Սպառողները դժգոհում են գազի շուկայում Վանաձորի ԱԳԼՃԿ-ների մատակարարած գազի որակից, գնից և մենաշնորհից
«Մենք կառավարության հանձնարարությամբ հիմա մեր ուշադրությունը բևեռել ենք ԱԳԼՃԿ-ների գործունեությանը: Հանրապետության բոլոր, այդ թվում նաև` Վանաձորի ԱԳԼՃԿ-ներում, արդեն մեկ շաբաթ է` ստուգումներ են սկսված: Կառավարությունը խստորեն պահանջում է հետևել սպառողների շահերի պաշտպանությանը», - երեկ՝ մայիսի 17-ին «Հետքին» հայտնեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Մկրտչյանը:
Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի պաշտոնակատար Վահագն Դավիթավյանի տվյալներով` Վանաձորում գործում են գազի սպասարկման 8 ԱԳԼՃԿ-ներ: «Համայնքի ավագանու մարտի 31-ի արտահերթ նիստի որոշմամբ` 2017թ. սահմանվել է ԱԳԼՃԿ-ների տարեկան 200 հազար դրամ տուրք, նախորդ տարվա 250 հազար դրամի փոխարեն», - հայտնեց Վահագն Դավիթավյանը:
Ու մինչ համայնքի բյուջեին վճարվող ԱԳԼՃԿ-ների տուրքերը Վանաձորում նվազեցվում են, վարորդները դժգոհում են այստեղ մատակարարվող գազի որակից, թանկ գներից և մենաշնորհից:
Գազի սպասարկման մենաշնորհը, ըստ վարորդների և գազալցակայնների աշխատողների, գտնվում է «Սեզամ գազ» ՍՊԸ-ի ձեռքում: Վահագն Դավիթավյանը, սակայն, տեղյակ չէր այդ մասին: «ԱԳԼՃԿ-ների սեփականատերերի փոփոխության մասին քաղաքապետարանում տեղեկանում ենք հաջորդ տարվա սկզբին», - ասաց նա:
ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով` Արմեն Մխոյանը «Սեզամ գազ» ՍՊԸ-ի ամբողջ բաժնետոմսերի սեփականատեր է գրանցվել 2016թ. նոյեմբերի 30-ին: Մինչ այդ «Սեզամ գազ» ՍՊԸ-ի բաժնետոմսերը գրանցված են եղել Արմեն Մխոյանի աներձագ Ջոն Հովհաննիսյանի անունով: Ավելի վաղ «Սեզամի» բաժնետոմսերի սեփականատեր է եղել նաև Երևանի Ներսիսյան փողոցում գրանցված Արտավազդ Գյուկչյանը:
Վանաձորում տարածված տեղեկությունների համաձայն` «Սեզամ գազ» ՍՊԸ-ին հովանավորում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանը: Արմեն Մխոյանը Վաչե Ղազարյանի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի հետ բաժնետերեր են «Մազես» ՍՊԸ-ում: «Մազես» բառը հակառակ կողմից կարդացվում է սեզամ:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի թեկնազորի պետի կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, նաև Մոտկորի ոսկու և արծաթի հանքային պաշարներին հավակնող «Վիկտորիա սիլվեր» ընկերության սեփականատերերից էր:
Մայիսի 11-ին մարզկենտրոնում մեր այցելած գազի 4 լցակայաններից 3-ը պատկանում էր «Սեզամ գազ» ՍՊԸ-ին:
«Հա, Վանաձորի գազի բոլոր լցակայաններն իրենն են: Ինչքան գիտեմ, երկու հատ գազի լցակայան է, որ իրենը չի: «Սեզամ գազը» միալար գազի բոլոր լցակայանները գնում է, միալար էտենց գազը ծախում է մի գնի տակ: Իմ տեղեկություններով էս գազի լցակայանն էլ է իր սեփականը: Այն Արմեն Մխոյանը մի երկու տարի առաջ սարքեց, ծախեց, հետո նորից մեկ ամիս առաջ հետ վեր կալավ», - «Տարոն-2» թաղամասի գազի լցակայանի մասին ասաց Վարուժան Քարհանյանը: Այս լցակայանը գտնվում է Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի խաչմերուկում: Վանաձորի բոլոր լցակայաններում 1 խմ գազը վաճառվում է 180 դրամով:
Նարեկացի 30 հասցեում գտնվող «Սարջոն» ՍՊԸ-ի լցակայանի դիսպետչերից տեղեկացանք, որ «Սարջոնի» լցակայանը Արմեն Մխոյանը նույնպես մեկ ամիս առաջ է գնել: «Սարջոնի» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը, համաձայն պետռեգիստրի, այս պահի դրությամբ վանաձորցի Մխիթար Մաթևոսյանն է, սակայն նրա բաժնեմասի վրա 2011թ. նոյեմբերի 11-ից արգելանք է դրվել:
Երրորդ թաղամասի Նարեկացի 67 գ հասցեում գտնվող «Սեզամ գազ» ՍՊԸ-ի գազի լցակայանում մեզ խուճապով ընդունեցին:«Սպասեք, տեղյակ պահենք մեր ղեկավարությանը, սա մասնավոր հիմնարկ է, պետք է թույլտվություն ստանաք այստեղ աշխատելու համար», - բացատրեց 40-ին մոտ բարձրահասակ մի տղամարդ, ով ըստ ամենայնի լցակայանի պատասխանատուներից էր: Նա իր ազգանունն ու պաշտոնը հրաժարվեց հայտնել:
Մոտ 15 րոպե անց տղամարդն իր ձեռքի հեռախոսը մեկնեց ինձ:«Ուզում են Ձեզ հետ խոսել»,- ասաց: «Սեզամ գազ» ՍՊԸ-ի տերը՝ Արմեն Մխոյանն էր: Վերջինիս խնդրեցի հանդիպել. «Ես քաղաքից դուրս եմ, չեմ կարող Ձեզ հանդիպել: Ինչ է Ձեզ հետաքրքրում իմ լցակայաններում», - հարցրեց: «Որն է Ձեր հաջողությունների պատճառը», - ասացի:
«Ես իմ շահույթի կեսը ներ եմ դնում գազը մաքրելու համար: Ուրիշները այդ ներդրումը չեն անում, այդ պատճառով էլ վարորդներն իմ լցակայաններից գոհ են լինում: Ես գազը մի քանի անգամ մաքրում եմ, ուրիշ գաղտնիք չունեմ: Մնացածը իմ կոմերցիոն գաղտնիքն է»,- բացատրեց Արմեն Մխոյանը:
Այլ հարցերի Ա.Մխոյանը հրաժարվեց պատասխանել: Նկատեցինք, որ «Սարջոնի» և Վանաձորի 3-րդ թաղամասի Նարեկացի 67գ հասցեում գտնվող «Սեզամ գազ» ՍՊԸ-ի լցակայաններում սպառողների 7 տոկոս զեղչեր են գործում:
Վարորդ Վարուժան Քարհանյանը պատմեց, որ իր ավտոմեքենան Նարեկացի 30 հասցեում գտնվող լցակայանում է լիցքավորում: «Էնտեղ տանից մոտիկ ա, առավոտը լիցքավորում եմ ու գալիս: Հարմար է և գազի որակը: Օրինակ՝ մի անգամ Էջմիածնում ավտոմեքենաս լիցքավորեցի: Որ «Սեզամում» իմ 13 խմ տարողության բալոնի միջին գինը բռնում էր ամենաշատը 2600 դրամ, դրսում շատ է բռնում: «Սեզամի» գազի որակից էս վերջերս եմ գոհ: Առաջ էդքան խտություն չուներ», - ասաց Վարուժանը:
Ավտոկայանում հավաքված տաքսիստերի կարծիքը Վանաձորի ԱԳԼՃԿ-ների գազի մատկարարման մասին դրական չէր: «Գազի որակը վատացել է: Գազը քչացել, փողը շատացել է: Քաղաքի որ լցակայանում ուզում ես, լցրու», - դժգոհեց Գ-ն: Մեր զրուցակիցը չէր ուզում` ազգանունը հոդվածում գրվեր։
«Սեզամում լիցքավորում ե՞ք»,- հարցրի: «Լյուբոյ տեղ: Ամեն տեղ էլ գազ քիչ են լցնում, գումարը շատ են վերցնում: Չգիտեմ, որտեղ ինչ ա: Գումարը մեզ մոտ էլի կարա քիչ լինի, բայց փողը շատ է գնում», - բացատրեց Գ-ն:
Տաքսիստ Աշոտ Ղարիբյանի խոսքով` գազն ընդհանրապես որակ չունի։ «Մի բալոնի մեջ թանկացել է 500 դրամի: Բալոնի տարողությունը կապ չունի: Ասենք՝ ես միշտ լցրել եմ պոլնի բալոն, գումարը կազմել է 3200 դրամ, հիմա բռնում է 3700 դրամ: Այսինքն 500 դրամ թանկացել ա: Համարյա ամեն տեղ նույնն է: «Սեզամը» ամենալավ լցակայանն էր, «Սեզամն» էլ է փչացել», - դժգոհեց Աշոտը:
«Եթե Գ-ն ճիշտ ինֆորմացիա հաղորդի, հետն էլ նկարվի, էգուց, էլօր կարդացողներից ում դուր չգա ասելու են Գ-ն բարոյականությունից զուրկ է: Դրա համար Գ-ն չի ուզում նկարվի», - ընկերոջը պաշտպանեց Աշոտը:
Վարշամ Երանոսյանը միջհամայնքային գազել է քշում: «Ես թոշակառու մարդ եմ, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, իշի պես բնացնում են, առանց կոպեկի: Ես էլ եմ գազի լցակայաններից դժգոհ: Խի մենակ Վանաձորում է գազի սպասարկումը վատ, ամեն տեղ էլ նույնն է: Նոքյար Սիմոնն ենք դարձել էստեղ», - ասաց Վարշամը:
«Վանաձորում գումարը քիչ է, քան մյուս տեղեր: Ալավերդին ու Սպիտակը սարսափելի են: Մանավանդ Ալավերդին: Ալավերդիում իմ բալոնս բռնեց 4500 դրամ: Բալոնիս տարողությունը 1,6 է խ.մ. է», - ասաց Աշոտը:
Իջևանի երթուղային գազելի վարորդ Վարդգեսը, ով սրտնեղած էր այդ օրը ուղևոր չունենալու պատճառով, ասաց. «Էս քաղաքում բոլոր լցակայանները մի հոգու է, խի չպետք է էտենց լինի: Լցակայանների տերերը տարբեր մարդիկ պետք է լինեն, որ մրցակցություն լինի»:
Վանաձորցիներից մեկը, ով տարիներ առաջ աշխատել է գազի լցակայններից մեկի տնօրեն, մեզ տեղեկացրեց, որ «Սեզամ գազ» ՍՊԸ-ն անվճար գազ է ստանում մարզի տարածքով անցնող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկության՝ «Տրանս գազ» ՍՊԸ-ի գազատարներից ու այդ պատճառով կարողանում է, մյուս գազալցակայնների համեմատ, գազը էժան և զեղչերով վաճառել:
«Սեզամ գազ» ՍՊԸ-ի գազի անվճար մատակարարմանն առնչվող տեղեկատվություն խնդրեցինք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բնական գազի բաշխման գործունեությունը կարող է իրականացվել միայն Հանձնաժողովի կողմից տրված համապատասխան գործունեության լիցենզիայի առկայության դեպքում: Ընկերությանը տրված բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների համաձայն՝ ՀՀ ողջ տարածքում բնական գազի բաշխումն սպառողներին իրականացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (իր համապատասխան տարածքային մասնաճյուղերի միջոցով)», - հայտնել է ընկերության հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի ծառայության գլխավոր մասնագետ Միխայել Հարությունյանը:
Վերջինս խուսափել էր «Սեզամ գազ» ՍՊԸ-ին «Տրանս գազից» անվճար գազ մատակարարելու մեր հարցի ուղիղ պատասխանից: Այս և մեր այն հարցին, թե արդյոք 1 խմ գազի նույն գինն է առաջարկվում Վանաձորի ԱԳԼԿՃ-ներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի ծառայության գլխավոր մասնագետը պատասխանել է. «Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթները (ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության մասով), ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ և 1164-րդ հոդվածների համապատասխան դրույթները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հնարավոր չի գտնում Ձեր 12.05.2017թ. գրությանը պատասխանել Ձեր ներկայացրած ձևաչափով»:
Մինչ այդ շուկայի վերահսողության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Մկրտչյանը «Հետքին» վստահեցրեց, թե կառավարության հանձնարարությամբ հանրապետության ԱԳԼՃԿ-ների ստուգումներից հետո, գազի սպառողների սպասարկումը լավանալու է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել