HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանյան հասարակության դեկտեմբերյան զարթոնքը

20011թ. նոյեմբերի 4-ին կայացած Պետդումայի ընտրությունները կարող են ուղենշանային դառնալ Ռուսաստանի նորագույն քաղաքական պատմության համար: Չնայած ընտրությունների արդյունքում խորհրդարան են մտնում Դումայում այժմ ներկայացված նույն չորս կուսակցությունները, իսկ «Եդինայա Ռոսիան» թեև կորցրեց սահմանադրական մեծամասնությունը, սակայն մնաց որպես թիվ մեկ քաղաքական ուժը, կտրուկ փոխվեց հասարակական-քաղաքական մթնոլորտը: Ռուսաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի բան. հասարակության զգալի մասն ընդվզեց, իր կարծիքով, կեղծված ընտրությունների դեմ:

Զարգացումների նման դիպաշար ոչ ոք չէր կանխատեսում: Մեկ ակնթարթում հօդս ցնդեց շատերի մեջ ձևավորված այն համոզմունքը, թե ներկայիս Ռուսաստանում հնարավոր չէ լայնածավալ քաղաքական բողոք կազմակերպել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք հնարավոր դարձրին զանգվածային ակցիաները:

- Ռուսաստանի Դաշնությունում ձևավորվել է տնտեսապես ապահով, լավ կրթություն և ազատ մտածողություն ունեցող մարդկանց մի մեծ խումբ, որի բարձր պահանջները մնում են չբավարարված: Այսօր հետընտրական բողոքի ակցիաներին մասնակցողների զգալի մասը հենց այդ խմբին պատկանող քաղաքացի է: Ի դեպ, ճակատագրի հեգնանքով նրանք այդպիսին են դարձել Պուտինի և Մեդվեդևի կառավարման տարիներին: Պետք է նշել նաև, որ այս հանգամանքը, ինչպեսև դեկտեմբերի 10-ին ողջ Ռուսաստանում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքների կարգախոսների վերլուծությունը թույլ են տալիս ենթադրել, որ բողոքը ներկայում չի կրում սոցիալ-տնտեսական բնույթ, այն զուտ քաղաքական-քաղաքացիական է:

- Տեխնոլոգիաների զարգացումը և, մանավանդ, խոշոր քաղաքներում մարդկանց մի մասի համեմատաբար բարեկեցիկ կյանքը թույլ են տվել ճեղքել տեղեկատվական շրջափակումը: Համացանցի և մալուխային հեռուստատեսության միջոցով մարդկանց հասանելի են դարձել ազատ և անկախ լրատվամիջոցները: Օրինակ' 2010 թվականից հեռարձակվող «Дождь» անկախ հեռուստաալիքը, որն ակնհայտ քննադատորեն է տրամադրված իշխանությունների նկատմամբ և, կարելի է ասել, վերջին օրերին դարձել է ռուսաստանյան ամենապահանջարկված հեռուստաալիքը, հեռարձակվում է ինչպես համացանցով, այնպես էլ, ինչն ամենակարևորն է, մտնում է մալուխային հեռուստատեսության տարբեր փաթեթների մեջ և դրանով հասանելի դառնում հասարակության լայն զանգվածների համար:

- Ռուսաստանում վերջին տարիներին ձևավորված մի շարք նախաձեռնություններ պայքարում էին տարբեր ոլորտներում' սկսած բնապահպանականից (օրինակ՝ Խիմկի անտառի համար պայքարը), վերջացրած քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար պայքարից, (օրինակ' «Стратегия 31», «День гнева») և այլն: Թեև այս նախաձեռնությունները լուրջ հաջողություններ չեն գրանցել և եղել են մարգինալ կարգավիճակում, սակայն, փաստացի, դպրոց են եղել ներկայիս զանգվածային բողոքների կազմակերպման համար:

- Մեդվեդև-Պուտին սեպտեմբերյան «փոխատեղումը», մանավանդ երբ հայտարարվեց, որ դրա վերաբերյալ ի սկզբանե վերոնշյալ անձանց միջև գոյություն է ունեցել ներքին պայմանավորվածություն, հարվածել էր շատերի ինքնասիրությանը: Այս կապակցությամբ խորը հիասթափություն ապրեց նաև հասարակության այն հատվածը, որը Ռուսաստանի զարգացման առումով որոշակի հույսեր էր կապում Մեդվեդևի հետ:

- Եվ վերջապես, միջազգային հարաբերություններում, հատկապես «արաբական գարունից» հետո ավտորիտարության հանդեպ նկատվող անհանդուրժողականության կոշտացումը, կարող էր մի կողմից ակտիվության լիցքեր հաղորդել հասարակության բողոքավոր զանգվածին, մյուս կողմից էլ արևմուտքից տարբեր տեսակի կախվածությունների մեջ գտնվող Ռուսաստանի իշխող քաղաքական դասին դրդել որոշակի զիջումների գնալ հասարակության դժգոհ հատվածի նկատմամբ: Շատ հնարավոր է, որ վերջին հանրահավաքները չհասնեին այդպիսի մեծ ծավալների, եթե, օրինակ, ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնը չհայտարարեր, որ Դումայի ընտրություններն ազատ չէին, իսկ իշխանություններն, իրենց հերթին, հասկանալ տային, որ պատրաստ են կոշտ միջոցներով ցրել ցույցերը:

շարունակելի

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter