HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

Տերերն ու ծառաները մշակույթի ոլորտում

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շատ ակտիվ անցավ գործի: Մինչ նրա նշանակումը նախարարությունը բարեհաջող նիրհում էր՝ հայտնվելով հանրային կյանքում կա՛մ երբ իշխանությունները հարկ էին համարում գովազդել ու հանրայնացնել որևէ պետական միջոցառում, կա՛մ այն դեպքերում, երբ առաջանում էր քննադատության լուրջ և անհապաղ առիթ:

Իսկ նոր նախարարն իր պաշտոնավարման ընթացքում սկսեց հաճախ ելույթներ ունենալ, խոստանալ փոփոխություններ և տարբեր վերադասավորումներ իրականացնել նախարարության ենթակայության տակ գտնվող միավորումներում: Արմեն Ամիրյանը հանրային մարդ է, ում համար ելույթներ ունենալ ու հարցազրույցներ տալը դժվար չէ: Նա ընդհանրապես ոչ միայն շատ ակտիվ, այլև ակնհայտ հեշտությամբ անցավ գործի՝ առանց ռեֆլեքսիվ խոհերի, զգուշավոր քայլերի ու ներքին անհարմարավետության:

«Կյանքի ռիթմն է փոխվել, մենք պետք է արագ մտածենք և արագ գործենք: Փոքր-ինչ հապաղելը նշանակում է գործերի լիակատար չեզոքացում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է նա:

Նաև այսպիսի մոտեցում է նախանշել. «Չեմ եկել այստեղ նախարար աշխատելու, եկել եմ ծառայելու իմ հայրենիքին... Չեմ հոգնում, չեմ տրտնջում և, հավատացեք, որ Աստվածային մի հզոր ուժ է իջել վրաս, որն առաջնորդում է ինձ: Ուժերս հազարապատկվել են. բոլոր խնդիրների լուծումները տեսնում եմ շատ մոտ ապագայում, շատ հեշտ կարողանում եմ գտնել բոլոր խնդիրների լուծումներն ու ձևակերպումները: Տարօրինակ զգացողություն է: Կարծում եմˋ սա ևս Աստվածային շնորհ է, Աստվածային առաջնորդություն»:

Աստվածային առաքելությունը ոչ մի պարագայում ու ոչ մի պաշտոնում մեկնաբանել չի ստացվի, բայց կարելի է փորձել մեկնաբանել ՀՀ մշակույթի նախարարության նախանշած նոր ընթացքը, որը նախարարն այսպես է բացատրել. «Կտրուկ փոխելու եմ առկա մոտեցումներն ու փորձելու եմ ժամանակակից մեթոդներով մշակույթը բերել դեպի ժողովուրդը»:

Իսկ ավելի մանրամասն այսպես. «Չի լինելու անձնական շահ: Միայն պետության, ժողովրդի, մշակույթի զարգացման շահն է լինելու կենտրոնում: Ամեն բան պետք է մարդուն ծառայի: Առավել ևս մշակույթը պետք է ծառայի մարդուն»:

Եթե նմանատիպ ընդհանրական ու հարթ բառերի հաճախակի գործածումը համարենք ոչ պատահական, ուրեմն այսօր մեր մշակույթի նախարարությունը շատ կարևոր դիսկուրսի սկիզբ է դնում: Օրինակ, առաջարկում է վերաիմաստավորել «մշակույթ», «աստված», «ժողովուրդ», «ծառա» բառերը: Ի վերջո, «մշակույթը պետք է ծառայի ժողովրդին» կարգախոսը որքան էլ սահուն (նաև որոշ իմաստով՝ ռետրո) հնչի, միևնույն է, դուռ է բացում դեպի խրթին հարցերի խուրձը:

Իհարկե, նախարարը գիտե, որ մշակույթը ոչ միայն ժողովրդին, այլև ընդհանրապես ոչ մեկին չի ծառայում: Դա մի նյութ է, որը տարալուծված է միջավայրում՝ քաղաքի ու գյուղերի կառույցներում, հաղորդակցվելու և պարզապես զրուցելու ավանդույթում, հագուստում, ապրելաձևում, հանրային տրանսպորտում, ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում, երաժշտական ֆոնի, խոհանոցի ու խոսելաոճի մեջ: Եվ կարևորը՝ խոսքերի գործածության տիրույթում, որն ունի թե՛ մակերես, թե՛ խորխորատներ:

Եվ հասկանալի է, որ եթե Հայաստանում հայտարարվում է «ազգ-բանակ» նոր ենթագիտակցական կապի մասին, ուրեմն այդ բառերի շարանում ավելանում է նաև «մշակույթ-ժողովուրդ» շղթան: Իսկ ինչու՞ ոչ, եթե երկու տարբերակներն էլ արդեն փորձարկված են միապետական պետությունների կառավարիչների կողմից և արդեն ավանդույթ են:

Մշակույթ է այն ամենը, ինչը մեզ շրջապատում է, այսինքն, կյանքը: Եվ եթե տարբեր հարթակներից հնչում է այն միտքը, որ կյանքը պետք է ծառայի մարդուն, ուրեմն մեր նախարարը հեղափոխական գաղափարներ է ուզում առաջ տանել: Պարզապես դա քողարկում է տոտալիտար համակարգերին հատուկ բառապաշարով:

Ի վերջո, հենց ծագում է «ծառա» բառի անհրաժեշտությունը, միանգամից հայտնվում է տիրոջ կերպարը: Եվ ստացվում է, որ երբ ինչ-որ մեկը տիրոջ կարգավիճակում անորսալի նյութը (մշակույթը) սկսում է ծառայեցնել, մշակույթը դադարում է լինել կյանք և վերածվում է գործիքի:

Ընդհանրապես ուղղահայաց գործող համակարգերում գործող կառավարիչներին հատուկ է խոսել ոչ թե փոքր քայլերի, այլ ավելի լայն ու ծանրակշիռ կոնցեպտների անունից՝ պետության, ժողովրդի, ազգի, ավելի Մեծի: Եվ այդ պատկերացումների համաձայն էլ՝ մշակութային գործունեությամբ զբաղվողն էլ է հանդիսանում Մեծի փոխանցողն ու երաշխավորը:

Մշակույթը ժողովրդին ծառայեցնելու գաղափարին  ՀՀ մշակույթի նախարարությունը այժմ ավելացրել է նաև «կապիտալիզացիա» բառը և վերափոխումներ է անում այդ երկուսի համադրությամբ: Ժողովրդի անունից խոսելն, ընդհանրապես թրենդ է վաղուց, իսկ կապիտալիզացիան՝ թրենդի վերագործարկում: Վաճառելու ու ծառայեցնելու իմաստային արանքը սեղմված է:

Նախարարն ասել է, որ մշակույթը պետք է դիտարկել որպես «վաճառվող ապրանք, որովհետև եթե այն չդառնա վաճառվող, այն չի կարող հանրահռչակվել աշխարհով մեկ,  չի կարող ունենալ ընդունելություն անգամ հայրենիքում, հայրենակիցների կողմից»։

Փորձենք հասկանալ, թե ինչպես է կատարվելու ծառայեցնելու ու կապիտալիզացիայի ենթարկելու գործընթացը պատկերային արվեստը ներկայացնող կառույցներում:

Տեսլական՝ թանգարանների մասին

Արմեն Ամիրյանը խոստացել է փոխել խաղի կանոնները: Բայց հանդգնենք ասել, որ երբ երկար ժամանակ խաղից դուրս են լինում, խաղի կանոնները փոխելով երբեք խաղ չես վերադառնա: Իսկ մեր թանգարաններին հիմա առաջին հերթին հարկավոր է խաղի մեջ մտnել: Եվ ոչ թե որպես դեկորացիա, այլ որպես վաղուց ընդունված կառուցվածքի մի աղյուս:

Հիմա Հայաստանի ազգային պատկերասրահում առաջնային են համարվել վիրտուալ թանգարանի ստեղծումը, որը կգործի 9-րդ հարկում և որտեղ հայ դասական երաժշտության ուղեկցությամբ կցուցադրվեն կերպարվեստի բացառիկ նմուշներ: Երևանում ստեղծվելու է տիկնիկների թանգարան, իսկ Սևանում՝ ստորջրյա թանգարան, որի հիմքը սոցռեալիստական քանդակներն են: Հայտարարված ծրագրերից է լուսանկարչության և գորգարվեստների թանգարանների հիմնումը: Նաև ներդրվելու է աուդիո վիզուալ ծրագիր, որը բջջային հեռախոսի հավելվածի միջոցով հնարավորություն կտա ծանոթանալու ցուցանմուշներին՝ տասը լեզուներով: 

Զբոսաշրջության գրավչությանն ու «մշակույթի վաճառքին» ուղղված այս քայլերը կարծես բացառել են խոսակցությունն այն մասին, թե որն է թանգարանների հավաքածուները դասակարգելու միջազգային պրակտիկան և ինչու ենք մենք անհուսալիորեն դուրս մնում միջագային թանգարանային քարտեզից: Հաստատ, ոչ այն պատճառով, որ թանգարաններում վիրտուալ սրահներ չկան կամ բացակայում են ստորջրյա ցուցադրությունները: Մենք դուրս ենք մնում տրամաբանության տեսակետից:

Սա կոնցեպտուալ հարց է:

Բավական է մտնել Հայաստանի Ազգային պատկերասրահի  կայքի «հավաքածու» բաժինը՝ տեսնելու համար, թե ինչպես է արվեստի ամենամեծ պահոցը պատկերացնում աշխարհի կարգն ու այդ աշխարհում Հայաստանի հետքը: Արվեստի գործերը դասավորված են այնպես, ինչպես ընդունված էր սովետական տարիներին՝ հայկական, ռուսական, եվրոպական: Այսինքն, դա այն մեկնակետն է, որը անհասկանալի է թանգարանների պրոֆեսիոնալներին ու այցելուներին:

Բայց քանի որ հավաքածուների ներկայացման ապասովետականացում չի արվել ու անցում չի կատարվել ավելի հասկանալի ու տրամաբանական  բաժանման (ըստ արվեստի ուղղությունների, դարաշրջանի կամ էլ՝ քաղաքակրթական ունեցվածքի), հայկական արվեստը դատապարտված է ներկայացվել որպես գետտոյացված մի բաժին: Ասենք, եթե լավ իմպրոսիոնիստներ ունենք, նրանք միևնույն է կմնան հայկական տիրույթում ու մեծ հոսանքի մաս չեն կազմի:

Այսպիսի շրջանակումը տարակուսելի է հատկապես, երբ բովանդակային ունեցվածքը ծառայեցնելու խնդիր է դրվում: Պարզ է, որ այդպես կրկին շրջանառության մեջ է դրվում կայսերական մոտեցումը, հետևաբար նաև մեր ինքնագնահատականը՝ որպես առանձին, աշխարհից կտրված և որոշակի էկզոտիկա ունեցող տարածքի: Այդպիսով, ինքներս մեզ դուրս ենք դնում թանգարանային քարտեզից՝ ավելացնելով միայն գավառի գրավչությունը զբոսաշրջիկների համար:

Բարդ լինելու հաճույքը

Թանգարանների աշխատանքի կարևոր բաղադրիչը ժամանակակից համատեքստի զգայական որսումն է: Իսկ մեր պատկերասրահը չի մոդեռնացրել ո՛չ իր գաղափարախոսությունը, ո՛չ թանգարանային քաղաքականությունը: Այն շարունակում է անել «միջոցառումներ», իսկ եթե միջոցառում չէ, այդ մասին իշխանությամբ օժտվածները գրեթե չեն հիշատակում:

Անցյալ տարի պատկերասրահում բացվեց ամենահետաքրքիր ցուցադրություններից մեկը՝ «18-20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկա»-ն, որը դեկորացիա լինելուց ազատ էր և փորձում էր հասկանալ, թե որտեղ է հայկական հետքը ավանգարդում և ինչու այն տարալուծվեց հետագայում որդեգրված սովետական միապաղաղ ֆորմատի մեջ: Ինչու կորան հնարավորությունները լինելու ավելի բազմագույն ու տարբեր, որն էլ հանգեցրեց պարտության:

Այդ հարցը հենց արվեստն է բարձրացնում և արվեստի դաշտի համատեքստերը որսացող մարդիկ: Ուշագրավ է, որ թե՛ նախարարը, թե՛ պատկերասրահի տնօրենը ոչ թե այդպիսի ցուցադրություններն են համարում հիշատակման արժանի, այլ ավելի պարզ փաթեթավորված ու մտքի խաղ չենթադրող նախագծերը (ասենք, Այվազովսկու կտավներին երաժշտություն գումարելը կամ դրանք 3D ձևաչափի վերածելը) :

Իհարկե, գաղափարների ու լիցքերի պահպանման հարցն ամեն թանգարան յուրովի է լուծում, սակայն կա մի անհրաժեշտ նախապայման. թանգարանը ոչ թե ապրանք է առաջարկում, այլ երկխոսություն դիտողի հետ: Եվ զրույցը «կապիտալիզացիայի» ենթարկելն անհնար է, քանի որ դա փողով, ծափահարություններով կամ մեծ ու վեհ բառերով չի չափվում: Համենայնդեպս, մտքի խորությունն ու լայնությունը դեռ չափել չի ստացվում:

Մշակույթի նախարարն ասել է. «Իմ խորին համոզմամբ, վաստակավոր է այն նկարիչը, որը շատ  պահանջված է, որի ցուցահանդեսներին շատ մարդ է գնում: Եվ վերջ: Վաստակավոր է այն ռեժիսորը, ում ֆիլմերը լեցուն դահլիճներ են հավաքում»:

Նմանատիպ «կապիտալիզացիան» ծուղակ է հասարակության համար, բայց միգուցե շահեկան՝ մշակույթը ծառայեցնողների տեսակետից: Ամեն դեպքում, երբ ցուցահանդես և ֆիլմերի դիտումների շատ մարդ է գնում, ստեղծվում է փոփ-մշակույթի ֆոն, և կարելի է խոսել ունիվերսալ, զանգվածային ուղերձների մասին: Իսկ հետսովետական մարդը մասսայականից զատ ուզում է անհատական զրույցի բռնվել արվեստի գործերի հետ և ինքն իրեն ընկալել որպես նոր մարդ:

Նրան ոչ այնքան անցյալի գեղեցիկն է պետք, որքան անհասկանալին հարազատը դարձնելու փորձը: Իսկ նորն ու անհասկանալին ոչ թե ձևն է, այլ բովանադակության դասավորումը:

Եվ հենց դրանով էլ զբաղվում եմ աշխարհի լավագույն թանգարանները. ոչ թե խուսափում են բարդությունից, այլ ընդգծում են բարդ լինելու գրավչությունը:

Այժմ Հայաստանին սպասվող թանգարանային բարեփոխումների տեսադաշտից, օրինակ, իսպառ բացակայում է ժամանակակից արվեստը (contemporary art), որն իր էությամբ դեմ է գեղեցիկ «միջոցառումներին» ու արվեստը մոտեցնում է ակցիայի մակարդակի: Բայց որքան կարելի է հասկանալ, հիմա հայտարարված «կապիտալիզացիան» շեշտադրումն անում է ոչ թե դիտողի համամասնակցության ու մտքերի վերադասավորման, այլ հաճելի բան մատուցելու վրա: Այսինքն, խրախուսվում է սպառողական ընկալումը: Ասենք, վերնիսաժի մոդելով:

Համենայնդեպս, հստակ է, որ, օրինակ, կինոդահլիճներում ամենաշատը դիտվում են թեթև ու հաճախ գոտկատեղից ներքև կատակների վրա հիմնված կոմեդիաները: Թանգարանների տեսակետից՝ բարձր դիտելիություն կունենան ոչ թե որոնման ու քննարկման վրա հիմնված բարդ ցուցադրությունները, այլ՝ միանգամից հասկանալիները (ասենք՝ ազգայինով, գենետիկ նույնացմամբ  ու եռաչափ մատուցմամբ նմուշներով հպարտանալը՝ առանց միջազգային համատեքստի պատկերացումների): Որոնք ոչ թե մտածելու են դրդում, այլ հիանալու:

Մշակույթի նախարարության կայքն ունի բաժին, որը վերնագրված է «Մեր հաղթանակները»:  Բաժնի լուրերը սկսվում են մոտավորապես այսպես՝ «Հայաստանը հերթական հաղթանակը գրանցեց...» և հետո հիշատակվում են որևէ մրցույթ, պրեմիերա կամ հուշագրի ստորագրում:

Սա նոր ունիվերսալություն գտնելու փորձ է (ինչպես ազգ-բանակը): Ի վերջո, եթե նշվում են հաղթանակները, հարկավոր է նշել նաև պարտությունները: Բայց դա չի քննարկվում, մենք պարտություններ չունենք:

Հիմա թրենդային է միանշանակությունը և անտեսումն այն փաստի, որ երբ պարտությունները նշել չես կարող, հոգեպես ավելի ազնիվ կլինի անտեսել նաև հաղթանակները, քանի որ մեկի հաղթանակը մյուսի պարտություն է:

Թերևս նախարարության նոր կուրսն էլ հենց դա է՝ բացառել պարտության մասին բոլոր դիսկուրսները: Տերը պիտի հաղթող լինի:

Մեկնաբանություններ (4)

Գերասիմ Մկրտչյան
Բարձրացված հարցերը որոշակիորեն ունեն այժմեական երանգ, ցավոք ավելի շատ հռետորականհնչեղությամբ, քան խորը մասնագիտական: Եվ պետք չէ շահարկել խորհրդային տերմինը: Իսկ որ ցուցադրություննեը և բովանդակային և կառուցվածքային առումով որոշակի փոփոխման կարիք ունեն դա ժամանակի հրամայականն է:Մեր ցուցադրությունները առավել գիտական են և համակարգված, սակայն հսկայական աշխատանք ունենք անելու դրանց հանրահռչակման և ըստ հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների ներկայացման և այստեղ էլ քաղաքակիրթ ձևով կգնա > >
Sona
Գեղեցիկ ժպիտով խոսեը,ելույթներ ունենալը, փոփոխություններ խոստանալը բնորոշ է Արմեն Ամիրյանին,բայց դրանից այն կողմ արժեքավոր ոչինչ չի արվի մեր մշակութային դաշտում,եթե այն ավելի չքայքայվի,ավիրվի և մասնավորեցվի որոշ անհատների կողմից:Մշակույթի ոլորտում փոփոխություն անողը պետք է գիտակ լինի այդ ոլորտից,իր ներսում այդ արժեքների կրողը լինի,ցավոք դա բնորոշ չէ մեր այսօրվա նախարարին:Հերթական հուսախաբության վառ օրինակը...
Քամ
Շնորհակալություն հեղինակին իրատեսական և հետաքրքիր հոդվածի համար, այլապես տպավորություն էր որ հաջողվել է դեգրադացնել նաև հայաստանյան արվեստով մտահոգ մասագետների պոտենցիան:
Katya Grigoryan
իսկական հաղթանակ է, երբ էս հետսովետական մոդեռնիստները միջակությունը, որպես դրոշԱԿ ծածանում են ՀԱՅՐԵՆԻՔԻ գլխին: Սրանք պաշտոնյաներ չեն, սրանք Ս. Սարգսյանի կոսմետիկ ռեմոնտի տարրերն են: Իհարկե հեշտ են տրվում լուծումները, մարտնչող տգիտությունը ևս աստվածային համոզմունք է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter