HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Բելգիայում հանդիպել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սարգսյանն այսօր առավոտյան Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստանում իրականացվող համընդգրկուն բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցման, ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությանը:

Սերժ Սարգսյանը և Ժոզեֆ Դոլը քննարկել են նաև միջազգային հարթակներում ԵԺԿ գործընկերների հետ Հայաստանի փոխգործակցությանը, ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի ամրապնդման վերաբերյալ:

Նշելով, որ Բելգիա իր աշխատանքային այցի ընթացքում Եվրամիության ղեկավարության հետ նախատեսված են հագեցած և բովանդակալից օրակարգով հանդիպումներ ու քննարկումներ, Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման գործում մեծ դեր է վերապահել ԵԺԿ-ին՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի: Նա մեծապես կարևորել է ԵԺԿ-ի հետ ՀՀԿ-ի համագործակցության շարունակական խորացումը և երախտագիտություն հայտնել Հայաստանին և ՀՀԿ-ին մշտապես սատարելու պատրաստակամության ու գործնական աջակցության համար:

Այդ համատեքստում կարևորվել են նաև ԵԺԿ-ի հետ համագործակցությունը տարբեր միջխորհրդարանական հարթակներում՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատությունների երաշխավորմանը, ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը, սոցիալական, հումանիտար, մշակութային համագործակցությանը:

Սարգսյանը և ԵԺԿ նախագահը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները, իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման, սադրիչ գործողությունների և իրավիճակի լարման մասին տեղեկություններ:

Նշելով, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար՝ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում և, ի տարբերություն Ադրբեջանի, բնավ չի ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանը ևս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ։ Նա վերահաստատել է, որ Հայաստանը ջանքեր չի խնայելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը, նրա համոզմամբ, նաև միջազգային հանրության հավաքական ընկալումն է:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահին ս.թ. մարտի վերջին Մալթայում կայանալիք ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու հրավերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter