HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Վարչապետի պաշտոնի համար «ճակատամարտն» սկսված է

Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակից Էլիզա Վասին տված հարցազրույցում, որը հրապարակել է «Մեդիամաքս» գործակալությունը,  վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե պատրաստ է վարչապետ մնալ և երկրի ղեկավարի պարտականություններն ստանձնել 2018թ. հետո:

Թեև նախկինում մի քանի անգամ գործող վարչապետն առիթ ունեցել է այդ մասին բարձրաձայնելու, սակայն սա ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամն է, որ գործող վարչապետը բաց տեքստով արտահայտում է երկրի ղեկավարի դերն ստանձնելու իր հավակնությունը: Ընտրությունների արդյունքների ֆոնին սա առաջին հերթին քաղաքական մեծամասնությանը և նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված ուղերձ է:

Դրանից երկու օր առաջ «lragir.am»-ին տված հարցազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, վարչապետի և ՀՅԴ-ի միջև տարաձայնությունների, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի վերաբերյալ հարցերին ի պատասխան ասել էր. «Կարեն Կարապետյանն առանձին սուբյեկտ չէ։ Կան ՀՀԿ և ՀՅԴ իրավահարաբերություններ։ Կոալիցիոն համաձայնագիրը չի կնքվում ասենք Կարեն Կարապետյանի և Արմեն Ռուստամյանի միջև, այն կնքվում է Հանրապետականի՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և Դաշնակցության միջև։ Սուբյեկտները երկու կուսակցություններն են, այլ ոչ թե առանձին անհատները։ Իսկ եթե ուզում եք անհատներ նշել, ՀՀԿ-ն ունի և ունենալու է մեկ լիդեր՝ Սերժ Սարգսյանը։ Նա 2016-ի նոյեմբերին ՀՀԿ-ի համագումարում միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահ առաջիկա 3 տարիների համար։ ...Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նախագահն է, և 2018-ից հետո Սերժ Սարգսյանը և Հանրապետականն ունենալու են վճռորոշ դերակատարում»։

Շարմազանովն իհարկե, սերժսարգսյանական բացառիկության ֆետիշացման էյֆորիայում ընկնում է հակասությունների մեջ: Նա մի կողմից պնդում է, թե ՀՀԿ-ում որոշում կայացնողը ոչ թե անհատներն են, այլ կուսակցությունը, իսկ մյուս կողմից, այնուամենայնիվ, ընդգծում Սերժ Սարգսյան անհատի բացառիկ դերն այդ հարցում:

Բայց տվյալ դեպքում այս հակասականությունն ավելի շատ անհրաժեշտ երանգավորում է: Իրականում Շարմազանովը փորձում է հասկացնել, որ Կարեն Կարապետյանը, չնայած վարչապետ լինելուն, ՀՀԿ-ում շարքային զինվոր է, ում ճակատագիրը կախված է միակ հրամանատարի՝ Սերժ Սարգսյանի քաղաքական որոշումներից: Նրա այն ընդգծումը, թե Սերժ Սարգսյանը, լինելով ՀՀԿ-ի նախագահը, նաև 2018թ. հետո շարունակելու է «վճռորոշ դերակատարում» ունենալ, փաստացի նշանակում է երկու բան:

Նախ՝ 2018թ. ապրիլից հետո ապագա վարչապետի թեկնածության, այդ թվում նաև նախագահական ժամկետն սպառելուց հետո Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցը որոշելու է բացառապես Սերժ Սարգսյանը:

Երկրորդ՝ կուսակցությունը ենթարկվելու է բացառապես վերջինիս հրամաններին, հետևաբար հանդիսանում է նրա, այլ ոչ թե Կարեն Կարապետյանի քաղաքական հենարանը նաև ապագա իշխանության կառուցվածքի համատեքստում:

Կարեն Կարապետյանի և Էդուարդ Շարմազանովի այս հայտարարությունները տալիս են վարչապետի պաշտոնի համար ներիշխանական դիրքային դիմակայության մեկնարկի համազարկը և հստակեցնում փոխադարձ դիրքավորումը: Աժ ընտրություններից հետո ապագա իշխանական կոնյուկտուրայի ձևավորման գործընթացը մտնում է վճռորոշ և ինտրիգային շրջափուլ, որը, սակայն գտնվում է ոչ թե լայն քաղաքական համակարգի, այլ բացառապես ներիշխանական հարաբերությունների հարթությունում: Այս նոր սկսվող խաղում իշխանությունից դուրս գտնվող բոլոր քաղաքական շրջանակները, ընդդիմության փշրանքները, հասարակությունը բացառապես հանդիսատես են դառնում եւ հարկադրված են սպասել այս մրցակցության հանգուցալուծմանը: Իսկ հաշվի առնելով, թե ինչպիսի ռեսուրսներ են կողմերը փորձում իրար դեմ հանել այս «ճակատամարտում», զարգացումներն իսկապես խոստանում են հետաքրքիր լինել։

Կարեն Կարապետյանի ռեսուրսները

Գործող վարչապետը ներքին ռեսուրսներ չունի: Այն կոշտությունը, որով ՀՀԿ խոսնակը խորհրդարանական ընտրություններից հետո փորձում է գնահատել իրենց հիմնական գործընկերոջ՝ ՀՅԴ-ի նկատմամբ վարչապետի անհատական տրամադրությունները, հասկանալի է դարձնում, որ Կարապետյանի հիմնական գործառույթն անցած ընտրություններում  ՀՀԿ-ին նոր «ֆասադ» հաղորդելն էր, նրա իմիջի խաղարկման հնարավորություն ստանալը: Եվ հիմա կարծես թե ակնհայտ է դառնում, որ այն արտաքին տպավորությունը, թե ի դեմս Կարապետյանի՝ Սերժ Սարգսյանն ասպարեզ է իջեցնում իշխանության և իր «ժառանգորդին», պարզապես Կարապետյանին շահադրդելու և հասարակության մոտ նոր հույսեր արթնացնելու համար էր ստեղծվում: Ընտրություններում այդ գործոնի բարեհաջող շահագործումից առավելագույնը քամելուց հետո Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի իսթեբլիշմենթի համար այլևս չունի նախկին պահանջարկը:

Չնայած ՀՀԿ-ին անդամակցելուն և ՀՀԿ փոխնախագահի կարգավիճակն ստանալուն, նա փաստացի ՀՀԿ-ում չունի և չկարողացավ ձևավորել սեփական հենարանը, ընկալվում է որպես «յուրայինների մեջ օտար», այսպես կոչված «միայնակ գայլ»: Աժ-ում վարչապետը չափազանց փոքր ներկայացվածություն ունի և շարունակելու է մնալ մի կողմից ՀՀԿ-ի սերժսարգսյանական հեգեմոնիան ճանաչող քաղաքական թիմից, մյուս կողմից օլիգարխիայից ակնհայտ կախվածության մեջ:

Ներքին քաղաքական հենարանի դեֆիցիտը Կարեն Կարապետյանը փորձում է չեզոքացնել արտաքին աջակցության ռեսուրսով՝ ի դեմս Ռուսաստանի և վերջինիս քաղաքական շահերն իրենցով տրանսֆորմացնող ռուսաստանահայ գործարարների: Այս տարվա հունվարին պաշտոնական այցի շրջանակում Կարեն Կարապետյանին Մոսկվայում ցուցաբերված չափազանց բարձր ընդունելությունը յուրօրինակ դեմոնստրացիա էր, որ ՀՀ վարչապետը վայելում է Մոսկվայի գրեթե անվերապահ աջակցությունը:

Դրան անմիջապես հաջորդեց ռուսաստանահայ խոշոր գործարարների և հիմնականում «Տաշիր գրուփ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի անմիջական մասնակցությամբ, վարչապետ Կարապետյանի նախաձեռնությամբ «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդի ստեղծումը, որի հենքին վարչապետը հայտարարեց Հայաստանում մոտ 3,2մլրդ դոլար ներդրումներ իրականացնելու իրատեսականության մասին:

Այս ակումբի բացման երևանյան արարողության ժամանակ Սամվել Կարապետյանը վարչապետին իրենց անվերապահ քաղաքական աջակցությունը ձևակերպեց հետևյալ կերպ. «Մենք  և´ Մոսկվայում ենք ասել, և´ եկել ենք այստեղ ասելու, որ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք կառավարության բոլոր այն ծրագրերին, որոնք կապահովեն մեր երկրի բարգավաճումը: ...Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու»: 

Ներդրումները կապելով ոչ թե Հայաստանի ամբողջական իշխանության, այլ անձամբ վարչապետի անձի հետ՝ ռուսաստանահայ գործարարներն անուղղակի ասում են, որ պատրաստ են կառավարությանն աջակցել միայն այն դեպքում, եթե Կարապետյանը շարունակի այդ պաշտոնում իր գործունեությունը, այսինքն դե յուրե ստանձնի Հայաստանի ղեկավարումը:

Նախկին վարչապետներից ոչ մեկը Ռուսաստանի կողմից նման միանշանակ աջակցություն չի վայելել: Սա ուժեղ խաղաթուղթ է Կարեն Կարապետյանի ձեռքին՝ խանգարելու իրենից «քավության նոխազ» կամ ֆիգուրի անհրաժեշտ զոհ դարձնելու սերժսարգսյանական քայլերը:

Սակայն Հայաստանյան կառավարման համակարգի առանձնահատկությունն այն է, որ ամենաթույլ օղակը վարչապետն է, որին, առկա բազմաթիվ հիմնախնդիրների և դրանց դեմ կառավարության փաստացի անկարողության ֆոնին կարելի է հեշտությամբ վարկաբեկել և «շարքից հանել»: Կարեն Կարապետյանն այս առումով ևս չափազանց խոցելի է՝ հաշվի առնելով, որ չնայած բազմաթիվ կոսմետիկ նախաձեռնություններին, համակարգային առումով Հայաստանում ոչինչ փոխել չի կարողանում, և դա  օբյեկտիվ է, քանի որ այդ համակարգը ոչ թե վարչապետի, այլ բացառապես քաղաքական իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած գործող նախագահի ազդեցության տիրույթում է: Իսկ այդ տիրույթում ցանկացած վարչապետ պարզապես խամաճիկ է կամ սարդոստայնն ընկած պոտենցիալ զոհ: Եթե Կարապետյանի այս ամբիցիաները չեն տեղավորվում սերժսարգսյանական հաշվարկներում, վերջինիս գործնականում ոչինչ չի խանգարում առաջիկա 1 տարվա ընթացքում անգամ Ռուսաստանի մոտ վարկաբեկել նրան նույն ջանասիրությամբ, ինչպես նշանակումից հետո սկսեց նրանից կերտել իշխանության նոր դեմքի, նոր լիդերի մարմնացումը:

Սերժ Սարգսյանի ռեսուրսները

Գործող նախագահն իր գործողություններով ցույց է տալիս, որ իշխանությունը Կարապետյանին փոխանցելու տրամադրություն այս պահին չունի կամ ավելի ճիշտ, որ այդ հարցն առկախված է նույնքան, որքան ապագա վարչապետի թեկնածության մնացած բոլոր հնարավոր տարբերակները:

Այս փուլում Սերժ Սարգսյանը ականապատում է Կարեն Կարապետյանի շրջապատը՝ փաստացի նրան ենթարկելով քաղաքական բլոկադայի: Դա դրսևորվում է մի քանի ուղղությամբ: Նախ՝ ինչպես նշեցինք՝ Կարապետյանին չտրվեց ՀՀԿ-ում իր ազդեցությունն ուժեղացնելու, հենարանը մեծացնելու հնարավորություն, ԱԺ-ում նա գրեթե հենման կետ չունի:

Երկրորդ՝ իր ամենավստահելի կադրին՝ Վիգեն Սարգսյանին նշանակելով  պաշտպանության նախարար, գլխավոր շտաբում իրականացնելով կադրային լուրջ տեղաշարժեր՝ Սերժ Սարգսյանն ավելի ուժեղացրեց զինուժի կախվածությունն իրենից, միաժամանակ Վիգեն Սարգսյանին տվեց գործունեության, նախաձեռնությունների այնպիսի ազատություն, որ Կառավարությունից դուրս է և ծավալվում է մի տեսակ Կառավարությանը զուգահեռ: Համենայնդեպս ակնհայտ է, որ այդ նախաձեռնություններից վարչապետը և կաբինետն ընդհանրապես օտարված են: Վիգեն Սարգսյանը նաև գլխավորում էր ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը: Դա հզոր ազդակ էր, որ նախագահը ասպարեզ է իջեցնում Կարեն Կարապետյանին ֆիգուրին առնվազն չզիջող նոր դեմք, որը բոլոր հնարավորութոյւններն ունի հավակնելու իշխանության «ժառանգորդի» դերին:

Երրորդ՝ Սերժ Սարգսյանը ամրապնդեց և փաստացի իր ազդեցության տակ ներքաշեց ուժային մեկ այլ՝ արտակարգ իրավիճակների համակարգը՝ ոլորտի նախարար նշանակելով ՊՆ նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանին, իսկ նրա տեղակալի պաշտոնում՝ բանակում բավականին մեծ ազդեցություն ունեցող, ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովին:

Չորրորդ, որը նախորդներերի տրամաբանական շարունակությունն է՝ Սերժ Սարգսյանը կադրային քաղաքականության մեջ փաստացի ազատությունից զրկեց վարչապետին՝ նրան թողնելով բացառապես ֆինանսա-տնտեսական բլոկը: Դրանցից դուրս նա ազդեցության որևէ լծակ չունի, այստեղ նշանակումներ կատարվում են գործնականում առանց նրա մասնակցության: Այս առումով կառավարության նիստերին հանձնարարականներ տալու վարչապետի գերակտիվությունն ընդամենը ծխածակույթ է:

Հինգերորդ՝ Սերժ Սարգսյանը իր իշխանության դիրքերն ամրապնդելու նկատառումով գնում է ՀՅԴ-ի հետ նոր կոալիցիա ձևավորելու ճանապարհով՝ չնայած նրան, որ դրա կարիքը բացարձակապես չուներ ՀՀԿ-ի՝ ԱԺ մեծամանսությունն ստանալու պայմաններում: Ուշադրություն դարձնենք, որ այդ կոալցիան փաստացի ստեղծվում է ի հեճուկս վարչապետի, որը ՀՅԴ-ին պորտֆելների հատկացումն ընկալում է որպես իրեն կաշկանդելու միջոց: Այսինքն ակնհայտ է, որ այս հարցում Սերժ Սարգսյանը  վարչապետի կարծիքը հաշվի չի առնում և գործում է համաձայն իր մշակած պլանի, ինչը զարմանալի տակտիկա է իշխանության փոխանցման նպատակ ունեցողի համար: Ձևավորվելու է կոալիցիա ոչ թե ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև, այլ ՀՅԴ-ի և Սերժ Սարգսյանի: Օրեր առաջ yerkir.am-ի հետ հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել էր, թե  կոալիցիայի շուրջ կոնկրետ համաձայնությունը ձեռք է բերվել Սերժ Սարգսյանի հետ:

Այս գործոնները հաշվի առնելով՝ միանշանակ է, որ թե՛ նոր իշխանության ձևավորման թելերը և թե Կարեն Կարապետյանի քաղաքական կարիերայի հեռանկարը գտնվում են Սերժ Սարգսյանի ձեռքում՝ չնայած Կարապետյանի դիրքերի որոշակի թվացյալ ամրությանը: Իր պաշտոնավարման ժամկետի ավարտին ընդառաջ նախագահը մեծացնում է հնարավոր կոնֆիգուրացիաների դաշտը՝ ավելի մշուշոտ դարձնելով վարչական իշխանությունը Կարապետյանին հանձնելու հեռանկարը: Որևէ ազդակ, տեղաշարժ չկա, որ կվկայեր իշխանությունն աստիճանաբար և սահուն Կարապետյանին հանձնելու մասին:

 

Մեկնաբանություններ (2)

ընթերցող
Հարգելի Լուսիկ, Դուք ըստ երեւույթին հավատում եք որ ,,դեմոկրատիա,, ասվածը լավ բան է, եւ բոլորի համար է լավ: Ցավոք, այդպես չէ: Իսկ տոտալիտարիզմը այդյունքներ տվել է՝ Իվան Գրոզնի, Պետրոս Մեծ, Ստալին, Սադամ Հուսեյինովիչ եւ այլն: Հրեշներ էին մարդկային անհատ առումով, բայց երկիր էին շինում ու առաջ տանում ... ոսկորների քանակին չնայելով:
ընթերցող
Լավ, իսկ որեւէ մեկը չի գտնում որ ՍՍ - ն իսկապես տաղանդավոր ղեկավար է? Նրան քշում են, հեռացնում ու հրաժարեցնում են, ներսից ու դրսից ճնշում են, տարբեր կողմերի վրա ձգում են, իսկ նա կա ու կա եւ ավելի ինքնավստահ է դառնում ժամանակի հետ! Սա իհարկե, չի նշանակում որ նա լավն է ժողովրդի պատկերացմամբ: Բայց .... մի ղեկավար ցույց տվեք որ ,,լավն,, է եղել, ժողովրդի համար եւ հաջողել ու հարատեւել է! Կարդացեք Մաքիավելի: Կամ ասենք, - ով լիներ որ լավ լիներ? - գուցե ԼՏՊ-ը, Քոչը, Հովոն կամ Գագոն, գուցե Նիկոլը? Ես անձամբ կարծում եմ, որ ՀՀ-ի ապագա ղեկավարը Վիգեն Սարգսյանն է նախատեսված ... եւ կողմ եմ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter