HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արամ Մանուկյան. «Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է մեյմունությամբ»

Ընտրությունների ամենաբացասական կողմն այն է, որ չկա սկզբունք, այլ «առաջ է բերվում» միայն նպատակ՝ հայտնվել խորհրդարանում։ Սա ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը այսօրվա ասուլիսին:

Պատգամավորի գնահատմամբ` պատգամավորները ջանում են հայտնվել այնպիսի խորհրդարանում, որտեղ պատգամավորների 60 %-ը որևէ բան չի անում: «Այսինքն՝ ծախսել փողեր, մեծ ծախսեր, գնալ պառլամենտ՝ ոչինչ չանելու համար։ 60 հոգի կամ 60 կոճակ, 70 կոճակ նստած ոչինչ չի արել։ Եվ ոչինչ չանելու, էդ տեղի քասթինգը, էդ մրցույթը, կոնկուրսը հիմա ավելի ուժեղացել է»,- նշում է Արամ Մանուկյանը։

Ասում է՝ կարող է պատգամավորների 30 անուններ կարդալ, և լրագրողները չեն էլ իմանա՝ ովքեր են նրանք, և նման իրավիճակում «այս անպատասխանատվության շքերթը ավելի է մեծացել»։ Մանուկյանը հավաստիացնում է, որ ժողովուրդը, այս գործընթացին նայելով, հիասթափվում է. «Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է մեյմունությամբ։ Տխուր է այդ առումով։ Միշտ էլ եղել է  այս բանը, բայց հիմա քանակի մասին է։ Մորեխի նման թռնում են տեղից տեղ, մենակ հայտնվեն էդ աթոռի վրա»։

Պատգամավորը ընդգծում է, որ նախընտրական այս փուլում կուսակցությունների կողմից գաղափարական որևէ հայտ չի ներկայացվել։ Հաջորդ թերությունն, ասում է, այն է, որ քաղաքական ուժերը առաջարկում են նախընտրական ծրագիր «պետք է» ձևակերպմամբ, սակայն նրանցից որևէ մեկը չի առաջարկում տարբերակ, թե ինչպես է հասնելու իր ծրագրին: «Բոլորի ծրագրային դրույթները այսպիսին է՝ «պետք է»։ Պետք է կրճատել կոռուպցիան, պետք է կրճատել արտագաղթը, պետք է հետ վերադարձնել գումարները, պետք է լուծել Ղարաբաղի հարցը։ Բոլորը խնդիրները «պետք է»-ով են սկսվում և ցանկությունների ոլորտից են»,- ասում է Ա. Մանուկյանը ։

Ներքաղաքական իրավիճակն ու Հայաստանի ներկայիս պատկերը ամբողջացնելու համար Մանուկյանը խոսում է թվերի լեզվով: «Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի դպրոցականների թիվը պակասել է 100 հազարով։ Վերջին 18 տարվա ընթացքում Հայաստանի դպրոցականների թիվը 602 հազարից իջել է 360 հազարի։ 250 հազար աշակերտ Հայաստանը այսօր քիչ ունի, քան ուներ 17 տարի առաջ։ Այս թիվը բաժանեք երկուսի։ Դա նշանակում է՝ այդքան տղա Հայաստանի բանակին քիչ է սպասարկվելու», - հավելում է նա։

Արամ Մանուկյանը հիշեցնում է, որ քաղաքական այբուբեն կա՝ քաղաքական ուժերը ժողովրդին առաջարկում են ոչ թե ինչ են ուզում, այլ թե ինչպես են հասնելու դրան։ Խմբակցության անդամը ասում է, որ ընտրական այս փուլում քաղաքական ուժերը այդպես էլ չներկայացրեցին, թե ինչպես են տեսնում Հայաստանի զարգացման տեսլականը: «Միակը, որը բժշկի կեցվածքով դառը անալգին է առաջարկում մեր քաղաքացիներին «Հայ ազգային կոնգրես»-ն է», - ասում է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter