HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտում բացվել է նորակառույց ուռուցքաբանական կենտրոնը

Երեկ՝ ապրիլի 2-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ստեփանակերտում հանդիսավորությամբ բացել է նորակառույց ուռուցքաբանական կենտրոնը, որը կյանքի է կոչվել Ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ ծնողների՝ Վարդան եւ Գոհարիգ Օհանեսյանների: Կենտրոնի կառուցումը համաֆինանսավորել ԼՂՀ կառավարությունը: 

Հիմնադրամը տեղեկացնում է , որ հանդիսությանը մասնակցելու նպատակով Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի եւ իր տիկնոջ ուղեկցությամբ Արցախ էր ժամանել բարերար Ռիշար Օհանեսյանը՝ տիկնոջ հետ: Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր: 

Նորակառույց կենտրոնը կսպասարկի Արցախի եւ Հայաստանի հարավային շրջաններին: Եռահարկ ժամանակակից բուժհաստատությունում կգործեն ընդհանուր, կլինիկական պաթոմորֆիական լաբորատորիաներ, ռենտգեն ախտորոշման, մամոգրաֆիայի կաբինետներ, վիրահատարաններ եւ ինտենսիվ թերապիայի սենյակ, որտեղ կիրականացվեն արդի բուժական միջամտություններ եւ ախտորոշիչ հետազոտություններ: Կենտրոնը նախատեսված է 35 հիվանդի համար: Ստացիոնար բաժանմունքում կբուժվեն թե՛ վիրաբուժական եւ թե՛ թերապեւտիկ (քիմիոթերապիա) պրոֆիլի հիվանդները: Բուժական այլ ծառայությունների անհրաժեշտության դեպքում հիվանդները ստորգետնյա անցումով կտեղափոխվեն հարակից Հանրապետական բժշկական կենտրոն: Նկուղային հարկում կառուցվել են լայնարձակ պահուստային հիվանդասենյակներ՝ նախատեսված արտակարգ իրավիճակների համար: 

«Մեծ ուրախություն է տեսնել, որ օրեցօր Արցախը զարգանում է, ստեղծվում է նորը, բնակիչների կենսամակարդակն էլ զուգահեռաբար բարձրանում է: Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ այս կենտրոնն իրականություն է դարձել»,- ողջույնի խոսքում ասաց բարերար Ռիշար Օհանեսյանը, ով նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվեց «Երախտագիտություն» մեդալով՝ «Հայաստան» հիմնադրամի արցախյան ծրագրերում ներդրած մեծ ավանդի համար:

«Պատահական չէ, որ այս կենտրոնի բացումը տեղի է ունենում ապրիլի 2-ին: Սա խորհրդանշական է եւ ուղերձ՝ բոլորին, որ պետք է շարունակենք կառուցել Արցախի հողում եւ մասնակցել նրա վերելքին»,- ողջունելով ներկաներին` ասաց Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

ԼՂՀ գլխավոր ուռուցքաբան, ուռուցքաբանական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանն էլ ներկայացնում է. «Ժամանակակից առողջապահական կենտրոնի կարիք Արցախում վաղուց կար: Այստեղ տարվա կտրվածքով ուռուցքաբանական խնդիրներ ունեցող շուրջ 650 հոգի մասնագիտացված բուժման կամ վերահսկողության կարիք է ունենում: 60-ական թվականներից սկսած՝ այս հիվանդները սպասարկվում էին այլ նպատակով կառուցված մի շենքում, որը չէր համապատասխանում առողջապահական ոլորտի պահանջներին»: 

Ֆրանսիայի տեղական մարմնի օժանդակությամբ բուժհաստատությանը կնվիրաբերվի կահույք եւ նորագույն բուժտեխնիկա: Արդեն տեղադրվել են մահճակալները: Առաջիկա շաբաթների ընթացքում էլ Արցախ կհասնեն անհրաժեշտ սարքավորումներ: Արցախի կառավարությունը Հիմնադրամի հետ համատեղ կշարունակի հոգալ մնացած կարիքները: Կենտրոնում արդի չափանիշներին համապատասխան բուժսպասարկում իրականացնելու նպատակով բուժմասնագետների մի խումբ ներկայումս վերապատրաստվում է Ֆրանսիայում: Հայ-Մեդ ֆրանսիական բժշկական կազմակերպության տեխնիկական աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը շարունակական կլինի:

Նորակառույց ուռուցքաբանական կենտրոնը, 2006 թ.-ին կառուցված պոլիկլինիկան /հովանավոր՝ ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմին/ եւ 2013թ.-ին կառուցված Հանրապետական բժշկական կենտրոնը /հովանավոր՝ Սամվել Կարապետյան/ միասին առողջապահական խոշոր համալիր են կազմում մայրաքաղաք Ստեփանակերտում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter