HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների բարձր մակարդակի բանակցությունները

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին: 

Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Վրաստանի վարչապետն, ողջունելով հայաստանյան գործընկերներին, նշել է, որ վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով և ավելացրել, որ նման բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: 

«Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առևտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը և զարգացումը:

Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը և Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն: 

«Այսօր երկկողմ հարաբերություններում մենք թևակոխել ենք համագործակցության նոր փուլ: Հայ-վրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչը մեր հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գրավականն է: Մեր պատվիրակությունը պատրաստակամ է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից և կփորձենք գտնել համագործակցությունն առավել ակտիվացնելու նոր ուղիներ»,- նշել է ՀՀ վարչապետը: 

Կարևորելով մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ տնտեսական համագործակցության ոլորտում լիովին չի օգտագործվում առկա ողջ ներուժը՝ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշների աճին:
Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զ

րուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից և կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում կողմերը կարևորել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը: Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը: 

Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարևորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը:

***

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետերի ներկայությամբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: 

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Մեկնաբանություններ (1)

Բազմասեր
Բա Ջավախքը՞... Կարծես ոչ հայ կա էնտեղ, ոչ խնդիր: Սերժ Սարգսյանը որ գնաց, Հրանուշ Հակոբյանը նախագահի ինքնաթիռը լիքը դասագիրք էր լցրել, քանի որ վրացական համատարած գրքարգելքի պայմաններում միայն այդ ճանապարհով կարելի էր գիրք անցկացնել Վրաստան: Չնայած այդ քայլը ևս ոչ մի օգուտ չունեցավ, քանի որ վրացական ԿԳԲ-ն այդպես էլ չթողեց դրանք բաժանելու Ջավախքի դպրոցներին: Արդյունքում՝ շուրջ 3 ուսումնական տարի է, ինչ ջավախահայ մեկուկես տասնյակ հազար հայազգի աշակերտները զրկված են մայրենիի և հայ գրականության դասագրքերից: Գիտենք, որ ՀՀ վարչապետը շատ էլ խաբար չի Ջավախքից և այնտեղ առկա խնդիրներից, հետևաբար՝ Հրանուշ Հակոբյանը գոնե մի քանի արկղ գիրք խցկեր պատվիրակության շարժակազմի մեջ, և, եթե դրանք չնկատվեին վրացական սահմանապահների մոլեգնող հայացքների կողմից և չառգրավվեին, ապա դա կարելի էր համարել լիակատար հաղթանակ և այցի գլխավոր ձեռքբերումը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter