HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ակցիա՝ դեսպանատան դիմացի մայթին. հայ ոստիկանների հավատարմությունը Ռուսաստանի իշխանություններին (լուսանկարներ)

Այսօր՝ ժամը 12-ի սահամաններում, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հարող տարածքում էին հավաքվել 2 օր առաջ ստեղծված «Ազատ քաղաքացիներ» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Նրանք ցանկանում էին դեսպանատան մոտ անցկացնել բողոքի ակցիա՝ ընդդեմ Ռուսաստանում տեղի ունեցող հետընտրական բռնությունների: Սակայն ակցիայի մասնակիցներն այդպես էլ չկարողացան հասնել դեսպանատուն, որովհետև տեղի մի խումբ ոստիկաններ արգելեցին:

Ոստիկանները շարքով կանգնել էին դեպի դեսպանատուն տանող ճանապարհին ու փակել դեսպանատան մուտքը: Ակցիայի մասնակիցները փորձում էին պաշտպանել ազատ տեղաշարժվելու և խաղաղ երթ անցկացնելու իրենց իրավունքը, մոտենալ դեսպանատանը՝ խոստանալով, որ բողոքի ակցիան անցնելու է առանց ավելորդ միջադեպերի, և իրենք չեն խանգարելու դեսպանատան աշխատանքները:

Ոստիկանության լեյտենանտ Հայկազ Ջոմարդյանը հայտարարեց, որ ինքն է մյուս ոստիկաններին հրամայել փակել մուտքը, որովհետև «օրենքով արգելվում է դեսպանատան մոտ հավաքվել»: Այն հարցին, թե ո՞ր օրենքով է դա արգելվում, լեյտենանտը պատասխանեց՝ «ՀՀ օրենքով»:

Այնուհետև ոստիկանության Երևանի վարչության աշխատակից Կարեն Մովսիսյանն առաջարկեց, որ ակցիայի մասնակիցներն անցնեն փողոցը և իրենց ակցիան անցկացնեն դիմացի մայթին՝ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ: Ակցիայի մասնակիցները սկզբում դեմ էին դրան, սակայն հետո ստիպված եղան անցնել դեսպանատան դիմացի մայթը:

Այստեղ նրանք պարզեցին իրենց բողոքն արտահայտող պաստառները՝ «Ազատ քաղաքացիներ ազատ քաղաքացիների համար», «Մեր ընդհանուր «թշնամիներն» են ազատությունը, ժողովրդավարությունը և ինտերնետը», «Շնորհակալություն Ռուսաստանի «Միացյալ» կուսակցությանը և անձամբ՝ Ժողովուրդների երկգլուխ առաջնորդներին»: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Ռուսաստանում հետընտրական օրերին ձերբակալված ակտիվիստներին, այդ թվում և հայազգի ակտիվիստ Եգոր Սարգսյանին:

Ակցիայի մասնակից Արեն Մանուկյանի խոսքերով՝ հայ ոստիկաններն իրենց այս քայլով ցույց են տալիս, որ «տեսեք, թե ձեր ծառաները ոնց են այստեղ փակում (ճանապարհը), որ որևէ խնդիր չլինի»՝ այդպիսով արտահայտելով իրենց «ստրկամիտ հավատարմությունը» Ռուսաստանի իշխանություններին:

Ակցիայի մասնակիցների նպատակն է աջակցել Ռուսասատանում ապրող նույն ազատ քաղաքացիներին՝ իրենց իրավունքների համար պայքարողներին, այդ թվում նաև հետընտրական փուլում ձերբակալվածներին: Որպես ռուս ակտիվիստների հետ համերաշխության ու համաձայնության նշան՝ հայ ակտիվիստներն իրենց ձեռքերին էին կապել սպիտակ ժապավեններ:

Ա. Մանուկյանի խոսքերով՝ իրենց խնդիրը քաղաքական չէ, այլ քաղաքացիական, իրենք աջակցում են իրենց գաղափարակից ռուս քաղաքացիներին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքերով՝ Ռուսաստանում կատարվող ապօրինությունները վտանգավոր են ոչ միայն ռուս ժողովրդի, այլև բազմաթիվ այլ երկրների համար: Եվ չնայած նման ակցիաները միանգամից չէ, որ արդյունք են տալիս, բայց սա իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, իրենց իրավունքները պաշտպանելու մի ձև է:

Ակցիայի մեկ այլ մասնակցի՝ Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ նման փոքր ակցիաներն իր վերջ տալու են իրենց արդյունքը:

Մեկնաբանություններ (1)

Harutik
Idiots! Without Putin, the Caucasus would have become a Turkic/Islamic playground. And not only would Armenians today be lamenting the genocide of 1915, they would be lamenting the lose of Artsakh- if not Armenia as well! Why is it that when it comes to politics Armenians are a bunch of self-destructive peasants?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter