HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկում են անհապաղ հեռացնել Գանձասարի պարսպի նոր երեսպատի սալերը

Գանձասարը եղել եւ մնում է ոչ միայն Արցախի, այլ նաեւ հայ ճարտարապետության գոհարներից մեկը՝ իր մեջ բյուրեղացնելով հայկական ճարտարապետական մտքի լավագույն արժեքները: Ըստ Ալեքսանդր Յակոբսոնի գնահատականի՝ Գանձասարը հայ ճարտարապետության հանրագիտարան է: Այն հանդիսանում է իր ժամանակի հոգեվոր, մտավոր եւ քաղաքական կյանքի լավագույն նկարագիրը՝ արտահայտելով հայ մարդու հարաբերությունը Աստծու, պետության եւ հասարակության հետ:

Վանքային համալիրի պահպանման եւ սերունդներին փոխանցման հարցը այսօր դարձել է ազգային անվտանգության ռազմավարության խնդիրներից մեկը: Սրանով է մեզ համար թանկ Գանձասարը, որի համար այսօր մենք բարձրացնում ենք նրա պատմական եւ ճարտարապետական արժեքի խստագույն պահպանման հարցը:

Գանձասարի վանքի Հովհաննես Մկրտչի եկեղեցին կառուցվել 1216-ից 1238 թթ. միջակայքում: 1240-ին վանքի օծումն է եղել: Վանքերը այդ ժամանակաշրջանում սովորաբար պարսպապատվում էին, և հավանաբար, այդ շրջանից արդեն պարիսպներ վանքը ունեցել է:

«Վանքս ունի մի քանի թաղակապ սենեակներ եւ շրջապարիսպ, որ ունի երեք դուռն- արեւելեան, հարաւային, եւ արեւմտեան կողմերից»,- գրել է Մակար Եպիսկոպոս Բարխուտարեանցը («Արցախ», Բագու, 1895 թվ.)։ Բազմաթիվ 19-րդ և 20-րդ դարերի սկզբի ֆոտոարխիվային նյութերը նույնպես վկայում են պարսպապատերի առկայության մասին, առնվազը այդ ժամանակաշրջանում:

Իհարկե, պարսպապատերը դարերի ընթացքում նորոգվել են, սակայն դա չի նվազեցնում նրա պատմական արժեքը վանքային համալիրում: Նորոգումներ կատարվել են նաեւ 20-րդ դարում: Վերջին մասնակի նորոգությունները տեղի են ունեցել 1980‐ականներին, և չնայած անորակ, սակայն հավատարիմ' եղած շարվածքին: 1989 թվին, Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Հայաստանի հանրապետությունը, դեռեւս ԽՍՀՄ իշխանությունների օրոք և ԽՍՀՄ մշակույթի նախարարության թույլատվությամբ, ձեռնամուխ եղավ Գանձասարի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի իրականացմանը:

Ճարտարապետների խումբը ամենածանր պայմաններում, մեկ ամիս շարունակ ապրելով Գանձասարի խցերում, կատարեց վանքային համալիրի մանրակրկիտ ուսումնասիրում և չափագրում, որից հետո ավարտեց և ներկայացրեց համալիրի վերանորոգման և օգտագործման ամբողջական նախագիծը'քննարկելով եւ հաստատելով այն համապատասխան գիտական-մասնագիտական խորհուրդներում:

Տարիներ անց սկսվեցին վերանորոգման, վերակառուցման շինարարական աշխատանքներ: Սակայն ոչ ոք հարկ չհամարեց աշխատանքները իրականացնել համաձայն նախագծի: Համալիրում իրականացվեցին նոր կառույցներ, որոնք խորթ են հայկական վանքային համալիրների ճարտարապետական հիմնավոր գաղափարներին: Այսօր նոր կառուցված երիցանտերը չեն համապատասխանում նախագծին:

Բացարձակապես ավերվել է համալիրի շրջակա կուսական տարածքը: Տեղափոխվել են պատմական գերեզմանները, եւ տարածքում կառուցվել է նոր սրբատաշ մեծածավալ շենք, որը այդպես էլ չծառայեց իր սկզբնական նպատակին (կառուցվել է որպես ճեմարանի շենք) եւ արդեն հանձնվել է կրթության նախարարությանը որպես ճամբարական շենք: Մի քանի տարի առաջ պարսպապատերը մասնակի նորոգվել եւ ծածկվել են կղմինդրով, որ բացարձակապես խոր է հայ միջնադարյան վանքերի պարսպապատերի լուծումներին:

Իսկ այժմ, շրջանցելով և անտեսելով Հայաստանի և Արցախի հուշարձանների պահպանման պետական մարմինների արգելքը, այնուամենայնիվ, բարերարի կողմից պարսպապատի մի հատվածը երեսապատվել է Արցախի միջնադարյան ճարտարապետությանը ոչ բնորոշ, անորակ, անճաշակ, սրբատաշ քարե սալիկներով, ինչը ամբողջովին խաթարել է վանքային համալիրի պատմական և գեղագիտական արժեքը և անըդունելի է հուշարձանների վերականգնման և վերանորոգման միջազգային ընդունված փորձի և հայեցակարգի չափորոշիչների տեսակետից:

Մեր բարերարների հովանավորությամբ այսօր իրականացվում են բարեգործական աշխատանքներ, որի համար մենք շատ ուրախ ենք եւ շնորհակալ: Սակայն շատ արդիական հարց է դարձել վերանորոգումների մասնագիտական մոտեցումը, որի առկայությամբ միայն մենք կարող ենք հասնել այն նպատակներին, որ հետապանդում ենք հուշարձանների պահպանման գործով:

Մենք ուղղակի հրավիրում ենք օրինական դաշտ բարեգործությունը, ինչը ավելի կարևոր է նույնպես բարեգործի համար: Եթե Գանձասարում նորոգումները իրականացվեին համաձայն հաստատված նախագծի, պետական լիազոր մարմնի թույլտվությամբ եւ համապատասխան մասնագիտացում ունեցող շինարարների կողմից, ապա այսօր մենք չէինք ունենա այս տխուր պատկերը, որ ունենք:

Ցավոք, դեպքը արտառոց էր ոչ միայն նրանով, որ անգրագետ ճանապարհ էր ընտրվել բարեգործության համար, այլ նաեւ նրանով, որ բացարձակապես անտեսվել էր պետության իրավունքները, դերը եւ նշանակությունը ազգային եւ պետական նշանակություն ունեցող ոլորտում գործունեություն ծավալելու մեջ: Ներկա պահին շնորհիվ Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության, Facebook սոցիալական ցանցում հնչեցված բազմաթիվ հասարակական կազմակերպությունների և անձերի բողոքների Գանձասարի պարսպի երեսպատումը դադարեցված է:

2011 թ. հոկտեմբերին ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի նախաձեռնությամբ ձևավորած աշխատանքային հանձնախումբը, որի կազմում ընդգրկված էր նաև Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան ուսումնասիրել է Գանձասարի համալիրի պարսպի վերանորոգման աշխատանքները, նպատակ ունենալով ձևավորել մասնագիտական կարծիք արդեն իսկ կատարված և հետագայում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ:

Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան առաջարկում է անհապաղ նախաձեռնել պարսպապատի նոր երեսպատի սալերի հեռացումը՝ նախապես ուսումնասիրելով պարսպապատի տեխնիկական վիճակը և ապահովելով մասնագիտական հսկողությունը ամբողջ աշխատանքների ընթացքում: Հետագայում, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև վերոհիշյալ այլ թերացումներին, հնարավորինս վերանորոգելու և բերելու հուշարձանը իր անարատ տեսքին:

Երևան 14.11.2011

Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի
նախագահ Գագիկ Սողոմոնյան

փոխնախագահ Ստեփան Նալբանդյան
գլխ. քարտուղար Հովհաննես Սանամյան
քարտուղար Մանուշակ Տիտանյան

Մեկնաբանություններ (1)

Stepan Nalbandian
Շնորհակալություն անմիջապես արձագանքելու և տպագրելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter