HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարապետյան եղբայրները մտնում են Վրաստանի էներգետիկ շուկա

«Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը և նրա եղբոր որդին մուտք են գործել Վրաստանի էներգետիկ դաշտ: Վրաստանի էներգետիկ համակարգի կոմերցիոն օպերատորը (ESCO) «Կասկադ Ջորջիա» ՍՊԸ-ին գրանցել է որպես էլեկտրաէներգիա արտահանող և ներմուծող կազմակերպություն:

Համաձայն Վրաստանի ընկերությունների գրանցման ռեգիստրի՝ «Կասկադ Ջորջիա» ընկերությունը գրանցվել է Վրաստանում  2016թ. հունիսին: Ընկերության 95% բաժնետերը ՌԴ-ում գրանցված «Կասկադ-էներգոսբիտ» ՍՊԸ-ն է (ООО "Каскад-Энергосбыт"),  5%-ի բաժնետերը ՀՀ քաղաքացի Վահե Կարապետյանն է: Վերջինս, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին է։ Կարեն Կարապետյանը Ռուսաստանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է։ 

«Կասկադ-էներգոսբիտ» ՍՊԸ-ն «Տաշիր» խմբի ընկերություններից է: Հիմնադրվել է 2005 թվականին և զբաղվում է էնեգամատակարարմամբ: Գլխավոր տնօրեն է Սերգեյ Գիվիի Պողոսովը: Ընկերության կայքում գրված է, որ այն անկախ ընկերություն է և գործում է մեծածախ էլեկտրաէներգիայի շուկայում: Սակայն ՌԴ իրավաբանական անձանց պետական ռեեստրի փաստաթղթերը բոլորովին այլ բան են ասում:

Այսպիսով, Կալուգայում գրանցված «Կասկադ-էներգոսբիտ» ՍՊԸ-ի բաժնետերերը երկու ռուսական ընկերություններ են՝ Կալուգայի Կոմերցիոն միջնորդ «Կալուգագլավսնաբ» ԲԲ ընկերությունը (ОАО Калужская коммерческо-посредническая компания "Калугаглавснаб")՝ 76% և «Կասկադ» ՍՊԸ-ն (ООО "Каскад")՝ 24%:

Կալուգայի Կոմերցիոն միջնորդ «Կալուգագլավսնաբ» ԲԲ ընկերության հիմնադիրը Կալուգայի մարզի պետգույքի կոմիտեն է:

24%-ի սեփականատեր «Կասկադ» ՍՊԸ-ն ևս գրանցված է Կալուգայում: Բաժնետեր են «Կասկադ-էներգոսբիտ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Գիվիի Պողոսովը՝ 33,4%, Վլադիմիր Բորիսի Ատրաշկովը՝ 33,3 % և Նիկոլայ Վլադիմիրի Ելխովը՝ 33,3 %:

Հիշեցենենք նաեւ, որ 2015 թ․ սեպտեմբերին Սամվել Կարապետյանին պատկանող մեկ այլ ընկերություն ձեռք է բերել ՀԷՑ-ը:

imedinews.ge-ի լրագրողը փորձել է «Կասկադ Վրաստան»-ի գլխավոր տնօրեն  Ալեքսանդր Վարշալոմիձեից ճշտել վրացական շուկայում ընկերության ծրագրերի մասին: Վերջինս ասել է, որ ավելի ուշ կպատասխանի խմբագրության հարցերին` գրավոր: 

Հիշեցնենք, որ 2016թ. մարտից Թբիլիսիում գործում է «Տաշիր պիցցա»-ն:  

«Հետք»-ն անդրադարձել է Սամվել Կարապետյանի բիզնեսին և կապերին: Հիշեցնենք՝ նրա հիմնադրած «Տաշիր» խմբի ընկերությունները մեծածավալ պայմանագրեր են կնքել ՌԴ պետական գնումների շրջանակներում և եղել կապալառու կամ ծառայություններ մատուցել ռուսական հսկա «Գազպրոմ»-ին:  

«Տաշիր»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանը Forbs-ի մեծահարուստների ցանկում 2016-ին զբաղեցրել է 549-րդ հորիզոնականը, իսկ ՌԴ-ի ցանկում՝ 28-րդը 3,4 մլրդ դոլար կարողությամբ: