Հետաքննող լրագրողները պատգամավորներին կոչ են անում հրապարակայնացնել իրենց հարկային վճարումները
Հետաքննող լրագրողները քաղաքական գործիչներին կոչ են անում հրապարակել իրենց վճարած հարկերի մասին տեղեկատվությունը: Հարկերի հրապարակայնացման հարցում ուղղվել է նաև Հայաստանի պատգամավորներին:
Հետաքննող լրագրողների միջազգային ցանցն այսօր դիմել է 20 երկրներում 7000 քաղաքական գործիչների` խնդրելով հրապարակել իրենց անձնական հարկային վճարումների մասին տեղեկությունները: Նախաձեռնությունը պետք է խթանի քաղաքական դաշտում հաշվետվողականությանն ու թափանցիկությանը: Հետաքննող լրագրողներն այս օրերին հավաքվել են Լոնդոնում` ընթացք տալու այդ նախագծին:
Այսօր կան հաշված երկրներ, ինչպիսին են Ֆինլանդիան, Նորվեգիան, Պակիստանը և Շվեդիան, որտեղ ընտրվող ներկայացուցիչնեըը հրապարակայնացնում են իրենց վճարած հարկերը:
Հարկերի բացահայտման նախագիծը, որի մտահղացումն առաջացել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց ներկայացնել ԱՄՆ ընտրազանգվածին իր հարկերի մասին ինֆորմացիան, նպատակ ունի փոխել այդ իրականությունը:
Լոնդոնոյան Finance Uncovered ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնած այս նախագծին մեկնարկ տալու համար հետաքննող լրագրողներն այս օրերին հանդիպել են Լոնդոնում` միաժամանակ համապատասխան վերապատրաստում անցնելու:
Նրանք նոր վեբ-պլատֆորմ կօգտագործեն հարկերի վերաբերյալ հարցումները պատգամավորներին ուղարկելու համար: Այդ պլատֆորմի միջոցով հանրությունը կկարողանա հետևել, թե որ պատգամավորն է ստացել հարցումը և ով է պատասխանել:
Սա դեռևս նախագծի առաջին փուլն է, որին հետագայում կներգրավվեն այլ երկրներ նույնպես:
Հարկերի բացահայտման նախագծի ոգեշնչման համար հիմք է հանդիսացել պակիստանցի լրագրող Ումար Չիմայի աշխատանքը, ով Finance Uncovered-ի խորհրդի անդամ է, ինչպես նաև անդամակցում է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ):
2012–ին Ումարը, ով դրանից երկու տարի առաջ առևանգվել և ծեծի էր ենթարկվել Պակիստանի կառավարության վերաբերյալ քննադական հոդվածների համար, դիմել է Պակիստանի օրենսդիր մարմնի 446 ներկայացուցիչներին` խնդրելով հրապարակայնացնել իրենց հարկային վճարումները: Միայն երկուսն են արձագանքել:
Դրանից հետո նա դիմել է Պակիստանի Ընտրական հանձնաժողովին` ձեռք բերելու քաղաքական գործիչների ազգային հարկային համարները: Հարկահավաքի օգնությամբ էլ Ումարը բացահայտել է, որ խորհրդարանականների 70%-ը, ինչպես նաև երկրի նախագահն ու 34 նախարարները հարկերը չեն հայտարարագրել:
Ումարի հրապարակումները մեծ ազդեցություն են ունեցել, և դրա հետևանքով այսօր Պակիստանի յուրաքանչյուր պաշտոնյա հրապարակային է դարձրել իր հարկերի մասին տեղեկատվությունը: Բացի դրանից, Պակիստանի յուրաքանչյուր քաղաքացու հարկերի մասին տարեկան տվյալները հրապարակվում են հանրային տիրույթում: Դրանով Պակիստանը շատ ավելի թափանցիկ երկիր է դարձել, քան Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն:
«Լրագրողների պարտականությունն է քաղաքական գործչիներին հրապարակային դարձնելը: Ոչինչ ավելի կարևոր չէ, քան քաղաքական գործչի ֆինանսական ազնվությունը: Առանց դրա, նրանք կմնան հարուստների պահապաններ: Հարկերի բացահայտման այս արշավը կվերադարձնի այն, ինչ նրանք կորցրել են` հանրության վստահությունը»,- ասում է Պակիստանի «Lուրեր»-ում աշխատող հետաքննող լրագրող Ումար Չիման:
Նախագծի շրջանակներում հարցումներ են ուղարկել հետևյալ երկրների խորհրդարանի ներկայացուցիչներին` Արգենտինա, Հայաստան, Բոսնիան և Հերցոգովինա, Բրազիլիա, Չիլի, Կոստա Ռիկա, Գվատեմալա, Հունգարիա, Հնդկաստան, Քենյա, Նիգերիա, Ռուսաստան, Սիերա Լեոնե, Հարավային Աֆրիկա, Վենեսուելա, Ուգանդա, Միացյալ Թագավորություն և Ուկրաինա:
«Մեր կարծիքով, ակնհայտ է հանրային հետաքրքրությունը ընտրված ներկայացուցիչների եկամտի աղբյուրների և հարկերի վճարումների ամբողջական բացահայտման գործում: Ընտրված ներկայացուցիչները վճարվում են հարկատուներիս կողմից, որպեսզի նրանք մեր փոխարեն որոշումներ կայացնեն հարկերի և մեր վճարած գումարների ծախսելու մասին»,- ասում է Finance Uncovered-ի տնօրեն Նիկ Մաթիասոնը (Nick Mathiason):
Ինչպես արդեն նշվեց, Հայաստանի պատգամավորները ևս կստանան իրենց վճարած հարկերը հրապարակայանցնելու մասին հարցումը: Թե ինչ կպատասխանեն նրանք, պարզ կդառնա առաջիկա ամսին:
Մեկնաբանել