HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ` Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության կարևոր ու արդիական հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել Եվրամիության հետ երկկողմ հարաբերություններում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգիռ և պատրաստակամ է Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ոլորտներում ընդլայնելու առկա գործընկերային հարաբերությունները: Նախագահի համոզմամբ, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև 2017-2020թթ. համար գործընկերության առաջնայնությունները երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորագույն ուղենիշեր են, և դրանցում արտացոլված երկուստեք հանձնառություններով նոր լիցք կստանան նաև Հայաստանի քաղաքական ու տնտեսական լայնածավալ բարեփոխումները:

Նախագահը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում մեծ տեղ է վերապահել միջխորհրդարանական հարաբերություններին և կարևորել պատգամավորների հետ հաճախակի շփումները:

Հանդիպման պատեհ առիթով Հանրապետության նախագահը շնորհավորել է Դեյվիդ ՄքԱլիսթերին՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Դեյվիդ ՄքԱլիսթերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար, իր հերթին ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանում մեծ կարևորություն են տալիս տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին և շահագրգռված են ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդմամբ, կայունության և խաղաղության հաստատմամբ: 

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, այնպես էլ հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter