HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ադրբեջանին ծնկի բերելու տարբերակը կամ արցախցիների ինքնորոշումից Արցախի միջազգային ճանաչում

Նախօրեին հայաստանյան լրատվամիջոցները, հղում կատարելով «Արցախպրես» գործակալության հրապարակմանը, մեծ ոգևորությամբ գրում էին, թե ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է մինչև այս տարվա վերջ առնվազն մեկ պետության կողմից Արցախի Հանրապետությունը (ԱրՀ) ճանաչելու հնարավորության մասին: Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակեց Արցախում հայաստանյան դեսպանների հավաքի շրջանակում Նալբանդյանի ճեպազրույցը, որից պարզ դարձավ, որ նա ընդամենը պատասխանել է այդ հնարավորության մասին հարցին՝ նշելով, թե նման բան չի բացառվում: Նման հնարավորություն չի կարելի բացառել տեսականորեն: Եվ Նալբանդյանը հենց սա է փորձել ասել: Լրիվ այլ հարց է, թե որքանով է դա հավանական գործնականում կամ ինչ է արվում այդ ուղղությամբ:

Վերջին մի քանի օրերին արցախյան հիմնահարցի շրջանակում հայկական կողմի քայլերի և արտաքին լսարանին ուղղված ուղերձների տողատակում կարմիր թելի պես անցնում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության մակարդակը բարձրացնելու գիծը:

Փետրվարի 28-ին, այն բանից հետո, երբ Ադրբեջանին թույլ տրվեց արցախա-ադրբեջանական շփման գծի միջդիրքային տարածքից հանել փետրվարի լույս 25-ի գիշերը դիվերսիոն հետախուզական ներթափանցման անհաջող փորձի ժամանակ նրա թողած 5 դիակները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը Ստեփանակերտում հանդիպումներ ունեցավ ԱրՀ նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: Կասպշիկի այս հանդիպումները գուցե ուշադրության չարժանանային, եթե մարտի 1-ին հանդես չգար ադրբեջանցի դիվերսանտների դիակները միջդիրքային տարածքից հանելու գործընթացի մասին հայտարարությամբ, որտեղ նա մի ուշագրավ ձևակերպում է անում. «Ես ցանկանում եմ ընդգծել, որ իմ գրասենյակին հետևողականորեն աջակցություն են ցուցաբերում տեղացի հրամանատարներ, ինչպես նաև զինվորական իշխանությունների ներկայացուցիչներ»:

«Տեղացի զինվորական իշխանությունների ներկայացուցիչներ» ասելով` Կասպշիկը նկատի ունի արցախյան իշխանություններին: Բայց նա խուսափել է իրերը կոչել իրենց անունով, թերևս, ԱրՀ-ի չճանաչված լինելու և Բաքվին ավելորդ չնյարդայնացնելու պատճառով: Սակայն փաստը, որ դիակները հանելուց երկու օր հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածում միայն այն պատճառով, որպեսզի շեշտի, որ դիակների դուրսբերումը հաջողվել է «տեղացի զինվորական իշխանությունների» աջակցությամբ, այլ բան չէ, քան Արցախին որպես հակամարտության կողմ ճանաչելու անուղղակի դրսևորում:

Կարելի է չկասկածել, որ նման հայտարարությունը դիակների հանումը թույլ տալու արցախյան կողմի հիմնական պահանջի կատարման դրոսևորում է: Պատահական չէ, որ փետրվարի 26-ին և մինչև 27-ի կեսօր դիակների դուրսբերման գործընթացը տեղի չէր ունենում: Արցախյան և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում էին ձեռքբերված ինչ-որ պայմանավորվածությունների խախտման մեջ՝ առանց կոնկրետացնելու, թե ինչ պահանջների մասին է խոսքը:

Պետք է ենթադրել, որ արցախյան կողմի պահանջը եղել է այն, որ ադրբեջանիցներն այդ հարցով պետք է որպես կողմի` բանակցեն հենց իրենց հետ, ինչը նրանք արել են, բայց առանց դրա մասին բարձրաձայնելու: Որպես միջանկյալ լուծում այդ խնդիրը, հայտարարություն տարածելով, իր վրա է վերցրել միջնորդի դերում հանդես եկած Կասպշիկը:

Բացի դրանից՝ Արցախի սուբյեկտայնության վրա շեշտադրումներ է կատարել նաև Սերժ Սարգսյանը՝ փետրվարի վերջին Բելգիա կատարած այցի և հատկապես «Քարնեգի» հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում ունեցած ելույթի ժամանակ: Դրանում նա մի քանի անգամ օգտագործել է ոչ թե «ԼՂ», այլ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը: Բացի դրանից, հենվելով Արցախում անցկացված հանրաքվեի մասին օտարերկրյա դիտորդների տված գնահատականների վրա՝ Սարգսյանն Արցախում ժողովրդավարության մակարդակը հակադրել է Ադրբեջանի բռնապետացմանը: Բայց որ շատ ավելի էական է՝ Սարգսյանը զուգահեռ է անցկացրել Արցախի և Կոսովոյի միջև. «Դժվար է բացատրել արցախցի գործընկերներին, թե ինչու ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և այդ կերպ ձևավորել իր կառավարման ինստիտուտները, իսկ իրենք դա անել չեն կարող: ...Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակից»,- ասել է նա:

Սակայն որքան էլ նկատելի է Արցախի սուբյեկտայնությունն օրակարգային դարձնելու ցանկությունը, դրան առնչվող քայլերն ու ուղերձները շարունակում են մնալ բացառապես մադրիդյան սկզբունքների սահմաններում՝ հետապնդելով ընդամենը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ճանաչմանը հասնելու նպատակ: Առանց ԼՂՀ-ն ճանաչելու նրա ժողովրդավարական գործընթացին նպաստելու՝ միջազգային հանրությանն ուղղված Սերժ Սարգսյանի կոչը ոչ այլ ինչ է, քան կազանյան փաստաթղթով նախատեսված՝ տեսականորեն ԼՂ-ում երբևէ հանրաքվե անցկացնելու պայմանին Ադրբեջանի համաձայնելու դիմաց տարածքային զիջումների պատրաստակամության դրսևորում:

«Եթե Ադրբեջանն իրապես մտահոգված է ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն. դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է»,-ասում է Սարգսյանը: 

Նույն միտքը Ստեփանակերտում Էդվարդ Նալբանդյանը զարգացնում է հետևյալ կերպ. «Դրան (Արցախի ճանաչմանը-հեղ.) են ուղղված բանակցությունները, դրան է ուղղված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել Արցախի ճանաչումը»։

Սույն մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ հայկական կողմի այս պահին հետապնդած մաքսիմալ նպատակը հանրաքվեի միջոցով արցախցիների ինքնորոշման հեռանկարն ամրագրելն է: Այսինքն ոչ միայն կրկնել մի գործընթաց, որն արցախցիներն անցել են 16 տարի առաջ, այլև դրանով իսկ «ջրել» 1991թ. ԼՂ անկախության հանրաքվեն:

Հետաքրքրական է, որ պաշտոնական  Ստեփանակերտը ևս կիսում է այս տեսակետը: Ռուսական «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Բակո Սահակյանը, ներկայացնելով հակամարտության կարգավորման Ստեփանակերտի ֆորմուլան, նշում է. «Հակամարտության հիմնաքարային քաղաքական ասպեկտները կարգավիճակի և անվտանգության ապահովման հիմնահարցերն են: Մնացած բոլոր հարցերը դրանց ածանցյալներն են: Մեզ համար չկա ետդարձ դեպի անցյալ: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս: Դա բացառված է: Բոլոր առումներով ԼՂՀ-ի անվտանգության ապահովումը ևս չի կարող նվազագույն կասկածի առարկա լինել: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, մենք պատրաստ ենք դրանք քննարկել Ադրբեջանի հետ»:

Այսինքն խոսելով Ադրբեջանի կազմում ոչ մի պարագայում չլինելու մասին` Սահակյանն, այնուամենայնիվ, չի հստակեցնում՝ այդ դեպքում ի՞նչ կարգավիճակ է պատկերացնում Արցախի համար: Խնդիրն այն է, որ մադրիդյան սկզբունքների և հատկապես կազանյան արդեն հրապարակված փաստաթղթի առաջարկած լուծումն այն է, որ ԼՂ-ին շնորհվում է միջանկյալ, Ադրբեջանի կազմից դե ֆակտո դուրս կարգավիճակ՝ մինչև այնտեղ հանրաքվեի անցկացումը՝ առանց գոնե մոտավոր հստակեցնելու հանրաքվեի անցկացման ժամկետները։ Գործնականում սա նշանակում է Ադրբեջանի կազմից փաստացի դուրս Արցախի անհասկանալի միջանկյալ ինչ-որ կարգավիճակ՝ նախկին ԼՂԻՄ հարակից շրջանները Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության դիմաց: Ընդ որում, դեռ պետք է հասկանալ՝ ի՞նչ կարգավիճակ են ունենալու «միջանկյալ» Արցախի քաղաքացիները կամ ի՞նչ է հասկանում առհասարակ միջազգային իրավունքը «միջանկյալ կարգավիճակի» ներքո:

Եթե այս դիրքորոշումը հայկական կողմը զարգացներ շփման գծում հարաբերական խաղաղության պայմաններում, գոնե կարելի կլիներ համարել, թե սա ստատուս-քվոն պահելու մարտավարություն է: Բայց շփման գծում ընթանում է սողացող ու աստիճանաբար ընդլայնվող ամենօրյա պատերազմ՝ բանակցությունների գրեթե լիակատար բացակայության և Ադրբեջանի կողմից բացարձակ մաքսիմալիստական պահանջների առաջադրման պայմաններում: Բաքուն, փորձում է օրակարգից հանել նույնիսկ տեսականորեն Արցախի ինքնորոշման հեռանկարը, մադրիդյան սկզբունքները և անցնել փոքր մասշտաբային պատերազմների միջոցով Արցախի տարածքները մաս առ մաս գրավելու ռազմավարության: Իսկ այդ ընթացքում կազանյան փաստաթղթից կառչած մնալով՝ Երևանը փորձում է միջազգային հանրության հետ համընթաց քայլելու և դրանով իր ակնկալիքներն ավելի ընկալելի դարձնելու պայմաններ ստեղծել՝ առաջնորդվելով Ադրբեջանի դիվանագիտական փակուղին պահելու սկզբունքով: Բայց սա որևէ արդյունք չի տալիս. միջազգային հանրությունը հայկական կողմի պնդումների հանդեպ ավելի ընկալողունակ չի դառնում և կեղծ հավասարության սկզբուքնով անտեսում ու խրախուսում է Ադրբեջանի պատերազմական քաղաքականությունը: Սա ոչ միայն չի զսպում Ադրբեջանին, այլև ավելի է ոգևորում:

Նման իրավիճակում միակ ռացիոնալ տարբերակը մնում է քաղաքական, դիվանագիտական ռեսուրսները Արցախում նոր հանրաքվե անցկացնելու գաղափարի առաջմղման առաջնահերթությունից տեղափոխել Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման կամ գոնե սկզբնական շրջանում Ադրբեջանի համար նման իրատեսական սպառնալիք ստեղծելու հարթություն: Եթե բերվում է Կոսովոյի օրինակը, ապա դա պետք է արվեր ոչ թե նրա ներքին ժողովրդավարությանը միջազգային հանրության նպաստելու դաշտում Արցախի հետ համեմատության տեսանկյունից, այլ՝ Կոսովոյի անկախության ճանաչման հենց արևմտյան երկրների բերած հիմնավորումները հիշեցնելու: Ի վերջո, Կոսովոն մի շարք երկրների կողմից ճանաչվեց հենց այն հիմնավորմամբ, որ դա է նրա և այդ տարածաշրջանում ապրող մուսուլման ալբանացիների անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը: Նույն այդ պատճառաբանությամբ 2008թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը, ի դեպ, ճանաչեց Աբխազիայի և Հր. Օսիայի անկախությունը:

Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմը՝ ուղեկցված այդ երկրում բացահայտ, պետական մակարդակով իրականցվող հայատյացության ու նացիզմի քաղաքականությամբ, տալիս են Արցախի ճանաչման պահանջը միջազգային հանրության առջև դնելու և հիմնավորելու լիարժեք հնարավորություններ: Եթե ՄԽ համանախագահող երկրներն իսկապես ցանկանում են կասեցնել հնարավոր պատերազմը և Ադրբեջանին ստիպել նստել բանակցությունների սեղանին, ապա միակ գործուն միջոցը նրա համար Արցախի անկախությունը ճանաչելու սպառնալիք առաջացնելն է: Եթե հաջողվի հասնել միջազգային հանրության մոտ այս ընկալման ձևավորմանը, ապա կարելի է դնել այն իրականություն դարձնելու խնդիր:

Իհարկե, բացառված չէ, որ Ադրբեջանը նաև դա կմերժի՝ շարունակելով կամ ավելի զարգացնելով սողացող պատերազմի իր ներկայիս ուղեգիծը: Բայց գոնե այդ դեպքում փոխված կլինի այսպես կոչված «դիվանագիտական ստատուս քվոն» և հայկական կողմը կսկսի ոչ թե կրկին արցախիցիների ինքորոշման իրավունքի իրացման դաշտ ստեղծելու դիրքերից, ինչպես եղավ ապրիլյան պատերազմից հետո, այլ Արցախի անկախության ճանաչման: Եվ եթե պատերազմն անխուսափելի է, ապա այդ դեպքում միջազգային հանրության համար ոչ միայն շատ ավելի ընկալելի և արդարացված կլինի Հայաստանի կողմից ԱրՀ-ի ճանաչումը, այլև դրանից հետո գուցե ոչ թե մեկ երկիր կհետևի Հայաստանին, այլև նման երկրների շքերթ սկսվի:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՀՀ իշխանությունները այդպես էլ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ հետևյալին. ՈՐՏԵ՞Ղ է բանակցությունների 3-րդ կողմը՝ Արցախն ինքը: ՀՀ-ն իրեն Ի՞ՆՉՈՒ է խցկել բանակցությունների մեջ: ԵՏՄ մտնելիս Հայաստանը պաշտոնապե՛ս հայտարարեց, որ ԼՂՀ-ն ՀՀ-ի մաս չէ: Է՜հ,բա էլ ի՞նչու եք խառնվում ԼՂՀ-ի ներքին գործերին ու ի՛ր սահմանների հարց որոշում,եթե այդպես է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԼՂՀ-ի մինչև հիմա ճանաչված չլինելու ամենահիմնական պատճառներից մեկն այն է,որ այն ԴՈՒՐՍ է մղվել բանակցային կողմ լինելու ստատուսից ու կոնֆլիկտը սկսել է դիտվել որպես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃ: ՀՀ-ն,վաղ թե ուշ, ՍՏԻՊՎԱԾ է լինելու ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը,որովհետև ես չե՛մ կարծում,որ Ադրբեջանը երբևէ պայմանագրով հող կզիջի ՀՀ-ին:................................. Հետո՝ ՇԱՏ կարևոր է,որ ՀՀ-ի (ու հատկապես ԼՂՀ-ի) համապատասխան պետական մարմինները ԱՄԵՆՈՒՐԵՔ ու ամեն ամբիոնից հայտարարեն այն փաստի մասին,որ Նախիջևանը հայաթափվել ու Նախիջևանում հայկական մշակութային արժեքները ՊԵՏԱԿԱՆ մակարդակով ոչնչացվել են: Այսինքն՝ ԼՂՀ-ն ԵՐԲԵՔ չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ,քանի որ Նախիջևանի օրինակը de facto ԱՊԱՑՈՒՅՑ է, որ դա անհնար է,քանի որ ՆՈՒՅՆ ճակատագրին կարժանանա Արցախի հայությունը:
Արա
...դրանով իսկ «ջրել» 1991թ. ԼՂ անկախության հանրաքվեն... Կիսագողական արտահայտությունը չակերտների մեջ դնելը չի արդարացնում քաղաքական վերլուծության մեջ դրա օգտագործումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter