում: Ինչպես տեսնում եք, այս անհստակություն­ները չեն խանգարում անկախացման գործընթացին: Պետք է ընդգծել, որ ԼՂՀ տարածքը մինչև մի քանի մետր ճշգրտությամբ տարանջատված է Ադրբեջանից:

Ինչ վերաբերում է արդյունավետ կառավարման դրույթին, ապա միանշանակ է, որ առնվազն 1994թ. մայիսից ի վեր ԼՂՀ ընտրված իշխանություններն են իրականացնում կառավարումը Արցախի ողջ տա­րածքի վրա: Ուզում եմ հատուկ շեշտել, որ Ադրբեջանի Հանրապետությունը և ոչ մի օր չի իրականացրել արդյունավետ կառավարում ԼՂՀ տարածքի որևէ հատվածի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքանա­վար Մարզի տարածքի վրա ընդհանրապես որևէտեսակի կառավարում չի իրականացրել երբևէ:

Վերոհիշյալը 3 չափորոշիչներն էին ճանաչման համար: Տեսնենք՝ չճանաչելու համար ինչ հիմքեր են պետք: Միջազգային իրավունքն առանձնանշում է 2 հիմք, որոնց պատճառով կարող է ճանաչումը տեղի չունենալ: Առաջինը ոչ բավարար անկախությունն է: Այստեղ ԼՂՀ դիրքերը բավականին թույլ են: Մենք մոռանում ենք մի կարևոր հանգամանք՝ անկախություն նշանակում է անկախություն ոչ միայն Ադրբեջա­նից, այլև Հայաստանից: Այնպես որ, քանի դեռ ԼՂՀ դուրս է մղված բանակցային գործընթացից միամտու­թյուն է ակնկալել, որ որևէ երկիր կճանաչի ԼՂՀ անկախությունը:

Ճանաչմանը խոչընդոտող երկրորդ պատճառը ինքնորոշման սկզբունքի բաղադրիչներից որևէ մեկի ոտնահարումն է: Օրինակ, երբ իշխանության մեջ համարժեքորեն ներկայացված չեն տվյալ տարածքի էթնիկ կամ կրոնական խմբերը: Այս հարցում ԼՂՀ իշխանական սանդղակում ստեղծված իրավիճակը միանգամայն համապատասխանում է երկրի ներկայիս բնակչության կազմին:

Կարևոր հանգամանք է նաև ճանաչման ձգտող որևէ պետական միավորման մեջ հաստատված բարքերն ու կարգերը: Զուտ իրավական տեսանկյունից ժողովրդավարական վարչաձևի առկայությունն անկախության ճանաչման նախապայման չէ: Այնուհանդերձ, վերջերս ԼՂՀ հետընթացը «մասնակի ազատ երկրներից» «անազատ երկրների» շարքը, ըստ Freedom House-ի սանդղակի, լուրջ խոչընդոտ է ԼՂՀ ճանաչման ճանապարհին: Ինձ կարող են առարկել՝ ասելով, որ եթե ուզենան ճանաչել, ապա ժո­ղովրդավարության այս վիճակում էլ կճանաչեն: Համաձայն եմ: Բայց հենց խնդիրն էլ այն է, որ չեն ուզում ճանաչել, ուստի և նման պայմաններում միակ խելամիտ քաղաքականությունը չճանաչելու համար բոլոր պատճառների և պատրվակների բացառումն է:

Հիմա անդրադառնանք մեկ այլ կարևոր հարցի. ի՞նչ իրավական հետևանքներ է ստեղծելու ԼՂՀ ճանաչումը կամ ավելի պարզ՝ ինչո՞ւ են ոմանք ուզում, որ ԼՂՀ ճանաչվի:

Այս հարցն ունի երկու կողմ, մեկը ԼՂՀ ճանաչումն է ՀՀ կողմից, մյուսը՝ այլ երկրների կողմից: ՀՀ կող­մից ԼՂՀ ճանաչումն ունի մի քանի դրսևորում: Ճանաչման կողմնակիցներն ավելի շուտ առաջ­նորդվում են քաղաքական նպատակներով: Սակայն հարցն ունի նաև իրավական լուրջ բարդություն, որը մշտա­պես անտեսվում է: Ըստ ՀՀ Սահմանադրության մաս հանդիսացող Անկախության հռչակագրի՝ Հայաս­տանի Հանրապետությունն անկախությունը հռչակել է նաև «հիմնվելով 1989 թվականի դեկտեմ­բերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերա­գույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա», այսինքն ճանաչել է նշյալ փաստաթղթի օրինականությունը:

Հիշեցնեմ, որ նշյալ համատեղ որոշման 3-րդ կետը հռչակել է «Հայկա­կան ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը»: Ինչպե՞ս կարող է ՀՀ-ն իր իսկ մի մասը ճանաչել անկախ: Ուզում եմ ընդծել, Արցախի՝ ՀՀ մաս լինելը ոչ միայն de jure ամրագրված է ՀՀ Սահմա­նադրու­թյան մեջ, այլև de facto կենսագործվում է մեր ամենօրյա կյանքում: Հակառակ դեպքում հայաս­տանցի զին­ծառայողների ներկայությունը ԼՂՀ-ում կլիներ անօրինական, արցախաբնակները չէին կարող ՀՀ անձնա­գրեր ստանալ, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ չէր կարող մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին:

ԼՂՀ ճանաչման ձգտողները կարծում են, որ ճանաչումը կբարձրացնի ԼՂՀ անվտանգության աստիճա­նը: Եթե մոռանանք նման որոշման հակասահմանադրականությունը, գուցեև ճիշտ են: Սակայն հիշենք, որ ճանաչված պետություն լինելը չի ազատում այդ երկիրը արտաքին հարձակման վտանգից: Վերջին ժամանակաշրջանի օրինակները շատ են՝ թուրքական զորքերի պարբերական ներխուժումները Իրաք, հենց նույն Իրաքի ներխուժումը Քուվեյթ, դրանից առաջ իսրայելական ներխուժումը Լիբանան կամ թուրքական ներխուժումը Կիպրոս և այլն: Ուստի, հաշվի առնելով ոչ վաղ անցյալի փորձը, կարող ենք ամփոփել. այո՜, միջազգային ճանաչումը կնպաստի ԼՂՀ անվտանգության աստիճանի բարձրացմանը, սակայն չի կարող երաշխավորել ԼՂՀ ապահով գոյությունը:

Հիմա ամենակարևոր հարցը. ի՞նչ անել: Պատմական փորձը ցույց է տալիս, որ պետական միավորնե­րը գոյություն ունեն, քանի դեռ այդ պետության և դրա հավանական հակառակորդների միջև առկա է ուժերի հավասարակշռություն: Ուստի, պատասխանը շատ պարզ է. պետք է պահպանել ուժերի հավա­սարակշռությունը: Ուզում եմ հատուկ շեշտել, որ «ուժ» ասածը և ռազմական հզորությունը նույնական չեն: Ռազմական հզորությունն ուժի, թեև կարևոր, բայց ընդամենը բաղադրիչներից մեկն է: Այստեղ առաջ է գալիս ամենադժվար հարցը. ինչպե՞ս պահպանել ուժերի հավասարակշռությունը մի կողմից ԼՂՀ և ՀՀ, մյուս կողմից Ադրբեջանի և Թուրքիայի միջև, երբ կողմերի ուժային զամբյուղների ձևավորման հիմքերն էականորեն տարբեր են:

Պարզ ասած՝ մենք զիջում ենք մեր հավանական հակառակորդներին քաղաքա­կանպես, տնտեսապես, տարածքով, աշխարհագրական դիրքով, բնակչությամբ, ռեսուրսներով, ռազմա­կան արդյունաբերությամբ և այլն: Առաջին հայացքից դժվար թվացող այս հարցն ունի շատ պարզ պա­տասխան: Քանի որ հավասարակշռությունը հարաբերական հասկացություն է, այսինքն՝ կողմերի ուժերի համեմատությունն է, ապա եթե դու ի վիճակի չես հավասարակշռության հասնել ինքդ ուժեղանալով, ապա պիտի գնաս այլ ճանապարհով՝ պիտի տկարացնես քո հակառակորդին:

Հակառակորդին տկա­րացնելու բազմաթիվ ձևեր կան, ես միայն կանդրադառնամ դրանցից մի քանի­սին: Այսօր Ադրբեջանի բնիկ ժողովուրդները, որոնց թվաքանակն առնվազն 2.5-3 միլիոն է, լեզգինները, ավարները, ցախուրները, թալիշները, թաթերը, ուդիները և այլք, տառապում են ադրբեջանական ազգայ­նականության լծի տակ: Այո՜, ներկայումս նրանցից շատերի ինքնությունը ճնշված է կամ հարկադրաբար քողարկված, սակայն տեղեկատվական դաշտում նպատակային աշխատանքը կհանգեցնի նրանց ազ­գային գիտակցության զարթոնքին: Եվրոպական զանազան կառույցներում մեր պատվիրակությունները և մեր դեսպանությունները ողջ քաղաքակիրթ աշխարհում մշտապես պետք է արծարծեն Ադրբեջանում էթնիկ և այլ փոքրամասնությունների նկատմամբ գործադրվող խտրականության և հալածանքի փաստե­րը:

Գործնական առումով անհրաժեշտ է ԼՂՀ-ից հեռարձակել այդ ժողովուրդներին հասցեագրված ռու­սալեզու, թուրքալեզու և այդ ժողովուրդների լեզուներով ռադիո- և հեռուստահաղորդումներ, ստեղծել համապատասխան կայքեր: Վստահ եմ, որ հիմնական առարկությունը կլինի, որ մասնագետներ չկան և միջոցներ չկան:

Նախ միջոցների մասին: Եթե ԼՂՀ բյուջեում նախկին պաշտոնյաների պահպանման ծախսերը կրճատվեն կամ ի չիք դառնան, ապա միայն այդ գումարով կարելի կլինի իրականացնել նշածս ծրագիրը: Իսկ երբ լինեն միջոցներ, մասնագետներն ի հայտ կգան: Ադրբեջանի բնիկ ժողովուրդ­ների մեջ դեռ կան մարդիկ, որ ուզում են պայքարել սեփական ժողովուրդների ապագայի համար:

Միև­նույն ժամանակ կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ Հայաստան համահայկական հիմնադրամը տարե­կան մի երկու դպրոց պակաս նորոգի կամ Սևանի ափին ուինդսերֆինգի ակումբ չկառուցի, սակայն իրականացնի նշածս ծրագրերը: Չէ՞ որ, երբ վերջնականապես խախտվի հավասարակշռությունը, ապա պատերազմը կդառնա անխուսափելի, իսկ այդ դեպքում կատարված բոլոր աշխատանքները պարզա­պես ավերակներ կդառնան: Այսինքն, ներքին հակակշիռների միջոցով արտաքին հավասարակշռության պահպանումը պիտի դառնա ՀՀ և ԼՂՀ քաղաքականության հիմնաքարերից մեկը:

Ասածս վերաբերում է նաև Թուրքիային: Թուրքիայում ներկայումս ընթանում են ինքնության որոնման խորքային խմորումներ: Օրինակ, որոշ տվյալներով Թուրքիայում մինչև 3 միլիոնի հասնող զազաները թիրախային խմբի լավագույն օրինակն են: Քրդերի հետ հարաբերությունները խիստ կարևոր են և, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ընթացող գործընթացները, կարող են վճռորոշ լինել ՀՀ ապագայի համար:

Հայաստանն իր քսանամյակի շեմին շատ ավելի հասուն և հեռահար քաղաքականություն պիտի իրականացնի: Մենք պետք է հասկանանք, որ եթե ոչ մեր իրավունքների վերականգնումը, ապա գոնե մեր և Թուրքիայի միջև միջնորմ պետության ստեղծումը բխում է մեր իսկ կենսական շահերից: Հակառակ պարագային մեր ճանաչված լինելը մեզ չի փրկի: Ուզում եմ հիշեցնել, որ առաջին հանրապետությունն ուներ լիակատար ճանաչում միջազգային համայնքի կողմից, այդ թվում նաև Թուրքիայի և Ռուսաստանի, սակայն դա չխանգարեց, որ ՀՀ հարձակման ենթարկվի դրանց կողմից և բաժանվի դրանց միջև:

ԼՂՀ անվտանգության ապահովման մյուս ճանապարհը Թուրքիային տարածաշրջանից հնարավո­րինս հեռու պահելն է: Ցավոք հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները տրոյական ձիու դեր խաղացին և օգնեցին Թուրքիային միջամուխ լինելու Լեռնային Ղարաբաղի հարցի մեջ:

Ակնհայտ է, որ խորքի մեջ ցանկացած բանակցություն, այդ թվում նաև միջպետական, ազդեցության լծակների փոխադարձ կիրարկման գործընթաց է: Բանակցությունները կարող են քեզ համար նպաստա­վոր ելք ունենալ, եթե ընդդիմախոսիդ վրա քո լծակներն ավելի ազդեցիկ են, քան նրանը՝ քեզ վրա: Երբ ես տարիներ առաջ Հանրապետության նախագահին առաջարկեցի իմ ծրագիրը, որը մեծապես խարսխված էր Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի վերարծարծման վրա, ապա մտքիս մեջ առաջինը նկատի ունեի ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովումը:

Այսօր էլ ես համարում եմ, որ Իրավարար վճռի հա­մապատասխան հնչեղության հասցված հարցը, ինչպես նաև այդ վճռի արժևորումն ազդեցիկ իրավա­կան կառույցների և մասնագետների կողմից, կարող է ներկա պայմաններում մեր ձեռքին լուրջ լծակ լինել և էական հարցերում ապահովել Թուրքիայի չեզոքությունը: Ես այսօր էլ համարում եմ, որ Թուրքիայի վրա ազդեցության լծակների ստեղծումը մեր արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակ­ներից պիտի լինի, իսկ այդ ճանապարհին Իրավարար վճիռն ուղենշային նշանակություն ունի: Ցավոք, չնայած իմ բոլոր ջանքերին, 5 տարվա ընթացքում չկարողացա որևէ հաջողության հասնել, հակառակ դեպքում միայնակ չէի շարունակի իմ պայքարը և գոնե մի կառույց ինձ կօգներ ու կաջակցեր:

Ամփոփելով՝ կարող եմ անել հետևյալ եզրակացությունները.

  1. ԼՂՀ ճանաչումը քաղաքական առումով խիստ ժամանակավրեպ է, իսկ իրավական առումով հղի է անցանկալի հետևանքներով:
  2. Առանց սահմանադրական փոփոխությունների ԼՂՀ ճանաչումը ՀՀ կողմից կլինի հակասահմանա­դրական:
  3. ԼՂՀ ճանաչումը որևէ երկրի կողմից կլինի ՀՀ տարածքային ամբողջականության ոտնահարում:
  4. ԼՂՀ ճանաչումը որևէ երկրի կողմից առանց ՀՀ ճանաչման, ԼՂՀ-ում հայաստանցի զինծառայողնե­րին կդնի խիստ խոցելի իրավական կարգավիճակի մեջ:
  5. Հիմնական ուժերը պետք է կենտրոնացնել ուժերի հավասարակշությունը պահելու ուղղությամբ: Դրա համար պետք է Ադրբեջանը թուլացնել ներքնապես, իսկ Թուրքիայի նկատմամբ ունենալ ազդեցության լծակներ:
  6. ԼՂՀ ճանաչման հարցը պետք է հանել հայության քաղաքական օրակարգից որպես գործնականում անիրագործելի, իսկ արդյունքում ոչինչ չտվող նպատակ:

Տարիներ առաջ առիթ ունեցա հանդիպելու Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահներից մեկին: Խոսակցությունն անկեղծ էր, քանի որ երկուսս էլ նախկին պաշտոնյաներ էինք: Իմ այն հարցին, թե ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, նա ասաց հետևյալը. «Ի՞նչ պիտի լինի որ: Եթե կարողացաք պահել ուրեմն ձերը կլինի, եթե չկարողացաք պահել, ուրեմն ադրբեջանցիներինը կլինի»: Պատասխանն իհարկե ցինիկ է, սակայն սա է միակ ճշմարտությունը:

Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
Բեյրութ, 21 հունվարի, 2011թ.


[1] Jochen Abr. Frowein, Recognition, p. 34, Encyclopedia of Public International Law, [ed. Rudolf Berhardt], v. IV, North-Holland, 2000.

Մեկնաբանություններ (16)

սուրիկասմարյան
Շնորհակալ եմ, Արա, հունգարա-ալիևյան հիստերիա-թոհուբոհի մեջ վերջապես սթափեցնոց խոսք ու խելամիտ փաստարկումներ լսեցինք...Անշուշտ համաձայն չեմ կոմենտներից մեկին, որ կտրուկ ասում է, թե ։ Ա.Պապյանը այս հարցում քաջատեղյակ դիվանագետ-ուսումնասիրող է, և պետք է կեցցե՛ ասենք նրան, որ նա բացել է ոչևէ մեկի կողմից չբացվող փակագծերը, իսկ եթե Արա Պապյանը կողմնակից է Միացյալ Հայաստանի Գաղափարին, մենք ով ենք կամ ով է ձեզ լիազորել, որ քլնգում եք հանուն Միացյալ Հայաստանի պայքարի դրոշակը պարզած արապապյաններին...
Հայ-Արցախաբնակ
Ուրեմն նախ և առաջ մեկ նկատառում` շատ ճիշտ օգտագործվեց Արցախաբնակ հասկացությունը, սակայն ոչ այդքան ճիշտ ` բնորոշումը: Այնուհետև, թույլ տքեք շեշտել` ինքս կողմ եմ միացյալ Հայաստանին: Սակայն, այն ինչ վերաբերում է Արցախին` սահմանադրորեն Հայաստանի մաս լինելուն, ապա , պետք են մի շարք հարցադրումներ` 1. ԽՍՀՄ փլուզումից հետո արդյոք Արցախի ժողովուրդը մասնակցել է Հայաստանի անկախության հանրաքվեին? 2.Արդյոք Արցախի ժողովուրդը մասնակցել է ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեին ? Դրանից հետո արդեն մենք Արցախը հաշվենք դե յուրե ՀՀ մաս: Դիցուք, Արցախցիները մասնակցել են ԼՂՀ անկախության հանրաքվեին (ոչ թե ՀՀ անկախության հանրաքվեին), որը տեղի է ունեցել 1991թ. դեկտեմբերի 10-ին: Քվեարկության արդյունքները. - 108.615 /քվեարկության մասնկիցների թվի 99,89 տոկոսը/, - 24 /քվեարկության մասնակիցների թվի 0,02 տոկոսը/: ինչպես նաև ԼՂՀ (և ոչ թե ՀՀ) Սահմանադրության ընդունման հանրաքվեին` 2006թ. դեկտեմբերի 10: Իսկ ազգային տեսանկյունից ես ընդունում եմ Միացյալ Հայաստանի գաղափարը թե' ամբողջական հայրենիքի և թե' իրավասուբյեկտության տեսանկյունից: ՎԵ'ՐՋ:
parz hay mard
Հարգարժան Գոհար Արշակյան, մենք նույն խնդրին տարբեր կողմերից ենք մոտենում։ Մեր պատմությանը ես բավական քաջատեղյակ եմ, սակայն իմ ասելքը հետևյալն էր, որ եթե մեծ տերությունների շահերը համընկնեին մեր Արևմտյան Հայաստանի ազատագրական պայքարին, ապա մենք այսօր նվազագույնը 150 հազա քառակուսի Հայրենիք կունենայինք մոտ 15 միլիոն ազգաբնակչությամբ։ Այնտեղ էլ մենք քիչ արյուն չթափեցինք, և մեր պայքարը պատմականորեն հիմնավորված էր ու արդար։ Բայց իրական արդյունքը մեր բոլորի աչքի առջև է։ Այժմ կարողացա՞ միտքս բացատրել։ Օրինակ՝ ես կնախընտրեի, որ աշխարհում ոչ ոք տեղյակ չլիներ մեր ազգային ողբերգոթյան մասին, սակայն այսօր մենք մեր խնդիրը մեր հարևանի հետ արդար լուծած ու հաշտված լինեինք։ Նորից կրկնեմ, մինչև այսօր հարևան ֆաշիստական թուրքիայում հայ լինելը վիրավորանք է, հայերը զրկված են իրենց տարրական արժանապատվությունը օրենքով պաշտպանելու իրավունքից։ Էլ չեմ խոսում, քրդացած ու թրքացած հայերի ծանր վիճակի մասին։ Մյուս հարևան բաշի բոզուկ թաթարը պետական մակարդակով իրականացնում է հակահայ քարոզչություն, որը այլ բան չէ, քան ռասիզմ ու ցեղասպանություն։ Հարևան ,,եղբայր,, Վրաստանը խորքի մեջ նունն է անում։ Հակառակ, որ բազմաթիվ նույնիսկ ծանրակշիռ երկրներ վերոհիշյալ ողբերգական իրադարձություններն ընդունել են իբրև ցեղասպանություն։ Սա մեզ լուրջ մտածելու տեղիք պիտի տա։ Հիշենք լուսահոգի Խրիմյան Հայրիկի ղազանով հարիսայի ու թղթե շերեփի իմաստուն պատմությունը։ Աշխարհն այսօր էլ նույնն է, ոչինչ չի փոխվել։ Իսկ եթե Արա Պապյանը իսկապես խելացի և կարող հայորդի է, այդ ինձ անկեղծորեն շատ է ուրախացնում։ Իմ խորին համոզմամբ՝ մեր միասնակն ու առաջնային անելիքը հետևյալն է, արագ Արցախի ու Հայաստանի տնտեսությունը կարգի բերել ու զարգացնել և ազատագրված տարածքները վերաբնակեցնել։ Այս հարցում մենք բոլորս պետք է միակամ, միասիրտ ու միասնական լինենք։ Աշխարհը միշտ միայն կատարված փաստի և ռեալ ուժի հետ է հաշվի նստում, մնացյալը պարապ բլա բլաներ են ու ժամավաճառություն։
parz hay mard
Հարգարժան Գոհար, զինվորի մայր, գոցե Արա Պապյանը խելացի ու նվիրյալ անձ է, ես իրեն անձամբ չեմ ճանաչում, տ՛ա Աստված, սակայն իմ կարծիքն իր հոդվածի մասին է, որը գտնում եմ, դաժան իրականությունից հռացած բլա բալ և ժամավաճառություն՝ վերը ձևակերպած պատճառներով։ Հարգարժան Վարազ Սյունի (Ամստերդամ), թեև ես երկար բարակ խոսելու կողմնակից չեմ, սակայն մեկ երկու օրինակներ նշեմ, որոնք ձեզ կվերադարձնեն ռեալ ու դաժան իրականություն։Մենք իրական ցեղասպանությունը տեսած, վերապրած ազգ ենք՝ անկախ պատճառներից, այդ մենք գոնե լավ գիտենք չէ՞։ Մինչև այսօր հարևան ֆաշիստական թուրքիայում հայ լինելը վիրավորանք է, հայերը զրկված են իրենց տարրական արժանապատվությունը օրենքով պահելու իրավունքից։ Էլ չեմ խոսում, քրդացած ու թրքացած հայերի ծանր վիճակի մասին։ Մյուս հարևան բաշի բոզուկ թաթարը պետական մակարդակով իրականացնում է հակահայ քարոզչություն, որը այլ բան չէ, քան ռասիզմ ու ցեղասպանություն։ Հարևան ,,եղբայր,, Վրաստանը խորքի մեջ նունն է անում։Այժմ պիտի ասես. Եղբայր, քո բերած օրինակներն ինչ կապ ունեն վերի հոդվածի հետ։ Ես կասեի՝ ուղղակի։ Եվ մի մոռացիր, որ 21րդ դարում ենք ապրում։Մեծ տերությունների ինչ ինչ հաշվարկների արդյունքում Արցախը մեզ երկնքից նվեր է տրվել, վեջապես այդ մենք օր առաջ պետք է հասկանանք։ Ժամանակի հրամայականն է՝ արագ Արցախի ու Հայաստանի տնտեսությունը կարգի բերել ու զարգացնել և ազատագրված տարածքները վերաբնակեցնել։ Աշխարհը միայն կատարված փաստի և ռեալ ուժի հետ է հաշվի նստում, մնացյալը պարապ բլա բլաներ են ու ժամավաճառություն։ Լավ եղեք։
Գոհար, զինվորի մայր
Չեմ կիսում parz hay mard-ու և Lilit-ի (12,13) կարծիքները, ավելին` առիթ եմ ունեցել լսել Արա Պապյանի հայ-թուրքական համաձայնագրերի շուրջ ելույթը ԱԺ ամբիոնից ու հասկացել, որ նա մեզանում եզակիներից է , որ քաջատեղյակ է ոչ միայն պատմական անցյալին, այլև հստակ կարող է հնարամիտ քայլեր նախանշել մեր երկրի վաղվա օրվա համար ... կուզենայի նրան տեսնել խորհրդականի դերում երկրի գլխավոր դեմքերի մոտ` որպես գիտակ միջազգայնագետի...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
parz hay mard/Lilit (12,13) - Հիմա խնդրեմ կոնկրետ ԱՐԳՈՒՄԵՆՏՆԵՐՈՎ,թեև համաձայն եմ,որ Աշխարհը միայն կատարված փաստի և ռեալ ուժի հետ է հաշվի նստում:....................... Ինչ վերաբերում է Վիլսոնյան վճռին - դա նույնն է,որ անտառում գայլը դուրս գա դեմդ ու քո ձեռքին մի ՓՈՔՐԻԿ ՄԱՀԱԿ լինի,ու դու մտածես.«էս փոքր մահակով էս մեծ գայլին հո չեմ սպանի/քշի»-ու մահակդ շպրտես: ԻՆՉ ԳԻՏԵՍ?-կարողա էդ գայլի աչքերը լավ չէին տեսնում ու էդ մահակը իրեն ՇԱՏ ՄԵԾ էր երևացել ու պատրաստվում էր փախչել:
Lilit
kisum em parz hay mardu karciqy, paron Papyan xndrum em cez mi dreq iravaban-iravageti tex, kam ete aydpeseq handes galis apa aseq ambixch chshmartutyuny
parz hay mard
Հարգարժան Արա Պապյանը, յոթը երգ գիտի, յոթն էլ Վիլսոնյան իրավարար վճռի մասին։ Ի՞նչ է, ուրիշ պատմաբաններ, իրավաբաններ ու քաղաքական գործիչներ այդ վճռի պատմական ու արդիական արժեքը չեն հասկանու՞մ, թե՞ սա խնամքով պատրաստված Հայ ժողովրդին իր կարևոր նպատակներից շեղելու և մոլորեցնելու հերթական խայծն է։ Ամբողջ հոդվածը լուրջ ոչինչ չասող բլա բլա է և նույնիսկ մի քիչ էլ վտանգավոր։ Ամենաարժեքավոր նախադասությունը սա է. Եթե կարողացաք Արցախը պահել ուրեմն ձերը կլինի, եթե չկարողացաք պահել, ուրեմն ադրբեջանցիներինը կլինի։ Իսկ որևէ երկիր պահում են միայն տնտեսությամբ։ Պետք է արագ տնտեսությունը կարգի բերել ու զարգացնել և ազատագրված տարածքները վերաբնակեցնել։ Ի վեջո պետք է թղթախաղերին ու պարապ մտավարժանքներին վեջ տալ, հարգարժան Արա Պապյան, այդպես մենք մեր ամբողջ ապրող ու շնչող Արևմտյան Հայաստանը կորցրեցինք։ Մենք գոնե այդ լա՞վ ենք հիշում։ Աշխարհը միայն կատարված փաստի և ռեալ ուժի հետ է հաշվի նստում, մնացյալը պարապ բլա բլաներ են ու ժամավաճառություն։
Գոհար Արշակյան
Հ.Գ. Այո, ԼՂ այդ պահին ուներ խորհրդային սահմանադրությամբ ամրագրված` ինքնորոշվելու իրավունք: 1988թ. թետրվարի 20-ին ԼՂ Գերագույն Խորհրդի կատարած բոլոր քայլերը օրինական էին: Իսկ ադրբեջանը պատասխանեց սումգայիտի ու բաքվի ջարդերով:
Գոհար Արշակյան
Հարգելի Վ.Սյունի, անշուշտ ,Դուք իրավացի եք, այդ ժամանակ մեզանում խորհրդային կարգեր էին ու Հայոց համազգային շարժումն այնպիսի վերելք էր ապրում, որ Գերագույն Խորհրդում ունենալով ընդամենը 2 ընդդիմադիր պատգամավոր /եթե հիշողությունս չի դավաճանում` Խաչիկ Ստամբոլցյանն էր , մյուսն էլ Աշոտ Մանուչարյանն էր կարծես/ կարողանում էին ազդել շատ որոշումների վրա: Հենց առաջինի ջանքերով դադարեց գործել ,,Նաիրիտ,, հսկան: Չվիճարկենք` որքանով էին այդ քայլերն արդյունավետ, այդուհանդերջ, ՀՀՇ դրսից մեծ ազդեցություն էր ունենում Խորհրդային Հայաստանի վերջին տարիների քայլերի վրա... Այս ամենն ընդունեք որպես ապաքաղաքական, հավերժ անկուսակցական իր երկրի ցավերով ու հոգսերով տառապող շարքային հայի տեսակետ...
The truth
We Armenians did manage to keep Karabakh Armenian dispite having so amny enemies...not so easy task at all- All this is ‎almost a miracle. ‎ The biggest challenge is to make the best use of librated territories around Karabakh Ex soviet FM Georgian President Eduard Shevarnadze and H. Aliyev of Baku did ‎everything to free Karabakh from Armenians. Torrents of hatred and hate propagated by ex ‎Georgian President Eduard Shevarnadze (paranoid) against Armenian and Armenian citizens ‎of Georgia speaks for itself!‎
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Գոհար(3)-1989 թվին դեռ ԽՍՀՄ էր,ուստի ՀՀՇ-ն չի կարող կարճատես լինել այդ պահին:........................ Եթե իրոք Հայաս­տանի Հանրապետությունն անկախությունը հռչակել է նաև հիմնվելով 1989 թվականի դեկտեմ­բերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերա­գույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա,ապա ԼՂՀ-ն և իր անկախության ճանաչումը դառնում է ոչ-էական:...........................Բայց սկզբից պիտի պատասխանվի հետևյալ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ հարցը.ուներ այդ պահին Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ նման որոշում կայացնելու իրավունք -ըստ Խորհրդային իրավունքի? Ուստի Արա Պապյանի այս հոդվածը դեռ ԿԻՍԱՏ է:
Varaz Syuni (Amsterdam)
Dear gaytzag(2)- Did you read the article carefully? Because I think you missed the whole point of it: which is, based on the facts Ara Papian writes, Artsakh wants then to become independent NOT from Azerbaijan, but from Armenia, as based on Constitution of Armenia, Artsakh is already a part of Armenia: DE JURE and DE FACTO. And this will mean (from Armenian side) that Armenia and Azerbaijan DO NOT have a Karabakh problem as such, but ONLY a (border) DELIMITATION problem under international law, which means they have to LEGALLY decide the STATE borders between 2 states. As the current borders between Armenia and Azerbaijan are temporary (DEMARCATION- under international law).
Գոհար Արշակյան
Կարծում եմ միջազգային իրավունքի տեսակետից համոզիչ, գրագետ, անհրաժեշտ քայլերի հաջորդականություն է բերված, որին կարելի է և պետք է հետևել... Հիշեցի Արկադի Վոլսկուն, որ դեռ խորհուրդների ժամանակ հայերիս կարևոր խորհուրդ էր տվել ու ասել, որ պետք է խոսել ոչ թե ԼՂ -ն Հայաստանին միացնելու, այլ լոկ նրա անկախության մասին...իսկ մեր կարճատես ՀՀՇ-ն չըմբռնեց...
gaytzag palandjian
NK Artsakh,Republic of Nagorno karabagh is on correct course.For firstly it was DECLARED as an Independent state and has all the criteria ,parliament, stable Economy and army etc. Secondly from the beginning it has relied on the Right of people/nations to self determination.Thence, the process of it being recognized-hopefully-by another State(other than R.of Armenia)first, then indeed Armenia and others.Thus paving the way for future re-unification.We must evade complicating the issue by again speaking of re-unification NOW.It can wait!!!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կարևոր հոդված է:....................... Ես չգիտեի,որ Ըստ ՀՀ Սահմանադրության մաս հանդիսացող Անկախության հռչակագրի՝ Հայաս­տանի Հանրապետությունն անկախությունը հռչակել է նաև «հիմնվելով 1989 թվականի դեկտեմ­բերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերա­գույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա», այսինքն ճանաչել է նշյալ փաստաթղթի օրինականությունը: ԻՆՉՈՒ են Հայաստանում ապա ԼՈՒՌ այս ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ փաստի մասին?......................... Եթե ԻՐՈՔ սա այդպես է,ապա առաջ են գալիս հետևյալ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ հարցերը.---- 1.ԻՆՉՈՒ է ապա Ղարաբաղը իրեն անկախ ԼՂՀ հռչակել 1991-ին? Սա հակա-սահմանադրական,ուստի և անօրինական է(ր)?----2. Եթե Արցախը ՀՀ-ի մաս է,ապա Ղարաբաղը իրավունք ուներ/ունի իր նախագահը/պառլամենտը ունենալու?----3.ՈՒՄ է ներկայացնում ապա Բակո Սահակյանը (հատկապես արտերկրում)?----4. Այս դեպքում ԻՆՉ ՆՊԱՏԱԿ ունեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունները (Մինսկի խմբի շրջանակներում), և ԻՆՉՈՒ է ՀՀ-ի նախագահն անընդհատ խոսում Ղարաբաղի ապագա կարգավիճակի ու ազգերի ինքնորոշման մասին?........................... Արա Պապյանը ՉԻ խոսում ԱԶԱՏԱԳՐՎԱԾ տարածքների (իրավաբանական) կարգավիճակի մասին (իր հոդվածի կոնտեքստում): Միգուցե նոր հոդվածով պատասխան տար վերը նշված հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter