HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը վարձակալության է տալիս 6 հազար տարեկան կաշվե կոշիկի և գինու հնձանի քարանձավը

Հայաստանի մշակույթի նախարարությունը հայտնում է, որ հայտարարել է զբոսաշրջության նպատակով 4 քարանաձավներ և մեկ քարանձավախումբ 5-ական տարով վարձակալության տալու մրցույթ (կնքվելիք պայմանագրի պահանջները լավագույնս կատարելու դեպքում հաղթողը հնարավորություն կունենա առանց մրցույթի ևս 20 տարով վարձակալելու տվյալ քարանձավը կամ քարանձավները. ամեն անգամ՝ 5 տարով)։

Մրցույթին կարող են մասնակցել նաև օտարերկրյա իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերը։

Մրցույթի հայտը կարելի է ներկայացնել թե′ բոլոր 5-ը, թե′ նրանցից մեկը կամ մի քանիսը զբոսաշրջության կարիքների համար վարձակալելու համար։

  1. «Մագելանի քարանձավ». գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքում, մայրաքաղաքաք Երևանից 105 կմ հարավ։ Հայաստանի ամենամեծ քարանձավն է՝ 1,7 կմ երկարությամբ։ Ունի վաղագույն ժամանակներից ձևավորված էկոմիջավայր, հարուստ կենսաբազմազանություն, հնէաբանական և հնագիտական կարևորագույն գտածոներ պարունակող շերտեր։ Եզակի բնակության վայր է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում  և Բնության պահպանության միջազգային միության ( IUCN)  կարմիր ցուցակում ընդգրկված չղջիկների տեսակների համար ( մանրակրիտ մանրամասները, ինչպես նաև օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։
  2. «Թռչունների» քարանձավ. Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում է, մայրաքաղաք Երևանից 105 կմ հարավ։ Մի քանի խոռոչների համալիր է՝ 400-600 քմ տարածքով։ Հին ժամանակներում եղել է կարևոր բնակավայր։ Հայտնաբերվել են Ք.Ա. 5-րդ հազարամյակի վերջին քառորդից մինչև Ք.Ա. 4-րդ հազարամյակի կեսերն ընդգրկող ուշ  էնեոլիթյան փուլի մշակույթի մնացորդներով բնակեցման առնվազն երեք հորիզոններ։ Քարայրի առաջին դահլիճում՝ Ք.Ա. 4-րդ հազարամյակի սկզբով հասակագրվող գինու արտադրության համալիրը, որն աշխարհում այս պահին հայտնաբերվածների մեջ հնագույնն է։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհին մինչ օրս հայտնի ամենահին կաշվե՝ մոտ 6 հազար տարեկան կոշիկը ( մանրակրիտ մանրամասները, ինչպես նաև օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։
  3. «Արջի» քարանձավ. Հայաստանի Վայոց ձորի մարզի Արփի համայնքում է, մայրաքաղաք Երևանից 123 կմ հարավ։ Ընդհանուր երկարությունը՝ 3,5 կմ։ Հայաստանի ամենամեծ քարանձավն է, ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված հարավային պայտաքթերի ( Rhinolophus euryale) հիմնական բնակատեղն է (մանրակրիտ մանրամասները, ինչպես նաև օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։
  4. «Մոզրովի» քարանձավ. Հայաստանի Վայոց ձորի մարզ, Արփի համայնքում է, մայրաքաղաք Երևանից 126 կմ հարավ։ Երկարությամբ Հայաստանում երրորդն է՝ մոտ 300մ։ Բացառիկ հարուստ կարստային հարդարանք ունի։ Ժամանակ առ ժամանակ այստեղ տեղակայվում են մեծ պայտաքթերը (Rhinolophus ferrumequinum) և բեղավոր գիշերաչղջիկները ( Myotis mystacinus) (մանրակրիտ մանրամասները, ինչպես նաև օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։
  5. «Քարե դռներ» քարանձավներ կամ քարայր կացարաններ. Հայաստանի Արագածոտնի մարզի Աղձք համայնքում է, Երևանից 32 կմ հեռավորությամբ։ Վաղ միջնադարյան և ուշ միջնադարյան հուշարձաններ են։ 16-18-րդ դարերում քարանձավներում փորվածքներ են արվել՝ որպես թաքստոց և սննդամթերքի գաղտնարան-պահեստարան։ Իսկ մինչև 20-րդ դար բնակեցված են եղել նաև աշխարհիկ կյանքից մեկուսացած անձանցով (մանրակրիտ մանրամասները, ինչպես նաև օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։

 

Բոլոր 5-ը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեն։

Մրցույթի պայմաններին և անհրաժեշտ այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ, ինչպես նաև փաստաթղթային ձևաչափերը ( մրցույթի հրավերը) կարելի է ներբեռնել՝ այցելելով ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջ՝ հետևյալ հասցեով. http://mincult.am/home-1-3475-page-0.html։ Տեղեկատվությունն այստեղ հայերեն է. հայերենին չտիրապետող շահագրգիռ օտարերկրյա իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերն իրենց անհրաժեշտ տեղեկությունը ռուսերեն ստանալու համար կարող են դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար Ա. Սողոմոնյանին (

հեռ.՝ + 374 11 58 51 78, էլ. փոստ.՝ [email protected])։ Ռուսերեն կամ անգլերեն տեղեկատվության համար՝  ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակութի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանին (էլ.փոստ.՝  [email protected])։ Ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն տեղեկատվության համար՝ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին ( էլ.փոստ.՝ [email protected]

Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում (դիմումը և փաստաթղթերի ստացումը կարող է կատարվել նաև էլեկտրոնային կապի տիրույթում)։

Հայտերը պետք է ներկայացնել հայերեն՝ մինչև 2017թ. մայիսի 12-ը, Երևանի ժամանակով 18։00-ն։ Փաստաթղթային առաքումը՝ հետևյալ հասցեով. Վազգեն Սարգսյան փ. 3, Կառավարական տուն 2, Երևան, Հայաստանի Հանրապետություն։ Հայտերի բացումը տեղի կունենա նույն հասցեում՝ մայիսի 15-ին, ժամը 11։00-ին։

Վարձակալության տրվող հուշարձանները տեղում զննելու համար ՀՀ մշակույթի նախարարությունն ապրիլի 18-ին սահմանել  է այցելություն տվյալ քարանձավներ։ 

Հ.Գ. Այնուամենայնիվ հիշեցնում ենք, որ վերը նշված քարանձավներից մի քանիսը տարվա այս շրջանում զբոսաշրջիկների  և այլ այցելուների համար անվտանգ չեն, ուստի խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ անհատական այցերից։ 

Մեկնաբանություններ (3)

Կիրակոսյան Գեւորգ
Տալ թե չտալ, շատ դժվար հարց է՝ հայերիս համար: Եթե չտալ, ապա ինչու համար պահել այն, մեկուսացված ու մոռացված? Իսկ եթե տալ, ապա մեծ հավանականությամբ, այն եւս կվերածվի մի էլիտար ,,ուտելատեղի,, ավերիչ հետեւանքներով, ինչպես ասենք, Զանգվի գեղատեսիլ կիրճն է հիմա այլանդակված: Խելացի մոտեցումը հետեւյալը կլիներ – վարձակալության մրցույթից առաջ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ – ԱՌԱՋԱՐԿԻ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, - թե ինչպես անել որ եւ գառները ողջ մնան եւ թե գայլերը հագենան: Այսինքն, թե գիտությունը շահի եւ թե երկիրը (եւ ոչ միայն բիզնեսմեն-խանութատերերը:) Բայց ... ով ականջ պիտի կախի այս միամիտ առաջարկին?
Կիրակոսյան Գեւորգ
Ցուցակի մեջ 5 անուն է, որոնք միասին աճուրդի են հանվում! Իսկ տարրական դատողությունը պահանջում էր որ գոնե միայն մեկից սկսեին իրենց ,,պրիվատիզացիայի գործընթացը,, - փորձնականորեն, որպիսզի գլխի ընկնեն, թե արդյունքում ինչ է ստացվելու ....
Ռուբեն
Հիմա էլ քարանձավներն է ուզում ընտանեկան հանգստի վայր դարձնել պ-րն Ամիրյանը ռեստորան ու սաունա բացել քարանձավի այցելուների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter