HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանի ուղերձը ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեկ տարի առաջ` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ: 

Պաշտոնական Բաքուն կրկին փորձեց ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կործանել Արցախի անկախ պետականությունը, նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ: 

Թշնամու ագրեսիան լիակատար ձեւով ձախողվեց, եւ նա կրեց մեծ մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ՝ չկարողանալով կյանքի կոչել իր նենգ ծրագրերից եւ ոչ մեկը: 
Հակառակորդն առերեսվեց Արցախի Հանրապետության մարտունակ զինված ուժերի, մեր քաջարի զինվորների, մեկ բանակ դարձած մեր բնակչության, Արցախի կողքին անմիջապես կանգնած ողջ հայ ժողովրդի, Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ: Հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր համար ամենաթանկն անկախ եւ ազատ հայրենիքն է, որը մենք ի վիճակի ենք հերոսաբար պաշտպանել ցանկացած ոտնձգությունից: 

Ցավոք, հակառակորդի ստոր եւ սադրիչ գործողությունների հետեւանքով ունեցանք անդառնալի կորուստներ: Զոհվեցին տասնյակ զինծառայողներ, նահատակվեցին նաեւ խաղաղ բնակիչներ: 
Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր մարտիրոսներին: Նրանց պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, նրանց խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կհանդիսանան գալիք սերունդների համար:

Պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից: Նա շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն, չի դադարում իրականացնել հարձակողական գործողություններ քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական հարթություններում, գրեթե ամեն օր խախտում է զինադադարի ռեժիմը մեր սահմանների տարբեր հատվածներում: Նրա ղեկավարությունը չի թաքցնում, որ հետամուտ է ռեւանշիստական քաղաքականությանը: Այսպիսի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն, ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր ու անմարդկային դրսեւորում: 

Այս ամենը մեկ անգամ եւս հաստատում է մեր ժողովրդի համար դարավոր մի ճշմարտություն. մենք պետք է միշտ լինենք ուժեղ ու միասնական, ազգովի պաշտպանենք մեր ազատությունն ու անկախությունը եւ կերտենք արժանապատիվ ապագա գալիք սերունդների համար:
Սիրելի՛ ժողովուրդ,

Մեր ոգին ամուր է, կամքը` անկոտրում, նպատակներն` արդար: Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը, քրտնաջան աշխատանքով շենացնում ենք մեր երկիրը: Դա սրբազան առաքելություն է, որը մեր ժողովուրդը միշտ էլ պատվով կիրականացնի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter