HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Վերջապես պատժե՞լ հակառակորդին, թե՞ անուղղակի խրախուսել նոր «ապրիլյան պատերազմը»

Արցախի ՊԲ-ն մայիսի 15-ին հաղորդագրություն հրապարակեց այն մասին, որ արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կառավարվող հրթիռով մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա, որի հետևանքով, բարեբախտաբար, ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել:

Ավելի ուշ արցախի ռազմական գռրատեսչությունը պարզաբանեց, որ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տեսակի կառավարվող հրթիռ: Նույն օրը ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց երկրի պաշտպանության նախարարությանը, տեղեկացրին, որ ադրբեջանական ԶՈւ-ն ոչնչացրել է հայկական «ОСА» տիպի զենիթահրթիռային կայանի բաղադրիչ հանդիսացող տրանսպորտային լիցքավորման մեքենան, որը մոտեցվել էր առաջնագծին` իբր «օդային տարածքը վերահսկողության տակ վերցնելու նպատակով»:

Հայկական կողմը դեռ պաշտոնապես չի հստակեցրել՝ խոսքը հրթիռի հարվածից վնասված հատկապես ի՞նչ տեխնիկայի մասին է և որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդ առումով Ադրբեջանի ՊՆ-ի հայտնած մանրամասները:

Բացի դրանից բազմաթիվ հարցեր են առաջանում կապված նաև նրա հետ, թե ինչու էր տեխնիկան այդքան մոտեցվել սահմանագծին և գործարկվել հակառակորդի կառավարվող հրթիռների հասանելության դաշտում: Եթե խոսքն իսկապես «ОСА» կայանին է վերաբերում, սա առավել տարակուսելի է թվում, քանի որ ՀՕՊ այս համակարգի՝ թիրախների հայտնաբերման ալեհավաք գործողության շառավիղը կազմում է 27,40 կմ և գոնե պարզ տրամաբանությամբ տպավորությունն այնպիսին է, թե շփման գծին հակառակորդի տեսանելիության և հասանելիության աստիճանի մոտեցնելու կարիք չպետք է առաջանար:

Այս ամենը, սակայն, մասնագիտական հարցեր են, որոնց մասին սիրողական դատողություններ, առավելևս վերջնական եզրակացություններ անելը ոչ միայն անիմաստ է, այլև վնասակար: Բայց խնդիրն այն է, որ հակառակորդն անկախ մեր կամքից արդեն մանրամասներ ներկայացրել է՝ դրանք ուղեկցելով տեսանյութերի տարածմամբ, և տեղեկատվական ուղղորդված հոսքերով փորձում է ներգործել հանրային գիտակցության վրա:

Բացի դրանից ցանկացած անձ կարող է ինտերնետից ձեռք բերած տեղեկությունների հիման վրա իրեն թույլ տված հենց սիրողական մակարդակի մակերեսային «մեկնաբանություններով» խեղաթյուրել իրականությունը՝ ջուր լցնելով ադրբեջանական քարոզչության վրա: Հետևաբար, ավելի ճիշտ կլիներ, եթե տարակուսանքի, անորոշությունների տեղիք տվող առկախված հարցերի, հանգամանքների մասին իր բացատրություններում հայկական ռազմական գերատեսչությունները մի փոքր ավելի շռայլ գտնվեին:               

Ամեն դեպքում, սակայն, ակնհայտ է՝ երկու կողմերն էլ հաստատում են, որ արցախա-ադրբեջանական շփման գծին տեղի է ունեցել հերթական, ըստ էության 2016թ. ապրիլյան քառօրյա մարտերից հետո ամենալուրջ միջադեպը, հրադադարի խախտման ամենակոպիտ դեպքը, որը Արցախի ՊԲ-ն որակում է սադրանք:

Այն, որ տեղի ունեցածն իսկապես խոշոր սադրանք էր, հաստատում է մի կարևոր հանգամանք: Ադրբեջանի ՊՆ-ն իր հաղորդագրության մեջ նշել է, թե շփման գծին մոտեցված զենիթահրթիռային կայանքին հարվածը հասցվել է՝ թույլ չտալու համար, որպեսզի հայկական ՀՕՊ ուժերը խոչընդոտեն իրենց թռչող ապարատների, տվյալ դեպքում` թերևս անօդաչու թռչող սարքերի գործողությունները:

Փաստացի ադրբեջանական կողմն դրանով հաստատում է, որ արցախյան զինուժը կայանքն իրականում գործարկել է ոչ թե հարձակողական, այլ իր օդային տարածքները հենց ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու նկատառումով, հետևաբար այն որևէ սպառնալիք Ադրբեջանի համար չէր ներկայացնում և չէր էլ  կարող ներկայացնել, որովհետև իրականում այդ տեսակի զենիթահրթիռային կայանքը հենց պաշտպանողական խնդիրներ լուծելու համար է նախատեսված:

Այս տեսանկյունից տեղի ունեցածը նույնիսկ սադրանքի ավելի ցինիկ դրսևորում է, քան 2014թ. նոյեմբերին հայկական ԶՈւ-ին պատկանող МИ-24 ռազմական ուղղաթիռի խոցումը: Չնայած ուղղաթիռն այն ժամանակ ևս իրական վտանգ չէր ներկայացնում և թռիչքներ է իրականացնում այդ պահին Արցախում անցկացվող մասշտաբային զորավարժությունների շրջանակում, սակայն ինքնին սահմանին դրանց չափից դուրս մոտենալը և խոցվելուց հետո միջդիրքային տարածքում ընկնելը Բաքվին գոնե որոշակի հիմքեր տվեց դրա խոցումը բացատրելու իրենց տարածքի նկատմամբ հնարավոր ոտնձգությունը կանխելու որոշմամբ: Մինչդեռ այս անգամ նման բացատրություն ադրբեջանական կողմը չի կարող և չի էլ ուզում տալ՝ հասկանալով, թե դա որքան անլուրջ է դիտվելու թե՛ ներքին, թե' արտաքին լսարանի կողմից:

Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչո՞ւ է հատկապես այս պահին ադրբեջանական կողմը դիմում նման խոշոր սադրանքի, հարկ է կենտրոնանալ նրա վրա, թե ինչով է բացատրվում հակառակորդի այսպիսի անկաշկանդվածությունը և թե ինչ հետևանքներ այն կարող է ունենալ:

Վերջին օրերին ադրբեջանական զինուժը նկատիորեն մեծացրել է լարվածությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ բացի խոշոր տրամաչփի դիպուկահար հրազենային միջոցներից, 60մմ, 80մմ  տրամաչափի ականանետներից և հաստոցավոր հակատանկային նռնականետերից գործողության մեջ դնելով ընդհուպ Դ-44 տիպի հրանոթներ:

Ընդ որում, լարվածության աճը տեղի է ունենում աստիճանաբար, ինչը վկայում է, որ սա ոչ թե առաջապահ ուժերի միջև հանկարծակի ծագող փոքրիկ բախումների համակցություն է, այլ հստակ մարտավարական ուղեգիծ՝ պլանավորված բանակի հրամանատարության և համաձայնեցված երկրի քաղաքական ղեկավարության կողմից:

Լարման այս հերթական փուլն սկսվեց ու հետևողականորեն աճում է մեկ ամիս առաջ Ադրբեջանում անցկացված խոշարամասշտաբ զորավարժություններից հետո, որի ընթացքում, ի դեպ, ըստ ադրբեջանական ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի, խաղարկվել են նաև հակառակորդի պաշտպանական գիծը ճեղքելու սցենարներ: Հայկական կողմն այս ամենին առայժմ պատասխանում է բացառապես իրավիճակից ելնելով, այսինքն գործում է տվյալ միայն առանձին պահերին հակառակորդի չափից ավելի ակտիվությունը ճնշելու տրամաբանությամբ:

Մայիսի 10-ին Արցախի ՊԲ-ն տեղեկություն հրապարակեց, թե կեսօրին հակառակորդի կողմից Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ նկատվել է զրահատեխնիկայի՝ շուրջ 10 տանկի տեղաշարժ, այսինքն՝ մոտեցում շփման գծին, որոնք, սական, մոտ մեկուկես ժամ անց վերադարձել են ելման դիրքեր: Այսինքն անգամ այն դեպքում, երբ հայկական դիրքերին մոտեցվել են տանկեր, հայկական կողմը պարզապես նախընտրել է գրավել դիտորդի կարգավիճակ: Հայկական տեխնիկան խոցելու երեկվա փաստը որևէ կասկած չի թողնում, որ եթե զրահատեխնիկայի նման տեղաշարժ իրականացներ հայկական կողմը, ադրբեջանական ԶՈՒ հարվածները չէին ուշանալու:

Ինչո՞ւ է հակառակորդին թույլ տրվում սահմանագծին իրականացնելու զինտեխնիկայի ցանկացած, այթ թվում նաև ակնհայտ հարձակողական բնույթի մանևրներ, եթե նույնն անել Բաքվում պատրաստ չեն: Առավելևս, երբ ակնհայտ է, որ դա հակառակորդին վտանգի բացակայության և անպատժելիության զգացում է ներշնչում:

Հիմա էլ Արցախի ՊԲ-ն հայտարարում է, թե տեխնիկային հասցված հարվածն անպատասխան չի մնալու: Սակայն ինչ պատասխանի մասին է խոսքը, պարզ չէ: Որևէ տեսանելի գործողություն դեռ չի հետևել: Այս իմաստով իրավիճակը չափազանց նման է հայկական ուղղաթիռի խոցմանը հաջորդած շրջանին, երբ հայկական կողմը պատասխան գործողությունների շատ ավելի «ահեղ» սպառնալիքներ հնչեցնելուց հետո փաստացի այդպես էլ որևէ համարժեք կամ անհամարժեք գործողության չդիմեց: Հենց ուղղաթիռի խոցումը չպատժելու հանգամանքը, սպառնալիքներով բավարարվելու մոտեցումն ի վերջո հանգեցրեց անցած տարվա ապրիլյան էսկալացիային: Կասկած չկա, որ անգամ պատերազմական գործողություններին բախվելուց հետո նման զգուշավոր գծի շարունակումը կրկին կարող է նույնատիպ, եթե ոչ ավելի ճգնաժամային իրավաիճակ ստեղծել:

Այս տարվա փետրվարի 25-ի վաղ առավոտյան հայկական դիրքապահները արցախա-ադրբեջանական շփման գծի արևելյան և հարավարևելյան ուղղություններով հակառակորդի իրականացած դիվերսիոն ներթափանցման փորձը կանխեցին՝ պատճառելով ահռելի մարդկային կորուստներ և հետ շպրտելով ելման դիրքեր: Դրանից հետո մինչև հիմա նման նոր փորձեր ադրբեջանցիները չեն ձեռնարկել: Այս հանգամանքը վկայում է երկու բանի մասին:

Նախ՝ համոզվելով հայկական առաջապահ ուժերի՝ տեխնիկապես հագեցած լինելու մեջ՝ հակառակորդը փոխելու է մարտավարությունը՝ դիվերսիոն հարձակումների միջոցով մարդկային կորուստներ պատճառելով խուճապ հարուցելուց անցնելով առաջնագծի թիկունքում տեղաշարժվող, մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկան ոչնչացնելու և հայկական բանակին նյութատեխնիկական հսկայական վնասներ հասցնելու մարտավարության: Երեկվա սադրանքի շարժառիթները կարելի է փնտրել նաև դրանում: Այն անարձագանք թողնելը Ադրբեջանին վստահեցնելու է, որ մարտավարական վերանայումը էֆեկտիվ է, ինչի հետևանքներն անգամ հարկ չկա մեկնաբանել:

Երկրորդ՝ փետրվարին հակառակորդին հասցված ցավոտ հարվածից հետո դիվերսիոն հարձակումներից նրանց ձեռնպահ մնալը համոզիչ փաստարկ է, որ նման հակառակորդին հրադադար պարտադրել հնարավոր է միայն անհամարժեք պատասխան տալու, կանխարգելիչ հուժկու հարվածներ հասցնելու պարագայում: Դրանց բացակայությունը Ադրբեջանի հասարակության մոտ ձևավորում է սեփական բանակի գերհզորության և անպարտելիության պատրանք, ինչը պատերազմը խրախուսող հոգեբանական ամենալուրջ ռեսուրսն է:

Եթե հայկական կողմը շարունակելու է արհեստականորեն խաղաղություն պահպանելու իր մարտավարությամբ անուղղակի խրախուսել այս ամենը, նոր ապրիլյան պատերազմը դառնալու է իրատեսական:

լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter