HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգայինբանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով. ՀԲՃ

Յանակոչա ոսկու հանքը Պերուում նկարը՝ Ջեֆրի Բըրիի

Երբ սկսվեց Ամերիա բանկի բոյկոտումն այն պատճառով, որ բանկը 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ՝ Ամուլսարում ոսկու արդյունահանման և ցիանային ֆաբրիկայի կառուցման համար սարքավորումների ձեռքբերման նպատակով, Ամերիաբանկի աշխատակիցներն ինքնապաշտպանական քայլերի անցան: Նրանք պնդում էին, թե իբր Համաշխարհային բանկի (ՀԲ) մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ամեն մեկին չէ, որ պատրաստ են վարկեր շռայլել, և որ այս ծրագիրը, եթե ստացել է նման կառույցների աջակցությունը, ուրեմն վստահելի ծրագիր է: Սա նրանք պնդում էին ինչպես ֆեյսբուքում Ամերիաբանկի վարկանիշային էջում (բանկի վարկանիշի սրընթաց վայրէջքից վրդովված), այնպես էլ դժգոհ հաճախորդներից ոմանց հետ անհատական հանդիպումների ժամանակ:

Ու եթե մի կողմից հասկանալի է աշխատակցի վրդովմունքը սեփական աշխատավայրի վարկանիշի անկման արդյունքում, ապա մյուս կողմից անհասկանալի է, թե ինչո՞ւ դեռևս կան մարդիկ, ովքեր չգիտեն ինչպես օգտվել գուգլի ընձեռած լայն հնարավորություններից և պատրաստ են Հայաստան ցանկացած ներդրում անողներին ամեն գնով պաշտպանելու՝ առանց որևէ հարցադրումների կամ հեռանկարային վերլուծության:

Մենք միանշանակ ունակ ենք գուգլի ընձեռած հնարավորություններից օգտվելու և պարզելու, թե որքանո՞վ է արդարացված ՀԲ-ի, ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի չափանիշների հանդեպ Ամերիաբանկի, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչների տածած վստահությունն ու հավատը:

Փոքրիկ ծանոթություն. Համաշխարհային բանկը վարկեր է տրամադրում կառավարություններին, իսկ նրա անբաժանելի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան վարկեր է տրամադրում մասնավոր ընկերություններին: Թե՛ ՀԲ-ն, թե՛ ՄՖԿ-ն և թե՛ ՎԶԵԲ-ը վարկերը տրամադրում են, եթե ծրագրերը համապատասխանում են իրենց որոշակի բարձր համարվող չափանիշներին, որոնք վերաբերում են համայնքներին և բնությանը չվնասելուն: Հիմա տեսնենք, թե ինչպիսին է պատկերն իրականում:

ՄՖԿ-ն Պերուում

2015թ. ապրիլի 15-ին լույս տեսավ հոդված այն մասին, որ 22 տարի շարունակ գործող Պերուի Յանակոչա ոսկու հանքավայրը, որը պատկանում է ամերիկյան մի կորպորացիայի և ֆինանսական աջակցություն է ստացել Միջազգային ֆինանսական կորպորացիայից, ոչ միայն տեղի բնակիչներին թողել է խորը աղքատության մեջ, այլև թունավորել է նրանց խմելու ջրի աղբյուրները: Հատկանշական է, որ թեև հանքի գործունեության սկզբից ի վեր պետությունը 2.75 միլիարդ ԱՄՆ դոլար հարկեր է ստացել, Կայամարկայում, որտեղ էլ գտնվում է Յանակոչա ոսկու հանքը, բնակչության 53 տոկոսը աղքատության շեմից ներքև է ապրում (եկամուտը միջինում ամիսը 100$ է): Ընդհանրապես, սա համարվում է երկրի ամենաաղքատ շրջանը: Բացի այդ, ըստ գիտնականների՝ հանքի շրջակա միջավայրի հողը և ջուրը աղտոտված են ծանր վնասակար մետաղներով: Յանակոչայում, ի դեպ, ևս կիրառվել է ցիանային մշակման տեխնոլոգիան, ինչպես մի շարք այլ ոսկու հանքերում:

Ջրի աղբյուրները կորցրել են իրենց պարզությունը և գարշահոտություն ունեն: Պերուի Ձկնորսության նախարարությունը հայտնել է, որ Յանակոչայի մոտ հոսող երկու գետերում թթվային արտահոսքերի պատճառով 21.000 կարմրախայտ է ոչնչացել: Ավելի ուշ սնդիկ տեղափոխող բեռնատարը ևս արտահոսել է թունավոր նյութն այն բանից հետո, երբ սնդիկ պարունակող գլանը ճաքել է: Տեղացիների կենդանիները կա՛մ չեն խմում այս գետերի ջրերը, կա՛մ խմելու դեպքում հիվանդանում են ու ոչնչանում: 2014թ-ին Բարսելոնայի համալսարանի սննդի անվտանգության փորձագետները կապարի, կադմիումի և այլ ծանր մետաղների բարձր քանակություն հայտնաբերեցին Յանակոչայի հարակից համայնքների սննդի և ջրի մեջ: Այս մետաղները քաղցկեղի, երիկամների աշխատանքի վատթարացման և սրտանոթային հիվանդությունների պատճառ են: Զեկույցը տեղացիներին հորդորում էր չխմել իրենց աղբյուրների ջուրը: Իսկ 2014թ.-ի դեկտեմբերին Պերուի բնապահպանության նախարարությունը զեկույց հրապարակեց, որ աղտոտված ջուրն արտահոսել է հանքավայրից դեպի հարակից Սան Խոսե համայնք:

Խոսելով ոսկու արդյունահանումից և այդ նպատակով օգտագործվող ներկայիս մեթոդներից, այդ թվում ցիանիդի մեթոդից՝ Օքսֆամի հանքերի գծով փորձագետ Քիթ Սլեքն ասում է, որ չգիտի որևէ դեպք, երբ ոսկու արդյունահանումը և կիրառվող մեթոդները չեն հանգեցրել աղտոտման (աղբյուր):

Մինչդեռ ՄՖԿ-ն շարունակում է ֆինանսավորել ծրագիրը: Այն սկզբում 23 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել, ձեռք է բերել հինգ տոկոս բաժնեմաս այս ծրագրում, իսկ հետագայում էլ ֆինանսավորել է ծրագրի ընդլայնումը: Ընդլայմանը դեմ են դուրս եկել տեղացիները, սակայն ոստիկանությունը ճնշել է բողոքը և սպանել հինգ հոգու: ՄՖԿ-ն, ի պատասխան, հայտարարում է, որ հանքարդյունաբերությունը երկիրն աղքատությունից դուրս բերելու լավագույն ձևն է (ավելին՝ այստեղ):

Ընդհանրապես, 2009-2013թթ. ընթացքում Համաշխարհային բանկն ու Միջազգային ֆինանսական կորպորացիան 50 միլիարդ ԱՄՆ դոլար են ներդրել 239 ծրագրերում, որոնք անգամ իրենց չափանիշներով դասվել են բարձր ռիսկայնության կատեգորիայում: Դրանք եղել են ծրագրեր, ինչպիսիք են մեծ ջրամբարներ, պղնձի հանքեր, նավթամուղներ: Եվ այս ներդրումների մեծ մասը եղել է այնպիսի երկրներում, ուր կառավարությունը թույլ է, օրենքները՝ ոչ խիստ: Համաձայն ուսումնասիրության՝ 2004-2013թ.-ի ընթացքում ՀԲ-ի կատարած 455 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումները բարձր ռիսկայնություն ունեցող ծրագրերում հանգեցրել են 3.4 միլիոն մարդու տանիքի կորստի, հողերից զրկվելու կամ իրենց բնակավայրի պայմանների վատթարացման՝ մոտակայքում կառուցված էլեկտրակայանների, հանքերի և այլ ծրագրերի իրականացման պատճառով: Ոմանց փոխհատուցել են, ոմանց՝ ոչ, և անգամ ուժի կիրառմամբ բռնագրավել են սեփականությունը: Բազմաթիվ դեպքերում ՀԲ-ն և ՄՖԿ-ն պարզապես ձախողել են կիրառել իրենց իսկ չափանիշները (աղբյուր):

ՀԲ-ի ծրագրերի պատճառով տեղահանվածների քարտեզ նկարը՝ Huffingtonpost-ի

ՄՖԿ-ն Հնդկաստանում

2015թ. ապրիլին Հնդկաստանի մի խումբ ձկնորսներ ու ֆերմերներ EarthRights International կազմակերպության միջոցով դատի տվեցին ՄՖԿ-ին ԱՄՆ-ի դաշնային դատարանում: Ըստ հայցվորների՝ ՄՖԿ-ն վարկ է տրամադրել Հնդկաստանի Գուջարատ նահանգում գնտվող Տատա Մունդրա ածխով աշխատող էլեկտրակայանի համար, որը բացասական է ազդում տեղացիների առողջության, ունեցվածքի և կյանքի որակի վրա: Այս դեպքն առաջիններից էր, երբ ՀԲ-ի ծրագրերից տուժած համայնքը դիմում է ամերիկյան դաշնային դատարան: Էլեկտրակայանի սառեցման համար ահռելի մեծ քանակությամբ ջուր է վերցվում ծովից, ինչից հետո տաք ջուրը լցվում է ետ դեպի ծով: Սրա հետևանքով տուժել է ծովային էկոհամակարգը, պակասել են ձկների պաշարները, ինչն էլ ուղղակիորեն անդրադարձել է տեղացի ձկնորսների կյանքի որակի վրա: Ավելին, ծովի ջուրը տեղափոխող ուղիների կառուցման արդյունքում տեղահանվել են տեղացի բնակիչները, ինչպես նաև ծովի ջուրը խառնվել է խմելու ջրի հետ՝ այդպիսով կրճատելով խմելու և ոռոգման ջրի կարևոր պաշարները: Մինչդեռ ՄՖԿ-ն 450 միլիոն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրել ծրագրի համար (ավելին՝ այստեղ):

Tata Mundra կայանը Հնդկաստանում նկարը՝ corpwatch-ի

2013թ-ին անգամ ՄՖԿ-ի սեփական հաշվետվողականության մեխանիզմն է քննադատել ՄՖԿ-ին այս ծրագրում ներգրավելու համար: Տեղացիների բողոքների հիման վրա ՀԲ-ի օմբուդսմենը (CAO) ուսումնասիրել է գործը և եզրակացրել, որ ՄՖԿ-ն չի երաշխավորել այս ծրագրի համապատասխանեցումը սեփական Բնապահպանական և սոցիալական չափանիշներին: Այն եզրակացրել է, որ, չնայած ՄՖԿ-ը կանխատեսել է ծրագրի վնասները, այն քայլեր չի ձեռնարկել տեղի բնակիչներին և բնությանը պաշտպանելու համար: Իսկ ՄՖԿ-ն պարզապես անտեսեց այս եզրակացությունը (ավելին ՝ այստեղ և այստեղ):

ՄՖԿ-ի ուղղակի և անուղղակի ֆինանսավորած աղետները

Ավելին, 2016թ. դեկտեմբերին պարզ դարձավ, որ ՄՖԿ-ն անուղղակի կերպով, մասնավորապես կոմերցիոն բանկերի միջոցով, ֆինանսական աջակցություն է տրամադրում Հնդկաստանի մի քանի կորպորացիաների, որոնք վերջին տարիներին հայտնի են դարձել մարդու իրավունքները ոտնահարող և բնությունն ավիրող ծրագրերում իրենց ներգրավածությամբ: Համաձայն Inclusive Development International (IDI) կազմակերպության պատրաստած զեկույցի, որն ուսումնասիրություն է ՄՖԿ-ի տրամադրած գումարների թողած ազդեցությունների վերաբերյալ՝ 2005-2014թթ. ընթացքում ՄՖԿ-ն 520 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել վեց հնդկական բանկերում, որոնք էլ դրանք ներդրել են 12 սոցիալապես ամենաանպատասխանատու կորպորացիաներում՝ ինչպիսիք են NHPC Limited-ը, որին պատկանող ամբարտակները խորտակել են հարյուր հազարավոր մարդկանց տներ, արոտավայրեր ու անտառներ՝ առանց փոխհատուցման՝ վնասելով կարևոր ջրուղիներ, Vedanta Resources-ը, որը փորձում էր տեղահանել և ոչնչացնել Դոնգրիա Կոնդ ցեղի սրբազան հողերն ու անտառները, Eveready Industries-ը ( նախկին անունը` Union Carbide India), որը պատմության մեջ ամենաաղետալի պատահարներից մեկի՝ Բոփհալի գազային աղետի պատասխանատուն է, Zuari Agri Sciences-ը՝ բամբակի սերմերով զբաղվող ընկերություն, որը հայտնի դարձավ երեխաների աշխատանքային շահագործմամբ, Adani Power-ը, որի Մունդրա ածխի գործարանը, նավահանգիստը և հատուկ տնտեսական գոտին աղտոտել են Գուջարատի առափնյա տարածքները, վնասել են անտառները և տեղահանել են տեղացի ձկնորսների ընտանիքներին:

Ընդհանուր առմամբ IDI-ն բացահայտել է բնության համար վնասակար կամ մարդու իրավունքները ոտնահարող 68 հնդկական ընկերություններ կամ ծրագրեր, որոնք միջնորդների միջոցով գումարներ են ստացել ՄՖԿ-ից (ավելին՝ այստեղ):

IDI-ն նաև հետաքննել է, թե ու՞ր են գնացել 2010-2015թթ.-ի ընթացքում ՄՖԿ-ի տրամադրած 50միլիարդ ԱՄՆ դոլարները և պարզել, որ դրանք տրամադրվել են այնպիսի միջնորդ բանկերի և ֆինանսական այլ կառույցների, որոնք էլ այդ գումարները ներդրել են աշխարհի տխրահռչակ ընկերություններում և ծրագրերում: Վերջիններս էլ հազարավոր բնակիչների հարկադիր տեղահանումների, անտառահատումների, ծովերի և գետերի աղտոտման, այս ծրագրերին ընդդիմացողների ճնշման, բանտարկման և անգամ սպանության պատճառ են դարձել: IDI-ն պատրաստել է միջնորդների միջոցով ՄՖԿ-ի ֆինասնավորած նման ծրագրերի ցանկ, որը կարելի է գտնել այստեղ (աղբյուր):

Nam Theun 2 ամբարտակը Լաոսում նկարը՝ topicstock.pantip.com

Ինչ վերաբերում է ՀԲ-ին, ապա ինչպես ցույց է տվել 2012թ. ուսումնասիրությունը՝ ՀԲ-ի աջակցած 9-ը ծրագրերի վերաբերյալ, այդ ծրագրերից ազդեցություն կրած անձանց թիվը միջինում 32 տոկոսով ավելին է, քան բանկը զեկուցում էր մինչ ծրագիրը հաստատելը՝ այդպիսով ստվերի տակ թողնելով այդ 9-ը ծրագրերի արդյունքում ազդեցություն կրած 77,500 մարդու: 1994թ. ևս նման ուսումնասիրություն էր արվել մոտ 192 ծրագրերի շրջանակներում և հայտնաբերվել էր, որ ազդեցություն կրողների թիվը մոտ 47 տոկոսով ավելին էր այն թվից, որը հայտարարվել էր մինչ ծրագրի հաստատումը (ավելին՝ այստեղ):

Այդպես, օրինակ, Լաոսում կառուցված ամբարտակի հետևանքով տեղահանվել կամ տնտեսապես տուժել են ավելին քան 75.000 տեղացիներ, ինչը 50 տոկոսով ավելին է, քան բանկը զեկուցել էր ծրագիրը հաստատելիս: Իսկ ահա անկախ հետազոտողների գնահատականով՝ տուժողների իրական թիվը գերազանցում է անգամ բանկի տրամադրած թարմացված տվյալները՝ հասնելով 130-150 հազարի: Ընդ որում, այս ծրագրից անգամ լաոսցիներն իրենք օգուտ չունեն, քանի որ արտադրված ողջ էլեկտրաէներգիան արտահանվում է Թաիլանդ, այն դեպքում, երբ չորս լաոսցիներից մեկին էլեկտրականությունը հասանելի չէ(ավելին՝  այստեղ և այստեղ):

ՀԲ-ն Կոսովոյում

Թերևս, Կոսովոյում գտնվող Հադե բնակավայրի պատմությունն էլ լավ օրինակ է տեսնելու համար, թե ինչպես է ՀԲ-ն, նախքան որևէ ծրագրի ֆինանսավորումը հաստատելը (ինչպես Հադեում գորշ քարածխի արդյունահանման ծրագրի պարագայում), կարողանում այնպիսի օրենսդրական դաշտ ստեղծել, որ հետագայում խուսափի պատասխանատվությունից:

Հադեի ածուխի հանք Կոսովոյում նկարը՝ Կառլ Մաթիեսենի

Այդպես, դեռևս 2004թ. ՀԲ-ը սկսեց Կոսովոյի կառավարությանը խորհրդատվություն տրամադրել վերաբնակեցման ասպարեզում: 2006թ. ՀԲ-ն մի քանի միլիոնանոց դրամաշնորհ տվեց Կոսովոյի կառավարությանը տեղահանումների և վերաբնակեցման համար ծրագիր մշակելու և նոր ածխային կայան կառուցելու համար: ՀԲ-ն անգամ իր մասնագետներին տրամադրեց՝ Հադեի բնակիչների տեղահանման ու վերաբնակեցման ծրագիրը մշակելու և իրականացնելու համար: Դեռևս 2004 և 2005թթ. Հադեում 150 ընտանիք (մոտ 700 մարդ) տեղահանվեց, իսկ 2006թ. ՀԲ-ն 8.5 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրեց ածխի կայանը կառուցելու համար ուսումնասիրությունների նպատակով: Ավելին, բանկն օգնեց Կոսովոյին օրենք մշակել բնակչության տեղահանումներ կազմակերպելու մասին, եթե դա անհրաժեշտ է հանրային նշանակության ծրագրերի համար:

Հատկանշական է, որ նոր օրենքը չէր պարտադրում կառավարությանը վերականգնել տեղահանվածների կենսական պայմանները նույնպիսի մակարդակով, ինչպես նախկին բնակավայրում էր: Ուստի 2012թ. Հադեի և հարակից գյուղերի բնակիչները բողոք ներկայացրին ՀԲ-ի հետաքննող մարմնին, որը սակայն հայտնեց, որ քանի դեռ ՀԲ-ն վերջնական որոշում չի կայացրել ածխի կայանի կառուցման նպատակով 58 միլիոն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու հարցում, բնակիչները չեն կարող բողոք ներկայացնել: Դրան զուգահեռ՝ Կոսովոյի կառավարությունը շարունակում էր Հադեի և հարակից գյուղերի բնակիչների տարհանումը: Նրանց տեղավորում են մի քանի նորակառույց շինություններում և ժամանակավոր կացարաններում՝ չնայած նոր բնակավայում բացակայում են դպրոցը, մզկիթը, հիվանդանոցն ու խանութները (ավելին՝ այստեղ):

ՀԲ-ի և ՄՖԿ-ի ֆինանսավորած ծրագրերից տուժածների մասին առավել մանրամասն կարելի է կարդալ այստեղ:

Անցում դեպի ՎԶԵԲ-ի ֆինանսավորած ծրագրերը

Bankwatch կազմակերպությունը, որը վերահսկում է, թե ուր են գնում և ինչպես են ծախսվում միջազգային ֆինանսական կառույցների տրամադրած վարկերը, հավաքագրել է վերջին 20 տարիների ընթացքում ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորած ծրագրերը, որոնք բացասական են անդրադարձել համայնքների և բնության վրա: Դրանցից մեկը վերևում նշված ածխի կայանի ծրագիրն է Կոսովոյի Հադե շրջանում, որին ընդդիմանում են տեղացիները գյուղատնտեսական հողերի տարածքների կրճատման, ջրային ռեսուրսների վտանգման, տեղացիների տարհանման և մի շարք այլ պատճառներով: Այնուամենայնիվ, ՎԶԵԲ-ը իր հետաքրքրվածությունն է հայտնել այս ծրագրում ներդրումներ կատարելու համար: Ի դեպ, ծրագրի իրականացումը վստահվել է ամերիկյան Կոնտուր գլոբալ կազմակերպությանը, որը Հայաստանում ևս ունի ներկայություն՝ տնօրինում է Որոտան ՀԷԿ-ը (ՎԶԵԲ-ի և Կոսովոյի ածխի կայանի մասին ավելին՝ այստեղ):

ՎԶԵԲ-ը Վրաստանում

Հարևան Վրաստանում ՎԶԵԲ-ը վարկեր է տրամադրում այնպիսի հիդրոէլեկտրակայանների, որոնք սպառնում են տեղացի բնակիչներին (հատկապես՝ սվաներին) տեղահանել իրենց բնակավարյերից, այն դեպքում, երբ Վրաստանում ենթակառուցվածքային ծրագրերի արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման մասին համապատասխան օրենսդրություն չկա: Բացի այդ ՎԶԵԲ-ը չի խուսափում ներդրումներ կատարել Վրաստանում, ուր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքն անտեսում է հանրությանն իրազեկելու և հանրության ներգրավածությունն ապահովելու հարցերը: Վերջին շրջանում երկրի հյուսիսային հատվածում բազմաթիվ են անկանոն կառուցված ՀԷԿ-երը՝ անգամ բնության հատուկ պաշտպանվող գոտիներում, սեյսմիկ գոտիներում, որոնցից որոշներն արդեն իսկ հանգեցրել են ջրհեղեղների, սողանքների (ավելին՝ այստեղ):

Ցույց Վրաստանում հանրային լսման ժամանակ նկարը՝ Bankwatch-ի

Ընդհանրապես, ՎԶԵԲ-ը կարծես հատկապես մեծ հետաքրքրվածություն ունի ՀԷԿ-երի ասպարեզում, և դեռևս 2011թ., մինչ Խորվաթիայի՝ ԵՄ մտնելը (երբ օրենքներն է՛լ ավելի կխստանային), ՎԶԵԲ-ն այնքան շուտափույթ կերպով հաստատեց իր հերթական 123 միլիոն եվրոյի վարկը Դուբրովնիկի մոտ գտնվող Օմբլա գետի վրա ՀԷԿ կառուցելու համար, որ անգամ հաշվի չառավ գետի՝ ԵՄ-ի Natura 2000 բնության պաշտպանվող տարածքների ցանկում լինելը և նույնիսկ չսպասեց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը (ավելին՝ այստեղ): Սակայն շնորհիվ հանրային ընդդիմության՝ 2013թ. ՎԶԵԲ-ը հետ կանգնեց ՀԷԿ-ի կառուցումը ֆինանսավորելու ծրագրից (ավելին՝ այստեղ)

Վերջերս հայտնի դարձավ, որ ՎԶԵԲ-ը խնդիր չի տեսնում անգամ ազգային պարկերում հիդրոէլեկտրակայանների կառուցման համար վարկեր տրամադրելու առումով, ուստի և պատրաստվում էր Մակեդոնիայի Մավրովո ազգային պարկում կառուցվող Բոսկով մոստ ՀԷԿ-ի համար 65 միլիոն եվրո վարկ տալ: Սակայն շնորհիվ բնապահպանների ընդդիմության, ինչպես նաև Եվրոպական վայրի բնության պայմանագրի Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի հորդորի՝ ՎԶԵԲ-ը ետ կանգնեց այս ծրագիրը ֆինանսավորելուց, իսկ ՀԲ-ն էլ ետ կանգնեց նույն ազգային պարկում մեկ այլ՝ Լուկովո Պոլե ՀԷԿ-ի ծրագրի ֆինանսավորումից (ավելին՝ այստեղ):

ՀԷԿ-երի հանդեպ ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի հետաքրքրվածությունը թվերով աղբյուրը՝ Bankwatch

ՎԶԵԲ-ը Ղրղզստանում

Սակայն ՎԶԵԲ-ն, իհարկե, հետաքրքրված է նաև հանքարդյունաբերությամբ: Այլ հարց է, որ նրա կողմից վարկավորվող հանքարդյունաբերական ծրագրերի չափանիշներն այնքան էլ չեն համապատասխանում բանկի չափանիշներին:

Կումտոր ոսկու հանքը Ղրղզստանում նկարը՝ Silk Road Reporters-ի

Ղրղզստանում Կումտոր ոսկու հանքում իրականացվող պայթյունները լուրջ վնաս են հասցնում կենտրոնական Ասիայի կարևորագույն սառցադաշտերին, որոնք ջրային պաշարների կարևոր աղբյուր են տարածաշրջանի համար: Սակայն հանքը տնօրինող կանադական Centerra Gold ընկերությունը պնդում է, որ սառցադաշտերը կրում են գլոբալ կլիմայական փոփոխությունների ազդեցությունը: Ղրղզստանի բնապահպանները նշում են, որ նախկինում այս սառցադաշտերը մոտ 700 միլիոն խորանարդ մետր ծավալ ունեին, իսկ այժմ մնացել է 200 միլիոն խորանարդ մետրը: Նրանք նշում են, որ սառցադաշտերի քայքայման արդյունքում սառցե, թթվային և ծանր մետաղներով հարուստ մոտ 2 միլիարդ տոննա խառը զանգված է առաջացել, որը կարող է լցվել Իսիկ Կուլ լիճը և Նարին գետը՝ վտանգելով երկրի ողջ էկոհամակարգը:

Սառցադաշտերի վիճակն ուսումնասիրող Յորքի համալսարանի երկրագետ և կլիմայագետ Ուիլիամ Քոլգանի խոսքերով, թեև Տիեն Շանում հալող սառցադաշտերի վրա ազդում է կլիմայի տաքացումը, սակայն սառցադաշտի ղրղզական հատվածի վրա բացասաբար ազդում է հատկապես Կումտորի հանքը, քանի որ մեծ քանակությամբ սառույց է դուրս բերվում գետնին հասնելու և այն փորելու նպատակով: Նա ընդգծում է, որ հանքի գործունեության ընթացքում 1998-2013թթ. ընկած ժամանակահատվածում սառույցը պակասել է տարեկան 30 մետրով, մինչդեռ հարակից վայրերում սառույցը 10 մետրով է միայն պակասել: Ուստիև հանքը մեծապես վնասում է սառցադաշտերին:

Վտանգված սառցադաշտերից հատված նկարը՝ Ռիսկելդի Սատկեի

Բացի այդ, Կումտորի հանքի տնօրինությունը հանրության հետ չի կիսվում ինֆորմացիայով, հատկապես գեոտեխնիկական ինֆորմացիայով: Բացի այդ էլ, ընկերությունը սպառնում է միջազգային արբիտրաժային դատարան դիմել, եթե որևէ փոփոխություն արվի երկրի Ջրային օրենսգրքում՝ ջրային պաշարների պահպանման վերաբերյալ: Դե իսկ ՎԶԵԲ-ը չի էլ պատրաստվում վերանայել իր շարունակական աջակցությունն այս ծրագրին՝ չնայած էկոլոգիային հասցված վնասներին, կոռուպցիոն սկանդալներին, հանքի շահագործման սկզբում ցիանիդը կրող բեռնատարի վթարի արդյունքում 2 տոննա ցիանիդի՝ մոտակա գետը թափելուն, ինչի արդյունքում 2600 գյուղացիներ տուժեցին, 1000-ն էլ հայտնվեցին հիվանդանոցում: Բացի այդ տեղացիները բողոքում են հանքի փոշու տարածման արդյունքում տեղացիների մոտ առաջացած առողջական խնդիրներից: Բայց ոչ միայն սա, այլև այն հանգամանքը, որ հանքին ընդդիմացող մի շարք տեղացիներ և ակտիվիստներ ազատազրկվել են, ամենևին էլ չի մտահոգում ՎԶԵԲ-ին (ավելին՝ այստեղ, այստեղ և այստեղ):

Նման ծրագրերի թիվը, ցավոք, շատ մեծ է: Սակայն բավարարվելով ՀԲ-ի, ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի ֆինանսավորած ծրագրերի այս մի քանի օրինակներով, մեր նպատակն է ի ցույց դնել նման ֆինանսական կառույցների ամենամեծ ու հիմնական նպատակը։ Դա ֆինանսական շահն է իրենց իսկ համար, ինչը հատկապես հեշտ է հետապնդել այնպիսի զարգացող երկրներում, որոնք աչքի են ընկնում չկայացած կամ կիսակայացած արդարադատական համակարգերով, ժողովրդավարության պակասով և վերահսկողության բացակայությամբ: Նման ծրագրերն ի վերջո նաև ցույց են տալիս, թե ինչպես այս ֆինանսական կառույցների որդեգրած չափանիշները որևէ դերակատարում չունեն բնությանն ու մարդկանց չնվասելու կամ այդ վնասներն ինչ-որ կերպ կանխելու առումով:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter