HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Մաքուր Հայաստանը» Սիսիան չի հասել

Սիսիանի տարածաշրջանի Աղիտու, Որոտան, Վաղատին, Լոր գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհն անցնում է Սիսիան քաղաքի աղբանոցի միջով: Հիշյալ գյուղերը նշանավոր են պատմամշակութային հուշարձաններով· Աղիտուում է գտնվում 5-7_րդ դար թվագրվող մահարձանը, Սիսիան-Աղիտու ճանապարհի ամենաբարձր հատվածում 7 հա տարածք զբաղեցնող վաղ միջնադարյան Սյունի Բերդն է, Վաղատինում՝ Որոտնավանք վանական համալիրը, Լորում՝ մեծ բանաստեղծ Համո Սահյանի տուն-թանգարանն է, Որոտանում ամենանշանավոր պատմական հնությունը` Որոտնաբերդն է, Թանգու կամուրջը և այլն:

Թանգու կամրջից քիչ ներքև հանքային ջրի ակունքն է, տաք ջուրը, աղբակույտերը ճեղքելով, անկանոն հոսում է դաշտով: Աղբյուրի շուրջբոլորը խորհրդային տարիների առողջարանային կիսակառույց շինությունների մնացորդներն են՝ արդեն թալանված, ավերված, կոռոզիայի ենթարկված: Դրանք նույնպես հավելյալ աղբ են:

Թանգու կամուրջ

Տուրիստական կազմակերպությունները, հիմնականում, շրջանցում են այս վայրերը: Սիսիանի բացօթյա, մշտապես ծխացող աղբավայրի թողած տպավորությունից հետո զբոսաշրջիկը երկար պետք է մտածի, թե մեր երկրում ինչպես են կարողանում միմյանց հետ համադրել հազարամյակների մշակույթն ու աղբը:

Մաքուր Հայաստան ունենալու Կառավարության կոչերն այստեղ արձագանք չեն գտել: Իհարկե, հնարավոր է ե՛ւ համայնքները, ե՛ւ առանձին հուշարձանների տարածքներն աղբից զերծ պահել, բայց հարցն այն է, թե ուր պետք է տարվի այն, որպեսզի նոր աղբանոց չառաջանա:

Աղիտու

Մի քանի տարի է արդեն միջազգային կազմակերպությունները Սյունիքն աղբից ազատագրելու ծրագրեր են իրականացնում: Ասիական զարգացման բանկը մարզում հետազոտել է կենցաղային թափոնների կառավարումը, քարտեզագրել են բոլոր աղբանոցները՝ շուրջ 215 աղբանոց, որոնցից ազատվել է պետք: Սիսիան քաղաքի աղբանոցը ներառված չէ այս ծրագրում: Այստեղ չի նախատեսվում ո´չ աղբավայրի կոնսերվացում, ո´չ աղբի ծածկում հողաշերտով:

Հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը` «Ուրբան կայուն զարգացման» հիմնադրամի գլխավորությամբ, Եվրոպայի Միության և ՀՀ կառավարության 25% համաֆինանսավորումով ներկայումս Սյունիքում իրականացնում է աղբահանության և սանմաքրման ծառայությունների բարելավմանը միտված մեկ այլ ծրագիր, որով դարձյալ չի լուծվում Սիսիանի աղբավայրի հարցը: Հիշյալ ծրագրով 2018 թ.-ին նախատեսվում է միայն Սիսիան և Գորիս համայնքների աղբավայրերի ցանկապատում 2500 մ շրջանագծով, որպեսզի կանխվի կենդանիների ներթափանցումը աղբանոցի տարածք:

Միջազգային կազմակերպություններն անցնող տարիներին աղբահանությունը բարելավող ծրագրեր իրականացրել են Սիսիան քաղաքում: 2012 թ. «Ուրբան կայուն զարգացման» հիմնադրամի աջակցությամբ համայնքում սկսեցին աղբը տեսակավորել՝ պլաստիկ շշերն առանձնացրին այդ նպատակի համար հատկացված աղբարկղերում: Եվս 40 աղբաման ձեռք է բերվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցներով:

Տեղական իշխանության մարմինները Սիսիանի հնգամյա ռազմավարական ծրագրում քաղաքի կայուն զարգացման խոչընդոտ են համարում համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, շրջակա միջավայրի պահպանությունը: Ավագանին համայնքում աղբահանության իրականացման մեխանիզմներ է մշակել, նաև 1 շնչից գանձվող աղբահանության վարձավճարը 150 դրամի փոխարեն` սահմանել է 170 դրամ, սակայն դրանից քաղաքն ավելի մաքուր չի դարձել: Սյունիք թաղամասի ճանապարհի երկայնքով շինարարական ու կենցաղային աղբի խոշոր կույտեր են:

Մաքրման կայանի բացակայության պատճառով կեղտաջրերը և արտադրական թափոնները թափվում են քաղաքի միջով հոսող Որոտան գետը: Համայնքապետարանը չի անդրադառնում կեղտաջրերի հարցին, սակայն առաջնահերթ է համարում Սիսիանի կենտրոնով հոսող Որոտան գետը կենցաղային թափոններից և գետաբերուկներից մաքրելը: Նախատեսվում է մաքրել 55 000 քմ տարածքով «Ջրային հայելիներ» հատվածը, եթե, իհարկե, դոնոր կազմակերպությունները ֆինանսապես աջակցեն:

Կոնսորցիումի անդամ կազմակերպություններն այս պահին նման խնդիր չեն դրել իրենց առջև, նրանք ծրագրի հաջողությունը մեծապես պայմանավորում են քաղաքացիների վարքագծի փոփոխությամբ: Հիշեցնենք, որ «Ջրային հայելիներ» հատվածը մի քանի տարի առաջ մաքրվել էր պետական բյուջեից մարզերի «Հրատապ ծրագրերին» հատկացվող գումարով, բայց այսօր այն նույն վիճակում է գտնվում:

Սիսիան

Ասիական զարգացման բանկի ֆինանսավորումով 2013 թ._ին մշակվել է «Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական զարգացման պլանը, ճանապարհային քարտեզը և երկարաժամկետ ներդրումային պլանը» փաստաթուղթը: Այն ամփոփ ներկայացրել է կոշտ կենղացային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) համակարգի զարգացման հնարավորությունները, տվյալ պահին տիրող իրավիճակը և ԿԿԹԿ ազգային համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ գործողությունները: Փաստաթղթում նշվում է, որ ԿԿԹԿ ռազմավարության իրականացմանը զուգընթաց հանրապետության ողջ տարածքում պետք է իրականացվի հանրային իրազեկման քարոզարշավ, որի նպատակը պետք է լինի հասարակության մեջ սերմանել և ամրապնդել աղբի ծավալների նվազեցման սկզբունքը՝ նվազեցնել, բազմակի անգամ օգտագործել, վերամշակել:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Սիրարփի Առուստամյան
Սա է՞լ է թուրքն արել: մեր ամենամեծ թշնամին մենք ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter