HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի արբիտրաժային դատարանը մերժել է «Ֆիլիպ Մորիսի» հայցն ընդդեմ «Գրանդ Տոբակոյի»

Ռուսաստանի արբիտրաժային դատարանը մարտի 31-ին մերժել է ծխախոտի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերության հայցն ընդդեմ «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ընկերության: Այս մասին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք նույնությամբ.

«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին էր դիմել «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ընկերությունը, տեղեկացնելով, որ ՌԴ տարածքում իր արտադրանքը իրացնելիս բախվել է որոշակի խոչընդոտների: Մասնավորապես, ծխախոտի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերությունը  Ռուսաստանում որոշակի արգելքներ է ստեղծել «Գրանդ Տոբակո» ընկերության համար: Համաձայնության գալով մի շարք խոշոր սուպերմարկետների հետ, փորձել էր խոչըդոտել վերջինիս արտադրանքի իրացմանը:

Ըստ «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերության, «Գրանդ Տոբակոյի» «Ararat» անվանումով սիգարետները շփոթության աստիճանի նման են «Marlboro» ապրանքանիշին, ինչի հետ կապված էլ ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով արգելել հայկական այդ արտադրանքի իրացումը Ռուսաստանում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, մանրամասն ուսումնասիրելով խնդիրը, հանգել է այն եզրակացության, որ նշված ապրանքային նշանների միջև շփոթություն առկա չէ:

Քանի որ խնդիրը առաջացել է ՌԴ տարածքում, ապա հանձնաժողովը, Ռուսաստանի գործընկերների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ, նրանց ևս ներգրավվել է խնդրի կարգավորման և հայկական արտադրողի շահերի պաշտպանության գործում: ՌԴ հակամենաշնորհային ծառայության և ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված համատեղ ուսումնասիրություններով ևս ամրագրվեց, որ «Գրանդ Տոբակոն» օրենսդրական որևէ խախտում չի կատարել, գործել է բարեխիղճ և արդար մրցակցային կանոններով:

Մարտի 31-ին կայացված որոշմամբ, Մոսկվայի արբիտրաժային դատարանը ամբողջովին մերժել է «Ֆիլիպ Մորիս»-ի հայցը, հաստատելով, որ «Գրանդ Տոբակոյի» գործողությունների մեջ որևէ հակամրցակցային տարր չկա: Դատարանն ամրագրել է, որ երկու ընկերությունների արտադրանքը չի կարող համարել շփոթության աստիճան նման, քանի որ բոլոր հատկանիշներով դրանք միամյանցից էականորեն տարբեր են:

Մոսկվայի արբիտրաժային դատարանի կողմից կայացված որոշումը աննախադեպ է նախ այն պատճառով, որ ՀՀ մրցակցային մարմնի և տնտեսվարողի համագործակցության արդյունքում հնարավոր եղավ հասնել հայկական խոշոր արտադրողի շահերի պաշտպանությանը արտերկրում: Բացի այդ, այս որոշումը կարող է դրական նախադեպ լինել  արտահանմամբ զբաղվող բոլոր այն տնտեսվարողների համար, ովքեր ԵԱՏՄ անդամ երկրներում բախվում են մրցակցային խնդիրների: ՏՄՊՊՀ-ը կարևորում է բարեխիղճ տնտեսվարողների իրավական պաշտպանվածության խնդիրը, որպեսզի վերջիններս կարողանան անարգել արտահանել և իրացնել իրենց արտադրանքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter