HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք. «Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն»

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ ետքայլ արձանագրեց: Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն:

Ո՛չ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 միլիոն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն 575 հազար, և ոչ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որևէ աղերս չունեն իրականության հետ:

Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը: Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողած և տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նվազագույն վստահությունը:

Այսպիսով, մենք կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձևավորված ո՛չ լեգիտիմ իշխանություն, ինչի արդյունքում է՛լ ավելի խորացավ քաղաքական մենաշնորհը, ավելի են սրվելու երկրում առկա խնդիրները, ավելի է խորանալու անհուսությունն ու անարդարության զգացումը, ավելի է մեծանալու արտագաղթը և լրջորեն վտանգվելու է մեր երկրի անվտանգությունը:

Իշխանությունը, կարծես, ուզում է ամրապնդել ժողովրդի մեջ առկա այն մտայնությունը, որ Հայաստանում ընտրությունների ճանապարհով որևէ փոփոխության հասնել հնարավոր չէ: Տեղի ունեցավ քաղաքականությունից հեռու փողատեր թաղային «հեղինակությունների» կռիվ՝ երկրի համար ամենածանր հետևանքներով:

Անկախ ամեն ինչից՝ մեզ համար մեծ պատիվ է, որ մենք մշտապես պաշտպանել և պաշտպանելու ենք ժողովրդի շահերը՝ մնալով ժողովրդի մեջ որպես նրա բաղկացուցիչ մաս: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր քվեն, որը տրվել է դաշինքին: Շնորհակալ ենք մեր ակտիվիստներին ու համակիրներին, որոնք այս կեղտոտ և գաղջ մթնոլորտում ցուցաբերել են քաղաքացիական բարձր գիտակցություն:
Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն ընտրողներին, որոնք քվեարկել են խղճի մտոք՝ անկախ նրանից, թե որ ուժին են տվել իրենց ձայնը:

Վստահեցնում ենք, որ դաշինքում ներգրավված ուժերը շարունակելու են իրենց գործունեությունը հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների արժանապատիվ կյանքի:

Համոզված ենք, որ այս մղձավանջը երկար չի կարող շարունակվել, քանզի մեր երկիրն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ մեծ շռայլություն է նման իշխանություններին պետություն վստահելը: Փոփոխություններն անխուսափելի են և մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում»:

Մեկնաբանություններ (2)

Էդգար Ք.
«Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը: Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողած և տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նվազագույն վստահությունը:» Ես կասէի սա իրական պատկերն է: Ժողովրդի վստահությունը շահելու համար պիտի իրատես լինել և հեռու մնալ ընդհանրախոսություններից:
Վարազ Սյունի
ՀՀԿ-ական իշխանությունները դիտավորյա՛լ ընտրությունները ապրիլի 2-ին նշանակեցին,որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղեն ապրիլյան պատերազմի իրե՛նց խայտառակ պարտությունից: Որպեսզի բոլորն այս օրերին «ընտրություններից» խոսեն ու իրենց չհարցնեն՝ բա էդ ո՞նց եղավ,որ ԱՅԴՔԱՆ զինվոր ու տարածք կորցրեցիք 1 տարի առաջ: Բա ասում էիք՝ «բոլոր փողերը բանակին են գնում»: Իսկ այս ընտրություններում կրկին «հաղթեց» վարչական ռեսուրսն ու էժան երշիկը: Փաստորեն Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն չի լինում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter