HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ադրբեջանը հաղթաթուղթ է տալիս Հայաստանին. ինչպե՞ս օգտվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումից

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, որը հարավկովկասյան տարածաշրջանում միակն էր,  փակվում է: Որոշումը, որի մասին կազմակերպությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, կարծես թե վերջնական է: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը հայտարարել է, որ չնայած գործադրված ջանքերին, ԵԱՀԿ մշտական խորհուրդը չի կարողացել կոսնենսուսի հասնել գրասենյակի գործունեությունը շարունակելու հարցում:

Իսկ կոնսենսուսի հասնել չի հաջողվել Ադրբեջանի պատճառով: Դեռևս այս տարվա հունվարին Մշտական խորհրդի նիստում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ Ադրբեջանը պնդել էր, թե գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերից մեկը՝ կապված ականազերծման հետ, չի համապատասխանում ԵԱՀԿ մանդատին: Փաստացի Ադրբեջանի ներկայացուցիչը ոչ ուղղակի պատճառաբանել է, որ այդ ծրագիրը նպաստում է ԼՂ հարցում ստատուս քվոյի պահպանմանը, հետևաբար ֆինանսավորելով այն՝ ԵԱՀԿ-ն նպաստում է կոնֆլիկտին: Մինչդեռ ծրագիրը ոչ թե ռազմական կամ քաղաքական նշանակություն ուներ, այլ մարդասիրական և հիմնված էր վերապատրաստումների վրա: Չնայած ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցչի կողմից Երեւանում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա ԵԱՀԿ գերմանական, ապա նաև ավստրիական նախագահությունները եզրակացրել էին, որ այդ ծրագիրը չի հակասում ԵԱՀԿ մանդատին, Ադրբեջանը չհրաժարվեց իր պնդումներից: Հանուն գրասենյակի պահպանման՝ ընդառաջելով ավստրիական նախագահության հորդորին, պաշտոնական Երևանն անգամ համաձայնել էր չշարունակել կոնկրետ այդ մեկ ծրագիրը: Բայց դա ևս որևէ կերպ չազդեց Բաքվի դիրքորոշման վրա՝ ակնհայտ դարձնելով, որ վերջինիս առաջնային խնդիրը ցանկացած գնով երևանյան գրասենյակի փակմանը հասնելն է՝ օգտագործելով ԵԱՀԿ-ում որոշումների ընդունման վրա վետո կիրառելու հնարավորության սկզբունքը:

Պաշտոնական Երևանն արձագանքել է տեղի ունեցածին: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանն իր ապակառուցողական մոտեցմամբ բացարձակ ինքնամեկուսացման է գնացել ԵԱՀԿ-ում և փաստացի հակադրվել ամբողջ կազմակերպությանը:

«Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, փաստացի արգելափակելով նաև երևանյան գրասենյակի գործունեությունը, Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ ոչ միայն մեր տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության, այլև ընդհանրապես կազմակերպության և նրա կառույցների վրա»,-նշում է Բալայանը՝ հավելելով, որ Հայաստանը շարունակելու է գործել որպես ԵԱՀԿ ակտիվ և նախաձեռնող անդամ և պատրաստ է դիտարկել Հայաստանում ԵԱՀԿ-ի ծրագրերի իրականացման քննարկված այլընտրանքային առաջարկները:

Գրասենյակի փակման ուղղակի հետևանքը Հայաստանում կազմակերպության օժանդակությամբ իրականացվող ծրագրերի սառեցումն է կամ չեղարկումը: Այդ ծրագրերն մարդասիրական էին, մեծամասամբ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, պետական մարմինների գործուեության թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի ավելացմանը, նրանց նկատմամբ քաղաքացիական կառույցների հանրային վերահսկողության ուժեղացմանը: Որքան էլ ցանկալի կլիներ դրանց շարունակումը, այնուամենայնիվ գրասենյակի փակումից այդ մասով Հայաստանը մեծ կորուստներ չի կրում:

Շոշափելի կորուստը կարող է լինել քաղաքական: Փաստացի Հայաստանը չկարողացավ հասնել նրան, որ անցնող ամիսներին Ադրբեջանը հրաժարվի իր կարծր դիրքորոշումից: Սակայն սա ոչ միայն դժվար է հայաստանյան դիվանագիտության հերթական ձախողումը համարել, այլև ցանկության և բավարար ճկունության դեպքում Երևանը կարող է այս իրավիճակը վերածել լրջագույն հաղթաթղթի:

Խնդիրն այն է, որ տվյալ դեպքում պարտություն է կրել ոչ թե Հայաստանը, այլև ԵԱՀԿ-ն իբրև կազմակերպություն: ԵԱՀԿ գերմանական, ապա նաև ավստրիական նախագահությանն դիրքորոշումն ու նախաձեռնությունն է Ադրբեջանը տապալել, ԵԱՀԿ 56 պետությանն է դեմ արտահայտվել: ԵԱՀԿ-ին ստիպելով փակել տարածաշրջանում միակ գրասենյակը՝ Ադրբեջանը լրջագույն հարված է հասցրել կազմակերպության հեղինակությանը, կասկածի տակ դրել մինչ այս փայլուն աշխատող և կազմակերպության հիմնական արժանիքը համարվող կոնսենսուսային սկզբունքով որոշումների կայացման արդյունավետությունը: Բաքուն փաստացի ձեռնարկել է կազմակերպությունը քայքայելու հանդուգն քայլ, որն առաջին հերթին պետք է մտահոգի այն գերտերություններին, որոնք ԵԱՀԿ-ն դիտարկում են որպես համաշխարհային քաղաքականության բալանսավորման լրջագույն հարթակ:

Եթե նկատի ունենք, որ արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը գտնվում է հենց ԵԱՀԿ-ի մանդատի ներքո, ակնհայտ է դառնում, որ գրասենյակի փակումը ոչ թե Հայաստանի նկատմամբ տակտիկական հաջողություն արձանագրելու կամ վրիժառության պրիմիտիվ դրսևորում է, այլ հետապնդում է այդ մանդատը խարխլելու հեռահար նպատակ: Սա տեղավորվում է արցախյան հիմնահարցը ԵԱՀԿ-ից հանելու և ՄԱԿ տեղափոխելու Բաքվի ստրատեգիական նպատակադրման համատեքստում: Ի տարբերություն ԵԱՀԿ-ի, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով, ՄԱԿ-ում գործում է պարզ մեծամասնությամբ որոշումների ընդունման սկզբունքը: Եվ Թուրքիայի, իսլամական երկրների աջակցությամբ ԼՂ հիմնահարցի պրոադրբեջանական լուծմանը ՄԱԿ-ի շրջանակում հասնելը նրա համար շատ ավելի հեշտ է: Եվ այս խնդիրը լուծելու համար Բաքվին անհրաժեշտ է նախ ցույց տալ, որ ԵԱՀԿ-և այն հարթակը չէ, որ կարող է հասնել հակամարտության կարգավորմանը:

Բացի դրանից՝ այս գիծը լրիվ համապատասխանում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Արցախում հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված Վիեննայի և մասամբ նաև Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը ձախողելու Բաքվի քաղաքականությանը: Խնդիրն այն է, որ ինչպես այս պայմանավորվածությունների կատարումից հրաժարումն է Բաքուն բացատրում նրանով, որ դրանք ուղղված են ստատուս-քվոյի ամրապնդմանը և հակամարտության սառեցմանը, ինչին իրենք համաձայնել չեն կարող, այնպես էլ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերի իրականացումն է պայմանավորում ստատուս-քվոյի հավերժացմամբ: Որքան էլ վերջինիս դեպքում պատճառաբանությունն անհեթեթ է և արհեստական, փաստում է, որ Բաքուն սաբոտաժի է ենթարկում կազմակերպությունը և դրա շրջանակում ԼՂ հիմնահարցին ողղակի կամ անուղղակի առնչվող ցանկացած նախաձեռնություն:

Բայց ողջ հարցն այն է, որ դիմելով նման մեթոդաբանության՝ Ադրբեջանը գնում է իր դիվանագիտական ինքնամեկուսացումը և իզգոյացումը, որը նկատելի է ԼՂ կարգավորման գործըթնացում, ավելի խորացնելու ռիսկին: Այն միջազգային հանրությանը և հատկապես ԵԱՀԿ ՄԽ եռանախագահող երկրներին ավելի է համոզում իր ապակառուցողականության մեջ անգամ այնպիսի հարցերում, որոնք հակամարտության կարգավորման հետ կապ չունեն կամ ունեն միայն սիմվոլիկ կապ: Եթե Բաքուն որևէ պլաններ ունի այս կազմակերպության հետ կապված, ապա միանշանակ վտանգում է դրանք, քանի որ ակնհայտ է՝ կոնսենսուսի ձեռբերման տապալումը այս պլանների իրականացման առումով բումերագի էֆեկտ է ունենալու: Եթե նույնիսկ կազմակերպության մյուս անդամ երկրները խուսափեն նույն ձեռագրով Ադրբեջանի նախաձեռնությունները տապալելուց, ապա Երևանը գուցեև չհապաղի դա անելուց: Թեև պետք է հաշվի առնել, որ մյուս կողմից դա կարող է ջուր լցնել ԵԱՀԿ-ի անգործունակությունն ապացուցելու Բաքվի «ջրաղացին»:

Այս իմաստով հարցադրումը շատ պարզ է. որքանո՞վ ու ինչպե՞ս է Երևանը կարողանալու օգտվել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ում ինքնաիզգոյացման այս տենդենցներից, ունի՞ արդյոք դրանից դիվիդենտներ շահելու, գրասենյակի փակումը Ադրբեջանի դեմ շրջելու որոշակի սցենար, ինչը մշակելու համար ուներ առաքվել քան տևական ժամանակ: Գործընթացն արդեն ամիսներ է տևում և նման հանգուցալուծումը լրիվ կանխատեսելի էր:

ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքում շեշտադրում է արվում նրա վրա, որ Ադրբեջանն այդ կերպ գործում է ԵԱՀԿ-ի դեմ, «ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները»: Բացի դրանից՝ այն հայտարարությունը, թե Երևանը պատրաստ է քննարկել ԵԱՀԿ ծրագրերը Հայաստանում իրականացնելու այլընտրանքային եղանակները, թերևս ոչ այնքան ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի նույն արժեքները դավանելու կամ այդ ծրագրերի իրականացման արժևորման նպատակ ունի, որքան փորձ է իմաստազրկելու Ադրբեջանի դեմարշային ուղեգիծը՝ այն շրջանցելով և յուրատեսակ շրջափակման ենթարկելով:

Սրանք մարտավարական առումով գուցե ճիշտ, սակայն ոչ բավարար ձեռնարկներ են: Այդ գործելաոճը կարող է Ադրբեջանի համար վերածվել դիվանագիտության կատարյալ ձախողման միայն այն դեպքում, եթե ԵԱՀԿ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ գործողություններ հետևեն: Այդ հնարավոր հակաքայլերն արդեն պետք է նախագծված լինեին Երևանում: Այնքանով, որքանով Բաքուն ինքն է իր վետոն պայմանավորում ԼՂ հիմնահարցով, անհրաժեշտ է հասնել նախ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահող երկրների կողմից տեղի ունեցածին հստակ գնահատականների հնչեցմանը: Մյուս կողմից ժամանակն է կարգավորման գործընթացում ակցենտները մադրիդյան սկզբուքնների շուրջ համաձայնություններից տեղափոխել Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու հարթություն: Պետք է հասկանալ, որ եթե Ադրբեջանը գիտակցված գնում է ինքնամեկուսացման, ապա վետոյի իր ուղեգծի և միջազգային հանրությանը դեմ հանդես գալու քաղաքական հետևանքներից չի վախենում: Սա զուտ գործընկերային տրամաբանությունից շեղում չէ: Սա նշանակում է, որ Բաքուն սեփական շահերն առաջ տանելու համար կանգ չի առնում ու չի առնելու ոչնչի առջև, այդ թվում նաև պատերազմի՝ շրջանցելով հենց ԵԱՀԿ մանդատի ներքո ստորագրված 1994 և 1995թթ. հրադադարի պայմանագրերը: Պատահական չէ, որ ապրիլյան քառօրյա մարտերից հետո առաջին քայլը, որ Բաքուն արեց, այդ պայմանագրերը չեղյալ համարելուն հասնելու նախաձեռնությունն էր ԵԱՀԿ-ում: Եթե Բաքվին այլևս ոչինչ չի կանգնեցնում և ծայրահեղ քայլերն այլևս անզսպելի չեն, ապա միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի ճանաչել Արցախին որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ առաջին հերթին իբրև արցախցիների անվտանգությունը միջազգային իրավունքով երաշխավորելու միջոց: Սա պետք է լինի ստեղծված իրավիճակին մեր միակ ադեկվատ արձագանքը, այսպես կոչված՝ «մեր պատասխանը Չեմբեռլենին»:

 

Մեկնաբանություններ (4)

Ամեն ինչի ժամանակ կա
Մի շտապեք, ամեն ինչի ժամանակ կա: Բնությունից սովորեք, ծառերը գարնանը ծաղկում են, իսկ ամռանը կամ աշնանը բերք են տալիս: Հետո գուցե ուշացնելու պատճառն այն է, որ մտածում են գուցե մի քանի շրջաններ էլ կցեն Արցախին հետո միացնեն Հայաստանին: Այսպիսի առիթներ հարյուր տարին մեկ են լինում: Այնպես որ համբերենք ու մեր գործն անենք, Արցախն ու Հայաստանը ամրացնենք ու զորացնենք: Ինձ հարցնեք, Արցախի հարցը վաղուց լուծված է, պարզապես խափված ազերուն մի քիչ էլ ժամանակ է պետք, որպեսզի այդ մտքի հետ վերջնականապես հաշտվի: Այստեղ են ասել, սելը չի ճռռու, սելվորն է ճռռում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսքա՛ն տարիներից հետո Հայաստանում ՎԵՐՋԱՊԵՍ պիտի հասկանան,որ Արցախի միջազգային ճանաչման 1-ին քայլը պիտի անի Հայաստա՛նը՝ ինքն առաջինը ճանաչելով ԼՂՀ անկախությունը: Քանի դեռ սա չի եղել, Արցախի հարցը շարունակվելու է դիտվել որպես տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե Ալբանիա՛ն ու Սերբիան տասնյակ տարիներ պայքարեին Կոսովոյի համար,ոչ ոք չէր ճանաչի Կոսովոյի անկախությունը: Հայաստա՛նն է բանակցում Ադրբեջանի հետ ու սպասում եք, որ այլ երկրներ ճանաչե՞ն Արցախի անկախությունը: Բա ի՞նչու 22 տարում ոչ մի երկիր չի ճանաչել Արցախի անկախությունը (Հայաստանը ներառյալ):
Գեւորգ
Տո հոդվածները հլա մի կողմ, կկարդաս կամ չէ: Բա որ ճամփի վրա տեսնում ես մեծ ու սիրուն տառերով գրած - ,,ԱԳԼՃԿԼ,, երեխան էլ տառերն իրար կապելով կարդում ու քեզ հարցնում ա - պապի էտ ինչ ա գրած, այ էտ մեկն ավելի դժվար ա!
ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ !
Հարգելի հեղինակ (եւ խմբագրություն), որեւէ երկար անվանման բազմակի օգտագործման դեպքում ընդունված է կիրառել հապավում, առաջին հիշատակումից հետո փակագծում բերելով նրա բացատրությունը: Ես, օրինակ, ինքս ինձ գրագետ մարդ համարելով, ամոթով խոստովանում եմ, որ դժվարանում եմ ամեն անգավ հիշել թե ԵԱՀԿ - ն, ԵԽԽ - ն, ԵԱՎԽ -ն, ԽԽՎՀ - ն, ՀՀԿ -ն, ԲՀԿ - ն, ՊՊԾ - ն, ԾԾԿ - ն եւ հազար ու մի այլ տառամիացություններ ինչ էին նշանակում: Պատկերացրեք նաեւ, որ կարդում եք տարբեր լեզուներով եւ բախվում նույն խնդրին: Այս դեպքում մնում է մտքի մեջ ասել - ,,Նահլաթ գրողին էլ, հոդվածին էլ ...,, (կներեք ,,կոնտուզիա,, տարած մարդ եմ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter