HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկվադորից Երևան․ ոստիկանությունը երաժշտից «հանրային միջոցառման անցկացման մասին» թույլտվություն է պահանջում

Նախորդ կանգառը՝ Վրաստան, հաջորդը՝ նույնպես, իսկ առայժմ էկվադորցի երաժիշտը Հայաստանում է: Վերնիսաժին հարող տարածքում նրա ելույթներն անտարբեր չեն թողնում անցորդներին. ոմանք մոտենում են՝ հետաքրքրությունից, ոմանց գրավում են պարզ ռիթմերը:

50-ամյա Ֆրանցիսկո Մալդոնադո Գուախանը տարին մեկ կամ երկու անգամ գալիս է այստեղ՝ հանգստանալու և իր ազգային երաժշտությունը ներկայացնելու:Գուախանը երկքաղաքացի է՝ էկվադորի և Իսպանիայի: Նա հին ազգի ներկայացուցիչ է՝ հնդկացի է՝ ինկ: Հայաստանն ու հայերին հասցրել է սիրել, ասում է՝ հայերը շատ հաճելի, հետաքրքիր մարդիկ են:

«Ես Օտավալլոյից եմ: Մեզանից յուրաքանչյուրն իր ձևով է փորձում մեր մշակույթը պահպանել: Ինձ համար հաճելի է շրջել երկրից երկիր, մարդկանց տեսնել, հետաքրքիր նոր ազգեր ճանաչել, նոր մշակույթ, նոր ծանոթություններ հաստատել: Ինձ դուր է գալիս մարդկանց ժպիտը, հետաքրքրությունն իմ երաժշտության հանդեպ»,- նշում է երաժիշտը:

Ազգային երաժշտություն, որ եկել է նախնիներից: Մեդիտացիոն, հանգստացնող, բնությունը ներկայացնող մեղեդիներ, որոնց միավորողն ու ամբողջացնողը  սերն է: Պարզ թվացող այս մեղեդիներն իրականում պետք է խորությամբ զգալ և ընկալել, երաժշտի հորդորն է այդպիսին:

«Երաժշտությունը փակ աչքերով պիտի լսես, պատկերացնես, մինչև չխորասուզվես, ամբողջովին չկլանվես, երաժշտությունը չես զգա: Եթե դու կանգնես ուղղակի պանֆլեյտայով նվագես, դժվար թե շատերը մոտենան: Ինքս մեղեդիներ չեմ ստեղծում, բայց փորձում եմ դրանց մեջ ռիթմեր մտցնել, ջերմություն հաղորդել»,- ասում է Գուախանը:

Երաժշտությունն ապրելակերպ դարձավ տասը տարի առաջ, երբ սովորական մի օր իր հողամասում աշխատելիս  հասկացավ, որ իր երաժշտության համար հողամասի սահմանները նեղ են: Բահը մի կողմ դրեց, նստեց սեփական մեքենան ու գնաց իր մեղեդիների համար ուղիներ հարթելու: Մեքենայով, առանց ֆինանսական միջոցների տարբեր երկրներ գնալն ու նվագելը Գուախանի համար ամենևին արկածախնդրություն չէ, ոչ էլ` ռոմանտիզմ, դա առաքելություն է, որ մեծ հաճույքով է իրականացնում: Թեպետ շատ երկրներում գործիքներ էլ են վաճառում, բայց մեզ մոտ դա թույլ չեն տալիս:

«Հայաստանն ինձ շատ է դուր գալիս, ուղղակի կուզենայի, որ ոստիկաններն ինձ թույլ տային երգել, որովհետև միակ երկիրն է, որտեղ մտել ենք ու շատ խնդիրների առաջ ենք կանգնել: Թույլ չեն տալիս դինամիկներով հնչյուններ, երաժշտություն: Մենք ոչ մեկին վնաս չենք պատճառում, ոչ էլ խնդրում ենք, որ գումար տան, բայց իրենք տալիս են, դա ուղղակի նրանց ցանկությունն է»,- ասում է նա:

Փորձելով հասկանալ՝ ինչու են արգելում երաժշտին՝ նվագել դրսում, «Հետք»-ը գրավոր հարցում ուղարկեց Ոստիկանություն: Հետաքրքրվեցինք՝ ինչն է պատճառը, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ թույլտվություն ստանալու համար, արդյոք խնդիրը կապված է վայրի կամ ժամի հետ, եթե այո, ապա ե՞րբ և ո՞ր ժամերին կարելի է նվագել: Խնդրել էինք նաև հայտնել՝ արդյոք գործունեության այս տեսակը խնդրահարույց է, կամ վտանգներ է պարունակում:

Ոստիկանությունից մեր հարցման պատասխանը հետևյալն էր. «Հայտնում ենք, որ Էկվադորի մի խումբ քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Կենտրոն շրջանի վարչական տարածքում վերջին երկու տարիների ընթացքում պարբերաբար կազմակերպվել են երաժշտական ներկայացումներ, որոնց ընթացքում օգտագործվել են տեխնիկական միջոցներ՝ բարձրախոսներ, ձայնային ուժեղացուցիչներ և այլն: Հիշյալ ներկայացումները իրենց բնույթով հանդիսացել են հանրային միջոցառումներ, ուստի նկատի ունենալով դրանց ընթացքում տեխնիկական միջոցներ օգտագործելու հանգամանքը, ոստիկանության ծառայողները ներկայացման կազմակերպիչներին ուղղորդել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանրային միջոցառման անցկացման մասին տեղեկացնել համայնքի ղեկավարին: Մասնավորապես, տեղեկացման գործընթացը կանոնակարգված է նշված օրենքի 56.1 հոդվածով»:

Վերոնշյալ օրենքով տրվում է հանրային միջոցառման սահմանումը, նշվում, որ հանրային միջոցառման մասին կազմակերպիչը համայնքի ղեկավարին տեղեկացնում է, եթե «ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է երեք հարյուրը»: Հակառակ պարագայում` տեղեկացում չի պահանջվում, սակայն «հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անվտանգությունն ու բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կարող է հանրային միջոցառման անցկացման մասին տեղեկացնել համայնքի ղեկավարին»:

Ֆրանցիսկո Մալդոնադո Գուախանի փոքրիկ երաժշտական անկյունը «հանդիսատեսի» պակաս չունի, սակայն նրանց թիվը չի գերազանցում մեկ-երկու տասնյակը, ուստի կարելի է ենթադրել, որ այս դեպքում համայնքի ղեկավարին իրազեկելու անհրաժեշտություն էլ չկա:

Անուշ Թորոսյան

Մեկնաբանություններ (3)

Hetq
Sorry, we don't have their contact info. Maybe they'll return there.
[email protected]
Hello, I just purchased their CD after watching them perform this morning at Vernissage. The CDs are not playing and i want to exchange it. Do you know how i can contact them?
Ռուբեն
Երևի էկվադորցի երաժիշտը հրաժարվել է իր համերգի ընթացքում գործող քաղաքապետի նախընտրական բուկլետները բաժանի, խեղճին յազվություն են անում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter