HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարն ընդունել է միջազգային դիտորդակական առաքելություն իրականացնող պատվիրակությունների ղեկավարների

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող մի շարք պատվիրակությունների ղեկավարների՝ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Գեյր Յորգեն Բեկևոլդին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին, ԵԽԽՎ առաքելության ղեկավար Լիլիան Մորի Պասքեին, Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Հայդի Հաուտալային և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Միխաել Գեորգ Լինկին։

Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ-ն, հյուրերը նախարարին ներկայացրել են իրենց նախնական եզրակացությունները և դիտարկումները։ Նրանք բարձր գնահատեցին իշխանությունների կողմից Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները։ Հյուրերը ողջունեցին նոր ընտրական օրենսգքրի ընդունումը և ընդգծեցին, որ, չնայած իրենց նախնական զեկույցում նշված բացթողումներին, ընտրությունները լավ էին կազմակերպված։

Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ կայացած ընտրությունները շատ կարևոր էին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ճանապարհին։ Այս առումով իրականացված բարեփոխումների բոլոր փուլերում Հայաստանի իշխանությունները սերտորեն համագործակցել են միջազգային գործընկերների հետ, որոնք բարձր են գնահատել այդ գործընթացը։ Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ ընտրական գործընթացի բարեփոխումների նպատակն էր անցկացնել ազատ և արդար ընտրություններ, ինչի վկայությունն են կայացած ընտրությունները։

Հայաստանի արտգործնախարարը հատկապես ընդգծեց ընտրական օրենսգրքի մշակման ներառական բնույթը՝ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչն էական քայլ էր ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման ուղղությամբ։

Նախարարի խոսքերով, հիմնարար ազատությունների ապահովումը, ընտրությունների գործընթացի պատշաճ կազմակերպումը, ընտրացուցակների ճշգրտության զգալի բարելավումը, քաղաքական ուժերի համար հավասար և մրցակցային պայմանների ստեղծումը, նոր տեխնիկական միջոցների կիրառումը, քվեարկության գաղտնիության ապահովումը, քվեների հաշվարկի թափանցիկությունը մեծապես նպաստեցին ընտրական գործընթացի հաջողությանը։

Նա հավելեց, որ աննախադեպ է ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը՝ ընտրական գործընթացին հավելյալ թափանցիկություն հաղորդելու համար։ Նախարարը նաև ընդգծեց, որ պետության կողմից խրախուսվել է և որևէ կերպ չի սահմանափակվել դիտորդների ներգրավումը, որոնց թիվը կազմել է շուրջ 30 հազար, ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել էր շուրջ 1200 լրագրող։

Դիտորդական առաքելությունների ղեկավարները շնորհակալություն հայտնեցին ընտրությունները դիտարկելու հրավերի համար։ Նրանք գոհունակություն հայտնեցին Հայաստանի իշխանությունների կողմից դիտորդական առաքելությունների համար նպաստավոր աշխատանքային պայմաններ ապահովելու, ինչպես նաև սերտ համագործակցության համար։

Երկուստեք կարևորվեց ընտրական գործընթացների ուղղությամբ հետագա փոխգործակցությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter