Ինչո՞ւ մոլոկան Իվան Իվանիչը մորուք չէր պահում. պապի հիշողությունները
Մարինե Մարտիրոսյան
Դեղին խատուտիկները գորգի պես փռվել են Իվան Իվանիչի դարպասի մոտ: Դարպասից այն կողմ բաց կապույտ տունն է, ու թվում է, թե երկինքն ստվեր է գցել Իվանիչի տան վրա:
Իվան Իվանովիչ Պետրովն է: Տաշիրի ավագ մոլոկաններից, 80 տարեկան: Առանց մորուքի է և երբեք էլ մորուք չի պահել: Հագուստն, ասում է, աշխատանքային է, ներողություն է խնդրում դրա համար: Իսկ ներսում կնոջ քույրն է մաքրություն անում: Կնոջ մահից հետո ազգականները երբեմն օգնում են Իվանիչին: Կնոջ քույրը բարկանում է մեզ ուղեկցող Մարիետայի վրա, ասում է՝ չգիտե՞ս, որ մոլոկանների համար շաբաթ օրը մաքրության ու բաղնիքի օր է, ինչո՞ւ նախապես չես զգուշացրել, որ հյուրեր ես բերելու: Մարիետան չի պատասխանում, Իվանիչը մեզ ներս է հրավիրում:
Հյուրասենյակում լույս քիչ է ընկնում: Պատից Իվանիչի հոր լուսանկարն է կախված: Նայում է, ասում է՝ 3,5 տարեկան էր, որ հորը տարան ռազմաճակատ, նրան լավ չի հիշում: Հայրը ճակատում է մահացել: «Մայրս մենակ մնաց 4 երեխաների՝ երկու աղջիկների ու երկու որդիների հետ»,- ասում է պապը: Հիմա երեխաներից ողջ են ինքն ու քույրը՝ 87-ամյա Մարիա Իվանովնան:
Հին ժամացույցի կկուն կանչում է: Իվանիչը հարևան սենյակից բերում է Աստվածաշունչը, ասում է, որ դրանից որևէ մեկը չունի շրջանում, 1904 թվի գիրք է:
«Առանց ակնոցի չեմ տեսնում, խնդրեմ, սեղանից կտա՞ք ակնոցս»,- ասում է 80-ամյա պապը: Նրան ենք տալիս ակնոցը, սկսում է թերթել հաստափոր գիրքը: Նախկինում մոլոկանները հավաքվում էին ոչ աշխատանքային օրերին, ավագը կարդում էր Աստվածաշունչ: Իվանիչն ասում է՝ հիմնականում Նոր կատակարանն են կարդում: Հավաքների համար նախատեսված հասարարակական տուն կար: Մասնակիցներից ամեն մեկը պետք է պատրաստ լիներ կարդալու Աստվածաշունչը: «Հիմա մենակ եմ մնացել, ես եմ կարդում, Ալեքսանդր Իվանիչը կա նաև, բայց նա նույնիսկ ակնոցով չի կարողանում կարդալ»,- նշում է ծեր մոլոկանն ու ավելացնում, որ իրենց համայնքում կանայք Աստվածաշունչ չեն կարդում, երգում են միայն: Մոլոկանների երգչախումբ կա, որ կրոնական երգեր է կատարում տխուր և ուրախ առիթներին. պապը թվարկում է՝ թաղումներին, քառասունքներին, տոնական օրերին:
Հիմա աստվածաշնչյան ընթերցումներ չեն անցկացնում: Տաշիրում ընդամենը մի 40 մոլոկան է մնացել: «Այժմ չենք հավաքվում, եթե մահացած է լինում, միայն այդ ժամանակ եմ կարդում Աստվածաշունչ»,- ասում է պապը:
Իվան Իվանիչն ասում է, որ ինքը միայն 68-70 տարեկանում է սկսել հավաքների գնալ: «Ուշ գնացի»,- հոգոց է հանում:
1962-2002 թթ. աշխատել է Տաշիրի ռուսական դպրոցում (ներկայում ռուսալեզու դասարաններ են միայն)՝ աշխատանքի ուսուցման ուսուցիչ է եղել: Ասում է, որ եթե կրոնական հավաքներին մասնակցեր, աշակերտները գուցե վիրավորեին իրեն: Մարիետան արձագանքում է՝ դժվար թե: Իվանիչը հակադարձում է՝ հաստատ կվիրավորեին: Բացի դրանից՝ խորհրդային իշխանությունների գործոնը կար: «Ռայկոմում է աշխատել, կիմանա»,- Մարիետայի կողմն է ցույց տալիս Իվանիչը: Մարիետան հակադարձում է պապին, վերջինս անդրդվելի է: Ասում է՝ կուսակցությունն արգելում էր, որ հավատային Աստծուն, մորուք պահեին:
Տաշիրում (նախկինում՝ Վորոնցովկա, Կալինինո), ըստ պապի, մոլոկանները հաստատվել են 1804-05 թթ., 1905 թ. բնակության 100-ամյակն են նշել: Ասում է, որ այդ ժամանակ մոլոկանների թիվը մեծ էր:
«Իմ պապի պապը փոքր էր, որ Ռուսաստանից եկավ այստեղ: Իսկ հայրս ծնվել է էստեղ, նա ամենաավագն էր երեխաների մեջ, մահացավ 75 տարեկանում, ես երևի նրան եմ քաշել, արդեն 80 եմ»,- նշում է Իվանիչը:
Իվան Իվանիչը ոչ միայն հետաքրքիր է խոսում, այլև ուշադիր լսում է: Ամեն հարցի պատասխանից հետո հայացքը ձգում է մեզ վրա, այդպես ստուգում է՝ պատասխանից գո՞հ ենք, թե՞ ոչ: Մենք փոխարենը ժպտում ենք, հաջորդ հարցին ենք անցնում:
Պապն ասում է, որ մոլոկաններն իսկական աշխատասերներ են, երբեք չեն ապրի ուրիշի վաստակածով, ամեն մեկն իր քրիտինքով է ապրում: Ժամանակին ամեն ընտանիք իր տնտեսությունն ուներ, պապն էլ ուներ: Տան հետևում անասնագոմ ուներ՝ կով, ցուլ էր պահում, հիմա մեծացել է, նախկին ուժը չունի: Բացի դրանից՝ հող էին մշակում, տարբեր վայրեր էին գնում՝ հողագործություն անելու: «Կյանք էր, բա մեզ համար հե՞շտ էր: Պատերազմից հետո էլ դժվար էր, 1990-ականներին նույնպես ծանր էր: Մենք գնում էինք 300 գրամ հաց առնելու, հիմա եթե տային, չէինք ուտի: Ամեն մեկը հողամաս ուներ, կարտոֆիլ, բանջարեղեն էին աճեցնում, Վրաստան էին տանում վաճառելու, կոլխոզում աշխատելիս էլ բանջարեղեն կամ հացահատիկ էին տալիս որպես օրավարձ»,- հիշում է պապը, հետո հանգիստ հանում ակնոցը, դնում Աստվածաշնչի կողքին:
1956-ին դպրոցն ավարտելուց հետո գնացել էր Ղազախստան, առաջին բերքահավաքին էին մասնակցել, բերքն էլ շատ առատ էր: Երկու ամիս աշխատելուց հետո հացահատիկ էին տվել աշխատողներին, Իվանիչը մոտ 800 կգ ցորեն էր ստացել: Դրանից հետո ընտանիքն սկսել էր մի քիչ լավ ապրել: Սա ասելուց հետո պապի դեմքով սահում է ժպիտը, դրա մեջ խիտ հիշողություններն են:
«Իսկ հիմա՞, հիմա շոկոլադ է, եթե թոշակ են տալիս, ստանում ենք, ով ինչքան աշխատում է, ստանում է»,- ավելացնում է Իվանիչը:
Բազմոցին նստած Իվանիչի կնոջ քույրն էլ է լսում մեր զրույցը: Ասում է՝ Իվանիչը ոսկե ձեռքեր ունի, ամեն բան կարողանում է պատրաստել, իրենք էլ ազգականներով երբեմն օգնում են տնային հարցերում, բայց ավելացնում է, որ տունն էլ շատ մաքուր է:
«Տանյուշկան եթե կենդանի լիներ, ամեն բան այլ կլիներ: Վաղը կիրակի է, մեր մոլոկանները կարկանդակ, թխվածքաբլիթ են պատրաստում, Տանյուշկան էլ միշտ պատրաստում էր: Այ եթե…»,- քույրն այլևս չի շարունակում խոսքը, Իվանիչը գլխով է անում, թե Տանյուշկան հիմա ինքնաեռը կմիացներ, թխվածքաբլիթները կպատրաստեր…
80-ամյա պապն ասում է, որ թեև թոշակ է ստանում, բայց հողամասն էլ է մշակում, ուրիշներից խնդրելով ապրելը սխալ է: «Կյանքում ամենակարևորը ապրելը, սիրելն ու մաքուր լինելն է: Ազնիվ չլինես, չես ապրի»,- եզրափակում է Իվան Իվանիչը, կնոջ քույրն էլ շաունակում է միտքը, որ եթե ազնիվ չապրես, տիեզերքից կստանաս քո պատիժը: Հետո հարցնում է, թե երբևէ տեսել եք, որ որևէ մոլոկան ձեռքը մեկնի, գումար ուզի, ու ինքն էլ պատասխանում է, որ մոլոկաններն ապրում են իրենց աշխատածով:
Պապը մեզ ուղեկցում է դեպի մեքենան: Ուժեղ քամի է բարձրացրել, շունը խզված ձայնով հաչում է, կարծես, հազում է: Իվան Իվանիչը, դարպասին մոտենալով, խնդրում է սպասել, տուն է մտնում՝ հեռախոսագրքույկը բերելու. «Գրեք, Երևանում մեր մոլոկանների հեռախոսահամարներն են, կզանգեք, կխոսեք»: Հետո խոշոր ձեռքը պարզում է՝ մեզ հաջողություն մաղթելով:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել