HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչեր էր թաքցնում Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա

Մարտի 14-15-ին պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Նա բանակցություններ ունեցավ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, այնպես էլ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Այցը պաշտոնապես տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում: Սակայն թե՛ մոսկովյան բանակցությունների օրակարգը, թե՛ այցի համար ընտրված ժամանակահատվածը հուշում են, որ իրականում նման խորագիրն ընդամենը այցի իրական շարժառիթները թաքցնելու հնարք է:

Սարգսյանի մոսկովյան այցը տեղի ունեցավ դրան նախորդած երկու ակնառու իրադարձություններ ֆոնին: 

«Եվ, և»-ի փորձությունը

Նախ՝ փետրվարի 26-28-ը Սերժ Սարգսյանն այցելել էր Բելգիա, որտեղ ոչ միայն բավականին ներկայացուցչական հանդիպումներ էր ունեցել եվրոպական բոլոր կառույցների, այդ թվում նաև՝ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, այլև ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հայտարարել էր Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ  բանակցություններն ավարտելու մասին:

Չնայած այս նոր համաձայնագիրը լիովին չի փոխարինում 2013թ. Ռուսաստանի անմիջական ճնշմամբ ձախողված ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրին, քանի որ դրանից բացակայում է ամենակարևոր՝ տնտեսական ինտեգրման բաղադրիչը, սակայն կարևոր քայլ էր Հայաստանի կառավարման, տնտեսական ենթակառուցվածքային համակարգերը եվրոպական չափորոշիչներին մոտեցնելուն ուղղված բարեփոխումների հանձնառություն ստանձնելու առումով: Իր անմիջական շահերի գոտին ընդգրկող հետխորհրդային երկրների կողմից դեպի Արևմուտք ուղղված բոլոր ինտեգրացիոն նախաձեռնություններին չափազանց մեծ խանդով վերաբերվող Ռուասատանը չէր կարող Հայաստանի այս արդյունքի հանդեպ անտարբեր լինել՝ անկախ ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության իրողությունից:  Սերժ Սարգսյանին Մոսկվա հրավիրելու հիմնական պատճառներից մեկը ամենաբարձր մակարդակով հռչակելն էր, որ անկախ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից՝ Հայաստանը մնում է ընդգծված ռուսական գծի կրող և հավատարիմ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալին: Այս ուղերձը բառացի արտացոլվեց նախագահների համատեղ հայտարարությունում: Այսինքն՝ Ռուսաստանը փաստացի հաստատեց, որ ճանաչում է Սերժ Սարգսյանի հռչակած «և, և»-ի՝ այսպես կոչված փոխլրացնող քաղաքականությունը, եթե եվրոպական «և»-ը չի հավասարակշռում ռուսականին: Սա Երևանի համար չարյաց փոքրագույնն է: Նման արդյունքի հասնելու համար պաշտոնական Երևանը ջանք չէր խնայել: Մինչ Սերժ Սարգսյանի այս այցը Մոսկվայում էին եղել Հայաստանի վարչապետը, պաշտպանության նախարարը՝ ոչ միայն զուտ բանավոր հավաստիացումներով, այլև ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի զարգացմանը, հայ-ռուսական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ ներկայացնելով՝ կաթիլ առ կաթիլ Կրեմլի մոտ ձևավորելով այն համոզմունքը, որ Երևանի եվրոպական նախաձեռնությունների թիկունքում Ռուսաստանի դեմ ուղղված դավադրություն չկա: Պատահական չի կարելի համարել նաև, որ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցին հաջորդեցին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի այցերը Երևան, Հայաստանի մայրաքաղաքում ռուսական նախաձեռնություն հանդիսացող «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի արտագնա նիստի կազմակերպումը ռուս փորձագետների և ամենաբարձր մակարդակով Հայաստանի իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Եվ Ռուսաստանի լոյալության մեջ նախապես համոզվածությունն էր, թերևս, պատճառը, որ Մոսկվա ուղևորվելուց առաջ Սերժ Սարգսյանը EFE իսպանական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց. «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Մենք ոչ մի պատճառ չենք տեսնում այդ կապերը խզելու համար, իրականում մենք ցանկանում ենք ուժեղացնել և խորացնել այդ կապերը: Միևնույն ժամանակ, մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Մենք ոչ մի հակասություն չենք տեսնում մեր քաղաքականությունում: Հակառակը՝ մենք վստահ ենք, որ դա փոխլրացնող է»: Նման ինքնավստահություն պաշտոնական Երևանի մոտ չէր զգացվում 2013թ. սեպտեմբերի 3-ի նախօրեին: 

Ռուս-թուրքական սիրախաղեր. ռիսկեր և շանսեր 

Երկրորդ իրադարձությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցն էր Ռուսաստան, որը նախորդեց Սարգսյանի այցին եւ որի ընթացքում կողմերը հայտարարեցին 2015թ. նոյեմբերից կտրուկ խաթարված հարաբերությունները գրեթե ամբողջ ծավալով վերականգնված լինելու և սիրիական ճգնաժամի ու երկկողմ էներգետիկ, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության խորացման հարցում կոնկրետ համաձայնությունների հասնելու մասին: Խոսքը վերաբերում էր ոչ միայն «Թուրքական հոսք» և Թուրքիայում ռուսական կապիտալով «Աքքույու» ատոմակայանի շինարարության վերսկսմանը, այլև Թուրքիային հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից С-400 համակարգերի մատակարարմանը:

Մոսկվայում Էրդողանը հայտարարել էր, թե Պուտինի հետ քննարկել է Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան դաշինք ստեղծելու հարցը: Եվ քանի որ ռուսական կողմն անարձագանք թողեց հայտարարությունը, այն պետք է անհանգստացներ Երևանին: Սարգսյանի այցից առաջ «Վալդայ»-ի երևանյան նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արդեն այդ անհանգստությունն արտահայտել էր՝ հիշեցնելով 1921թ. Մոսկվայի ու Կարսի դավադրական պայմանագրերով հայկական տարածքների հանձնումը Թուրքիային՝ որպես ռուս-թուրքական ջերմացման ամոթալի և վիրավորական արդյունք: Պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը խնդիր ուներ հասկանալու, թե որքանով կարող են Ռուսաստանի և Թուրքիայի վերջին սիրախաղերն անդրադառնալ Հայաստանի կենսական շահերին, ԼՂ հիմնահարցին: Որովհետև, օրինակ, այնքան էլ հասկանալի չէ, թե ո՞ւմ դեմ կիրառելու կամ ումի՞ց պաշտպանվելու համար է Ռուսաստանն այդ ժամանակակից ՀՕՊ համակարգերը տրամադրում Թուրքիային, երբ վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Հայաստանը Սիրիայից հետո երկրորդ երկիրն է, որը Թուրքիայի հարևանությամբ ունի տեղակայված ռուսական ռազմաբազա: Կարելի է հիշել 2015-16թթ. ռուս-թուրքական առճակատման օրերին Անկարայից  հնչող այն հայտարարությունները, թե Գյումրու 102-րդ ռազմակայանն իրենց համար սպառնալիք է: Ու, թերևս, պատահական չէր Պուտինի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին Սերժ Սարգսյանի արած հայտարարություն-առաջարկը Գյումրիում հայ-ռուսական համատեղ ռազմա-արդյունաբերական համալիր ստեղծելու վերաբերյալ: Այն պետք է ընկալել ոչ միայն որպես Ռուսաստանից ներդրումներ ներգրավելու, այլև Հայաստանի պաշտպանունակությունն ավելացնելու և Հայաստանի անվտանգության նկատմամբ Ռուսաստանից հավելյալ երաշխիքներ ստանալուն ուղղված մանևր: 

Ադրբեջանի ռուսական բլոկադան

Ի դեպ, անվտանգության տեսանկյունից հատկանշական էր Պուտին-Սարգսյան համատեղ հայտարարության մեջ հատուկ և բավականին ծավալուն անդրադարձը ԼՂ հիմնահարցի կարգավորմանը: Առաջին հայացքից թվում է, թե դրանում որևէ նոր միտք չկա, և ձևակերպումներն ու ուղերձները գրեթե լիովին համապատասխանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների բովանդակությանը: Սակայն, ինքնին համատեղ հայտարարության մեջ նման անդրադաձն ուղերձ էր, որ ներկա պահին Երևանն ու Մոսկվան այդ հարցում ունեն գրեթե լիարժեք փոխըմբռնում: Թեև կողմերը նախկինում հանդիպումների ժամանակ ևս կանոնավոր անդրադարձել են ԼՂ կարգավորմանը, սակայն դրանք եղել են հիմնականում առանձին. Ռուսաստանը՝ որպես ՄԽ համանախագահող, Հայաստանը՝ որպես հակամարտության և բանակցող կողմ: Մինչդեռ այս անգամ համատեղ հայտարարության ենթատեքստային ուղերձը կարծես այն է, որ կարգավիճակային այդ տարբերություններն էական չեն, և երկրները խոսում են միևնույն լեզվով: Ուղերձի հիմնական հասցեատերը Ադրբեջանն էր:

Համատեղ հայտարարության մյուս նպատակը Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմամբ ԼՂ կարգավորման բանակցությունների վերսկսման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափի արդյունավետության համատեղ ամրագրումն էր: Սա փաստացի կարելի է համարել գոնե այս փուլում ՄԽ եռանախագահությանը զուգահեռ ստեղծած Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների սեպարատ եռակողմ ձևաչափից, դրանով իսկ կարգավորման ամբողջական գործընթացի «տնօրինումն» իր ձեռքը վերցնելու նախկին ագրեսիվ հավակնությունից Ռուսաստանի հրաժարվելու մանիֆեստը: Առաջին հերթին այն նշանակում է, որ Ռուսաստանը դադարում է հիմա ջուր լցնել Բաքվի՝ ՄԽ ձևաչափն ավելորդ ու անգործունակ դարձնելու և բացառապես Ռուսաստանի միջոցով Հայաստանից զիջումներ կորզելու Բաքվի ուղեգծի վրա: Մոսկվան Բաքվին հասկացնում է, որ Ռուսաստանը գուցե կկատարի Հայաստանի անվտանգության ապահովման հետ կապված իր պարտավորությունները, եթե Ադրբեջանը որոշի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Հարցն, իհարկե, այստեղ այն չէ, թե որքանո՞վ է անկեղծ Ռուսաստանը: Նրան վստահելու ոչ մի հիմք չկա: Էականն այն է, որ այս ուղերձով Ռուսաստանը զգոնացնում է Բաքվին, նրան զրկում այն վստահությունից, որ լուռ սպասարկելու է նրա պատերազմական շանտաժային հռետորաբանությունը: Մոսկվայի դիրքորոշման այս փոփոխությունը կարելի է հասկանալ: Այնտեղ չեն ցանկանում տարածաշրջանում որևէ այնպիսի լարման հետ գործ ունենալ, որը կարող է հարցականի տակ դնել ռուս-թուրքական ներկայիս մերձեցումը: Արդյունք, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս անկաշկանդ շահեր թելադրել շատ ավելի մեծ՝ մերձավորարևելյան տարածաշրջանի կտրվածքով: Այդ հանգամանքը հիմա, փաստորեն, բխում է ԼՂ հարցում առկա ստատուս-քվոն պահելու պաշտոնական Երևանի շահերից: 

Նախընտրական աջակցության ռուսական գինը  

Բայց Սերժ Սարգսյանին Մոսկվա հրավիրելու հիմնական նպատակը սպասվող խորհրդարանական ընտրություններում Հայաստանի գործող իշխանությանն անվերապահ աջաակցություն հայտնելն էր: Սովորաբար, ընտրական իրադարձությունների հանդեպ անտարբեր ՌԴ նախագահը թե՛ Սարգսյանի հետ բանակցությունները սկսելուց առաջ արարողակարգային խոսքում և թե՛ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հատուկ անդրադարձավ Հայաստանում իրականացվող սահմանադրական փոփոխություններին և անցկացվող խորհրդարանական ընտրություններին: Նա ընդգծեց, թե համոզված է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը բարեհաջող կհաղթահարի այս շրջափուլը և ժողովրդավարական ընտրություններ կանցկացնի:

Կարելի է ասել՝ դա գործող իշխանության վերարտադրման անուղղակի «ակնկալիք» էր Սերժ Սարգսյանից և անուղղակի միջամտություն ներհայաստանյան կյանքին: Փորձը ցույց է տալիս, որ նման աջակցությունը սովորաբար վճռորոշ, նույնիսկ կանխորոշիչ ազդեցություն է ունենում հայաստանյան համապետական ընտրություններում՝ ցանկալի արդյունքներ ապահովելու համար ազատելով իշխանության ձեռքերը: Փորձը նաև ցույց է տալիս, որ սովորաբար Կրեմլի նման «ծառայությունը» գին է ունենում, որը հետագայում վճարվում է ոչ թե իշխանական քաղաքական ուժի, այլ պետության ինքնիշխանության ու կենսական շահերի որոշակի զոհաբերման հաշվին: Արդյոք այս անգա՞մ էլ Կրեմլը նման գին կպահանջի, դժվար է ասել: Դա կպարզվի ընտրություններից հետո: Բայց երկու հանգամանք թույլ են տալիս ասելու, որ այս անգամ վճարվող «գինը» կարող է այլ բան լինել:  Ռուսաստանը ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում ունեցած խնդիրների պատճառով այն վիճակում չէ, որ ստիպի Հայաստանին է՛լ ավելի մեծ զոհողությունների գնալ: Մանավանդ անցած տարվա հուլիսից հետո, երբ «Սասնա ծռեր»-ը, ցնցելով հայաստանյան ներքաղաքական ու ներհասարակական կյանքը, պայթյունավտանգ վիճակ ստեղծեցին Մոսկվայի համար՝ իրատեսական դարձնելով Հայաստանի վասալային կարգավիճակն է՛լ ավելի շահագործելու դեպքում Հայաստանը կորցնելու հեռանկարը: Այնպես որ, Մոսկվան կաշխատի հիմա ավելի զգույշ լինել, մանավանդ որ ունի շատ գործուն այլընտրանքային խաղաքարտ. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը:

Սերժ Սարգսյանը թե՛ Մոսկվային և թե՛ հայաստանյան հասարակությանն ամեն կերպ համոզում է, որ Կարապետյանն «իշխանության ժառանգորդի» իր թեկնածուն է: Արդեն հայտարարվել է, որ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթելուց հետո նա է լինելու վարչապետը: Իսկ Կարապետյանն իր հերթին անսքող ցանկություն է հայտնել այդ պաշտոնում լինել նաև 2018թ. Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո: Որ վերջինս վայելում է Մոսկվայի վստահությունը՝  համարվելով Հայաստանում իր յուրատեսակ «գուբերնատորը», վկայեց մեկուկես ամիս առաջ պաշտոնական այցի շրջանակներում նրան բարձր մակարդակով և մեծ շուքով ընդունելու իրողությունը:

Հենց այս գործոնը կարող էր ստիպել Կրեմլին խաղադրույք կատարել Հանրապետական կուսակցության  վրա՝ անտեսելով վերջինիս՝ հանրային վստահությունից ու ներքին լեգիտիմությունից գրեթե լիարժեք զրկված լինելու հանգամանքը: Եվ ամենևին չի բացառվում, որ Պուտինը Սերժ Սարգսյանից կարող էր փորձել ստանալ որոշակի երաշխիքներ, որ իշխանության այդ ժառանգումն իսկապես տեղի է ունենալու, ու հենց դա կարող է լինել գործող իշխանությանն աջակցելու ռուսական գինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter