HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջին անգամ ցուցադրվեցին ազգային պահուստի արժեքները

Հայաստանի պատմության թանգարանում այսօր առաջին անգամ ցուցադրվեցին ազգային պահուստի պատմամշակութային արժեքները։ Դրանք պահվում են ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»-ում և ցուցադրության էին ներկայացվել նախարար Վարդան Արամյանի առաջարկով։

Ցուցադրության էր բերվել արծաթե ութ նմուշ՝ տղամարդու 4 գոտի, կանացի 2 գոտի, կրծքազարդ և պատյանով դաշույն։

Պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը հայտնեց, որ ազգային պահուստի նմուշների ցուցադրության նման փորձ ունեցել են նաև մինչ 1992 թվականը, և այս նմուշներն ընտրել են իրենց մասնագետները՝ ներկայացման համար արժանի  համարելով։

Գրիգորյանը նաև հավելեց, որ գանձարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այսուհետ իրենց արտագնա ցուցահանդեսներին նաև կներկայացնեն Հայաստանի գանձարանի նմուշները։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն էլ հավաստեց, որ գանձարանը սկսել է հանրությանը ավելի մատչելի ձևով գործել։ Ասում է, որ պահուստների այն արժեքները, որոնք հանրային  հետաքրքրություն են ներկայացնում, այսուհետ դառնալու են հանրային սեփականություն՝ ցուցադրությունների ներկայացվելով։

Նրա փոխանցմամբ՝ թեև ներկայացվող նմուշները շատ չեն, իրենց համար կարևորն այս նախաձեռնության մեկնարկն էր։

«Բոլոր այս արժեքները 1992 թվականից եղել են գանձարանի պահոցում, դրա արժեքը ոչ մեկ չի տեսել, չի յուրացրել, չի ընկալել։ Հիմա, երբ սկսում ենք այն հանրայնացնել, դա նշանակում է՝ թանգարաններում, այն վայրերում, որտեղ հանրությունը հետաքրքրված է նման նմուշներ տեսնելով, կտեղափոխենք այդ վայրեր, բայց պայմանով, որ դա դեռ պետական սեփականություն է, գանձարանի սեփականությունն  է՝ պահելով սեփականության անձեռնմխելիությունը»,-նշեց Հայրապետյանը։

«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ֆիանանսերի նախարարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ, որի արդյունքը նաև այս ցուցադրությունն է։

Նրա փոխանցմամբ՝ այս նախաձեռնությունը շարունակական է լինելու, որի առաջին փուլն այս ութ նմուշների ցուցադրությունն է։ Որոշել են շարունակաբար ներկայացնել գանձարանի արժեքները, քանի որ ունեն նաև այլ նմուշներ, որոնք արժանի են ցուցադրության։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես են ազգային պահուստի այդ արժեքները հայտնվել գանձարանում, Առաքելյանը պարզաբանեց, որ դրանք գանձարանում են 1995-96 թվականներից, այնտեղ տեղափոխվել են մաքսային ճանապարհով, ավելի կոկրետ՝ բռնագրավված են:

Ազգային պահուստի արժեքները կցուցադրվեն երկու ամիս և ամեն ամսվա վերջին շաբաթ օրը այցելուները կարող են դրանք անվճար դիտել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter