HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ելք» դաշինքի հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

«Ելք»  դաշինքը 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետեւյալը.

  1. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ «Ելք»  դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե:
  2. Ընտրական պրոցեսի ընթացքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառքներ են բաժանվել, այդ գործընթացը ունեցել է կազմակերպված եւ կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել անառարկելի ապացույցներ: Այս ապօրինի երեւույթից բխող մի շարք խախտումներ տեղ են գտել ընտրական տեղամասերում, ինչն արձանագրվել է «Ելք»  դաշինքի վստահված անձանց կողմից:
  3. ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը՝ ընդհուպ խոչընդոտելով կատարված ընտրական հանցագործությունների բացահայտմանը. «Ելք»  դաշինքին հաջողվել է ձեռք բերել եւ հրապարակել անառարկելի ապացույցներ, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում ոստիկանության քաղաքական չեզոքության մասին ՀՀ օրենսդրության պահանջների հետ: Քվեարկության օրը ոստիկանության ներկայացուցիչները բռնություններ են գործադրել «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր նկատմամբ՝ ըստ էության խոչընդոտելով ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ հերթական փաստի բացահայտմանը:
  4. Ընտրակաշառքների բաժանման եւ ստացման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ եւ այդ երեւույթի նկատմամբ ձեւավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:
  5. «Ելք»  դաշինքը ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց, դիտորդներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով եւ գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը եւ ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական եւ բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:
  6. «Ելք»  դաշինքն արձանագրում է, որ մայրաքաղաքում ունի համակիրների ամուր եւ կայուն հենարան եւ Երեւանի ավագանիում «Ելք»  խմբակցությունն իրեն համարում է դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երեւանցիների պատվիրակը եւ Երեւանի ավագանիում հանդես է գալու նրանց անունից:
  7. «Ելք»  դաշինքը ԱԺ-ում, Երեւանի ավագանիում իր գործունեության ընթացքում եւ ընդհանրապես՝ միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների Երեւանի ավագանու ընտրություններում տեղ գտած ապօրինի երեւույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետեւողական եւ սկզբունքային պայքար է մղելու այդ երեւույթների դեմ:
  8. «Ելք»  դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը եւ ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter