HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հրաժեշտ տալով ռոքնռոլի լեգենդին

Ռոքնռոլի երկրպագուները հավանաբար կիմանան, որ լեգենդար Չաք Բերին հայտնի էր ոչ միայն իր անկրկնելի կատարումներով ու ինքնամոռացության հասնող էնտուզիազմով դեպի իր երաժշտությունը, այլև Քիթ Ռիչարդսին տված հանրահայտ բռնցքահարվածով: Գաղտնիք չէ, որ այս ռոլինգստոունզցին (The Rolling Stones խմբի կիթառահարը) Չաք Բերիի ամենահայտնի երկրպագուներից մեկն է: Նրա կատարմամբ  Բերիի մի քանի գործեր՝ «Around and Around», «Carol»,«You Can’t Catch Me», արդեն ձայնագրվել և թողարկվել էին 1964թ., մինչև խմբի քավըրների հայտնվելը: Բացի այդ, սկզբնական շրջանում, Ռիչարդսը նվագելու իր տեխնիկան հիմնականում կառուցում էր Բերիի ոճով: Իսկ 1986թ. նա անձամբ ներկայացրեց իր պաշտելի երաժշտին Ռոքնռոլի Փառքի Սրահում: Իսկ մինչ այդ, իր կուռքի տաղանդով ներշնչվելուց բացի, հասցրել էր սեփական փորձով ստուգել նաև նրա բռունցքի ամրությունը: Պատճառը ռոքնռոլի լեգենդի համապատասխանաբար լեգենդար կիթառն էր:

2014թ. հարցազրույցներից մեկում Ռիչարդսը պատմել է այդ միջադեպի մասին: Նա այն հաճախ էր հիշում նաև Բերիի ներկայությամբ՝ ամեն անգամ կատակով հիշեցնելով վարպետի կողմից իր ստացած անմոռանալի դասի մասին: «Ես նրա հանդերձարանում էի, նա համերգ ուներ այդ ժամանակ,- պատմել է երաժիշտը,- մի պահ դուրս եկավ սենյակից՝ կարծում եմ՝ գնացել էր գումարը ստանալու: Նրա կիթառն այդ պահին դրված էր այնտեղ և պատյանից էլ հանված էր: Ես մտածեցի՝ «Քեզ տեսնեմ, Քիթ, գոնե հպվիր, թույլ տուր քեզ դա և մի ակորդ հավաքիր»: Եվ հենց այդ պահին Չաք Բերին ներս է մտնում ու «Ոչ ոք ձեռք չի տալիս կիթառիս» բղավելով՝ հասցնում դեմքին: «ԲՈ՛ՆԳ,- հարվածն այսպես է նկարագրում Ռիչարդսը,- դա Չաքի ամենաուժեղ հարվածներից մեկն էր»:

Ռիչարդսը հետագայում որպես երաժիշտ համագործակցել է Չ. Բերիի հետ՝ նվագելով նրա համերգների ժամանակ: Դրանցից ամենահաճախ հիշատակվողը «Nadine» է:

Մարտի 18-ին 90 տարեկանում կյանքից հեռացավ երաժշտական աշխարհի ամենաազդեցիկ անուններից մեկը՝ ռոքնռոլի հայտնի ու խարիզմատիկ պիոները, ում շնորհիվ ուրվագծվեց երաժշտության մի ամբողջ համակարգի կառուցվածքը: «Maybellene», «Rock and Roll Music», «Roll Over Beethoven», «Jhonny B. Good», ոչ այսչափ մեծ, բայց դարձյալ նշանավոր՝ «Brown Eyed Handsome Man», «School Days», «Sweet Little Sixteen», «You Never Can Tell», «Nadine» և այլ հայտնի գործերի շնորհիվ հստակ չափանիշներ ու զարգացման նոր աստճան ապահովվեց ռոքնռոլի, ռոքի ընթացքի համար: Չաք Բերին նորարար էր, կիթառի անկրկնելի վարպետ, ում ամեն մի ելույթը անսպառ էմոցիաներով լի հրավառություն էր բեմում: Նա նաև հայտնի էր որպես ռոքնռոլի՝ պոետիկ տեքստերով հարուստ երգերի հեղինակ: «Նա ռոքնռոլի մեծագույն պոետներից մեկն էր, ում կարիքը կզգան և ում միշտ կհիշեն բոլոր նրանք, ովքեր երբևէ սիրել են ռոքնռոլը»,- ասել է Փոլ Մաքարթնին Բերիի մահվան առիթով:

Չակ Բերին առաջիններից մեկն էր,  ով ընդգրկվեց 1986թ-ին բացված Ռոքնռոլի Փառքի Սրահում և հետևյալ մակագրությամբ` «Նա ոչ միայն ռոքնռոլի հիմքը դրեց, այլև հստակեցրեց նրա դիրքորոշումը»: Ինչպես ինքն էր ասում՝ նա ստեղծում էր երգեր կամ ձայնագրություններ բոլորի համար, ովքեր կցանկանային ունենալ դրանք. « Ո՛չ գույն, ո՛չ ազգություն, ո՛չ քաղաքականություն. չեմ ուզում դրանց և երբեք հաշվի չեմ առել»:

2004թ. կազմված «Rolling Stone» ամսագրի հայտնի՝ «Բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստները» շարքում այս արտիստը գրավել է 5-րդ տեղը: Շատ երաժիշտներ և քննադատներ փաստում են այն մասին, որ նրա ներդրումը անփոխարինելի էր, և չնայած պատմությունը «ռոքնռոլ» երևույթն արդեն վաղուց և հաստատակամ ասոցացրել է Էլվիս Փրեսլիի հետ՝ տալով նրան «Ռոքնռոլի արքա» տիտղոսը, Չաք Բերին կնքահայրն է համարվում:  Նրա մեկ այլ երկրպագու՝ բրիտանացի ռոք երգիչ և երգահան Ռոդ Ստյուարտը թվիթերյան իր էջում նշում է, որ Բերին ավելին էր, քան լեգենդը: «Նա հիմնադիր հայր էր, և նրա ազդեցությունը կարող եք լսել իմ սերնդի յուրաքանչյուր ռոքնռոլային խմբի մեջ»: Գրեթե նույն բանն է խոստովանում ամերիկացի երգիչ, երաժիշտ Լենի Կրավիցը՝ նշելով. «Եթե չլինեիր դու, մեզանից ոչ մեկն այստեղ չէր լինի»:

Չ. Բերիի կյանքը իր երաժշտության նման լի էր անակնկալներով և իրադարձություններով, որոնք առանձնահատուկ էին դառնում հենց իր՝ տեսնելու և ընկալելու չափազանց հետաքրքիր մոտեցման շնորհիվ: Նա ծնվել էր աղքատ ընտանիքում, և կյանքը դժվարություններ էր նախապատրաստել դեռ վաղ տարիքից: Սակայն դրանք հաղթահարելուն, երբեմն էլ՝ դրանց ազդեցությանը տրվելուն զուգահեռ՝ նա դեռ դպրոցական տարիքից արդեն բացահայտում էր երաժշտության մեջ իր ապագա մեծ տեղը:

Չ. Բերին առաջին անգամ հանրային ելույթ է ունեցել 1941թվականին, երբ դեռ  «Sumner High School»-ի սան էր: Երեք տարի անց արդեն հանդիպում ենք նրան մեկ այլ պատմության մեջ՝ այս անգամ ոչ թե բեմից փայլող խոստումնավոր տաղանդի, այլ՝ ավազակի դերում: Նա ձերբակալվում է ընկերների հետ զինված կողոպուտ իրականացնելու մեղադրանքով, որոշ ժամանակ ազատազրկվում և տեղափոխվում է պատանիների համար նախատեսված ուղղիչ տուն: Եվ ի՞նչ է անում խանութներ և մեքենա կողոպտած այս տղան. իր «բախտակիցներից»  մի քանիսի հետ ստեղծում է երաժշտական քառյակ, երգում էին, ելույթներ ունենում, դեռ ազատ ժամերին էլ բռնցքամարտի դասեր էր անցկացնում: Քառյակը ուղղիչ տան ներսում այնքան հայտնի ու սիրված դարձավ, որ ղեկավարությունը թույլ տվեց հանդես գալ նաև կալանավայրից դուրս: Բերին ազատություն վերադարձավ 1947թ.-ին. նա 21 տարեկան էր:

Եթե ուզում եք իմանալ, թե ինչումն էր կայանում Բերիի առանձնահատկությունը, կամ, ընդհանրապես, ինչ է ռոքնռոլը, հասկանալ այս երկու երևույթների իրական էությունը, պարզապես դիտեք նրա կատարումներից մեկը, ցանկացածը:

Ստորև ներկայացնում ենք Չ. Բերիի ամենահայտնի երգերից մի քանիսը:

«Maybellene». Սա ռոքնռոլի ամենաառաջին հայտնություններից մեկն էր: Չ. Բերին այն գրեց և կատարեց 1955թ.: Վեսթերն սվինգի մոտիվներով հնչող այս ռոմանտիկ պատմությունը կոտրված սիրո շարքից էր: Նույն տարվա հուլիսին թողարկվեց երգի սինգլը, որն էլ դարձավ երաժշտի առաջին մեծ հիթը: Այս երգի մասին «Rolling Stone» ամսագիրը գրում է՝ «Ռոքնռոլի կիթառը սկսում է նվագել այստեղից»:

«Roll Over Beethoven» (1956թ.). Բերիի այս երգն իրականում նուրբ, չծաղրելու մտադրությամբ գրված կատակ-ակնարկ էր՝ ուղղված քրոջը՝ Լյուսիին: Նա ողջ օրն անցկացնում էր դասական երաժշտություն նվագելով, ժամերով պարապելով մեկ այս, մեկ այն կտորը լավ նվագելու համար և գրեթե չէր հեռանում տան դաշնամուրից: Նրա անվերջանալի փորձերից ոչ մի կերպ ազատում չկար հատկապես եղբորը՝ պատանի Չ. Բերիին, ով ուզում էր բոլորովին այլ երաժշտություն նվագել: «Roll over Beethoven and tell Tchaikovsky the news». Բերին նոր դարաշրջանից պատմություններ է ուզում հասցնել դասականներին, ովքեր հնարավոր է՝ այդ մեղեդիները լսելիս՝ գերեզմանում մի քանի անգամ շուռ գան, պտտվեն հիասթափությունից: «Roll Over Beethoven»-ը բիթլերի ամենասիրելի գործն էր Բերիի երգացանկից և 1963թ. այն ձայնագրվեց նաև քառյակի կատարմամբ:

«Johnny B. Goode». այն գրվեց 1955թ., սակայն սինգլը թողարկվեց երեք տարի անց՝ 1958թ. գարնանը: «Johnny B. Goode»-ը, որպես 50-ականների ծնունդ, դարձավ այն հազվադեպ երգ-խորհրդանիշերից մեկը, որը ջնջեց սահմանները սև և սպիտակ լսարանների միջև: Մեծ ազդեցություն թողնելով տարբեր երաժիշտների վրա՝ «Johnny B. Goodeե-ը  անհավանական թվով cover ձայնագրություններ ունի այնպիսի լեգենդար անունների կատարմամբ, ինչպիսիք են՝ անկրկնելի Ջիմի Հենդրիքսը, Էլվիս Փրեսլին, Ջոնի Հոլիդեյը, «The Beatles»-ը, Բի Բի Քինգը, «Lynyrd Skynyrd»-ը, Ջերի Լի Լյուիսը, Էլթըն Ջոնը, «AC/DC»-ն, Կարլոս Սանտանան, «The Rolling Stones», «Sex Pistols», «Aerosmith», «Bon Jovi» խմբերը, մինչև անգամ Սելին Դիոնը: Չաք Բերի-Ջոնիի պատմությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Գլխավոր լուսանկարը` www.rockhall.com-ից