HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վարորդը դատական հայց է ներկայացրել համատիրության ու Կենտրոն թաղապետարանի դեմ

Երեւանի բնակիչ Տաթեւ Արամայիսյանը հայց է ներկայացրել դատարան` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանից եւ «Կենտրոն» համատիրության ղեկավարից պահանջելով փոխհատուցել նրանց անգործության պատճառով կրած վնասները:

Այս տարվա մարտի 5-ին Տաթեւ Արամայիսյանն իր Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան կայանել է Կողբացի 42 շենքի մոտ, օրենքով սահմանված վայրում, եւ մի քանի ժամ անց վերադառնալով մեքենայի մոտ՝ հայտնաբերել է, որ նշված շենքի տանիքից սառույց է ընկել ու վնասել ավտոմեքենան:

Վնասվել են ավտոմեքենայի տանիքը, դիմացի հողմապակին ու շարժիչի ծածկոցը։ Արամայիսյանը դիմել է քաղաքային իշխանություններին` պահանջելով փոխհատուցել իրեն պատճառված վնասը, քանի որ բազմաբնակարան շենքերի տանիքներից սառույցները մաքրելը համատիրության գործն է, վերահսկելը՝ վարչական շրջանի ղեկավարինը:

«Ալտա ՎԻՊ» գնահատող գործակալությունը Տաթեւ Արամայիսյանի ավտոմեքենայի վնասի արժեքը գնահատել է 323 հազար դրամ։

Երեւանի քաղաքային իշխանությունները մի քանի ճակատով մերժել են քաղաքացու՝ վնասի փոխհատուցում տրամադրելու պահանջը։

Քաղաքապետարանը եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը Արամայիսյանին ուղղորդել են փոխհատուցումը պահանջել «Կենտրոն» համատիրությունից, իսկ վերջինս կոշտ ու բավականին ոչ գրագետ գրությամբ է պատասխանել, թե՝ յուրաքանչյուրն իր գույքի վնասի տերն է։

Նույն օրը՝ մարտի 31-ին Կենտրոն, վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը եւ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը տվել են նույն պատասխանը։

«Մարտի 28-ին հասցեագրված ձեր դիմումի վերաբերյալ հայտնում եմ, որ տրանսպորտային միջոցին պատճառված վնասի հատուցման հարցը ենթակա է քննարկման տվյալ շենքի կառավարման մարմնի կողմից, որի նպատակով անհրաժեշտ է, որպեսզի ավտոմեքենայի սեփականատերը շենքի կառավարման մարմնին ներկայացնի համապատասխան դիմում՝ կցելով վնասը հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերը»,-Տաթեւ Արամայիսյանին գրել է Արա Սադոյանը։

«Երեւանի քաղաքապետին ուղղված ձեր մարտի 27-ի դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ (...) ձեր խնդրանքի բավարարման հիմքեր առկա չեն, քանի որ ավտոմեքենային պատճառված վնասի հատուցման հարցը ենթակա է քննարկման տվյալ շենքի կառավարման մարմնի կողմից, որի նպատակով անհրաժեշտ է, որպեսզի ավտոմեքենայի սեփականատերը շենքի կառավարման մարմնին ներկայացնի համապատասխան դիմում՝ կցելով վնասը հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերը»,-Սադոյանին կրկնել է Առաքելյանը։

Տաթեւ Արամայիսյանը, հիմք ընդունելով նույն օրը ստացած երկու պատասխանները, դիմել է «Կենտրոն» համատիրությանը։ Մայիսի 5-ին համատիրության կառավարիչ Արա Միքայելյանն Արամայիսյանին հայտնել է, որ համատիրության կողմից նույնպես նյութական վնասը հատուցման ենթակա չէ, քանի որ քաղաքացու պահանջն «անհիմն է»։

«Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164 հոդվածի` սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, հետեւաբար մեքենայի սեփականատերը մեքենան կայանելով ինչ-որ տեղ, պետք է հաշվի առներ դրա հանգամանքները։

Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 165 հոդվածի համաձայն՝ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը։ Ինչ վերաբերվում է դիմումում նշված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի ձեր կողմից նշված հոդվածին, ապա այն ամենեւին չի վերաբերում վնասի փոխհատուցմանը համատիրության կողմից»,-քաղաքացուն պատասխանել է համատիրության կառավարիչը։

Եթե նկատեցիք, սույն պատասխանով նա փաստացի ոչ միայն մերժել է քաղաքացու պահանջները, այլեւ սխալ համարել Զավեն Առաքելյանին ու Արա Սադոյանին։

«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կառավարող մարմնի կողմից շենքերում պարտադիր պետք է իրականացվեն հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման, փոստային բաժանորդային պահարանների սպասարկման և այլ միջոցառումներ, որի վերահսկողությունն իրականացնում է տվյալ համայնքի ղեկավարը:

Կողբացի 42 հասցեում գտնվող շենքի պահպանման պարտադիր նորմերի իրականացման պարտականությունը դրված է եղել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության վրա՝ ի դեմս կառավարիչ Արա Միքայելյանի: 

Համատիրությունը պարտավոր էր իրականացնել բոլոր պարտադիր նորմերի կատարումն, այն է՝ նվազագույն ծավալի պարտադիր իրականացման ենթակա կազմակերպական և տեխնիկական համալիր միջոցառումներն ու աշխատանքները, որոնք ժամանակին իրականացնելու դեպքում դրանց արդյունքում վնաս չէր պատճառվի հայցվորի մեքենային: Այլ կերպ ասած՝ համատիրության կողմից նմանատիպ միջոցառումների չիրականացումը՝ անգործությունը, հայցվորին պատճառել է վնաս՝ 323 հազար դրամի չափով:

Տաթեւ Արամայիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ղազարյանը «Հետք»-ի հետ զրույցում չցանկացավ կանխատեսել կամ համոզմունք հայտնել, որ հայցը կբավարարվի` ասելով, թե դատարանն է որոշողը: «Իմ կարծիքով՝ քաղաքացու վնասը պետք է փոխհատուցվի, քանի որ համատիրությունը պարտավոր էր սպասարկել բազմաբնակարան շենքը, իսկ վարչական շրջանի ղեկավարը՝ վերահսկեր համատիրության աշխատանքները։

Սադոյանի կողմից Կողբացի 42 շենքի տանիքից սառույցների հեռացման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերահսկողության պարտականությունը վերջինիս վրա ուղղակի դրված է օրենքի ուժով, որը նա պարտավոր էր իրականացնել:

Սակայն, ինչպես «Կենտրոն» համատիրությունը, այնպես էլ Արա Սադոյանը ցուցաբերել է անգործություն եւ պատշաճ ձեւով չի իրականացրել իր վրա դրված պարտականությունը, այն է՝ չի վերահսկել Կողբացի 42 հասցեում գտնվող շենքի տանիքը ձյունից եւ սառույցներից մաքրելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքները»,-ասաց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter